Պատժամիջոցի ենթարկելով Պուտինին

Պատժամիջոցի ենթարկելով Պուտինին

Հոդվածի առանցքում

  • Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Օբաման կստորագրի ՌԴ-ի դեմ նոր պատժամջոցների օրինագիծը:
  • Օրինագծով նախատեսվում է 350 միլիոն դոլարի զենք ուղարկել Կիևի իշխանությանը:
  • Օգնությունը կներառի հակատանկային և զրահատեխնիկայի դեմ նախատեսված զինատեսակներ, ռադարներ և ռազմամթերք:
  • Օրինագիծը Օբամային նաև թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել արտասահմանյան այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ամերիկյան ընկերությունների համար արդեն իսկ արգելված գործունեության մեջ:
  • Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ Գազմպրոմ ընկերության դեմ, եթե Պուտինը որոշի կիրառել գազային ճնշման փորձված մեթոդը:

Ուշադրությանն արժանի

Ռուսական ռուբլին դոլարի համեմատ երեքշաբթի նոր ռեկորդ է սահմանել` արժեզրկվելով 20%-ով: Չի օգնել անգամ տոկոսադրույքները 6.5-ից 17% բարձրացնելու Ռուսաստանի Կենտրոնական բանկի խուճապահար որոշումը: Երեքշաբթի առավոտյան բանկի անակնկալ քայլը միտված էր ռուբլու ամրապնդմանը:

Ռուսաստանի աճի տեմպերն ընկնում են, ինֆլյացիան աճում է, կապիտալի արտահոսքը` արագանում: Ուկրաինա ներխուժելու համար Պուտինի վրա ճնշումն ավելացնելու ավելի լավ ժամանակ եղե՞լ է:

Թմբկահարեք, խնդրում եմ, Ուկրաինայի Ազատությանն Աջակցող օրինագծի համար, որն այս շաբաթվա սկզբին առանց որևէ դիմադրության ընդունել են Կոնգրեսի երկու պալատները: Սպիտակ տունը երեքշաբթի հայտարարել է, որ նախագահ Օբաման այն կստորագրի: Օրինագիծի հեղինակներն են դեմոկրատ Ռոբերտ Մենենդեզը և հանրապետական Բոբ Քորկերը: Առաջինը Սենատի արտաքին հարաբերությունների գործող, մյուսը` առաջիկայում նրան փոխարինող նախագահն է: Այս բանաձևը Կիևի հանդեպ ԱՄՆ խոստումները կատարելու և Մոսկվային զգուշացնելու դրական փորձ է:

Օրինագծով նախատեսվում է առաջիկա մի քանի տարիներին 350 միլիոն դոլարի զենք ուղարկել Կիևի իշխանությանը: Օգնությունը կներառի հակատանկային և զրահատեխնիկայի դեմ նախատեսված զինատեսակներ, ռադարներ և ռազմամթերք: Հնարավոր է, որ դա քիչ է, բայց օգնությունն արագ ուղարկելու դեպքում այն կարող է ստիպել Մոսկվային վերանայել Ուկրաինայում հետագա նվաճումների ծրագրերը:

Օրինագիծը Օբամային նաև թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել արտասահմանյան այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են ամերիկյան ընկերությունների համար արդեն իսկ արգելված գործունեության մեջ: Սա մի գործիք է, որն իր արդյունավետությունը ցույց է տվել Իրանի դեմ: Այն ճնշում է ռուսական էներգետիկ ընկերություններին` կտրելով նրանց ամերիկյան ամբողջ կապիտալից և տեխնոլոգիաներից, որոնց կարիքը նրանք շատ են զգում իրենց արտադրությունը պահպանելու համար: Համանման գործողություններն արդեն օգնել են ռուսական ֆինանսական հաստատությունները ԱՄՆ բանկային համակարգից կտրելու դեպքում, ինչը Ռուսաստանում դոլարի կտրուկ պակասի պատճառ է դարձել: Այս երևույթը ավելի է սրվել նավթի գների անկմամբ` նպաստելով ռուբլու արժեզրկմանը:

Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը: Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը շաբաթ հայտարարել է, որ Ռուսաստանը ԱՄՆ դեմ կդիմի հակաքայլերի` առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը: Հավանական պատասխաններից մեկը կարող է լինել Կրեմլի ճնշումը իր հարևանների նկատմամաբ: Դա կարող է լինել ոչ միայն ռազմական, այլև տնտեսական, այնպես, ինչպես Ռուսաստանն է նախընտրում` կրճատելով գազի մատակարարումները` սովորաբար ձմեռվա կեսին: ԱՄՆ պատժամիջոցների նոր օրինագիծը այդ հավանականությունը հաշվարկել է և բացահայտ թիրախավորել է Ռուսաստանի գազային հսկա ընկերությանը` Գազպրոմին, որը Կրեմլի ձեռքին արտաքին քաղաքական գործիք է: Օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ այդ ընկերության դեմ, եթե Պուտինը որոշի կիրառել գազային ճնշման փորձված մեթոդը:

Այս ամենը Օբամային տալիս է օրինական լծակներ, որոնք նախագահին պետք կգան վատ պահվածքի համար Կրեմլին պատժելու և Ռուսաստանին ապագա արկածախնդրություններից հետ պահելու գործում: Այժմ հարցն այն է, թե արդյոք Օբաման կօգտագործի դրանք: Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստի հայտարարությունն առանձնապես հուսադրող չէր: Երեքշաբթի նա ասաց, որ «օրինագիծը շփոթեցնող ուղերձ է մեր դաշնակիցներին», և Օբաման կստորագրի այն, քանի որ օրինագիծը պահպանում է իր ճկունությունը:

Փորձը ցույց է տալիս, որ այս դեպքում ճկունությունը ոչինչ չանելն է: Հուսանք, որ Օբամայի համար մշտապես կիրառելի մոդել չի ձևավորվել, և որ դրանով նա չի պատրաստվում առաջնորդվել մինչև իր պաշտոնավարման ավարտը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment