Պուտինի ռուբլու խնդիրները սկսել են հատել երկրի սահմանները

Պուտինի ռուբլու խնդիրները սկսել են հատել երկրի սահմանները

Հոդվածի առանցքում

  • Ռուսական ռուբլին այս տարի մեկ-երրորդով արժեզրկվեց միջազգային այլ փոխարժեքների համեմատ:
  • Ռուսաստանի տնտեսական խնդիրները ազդեցություն են ունենում իր հարևանների` Վրաստանի և Հայաստանի վրա:
  • Վրացական լարին արժեզրկվեց 10%-ով, որը վերջին 10 տարում վրացական արժույթի ամենացածր ցուցանիշն է:
  • Ռուբլու անկման վարակը կտարածվի Եվրոպայում, ինչը շատ ուղղակի ազդեցություն կունենա ԱՄՆ գործարարների վրա:
  • Մեծ հարցը, որի առջև այսօր կանգնել է Արևելյան Եվրոպայի մնացած մասը, այն է, թե ի՞նչ արագությամբ և որքան հեռու կտարածվի ռուսական տնտեսության հիվանդությունը:

Ուշադրությանն արժանի

Նավթի գների անկման և միջազգային պատժամիջոցների միասնական գործողությունները, որոնք սկսվեցին Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի որոշման հետևանքով, վերջին ամիսներին մեծ վնաս են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը: Այժմ, կարծես, Մոսկվայի խնդիրները դուրս են գալիս երկրի սահմաններից:

Ռուսական ռուբլին այս տարի մեկ-երրորդով արժեզրկվեց միջազգային այլ փոխարժեքների համեմատ, Ռուսաստանի կենտրոնական բանկը դժվար կամ անհնար համարեց մուտք գործել միջազգային կապիտալի շուկաներ այդ փոխարժեքով: Կենտրոնական բանկը մյուս տարի անկում է կանխատեսում:

Մինչև վերջերս Ռուսաստանի տնտեսական խնդիրները բացահայտ ազդեցություն չէին ունենում իր հարևանների վրա: Դժբախտաբար Ռուսաստանի հարևան մի խումբ փոքր երկրներում փոփոխություններ եղան:

Վրաստանի ազգային արժույթը` լարին, վերջին շաբաթվա ընթացքում արժեզրկվեց 10%-ով` մեկ դոլարը դարձավ 2.04 լարի: Սա վերջին տասը տարում վրացական արժույթի ամենացածր ցուցանիշն է: Երկրի կենտրոնական բանկը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կմիջամտի, բայց փորձագետների կարծիքով մեծ փոփոխություններ անելու բանկի հնարավորությունը սահմանափակ է:

Ի՞նչ է սա նշանակում

Ռուսաստանի տնտեսությունը ամերիկացի սպառողների համար գլխավոր հարցը չէ, բայց Մոսկվայի խնդիրների աճին զուգահեռ կա հնարավորություն, որ անկման վարակը կտարածվի Եվրոպայում, ինչը շատ ուղղակի ազդեցություն կունենա ԱՄՆ գործարարների վրա, որոնք առևտուր են իրականացնում եվրոպական երկրների հետ:

Հարևան Հայաստանում ազգային արժույթը` դրամը, գլոբալ արտարժույթների նկատմամբ վեց շաբաթում արժեզրկվել է, այժմ առքուվաճառքն իրականացվում է ութ տարվա ընթացքում ամենացածր գներով:

Ըստ Standard Bank-ի վերլուծաբան Թիմոթի Էշի, երկու երկրները ֆինանսական ներքին իրավիճակի առումով գրեթե նույն դրական դիրքում են, ռուսական տնտեսությունից զգալի կախվածությունը այս պահին երկուսին էլ պատժում է: Վերլուծաբանը անցած շաբաթ իր հետազոտության մեջ գրել է.

«Ռուսաստանը առևտրային կարևոր գործընկեր է երկուսի համար էլ, քանի որ երկուսն էլ շահում են արտագնա աշխատողների ֆինանսական փոխանցումներից, որոնք այժմ դժվարության մեջ են Ռուսաստանի տնտեսության թույլ աճի և նավթի ցածր գների պատճառով: Արտահանումը Ռուսաստան նույնպես չափազանց կարևոր է երկու երկրների համար, Վրաստանը փորձեց վերադառնալ ռուսական շուկա, երբ հարաբերությունները փոքր ինչ կարգավորվեցին նախագահ Սաակաշվիլիի հեռանալուց հետո: Ռուսական տուրիզմը վերջին տարիներին դարձավ նոր «բարիք» Վրաստանի համար, երկիրը վերագտնելով շատ ռուսների սովետական ժամանակաշրջանից: Սա հիմա ակնհայտորեն պակասել է»:

Էշը նկատել է, որ երկու երկրների տնտեսությունները հենվում են դեպի Ռուսաստան գյուղատնտեսական «հսկայական» արտահանման վրա: Արևմտյան Եվրոպայի կիրառած պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ նախկին խորհրդային երկրներին հնարավորություն տվեցին խթանել առևտուրը իրենց մեծ հարևանի հետ: Վերլուծաբանի խոսքով «ռուսական արժույթի կտրուկ արժեզրկումը բացահայտ սպառնում է այս առևտրին: Դրա հետևանքով առաջացած տեղական արտարժույթի արժեզրկման գործընթացը շարունակվելու է»:

Կասպից ծովի ափին գտնվող Ղազախստանի ազգային արժույթը ավելի պաշտպանված է, բայց միջազգային շուկաների արժեթղթերը պահանջում են բարձր տոկոսներ երկրին առաջարկած պարտքի դիմաց: Ղազախները նաև կախված են ռուսական տնտեսությունից, երկուսի եկամուտներն էլ գոյանում են արտահանումից և արտագնա աշխատողների դրամային փոխանցումներից, որոնք հատում են սահմանը աշխատանք փնտրելու համար:

Մեծ հարցը, որի առջև այսօր կանգնել է Արևելյան Եվրոպայի մնացած մասը, այն է, թե ի՞նչ արագությամբ և որքան հեռու կտարածվի ռուսական տնտեսության հիվանդությունը: Ռուսաստանի օրենսդիրների առջև իր ելույթում Վլադիմիր Պուտինը ռուբլու անկումը բնութագրեց ԱՄՆ ղեկավարությամբ իրականացվող գործողություն, որի թաքնված նպատակը Ռուսաստանը «զսպելն է»: Նա նաև խոստացավ կիրառել «կոշտ» քայլեր արժույթի սպեկուլյացիա իրականցնողների դեմ, որոնք, ըստ նրա, խթանում են ռուբլու արժեզրկումը:

Նույն ելույթում Պուտինը դիմեց ռուսաստանցիներին արտասահմանում իրենց ակտիվները տուն բերելու կոչով, պարզ ակնարկելով, որ իր կառավարությունը կշրջանցի հարցը, թե ինչպես են այդ ակտիվները ձեռք բերվել, կամ որոնք են դրանց իրական աղբյուրները: Նա յուրահատուկ ձևով խոստացավ, որ քրեական հետապնդումների հարցը կհանվի օրակարգից:

Ռուսաստանի հուսահատությունը և երկրում մնացած կապիտալի ճակատագիրը անհանգստացրեց միջազգային ներդրողներին: Կառավարությունը բազմիցս հերքել է, բայց վերլուծաբանները մտահոգություն են հայտնել, որ Մոսկվան կարող է ներդնել կապիտալի վերահսկման մեխանիզմներ, որով թույլ չի տա անհատներին և ընկերություններին ազգային արժույթից դուրս ակտիվներ տեղափոխել: Ոմանք կարծում են, որ եկամուտները ռուբլու վերածելու ճնշումը խոշոր արտահանողների նկատմամբ նման է կապիտալի վերահսկման ռեժիմի ստվերին:

Ռուսաստանի կառավարությունը հետևողականորեն խոստանում է, որ կապիտալի վերահսկողության հարց գոյություն չունի: Բայց դա նաև այնպիսի հարց է, որի մասին նախորոք գովազդել ոչ ոք էլ չի ցանկանում:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment