ԱՄՆ-ում փողերի լվացման հետաքննությունը անդրադարձել է Պուտինի մերձավորների վրա

ԱՄՆ-ում փողերի լվացման հետաքննությունը անդրադարձել է Պուտինի մերձավորների վրա

Հոդվածի առանցքում

  • Դատախազությունը հետաքննում է այն փոխանցումները, որոնք կապված են Տիմչենկոյի «Gunvor Group» ընկերության «Ռոսնեֆտ»-ից նավթ գնելու և երրորդ կողմին վերավաճառելու գործարքների հետ:
  • ԱՄՆ հետաքննությունը սկիզբ է առել 2010 թ. և ուղղված է եղել Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում կոռումպացված պաշտոնյաների դեմ:
  • Հետաքննության նպատակներից է պարզել, արդյոք պարոն Պուտինի անձնական հարստությունը կապված է անօրինական միջոցների հետ:
  • Տիմչենկոն առաջին ռուս գործարարների թվում էր, ում նկատմամբ ԱՄՆ կիրառեց պատժամիջոցներ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ղրիմի շրջան ներխուժելումից հետո:
  • Forbes ամսագիրը պարոն Տիմչենկոյի անձնական հարստությունը գնահատում է ավելի քան $ 13 մլրդ:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ դատախազները փողերի լվացման հետաքննություն են սկսել Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցչի նկատմամբ՝ քաղաքական լարված պայմաններում ճնշում գործադրելով ՌԴ նախագահի միլիարդատեր կողմնակցի վրա, նշում են գործին ծանոթ աղբյուրները: Այդ աղբյուրները նաև նշում են, որ ԱՄՆ Նյու Յորքի Արևելյան շրջանի դատախազությունը, համագործակցելով արդարադատության նախարարության հետ, ուսումնասիրում է, թե արդյոք Գենադի Տիմչենկոն ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի միջոցով ռուսական կոռումպացված գործարքների հետ կապ ունեցող միջոցներ է փոխանցել:

Ըստ նույն աղբյուրների՝ դատախազությունը հետաքննում է այն փոխանցումները, որոնք կապված են Ժնևում պարոն Տիմչենկոյի համահիմնադրած «Gunvor Group» ընկերության կողմից Ռուսաստանի «Ռոսնեֆտ» ընկերությունից նավթ գնելու և երրորդ կողմին հետագայում վերավաճառելու գործարքների հետ: Քննիչները վերջին ամիսներին խնդրել են տրամադրել տեղեկություն նավթի գների մասին, որով«Gunvor Group»-ը կատարել է գործարքը:

Փոխանցումները արվել են մարտ ամսին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման օրերին և նախքան ֆինանսական պատժամիջոցների կիրառումը ԱՄՆ-ի կողմից պարոն Տիմչենկոյի և Պուտինի այլ մերձավորների նկատմամբ: Սակայն գործարքների հետ կապված միջոցների փոխանցումները կարող են հանդիսանալ անօրինական փողերի լվացման միջոց, եթե պարզվի, որ այդ միջոցները ստացվել են ապօրինի գործունեությունից, ինչպիսին է, օրինակ, պետական ակտիվների, օրինակ նավթի, անօրինական վաճառքը: Պարոն Տիմչենկոն և Ռոսնեֆտը հրաժարվեցին մեկնաբանելուց:

«Gunvor Group» -ը նշել է, որ իրենց չեն ծանուցել ընկերության հետ կապված որեւէ հետաքննության մասին, ուստի չեն կարող տրամադրել որևէ մեկնաբանություն պարոն Տիմչենկոյի հետ կապված հարցում, ով վաճառել է իր մասնաբաժինը ընկերությունում ԱՄՆ-ի պատժամիջոցների կիրառումից առաջ:«Gunvor Group» -ը աշխարհի ամենամեծ առևտրային ընկերություններից է: Ընկերությունը հայտարարել է, որ ավելի քան երկու տարի որևէ նավթի գնում չի կատարել Ռոսնեֆտից: Ընկերությունը հերքում է որևէ խախտում Ռոսնեֆտի հետ կապված մրցույթներում:

Գործին քաջածանոթ երկու անձ նշել են, որ այս գործողությունները կապված են ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա կոռուպցիայի դեմ պայքարի հետ՝ ելնելով Ավազակապետության ակտիվների վերականգնման նախաձեռնությունից:

Այս նախաձեռնությունը սկիզբ է առել 2010 թ. և ուղղված է եղել Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում կոռումպացված պաշտոնյաների դեմ: Դրա գործնական կիրառումը, սակայն, կարծես թե սկսել է Ռուսաստանից, որի հետ Արևմուտքի հարաբերությունները լարվել են Ուկրաինայի ճգնաժամի պատճառով: ԱՄՆ դատախազությունը Բրուքլինում և արդարադատության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանելուց:

Ըստ աղբյուրի՝ հետաքննության նպատակներից է պարզել, արդյոք պարոն Պուտինի անձնական հարստությունը կապված է անօրինական միջոցների հետ: ԱՄՆ պաշտոնյաները նախկինում ասել են, որ պարոն Պուտինը ներդրումներ է կատարել Gunvor-ում:

Պարոն Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասաց. «Մենք տեղյակ չենք որեւէ հետաքննությունից և չենք հետևում նման բաների»: Նա հերքեց Պուտինի եւ Տիմչենկոյի միջև որևէ ֆինանսական կամ գործնական հարաբերությունների մասին կարծիք՝ «անհեթեթ» անվանելով Gunvor-ում ներդրումների մասին տեղեկությունը:

Նախկինում Պուտինը հաստատել էր, որ վաղ 1990-ականներից ճանաչում է պարոն Տիմչենկոյին, սակայն հերքել էր վերջինիս բիզնես հաջողություններում ունեցած որևէ դերակատարում: Տիմչենկոն երկար ժամանակ չէր ընդգծում Պուտինի հետ ունեցած իր հարաբերությունները և կտրականապես հերքում էր, որ ինքը անձամբ շահել է դրանից:

«Ես գործարար եմ, և ոչ թե քաղաքական գործիչ», – ասել է նա 2008 թ. The Wall Street Journal-ին տված իր հարցազրույցում՝ Gunvor-ի հաջողությունները վերագրելով իր կարողությանը ճիշտ ժամանակին և հարմարավետ գնով նավթի փոխադրումը կազմակերպելուն: «Մեր առավելությունը միանշանակ լոգիստիկան է»:

Պարոն Տիմչենկոն, ով ունի Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի երկքաղաքացիություն, նախկին խորհրդային առևտրային պաշտոնյա է: Նա և պարոն Պուտինը հանդիպել են Սանկտ-Պետերբուրգում, որտեղ Պուտինը հանդիսանում էր տեղական պաշտոնյա, և զբաղվել են ձյուդոյով նույն ակումբում, որի անդամ են առայսօր: Երկուսն էլ միասին հոկեյ են խաղացել վերջերս` մայիսի 10-ին Սոչիում: Պարոն Պուտինը, ով սկսել է չմշկասահքով զբաղվել միայն 2011 թվականից, 6 անգամ գրավել է դարպասը խաղի ընթացքում:

Պարոն Տիմչենկոն կարողացել է արագորեն կողմնորոշվել դեպի կապիտալիզմ և վաղ 2000-ականներին արդեն հաջողությամբ զբաղվում էր ռուսական նավթի վաճառքով: Նրա հարստությունը մեծացավ պարոն Պուտինի իշխանության գալուց հետո: Արդեն 2008 թ. Gunvor-ը 16 անգամ ավելի շատ նավթ էր առաքում 2002 թ. հետ համեմատած: Այն դարձավ չորրոդ ամենամեծ առևտրային ընկերությունը Glencore International AG, Vitol Group և Trafigura Beheer BV ընկերություններից հետո: Սեպտեմբերին Gunvor-ը հաղորդեց 45 մլրդ. ԱՄՆ դոլար եկամուտ 2014 թ. առաջին վեց ամիսների ընթացքում:

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդները մեղադրում են պարոն Տիմչենկոյին, որ վերջինս օգտագործում է իր կապը պարոն Պուտինի հետ՝ ռուսական նավթն ու գազը ցածր գներով ձեռք բերելու համար:

WikiLeaks-ի գաղտնազերծած ԱՄՆ պետքարտուղարության 2008 թ զեկույցները պնդում են, որ Gunvor-ի ծառայությունները պարտադիր են նավթ արտահանող մի շարք ընկերությունների համար, և որ ընկերությունը ավելացնում է $1 յուրաքանչյուր բարելին: «Մրցակցային շուկայում, նավթ վաճառող ընկերությունը կարող է ավելացնել միայն 5-20 ցենտ, առավելագույնը», – ասում են նրանք: Զեկույցներից մեկը պնդում է, որ Gunvor-ը «պարզապես զանգվածային կոռուպցիայի երևացող մասն է»:

Ընկերության մամուլի քարտուղար Սեֆ Փիետրեսը հայտարարեց, որ Gunvor-ի գործունեությունը «համապատասխանում է ֆինանսական հանցագործությունների ռիսկի, այդ թվում, փողերի լվացման, տնտեսական պատժամիջոցների, հակաահաբեկչական ֆինանսավորման և հակակաշառակերության ու հակակոռուպցիայի դեմ պայքարի միջազգային չափանիշներին»:

Պարոն Տիմչենկոն առաջին ռուս գործարարների թվում էր, ում նկատմամբ ԱՄՆ կիրառեց պատժամիջոցներ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Ղրիմի շրջան ներխուժելումից հետո: ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը իրեն առանձնացրել է որպես «Ռուսաստանի ղեկավարության մերձավոր» և նշել, որ պարոն Պուտինը մասնաբաժին ունի Gunvor-ում և «կարող է օգտվել այդ միջոցներից»:

Համաձայն պատժամիջոցների, պարոն Տիմչենկոյին արգելված է այցելել ԱՄՆ և նրա ակտիվներն այստեղ ենթակա են սառեցման, սակայն հայտնի չէ, թե արդյոք դրանք հայտնաբերվել կամ սառեցվել են: Պատժամիջոցների կիրառումից հետո, պարոն Տիմչենկոն հայտարարեց, որ ինքը վաճառել է իր մասնաբաժինը Gunvor-ում իր գործընկերոջը դրանցից մեկ օր առաջ: Ընկերությունը չի ներառվել սև ցուցակում: Պարոն Փիետրասը նշել է, որ պարոն Տիմչենկոն «միայն բաժնետեր էր Gunvor-ում» և երբեք չի հանդիսացել կառավարման մարմնի կամ տնօրենների խորհրդի անդամ:

«Ինչ վերաբերվում է նախագահ Պուտինին, ապա նա երբևէ չի ունեցել որեւէ տեսակի մասնաբաժին Gunvor-ում», – ասել է նա: «Նա չի հանդիսանում Gunvor-ի կամ իր ակտիվների ուղղակի կամ անուղղակի շահառուն»:

Անցյալ տարի Gunvor-ը բացահայտել էր, որ 2011 թ. ապրիլին ամերիկյան դուստր ընկերությունը՝ Castor Ամերիկան, եւ վերջինիս երեք աշխատակիցներ ստացել են ծանուցում Բրուքլինի դաշնային դատախազությունից: Ծանուցումները ի թիվս այլ հարցերի պահանջել են տրամադրել փաստաթղթեր Castor ընկերության նավթային առևտրի գործունեության հետ կապված: Պարոն Փիետրասը նշել է, որ դրանից հետո, դատախազությունը որևէ լրացուցիչ ծանուցումով չի դիմել Gunvor –ի ընկերություններին կամ աշխատակիցներին: Նա ասել է, որ ընկերությունը եղել է «շատ թափանցիկ» ԱՄՆ իշխանությունների նկատմամբ և տրամադրել բոլոր տեսակի փաստաթղթերը:

Forbes ամսագիրը պարոն Տիմչենկոյի անձնական հարստությունը գնահատում է ավելի քան $ 13 մլրդ: Լյուքսեմբուրգում գրանցված մեկ այլ ընկերության՝ Volga Group-ի միջոցով նա վերահսկում է առաքումը, երկաթուղային կապն ու նավահանգիստները, ինչպես նաև երկու շքեղ հյուրանոցներ Ֆրանսիայում:

Հետաքննությունը պարոն Տիմչենկոյի նկատմամբ համընկնում է Արդարադատության նախարարության ջանքերի հետ՝ հետևելու և բռնագրավելու բոլոր այն ակտիվները, որոնք կասկածվում են կոռուպցիայի միջոցով վաստակման մեջ: ԱՄՆ չհապաղեց ուղարկել գործակալներին եւ դատախազներին Ուկրաինա՝ օգնելու վերականգնել գողացված ակտիվները նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռացումից հետո, ով փետրվարին դեռ հանդիսանում էր  Պուտինի դաշնակիցը: Ապրիլին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարեց Հետախուզական դաշնային բյուրոյի (FBI) խմբի ստեղծման մասին, որը պետք է հետաքննի ավազակապետությունների հետ կապված գործերը:

Փողերի լվացման մեջ քրեական մեղադրանքը թույլ կտա ԱՄՆ-ին դիմելու Ինտերպոլին պարոն Տիմչենկոյի հետ կապված, որի պատճառով նա կարող է ձերբակալվել կամ էքստրադիցիայի ենթարկվել բազմաթիվ երկրներում: Օգոստոսին Տիմչենկոն ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է, որ նա վախենում է այցելել Եվրոպայի շատ երկրներ:

«Ավաղ, հիմքեր կան լրջորեն զգուշանալու սադրանքներից ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից», – ասել է նա հարցազրույցում: «Հավատացեք, դա ոչ թե ենթադրություն է, այլ կոնկրետ տեղեկություն, որի մանրամասները հայտնի պատճառներով այս պահին չեմ կարող հրապարակել: Սակայն մենք աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ»:

 

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment