Մի հանցավոր ռեժիմ մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին

Մի հանցավոր ռեժիմ մարտահրավեր է նետում ԱՄՆ-ին

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմ Մալինովսկին զգուշացրել է Ադրբեջանի կառավարությանը, որ «քաղաքացիական հասարակության դեմ բռնությունները» սպառնում են վնասել հարաբերությունները ԱՄՆ- ի հետ:
  • Ազատություն ռադիոկայանի վրա տեղի ունեցած հարձակումը, որն, ի դեպ, գործում է հետխորհրդային և բազմաթիվ այլ երկրներում և որին ֆինանսավորում է ԱՄՆ Կոնգրեսը, Ադրբեջանի կողմից լրագրողների, ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և հատկապես ԱՄՆ դեմ վերջին կեղտոտ գործողություններից մեկն է:
  • Անցած ամիս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը հրապարակել է հակաամերիկյան, քննադատող հոդված: Ազատություն ռադիոկայանը նա նկարագրել է «հակաադրբեջանական հաղորդումներ հեռարձակող լրատվամիջոց, որը ցնորված հայտարարություններ է անում», Մեհդիևը նաև խիստ քննադատել է Իսմայիլովային:
  • Բաքվի պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների դեմ բռնությունների համար, պետք է արգելել մուտք գործել ԱՄՆ, նրանց ֆինանսական հաշիվները պետք է սառեցվեն, ինչպես 2012-ին Մագնիտսկիի բանաձևի միջոցով ռուսաստանցի պաշտոնյաների դեպքում:

Ուշադրությանն արժանի

Ադրբեջանում Ազատություն ռադիոկայանի վրա հարձակումը խնդրի ակնհայտ դրսևորումներից մեկն է. Սպիտակ տունը կարձագանքի՞

Դեկտեմբերի 18-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում պետքարտուղարի օգնական Թոմ Մալինովսկին զգուշացրել է Ադրբեջանի կառավարությանը, որ «քաղաքացիական հասարակության դեմ բռնությունները» սպառնում են վնասել հարաբերությունները ԱՄՆ- ի հետ: Ութ օր անց դատախազներն ու ոստիկանները Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ստուգումներ են սկսել Ազատություն ռադիոկայանի գրասենյակում, որն ադրբեջաներենով հայտնի է Ազադլըք անվամբ:

Իշխանությունները ձերբակալել և հարցաքննել են աշխատակիցներին, առգրավել են գույքն ու փաստաթղթերը և կնքել են գրասենյակը: Սա ուղղակի մարտահրավեր է ԱՄՆ-ին, Օբամայի վարչակարգը պետք է ցույց տա, թե այդ գործողություններն ինչ հետևանքներ են ունենում նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի համար:

Դեկտեմբերի 26-ին Ազատություն ռադիոկայանի վրա տեղի ունեցած հարձակումը, որն, ի դեպ, գործում է հետխորհրդային և բազմաթիվ այլ երկրներում և որին ֆինանսավորում է ԱՄՆ Կոնգրեսը, Ադրբեջանի կողմից լրագրողների, ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և հատկապես ԱՄՆ դեմ վերջին կեղտոտ գործողություններից մեկն է: Վերջին շաբաթներին Ազատություն ռադիոկայանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել է կեղծ մեղադրանքների հիման վրա: Նրան մեղադրել են ինքնասպանության հասցնելու համար, բայց մեկ այլ գործով` իր պատրաստած նյութերի համար նրան շանտաժի են ենթարկել Ադրբեջանի հատուկ ծառայությունները: ԵԱՀԿ ներկայացուցիչը Իսմայիլովայի ձերբակալությունն անվանել է «վախի կազմակերպված ցուցադրություն»:

Ադրբեջանն ունի կրկնակի ավելի շատ քաղբանտարկյալ, քան Ռուսաստանն ու Բելառուսը միասին վերցրած, և սա այն դեպքում, երբ նշված երկրները  ժողովրդավարության ամենահաջողված օրինակները չեն: Ամենաանհավանական գործերից մեկը հուլիսի 30-ին Լեյլա և Արիֆ Յունուսների ձերբակալությունն էր.

Լեյլա Յունուսի առողջությունը արագորեն վատթարանում է, քանի որ նրան զրկել են շաքարախտի, արյան ճնշման և հեպատիտի բուժման հնարավորությունից:  Նրա ընտանիքի անդամները հայտնել են, որ Լեյլա Յունուսի քաշը 68 կգ-ից հասել է 40 կգ-ի:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ այցելելու ժամանակ, օգոստոսի 20-ին, լրագրող Իլգար Նասիբովին անհայտ անձինք, առանց որևէ բացատրության, ծեծի են ենթարկել: Ընդդիմադիր մի քանի գործիչներ, այդ թվում Հանրապետական այլընտրանք շարժմումից Իլգար Մամեդովին և Մուսավաթը ներկայացնող Թոֆիք Յաղուբլուին անհիմն մեղադրանքներով հյուծել են բանտում: Այս քաղբանտարկյալներից և ոչ մեկը չի հայտնվել անցած շաբաթ նախագահ Ալիևի կողմից ներում ստացածների շարքում:

Ամերիկյան և միջազգային ոչ կառավարական մի քանի կազմակերպությունների գրասենյակների ստիպել են դադարեցնել իրենց գործունեությունը, նրանց դեմ Ադրբեջանի կառավարությունը խիստ ճնշումներ է կիրառել, բռնությունների են ենթարկվել IREX-ի, Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի, Transparency International-ի և Oxfam-ի գրասենյակները:

Անցած ամիս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը հրապարակել է հակաամերիկյան, քննադատող հոդված: Ազատություն ռադիոկայանը նա նկարագրել է «հակաադրբեջանական հաղորդումներ հեռարձակող լրատվամիջոց, որը ցնորված հայտարարություններ է անում», Մեհդիևը նաև խիստ քննադատել է Իսմայիլովային` նրան անվանելով «հակապետական» գործողություններ կատարող անձ` նշելով, որ նա «մթագնում է» Ադրբեջանի կառավարության վարկանիշը:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը դատապարտել է Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքների «բացարձակ անթույլատրելի» բռնությունների համար: Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի մի քանի պատվիրակներ օգոստոսին համատեղ հայտարարությամբ դատապարտել են «մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստների քրեականացումը»:

Ի պատասխան Ազատություն ռադիոկայանի վրա հարձակման, ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բաերը Twitter-ում գրել է, որ այդ գործողությունը «թույլ, կոռումպացված կառավարությունների և առաջնորդների վարքագիծ է»: Բաքվում ԱՄՆ դեսպանատունը տարածել է մեղմ հայտարարություն` հայտնելով «մտահոգություն» Ազատություն ռադիոկայանի փակման վերաբերյալ, թույլ է արձագանքել նաև Պետքարտուղարությունը Վաշինգտոնից: Մեկ շաբաթ անց Բաքվում ԱՄՆ դեսպանատունը իր արձագանքը վերավորակել է` նշելով, որ տեղի ունեցածը «ահագնացող է»:

Նախագահ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը Twitter-ում Բաերի քննադատությանը կտրուկ է արձագանքել` ԱՄՆ-ը անվանելով «բռնության և կոռուպցիայի իրական հայրենիք»:

Ինչու՞ է Ալիևի ռեժիմը կարծում, որ կարող է հանգիստ նման բռնություններ կատարել: Քանի որ միշտ էլ կարողացել է դա անել: Օբամայի վարչակարգը պետք է ճնշում գործադրի նախագահ Ալիևի վրա` կիրառելով երկու հուժկու քայլ:

Առաջին, Բաքվի պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների դեմ բռնությունների համար, պետք է արգելել մուտք գործել ԱՄՆ, նրանց ֆինանսական հաշիվները պետք է սառեցվեն, ինչպես 2012-ին Մագնիտսկիի բանաձևի միջոցով ռուսաստանցի պաշտոնյաների դեպքում: Նախագահ Օբաման ունի նման իրավասություն, նա կարող է արգելել վիզայի տրամադրումը պաշտոնյաներին` ըստ 2011 թվականի նախագահական հայտարարության, որի համաձայն արգելվում է մուտքի արտոնագրի տրամադրումը «այն անձանց, որոնք մասնակցել են մարդու իրավունքների նկատմամբ լուրջ բռնություններին»: Բաքվի պաշտոնյաները համապատասխանում են այդ ձևակերպմանը, ադրբեջանցի ակտիվիստներն էլ ողջունում են այդ գաղափարը:

Երկրորդ, ԱՄՆ-ը պետք է կոչ անի քաղաքական առաջնորդներին բոյկոտել Եվրոպական Օլիմպիական խաղերը, որոնք Ալիևի ռեժիմը կհյուրընկալի հունիսին: Ալիևը 2012-ի դեկտեմբերին հայտարարել է, որ խաղերի անցկացումը իր երկրում «պատմական մեծ իրադարձություն է, հսկայական հաջողություն»:

ԱՄՆ չի մասնակցում խաղերին, բայց խրախուսելով եվրոպացի առաջնորդներին բաց թողնել միջոցառումը, ինչպես 2014-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Սոչիի Օլիմպիադայի դեպքում, ԱՄՆ կարող է զրկել Ալիևին հաղթանակի հրճվանքից: Նույնը վերաբերում է նաև խաղերը հովանավորող ընկերություններին, այդ թվում Բրիթիշ Պետրոլիումին, Procter & Gamble-ին և McDonald’s-ին, որոնք պետք է լավ մտածեն Ալիևի ռեժիմին երես տվող նախագիծը ֆինանսավորելուց առաջ: Այժմ Ադրբեջանի հետ բիզնեսով զբաղվելու սովորական ժամանակները չեն, քանի որ առկա են լրագրողների և քաղաքացիական հասարակության դեմ բռնություններ ու  հակաամերիկյան տրամադրվածություն:

Սեղմվելով Ռուսաստանի և Իրանի միջև, կապելով Կովկասը և Կենտրոնական Ասիան Եվրոպային ու միջազգային շուկաներին, Ադրբեջանը ռազմավարական մեծ կարևորություն ունի էներգետիկայի և անվտանգության բնագավառներում: Բայց որքան երկար Ալիևի ռեժիմը շարունակի ճնշել սեփական ժողովրդին և արհամարհել ԱՄՆ-ին, այդքան այդ ռեժիմը ավելի շատ պետք է գիտակցի, որ իր բոլոր գործողությունների համար համապատասխան գին է վճարելու:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment