«Լիբերալ» Պուտինին կարող են տապալել «ցարի նման», – զգուշացնում է ռուս ծայրահեղ ազգայնականը
Հոդվածի առանցքում
- Ռուսաստանի ծայրահեղ ազգայնական Իգոր Ստրելկովը ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարող են տապալել «վերջին ցարի նման», եթե նա լիովին չաջակցի ռուսամետ անջատողականներին Արևելյան Ուկրաինայում:
- Չնայած նրան, որ Պուտինը դիտվում է որպես կոշտ քաղաքականության կողմնակից Արևմուտքում՝ Ստրելկովը կարծում է, որ նա չափազանց լիբերալ է, և բավարար վճռական չէր գործում տարածաշրջանում:
- Առաջին անգամ նա ի հայտ եկավ 2014 թվականի ապրիլին, երբ նա առաջնորդեց մի խումբ ռուսամետ անջատողականներին դեպի Արևելյան Ուկրաինայի Սլավյանսկ քաղաք՝ բռնկելով լայնածավալ ապստամբություն Կիևյան կառավարության դեմ:
- Անցյալ տարվա նոյեմբերին Ստրելկովը ասաց, որ նա պատասխանատվություն է վերցնում Արևելյան Ուկրաինայում պատերազմի բռնկման համար: Նա նաև ստեղծել է Նովորոսիա շարժումը, որն աջակցում է ապստամբներին Ղրիմում: Խմբի անունը նշանակում է «Նոր Ռուսաստան»:
Ուշադրությանն արժանի
Ռուսաստանի ծայրահեղ ազգայնական Իգոր Ստրելկովը ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կարող են տապալել «վերջին ցարի նման», եթե նա լիովին չաջակցի ռուսամետ անջատողականներին Արևելյան Ուկրաինայում: Ըստ Sunday Times-ի, անցյալ շաբաթ վիճելի շրջաններում ռուսամետ ապստամբների նախկին հրամանատարը ենթադրություններ է արել Պուտինի իշխանությունից հեռացման մասին, երբ դիմել է իր կողմնակիցներին:
Չնայած նրան, որ Պուտինը դիտվում է որպես կոշտ քաղաքականության կողմնակից Արևմուտքում՝ Ստրելկովը կարծում է, որ նա չափազանց լիբերալ է, և բավարար վճռական չէր գործում տարածաշրջանում՝ կապված Դոնեցկն ու Լուգանսկը չբռնակցելու վերաբերյալ իր որոշման հետ:
«Ուկրաինան եղել է, կա և կմնա Ռուսաստանի մաս», – ասել է նա, ըստ թերթի: Նա զգուշացրել է, որ Վլադիմիր Պուտինը կարող է «հայտնվել Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի վիճակում, ով տապալվեց ինչպես հայրենասերների, այնպես էլ լիբերալների կողմից՝ ոչ մեկ խմբի և ոչ էլ մյուս խմբի հետ չլինելու իր քաղաքականության պատճառով»:
Այս մոտեցումները նաև արտահայտվեցին գերմանական Der Speigel թերթին իր վիճահարույց հարցազրույցում, որը լույս է տեսել մարտի 18-ին, ուր Ստրելկովը խոսել է տոտալիտար առաջնորդի գյխավորությամբ ռուսական կայսրության վերստեղծման մասին:
Խոսելով իր գրասեղանին դրված Նիկոլայ II կայսրի դիմանկարի ներքո, ով սպանվել է իր ընտանիքի հետ բոլշևիկների կողմից, Ստրելկովը ենթադրում է, որ «ռուսական աշխարհը» պետք է ներառի Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը և, հնարավոր է, Կենտրոնական Ասիան:
«Իրական անջատողականները», – ասել է նա թերթին,- «նրանք են, ովքեր Կիևում են, քանի որ նրանք ցանկանում են պոկել Ուկրաինան Մոսկվայից»: Ստրելկովը, ում իսկական անունն է Իգոր Վսեվոլոդովիչ Գիրկին, առաջին անգամ ի հայտ եկավ 2014 թվականի ապրիլին, երբ նա առաջնորդեց մի խումբ ռուսամետ անջատողականներին դեպի Արևելյան Ուկրաինայի Սլավյանսկ քաղաք՝ բռնկելով լայնածավալ ապստամբություն Կիևյան կառավարության դեմ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքը 18 տարի ծառայել է ՖՍԲ-ում՝ ռուսական հատուկ գործակալություն, որը փոխարինեց ՊԱԿ-ին: Երբ նա 2013 թվականին անցավ թոշակի, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վարչության կազմում էր:
Ստրելկովը նաև խորհրդային և ռուսական բանակների վետերան է և ուկրաինական իշխանությունների կողմից մեղադրվում է ընթացիկ հակամարտության ընթացքում ահաբեկչության իրավախախտումների մեջ:
Անցյալ տարվա նոյեմբերին Ստրելկովը ասաց, որ նա պատասխանատվություն է վերցնում Արևելյան Ուկրաինայում պատերազմի բռնկման համար: Նա նաև ստեղծել է Նովորոսիա շարժումը, որն աջակցում է ապստամբներին Ղրիմում: Խմբի անունը նշանակում է «Նոր Ռուսաստան»:
Սա Ռուսական կայսրության կողմից օգտագործվող պատմական տերմին է հարավային և արևելյան Ուկրաինայի համար: Եվրոպական միությունը այս տարվա փետրվարին խումբը ավելացրել է իր պատժամիջոցների ցանկում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ