Վերհիշում ենք Հայոց ցեղասպանությունը` կարդալով վերջին նամակը

Վերհիշում ենք Հայոց ցեղասպանությունը` կարդալով վերջին նամակը

Հոդվածի առանցքում

  • Այդ չարագուշակ նամակը գրվել էր 1915թվականի մարտի 24-ին, Թուրքիայում 1915-ի հայոց ցեղասպանության սկսվելուց ուղիղ մեկ ամիս առաջ: Հիմնականում այն սովորական նամակ էր, որտեղ նշված էր ընտանիքի ու ընկերների ողջույները, ֆինանսական վիճակը, ընտանիքի տարբեր անդամների բարեկեցությունը, բայց այստեղ խորհրդավոր էր այն փաստը, որ թուրքական գրաքննությունը սևացրել էր նամակի մի քանի տող և դրանց իմաստն անհասկալի է:

Ուշադրությանն արժանի

Ֆրեզնոյում ապրող Մուշեղ պապս իր եղբայր Վահանից, որն ապրում էր Մուշում, Թուրքիայում, վերջին նամակը ստացավ, որտեղ այսպիսի տող կար. «Մոռանալով մեր անտանելի տառապանքների մասին, մենք անհանգստանում ենք ձեզ համար»: Պապիկս եղբոր ու նրա ընտանիքի անդամների մասին այլևս ոչ մի լուր չստացավ:

Այդ չարագուշակ նամակը գրվել էր 1915թվականի մարտի 24-ին, Թուրքիայում 1915-ի հայոց ցեղասպանության սկսվելուց ուղիղ մեկ ամիս առաջ: Հիմնականում այն սովորական նամակ էր, որտեղ նշված էր ընտանիքի ու ընկերների ողջույները, ֆինանսական վիճակը, ընտանիքի տարբեր անդամների բարեկեցությունը, բայց այստեղ խորհրդավոր էր այն փաստը, որ թուրքական գրաքննությունը սևացրել էր նամակի մի քանի տող և դրանց իմաստն անհասկալի է:

Ես բանավոր պատմության հարցազրույցներ եմ անցկացրել ցեղասպանությունից մի քանի վերապրածի հետ, որոնք այսօր արդեն չկան և պարզել եմ, որ կորուստների ու դժվարությունների մասին նրանց անձնական պատմությունները շատ նման են: Նրանք ստիպված են եղել կրել բաժանումի ու տեղահանման այնպիսի տառապանքներ, ոորնք մենք չենք կարող պատկերացնել:

Թուրքական իշխանությունները ոչնչացրել են իրավական և եկեղեցական պատմական արձանագրությունները, ապահովագրական փաստաթղթերն ու ապօրինի յուրացրել հայկական տներն ու հողերն առանց փոխհատուցելու:

Գույքն ու ընտանիքները կորցրած փախստականները վերապրեցին ու բարգավաճեցին Ամերիկայում:

Տատիկս՝ Վերկինը, ծնվել էր Թուրքիայի Էրզրում քաղաքում և Ամերիկա գաղթեց, երբ 1915 թ.-ին թուրքերը սպանեցին ամուսնուն: Նա արտաքսվեց իր հայրենիքից և փոքրիկ դստերը կորցրեց պարտադրված գաղթի ճանապարհին:

Իմ պապերն ու տատերը սիրված են եղել ընտանիքում և ընկերների շրջապատում, աշխատում էին խաղողի այգիների սեփականատեր դառնալու համար և տեսնում էին, թե ինչպես են իրենց որդիները բարգավաճում, հաղթահարելով մեծ ողբերգությունը:

Ապրիլի 24-ին հայերը հիշում են 1.500.000 սպանվածների կորուստը:

Ենթադրում եմ, որ այդ նամակում սև գծեր քաշելով թուրք գրաքննիչը մտածել է, թե կարող է արտաքին աշխարհից թաքցնել գոյություն ունեցող պայմանների վկայություններն ու գալիք սարսափը:

Վերջին նամակը

Ահա Թուրքիայի Մուշ քաղաքից  Վահան Կարիբյանի վերջին նամակը Ֆրեզնոյի եղբորը՝ Մուշեղ Կարիբյանին, 1915 թ-ին թուրքական իշխանության սկսած հայերի ցեղասպանությունից 30 օր առաջ: Թուրք գրաքննիչները սևացրել են նամակի որոշ տողեր: Մուշեղն էլ երբեք լուր չստացավ իր ընտանիքից:

1915 թ. մարտի 24

Սիրելի և կարոտալի եղբայր Մուշեղ Կարիբյան

Սիրելի և անկեղծ եղբայր, ստացանք փետրվարի 10-ի և 11-ի ձեր նամակներն ու կարդացինք դրանք: Բոլոր մեր ընկերները, հարևաններն ու նրանց ընտանիքները ուրախ էին, քանի որ վերջին 9 ամիսների ընթացքում ձեզնից նամակ չէինք ստացել:

Մոռանալով մեր սարսափելի տառապանքները, մենք անհանգստանում էինք ձեզ համար: Փառք Տիրոջը, ձեր երկու նամակով մխիթարեցիք մեզ և մենք մոռացանք մեր ցավերը: Մեր վիճակի մասին արդեն գիտեք և ես ավելացնելու բան չունեմ:

Իմ թանկագին և հարգարժան, իմ գլխի թագ եղբայրս, եթե դուք հետաքրքվում եք մեզնով, ապա փառք Տիրոջը, բոլորս հոգով առողջ ենք և հաջողակ մեր առևտրում: Եթե ​ հարցնում եք մեր ապրուստի մասին, փառք Տիրոջը, մենք լավագույնն ենք թաղամասում և պատվով ենք ապրում: 20 ոսկե լիրան, որ ուղարկեցիք ինձ, ես իրերի ցուցակ կազմեցի, որոնցով  ապահովեցի լավ ապագա Աեշոյի համար: Նա այժմ մեր հարևան Գարգարի բիզնես ընկերն է: Իր բիզնեսով նա կարողանում է երկու ընտանիք պահել: Դուք արդեն գիտեք, որ ես բիզնես եմ անում և ինչքան էլ քիչ լինի,  ավելի շատ եմ աշխատում, քան որևէ մեկը: Ուզում եմ իմանաք, որ մեր թաղամասում ոչ ոք չ մեզնից ավելի երջանիկ չի, մեր չափ գումար չի վաստակում, մենք ունենք ամեն ինչ ընտանիքի կարիքների համար:

Հարգելիս, եթե հարցնեք մեր զինվորական ծառայության մասին, ապա ես, Տիգրանն ու մեր կնքահայրը ծառայում ենք բանակում: Կնքահայրը և Տիգրանը պատերազմ գնացին, բայց ես մի քանի պաշտպանների շնորհիվ մնացի տանն ու հետևում եմ բիզնեսին: Հիմա լավ փող եմ վաստակում, բայց չգիտեմ, թե հետագայում ինչ կլինի: Կնքահայրը հիվանդացավ բանակում, ուստի տուն վերադառնալու թույլտվություն ստացավ, Տիգրանն էլ ընկել էր ձյան վրա ու կոտրել ոտքերի մատերը: Խուլի հիվանդանոցում նրա ոտքերը բուժեցին: Նա հեռագիր էր ուղարկել և 2 լիրա խնդրել, ինչը ես անմիջապես ուղարկեցի: Մի անհանգստացեք դրա համար: Հանգիստ ու երջանիկ եղեք և հետևեք ձեր գործերին: Հարգելիս, դուք չպետք է լսեք  հայրենիք վերադառնալու մասին ուրիշների ասածներին, սպասեք, մինչև կստանաք իմ նամակը, այդ ժամանակ կվերադառնաք առանց ժամանակ կորցնելու:

Արցունքոդ աչքերով Հարութն ու Գրիգորն իրենց հարգանքներն են ուղարկում և հարցնում են Մայքլի ու Միսակի մասին, ինչ են անում, ինչ նորություններ ունեն: Ասացեք նրանց, որ գրեն: Ստեփանը և էֆենդիի կինը՝ Հերոն, հարցնում են որդու, Սուրենի մասին: Մեր բիզնես գործընկեր Էկոն ուղարկում է իր լավագույն բարեմաղթանքները և հարցնում է մեր Զաքարի մասին, ինչ բիզնեսով է զբաղվում: Ասացեք նրան, որ գրի մեզ:

Ես ձեզ նորից եմ ասում, որ չպետք է մտահոգվեք մեր ընտանիքի մասին: Պահպանեք ձեր սիրտը, մենք որևէ խնդիր չունենք:

Ես ամեն ինչ պատրաստել եմ այս և հաջորդ տարվա համար ու փողի մասին չեմ մտածում: Ձեր աշխատած գումարը պահեք: Այն ապագայում շատ պետք կգա: Երբ աշխարհը հանդարտվի և դուք վերադառնաք հայրենիք, կապրեք երջանիկ ու կմոռանաք Սփյուռքում կրած տառապանքները: Հարգելիս, դուք պետք է ուրախ լինեք, որ մենք չունենք դժվարություններ, որոնք կստիպեն ձեզ անհանգստացնել մեզ համար: Սիրելիս, մեր բարեմաղթանքները հաղորդեք մեր հայրենակիցներին և պատմեք նրանց, թե ինչ է ասում Վահանը:

Դուք գրեցիք ինձ հոգիս, որ գնամ պարոն Ալեքսանի մոտ և վերցնեմ  5 լիրա ինձ համար, 5 լիրա էլ Հակոբի: Ես փողի կարիք չունեմ ու որոշեցի 5 լիրան չվերցնել: Նա էլ հրաժարվեց 5 լիրա տալ Հակոբին, ուստի Հակոբն ինձ խնդրեց նրան տալ 2 լիրա, բայց առանց ձեր թույլտվության չտվեցի:

Երբեք չմտածեք հիմա փող ուղարկելու մասին: Երբ երկիրը հանգիստ կլինի, ես կգրեմ ձեզ, որ գումար ուղարկեք, դա էլ , որպեսզի կարողանամ ընդլայնել իմ բիզնեսը և մեծ ապագա պատրաստենք մեզ համար: Հիմա անիմաստ է փող ուղարկել, քանի որ ամբողջ երկիրը գործադուլ է անում: Բայց ասեք մեր հայրենակիցներին և բոլոր նրանց, ովքեր գիտեն ներքին վիճակների մասին, թող մի քիչ փող կուտակեն, հակառակ դեպքում բոլորը սովամահ կլինեն:

Ձեր մեծ մայրն ուղարկում է իր հարգանքները: Պաղակուսն ու Լուսենթաքը ուղարկում են իրենց հարգանքները և հարցնում իրենց նվերների մասին: Մենք որպես նվեր ուղարկել ենք մեր լուսանկարը, ասում է նա, ինչու չեք ուղարկում մեր նվերները: Լևոն Աճարյանն ու ընտանիքը համբուրում են ձեր ձեռքերը: Արշակը՝ կնքահայրը, իր հարգանքներն է հղում և ասում է. «Մի անհանգստացեք, քանի ողջ ենք, կաշխատենք և որևէ մեկի օգնության կարիքը չենք ունենա»:

Մեր մարդիկ, բոլոր գյուղացիները և հարևան բնակիչները ձեզ են ուղարկում իրենց լավագույն բարեմաղթանքները:

Ինչ վերաբերում է ինձ, լավագույն հարգանքներս եմ հղում պարոն Նահապետին, Հակոբին, Մարտիրոսին, Անուշին, Մխիթարին և, վերջապես, բոլոր մեր հայրենակիցներին:

Սպասում եմ ձեր պատվաբեր նամակին, ձեր անկեղծ եղբայր Վահան Հ. Կարիբյան

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment