Իրանում ռեժիմի փոփոխությամբ զբաղվելու ժամանակն է

Իրանում ռեժիմի փոփոխությամբ զբաղվելու ժամանակն է

Հոդվածի առանցքում

  • Տեսականորեն չկա պատմական որևէ փորձ, որը թույլ կտա ենթադրել, որ Օբամայի վարչակարգը կկարողանա հաջողության հասնել բանակցությունների միջոցով: ԱՄՆ-ը ունի Իրանի նման երկրների միջուկային հավակնությունները զսպելու հաջողված փորձ, այդ երկրները տարբեր են, բայց նրանց կարելի է միավորել և բնութագրել որպես հակաամերիկյան պետություններ:
  • Առանձնապես հայտնի չեն այն դեպքերը, երբ ռազմական գործողությունները կանխել են միջուկային սպառազինության տարածումը: Իսրայելի` 1981 թվականի հարձակումը Օսիրակի ռեակտորի վրա Սադդամ Հուսեյնին թույլ չտվեց պլուտոնիումի միջոցով ռումբ ստեղծել, տասը տարի անց ամերիկյան ռազմական հաղթանակը Ծոցի պատերազմում արգելափակեց Իրաքի ուրանի հարստացման ծրագիրը:
  • Իրաքյան պատերազմում Բուշի վարչակարգի սխալներից մեկն այն էր, որ ԱՄՆ, հասնելով Իրանի դարպասներին, չօգտագործեց հարմար պահը իր ռազմավարական նպատակներն առաջ մղելու համար: Ակնհայտ է, որ ԱՄՆ պետք է օգտագործեր ստեղծված իրադրությունը իրանցիների հետ բանակցություններում, բայց Իրանի հարցում շահերն առաջ մղելու խնդիրն այդպես էլ մնաց չիրականացված, ժամանակի ընթացքում ճնշումը թուլացավ, և Իրանի ցենտրիֆուգները կրկին սկսեցին աշխատել:
  • Պատմությունը ցույց է տալիս, որ Իրանի նման երկրները դժվար թե նման ճակատագրական որոշումներ կայացնեն լարվածության բացակայության դեպքում: Ճնշումն ավելացնելու փոխարեն Օբաման և իր թիմն այսօր հետևում են հակառակ ռազմավարությանը։ Կոշտ պատժամիջոցները Իրանին ստիպել են վերադառնալ բանակցությունների, դժվար չէ եզրակացնել, որ, մեղմելով դիրքորոշումը, վարչակազմը հայտնվել է Ռոհանիի ձեռքերում:
  • Եթե պատմությունը որևէ բան սովորեցնում է, ապա այս ամենից դրական արդյունք ակնկալելն անիմաստ է: Պարզապես չկա նախադեպ, որը թույլ կտա ենթադրել, որ Իրանի նման պետությունը կարող է հրաժարվել իր միջուկային զենքի ձգտումներից այնպիսի պայմաններում, երբ իր դեմ ուղղված քաղաքական, տնտեսական և ռազմական սպառնալիքները հետևողականորեն թուլանում են, և ոչ թե սաստկանում:
  • Օբաման Իրանին թույլ է տալիս դանդաղ, բայց հաստատուն կերպով ամրապնդել իր միջազգային վարկանիշը և տնտեսությունը՝ դրանով իսկ պահպանելով ցանկացած պահի միջուկային ռումբ ստեղծելու իր հնարավորությունը: Միացյալ Նահանգները շարունակում են կորցնել լծակները:

Ուշադրությանն արժանի

Շատ պատճառներ կան, որոնք կասկածի տակ են դնում 2015-ին Իրանի միջուկային զենքի հարցի լուծումը: Բայց անլուծելի թվացող խնդիրներից  մեկն էլ այն է, որ տեսականորեն չկա պատմական որևէ փորձ, որը թույլ կտա ենթադրել, որ Օբամայի վարչակարգը կկարողանա հաջողության հասնել բանակցությունների միջոցով:

ԱՄՆ-ը ունի Իրանի նման երկրների միջուկային հավակնությունները զսպելու հաջողված փորձ, այդ երկրները տարբեր են, բայց նրանց կարելի է միավորել և բնութագրել որպես բռնապետական, հակաամերիկյան և անազնիվ պետություններ: Նրանց զսպելու օրինակները շատ չեն, բայց դրանք բավարար են, որ  քաղաքականություն մշակողները այդ փորձի հիման վրա եզրակացնեն, թե որ մարտավարությունն է նախկինում հաջողություն ապահովել:

Ռեժիմի փոփոխության քաղաքականությունը, որը մեծ հեղինակություն չվայելող գործելաոճ է, շատ դեպքերում վտանգավոր անհատներին հեռու է պահել միջուկային զենքի բիզնեսով զբաղվելու հնարավորությունից: Այդպիսի օրինակներից է 1980-ականների Լատինական Ամերիկան, երբ Բրազիլիայի և Արգենտինայի միջուկային զենք ստեղծելու ծրագրերը ձախողվել են այդ երկրների ժողովրդավարացմամբ`   ռազմական բռնապետություններից քաղաքացիական կառավարման անցնելու միջոցով:

Ապարտեիդի վախճանը Հարավային Աֆրիկայում դե Քլերկի կառավարությանը ստիպեց վերացնել երկրի միջուկային փոքր սպառազինությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո ի հայտ եկած նոր երկրները` Ուկրաինան, Ղազախստանը և Բելառուսը, իրենց շահերից ելնելով, ազատվեցին ժառանգված միջուկային մեծ սպառազինությունից:

Առանձնապես հայտնի չեն այն դեպքերը, երբ ռազմական գործողությունները կանխել են միջուկային սպառազինության տարածումը: Իսրայելի` 1981 թվականի հարձակումը Օսիրակի ռեակտորի վրա Սադդամ Հուսեյնին թույլ չտվեց պլուտոնիումի միջոցով ռումբ ստեղծել, տասը տարի անց ամերիկյան ռազմական հաղթանակը Ծոցի պատերազմում արգելափակեց Իրաքի ուրանի հարստացման ծրագիրը: Որքան էլ տարօրինակ  է հնչում, պետք է ասել հետևյալը.չնայած այն բոլոր խնդիրներին, որոնք ի հայտ եկան Իրաքի ազատության գործողության ժամանակ, Սադդամի ռեժիմի վերացումը վերացրեց նաև մտավախությունը, որ «Բաղդադի մսագործը» մի օր կգտնի աշխարհի ամենավտանգավոր զենքը ձեռք բերելու հնարավորությունը:

Իհարկե, մենք նաև ունենք Իսրայելի անվտանգության ծառայությունների հանգամանքը, որոնց շնորհիվ միջուկային ռումբ ձեռք չի բերել Բաշար Ասադը: Տեսե՛ք սիրիական հակամարտության սարսափները, պարզապես մտածե՛ք մի պահ այն մասին, թե ինչ վտանգից ենք խուսափել: 2007 թվականի ավիահարձակումը Ալ-Քիբարի ռեակտորի վրա պետք է ընկալվի որպես միջուկային զենքի տարածման կախարգելման գործում պատմության մեծագույն հաջողություններից մեկը:

Բացի այդ, ռազմական հարձակումները, ուժի իրական սպառնալիքի միջոցով ռեժիմի փոփոխության հնարավորությունը նույնպես կարևոր արդյունք են ապահովել անվստահելի երկրների կողմից միջուկային զենքի ձեռք բերումը կանխելու գործում: Լիբիան դրա վառ օրինակն է. Իրաքի պատերազմի դեմ հանդես եկողները կարող են դժկամությամբ ընդունել դա, բայց, հավատացե՛ք, Սադդամ Հուսեյնի և Մուամմար Կադդաֆիի հեռացումը թույլ է տվել վերահսկել միջուկային զենք ստանալու համար նախատեսված նրանց ենթակառուցվածքները:

Եվ դրանք տեղափոխել Թենեսսիում գտնվող Օակ Ռիջի Ազգային Լաբորատորիա, ինչը դժբախտ պատահար ոչ մի կերպ չես անվանի: Միայն Լիբիան չէր, որ հաշվի առավ 2003-ին Իրաքի նկատմամբ ԱՄՆ հաղթանակի դասերը, դա արեց նաև Իրանը:

Պատերազմի մեկնարկից երեք շաբաթ անց ԱՄՆ տանկերը հայտնվեցին Բաղդադի կենտրոնում, և Սադդամի ռեժիմը անցավ պատմության գիրքը: Տեղի ունեցավ մի բան, ինչին իրանական ուժերը չկարողացան հասնել 1980-ականներին ընթացող ավելի քան ութամյա պատերազմի ժամանակ: Իրանցիները լուրջ մոտեցան նախագահ  Ջորջ Բուշի «Սատանայի գոտու» մեջ իրենց տեղը ընկալելու հարցում և խելացի գործեցին`  հրապարակավ սահմանափակելով իրենց ազդեցությունը, համաձայնելով ժամանակավորապես կասեցնել ուրանի հարստացումը: Այժմ մենք գիտենք, որ իրանցիները դրա արդյունքում ավելի քողարկեցին իրենց միջուկային ծրագիրը, որն ուներ ռազմական ուղղվածություն:

Իհարկե, միջուկային ծրագրի կասեցման մասին որոշումը Իրանի համար վերջնական չէր: Ճիշտն ասած իրաքյան պատերազմում Բուշի վարչակարգի սխալներից մեկն այն էր, որ ԱՄՆ, հասնելով Իրանի դարպասներին, չօգտագործեց հարմար պահը իր ռազմավարական նպատակներն առաջ մղելու համար: Ակնհայտ է, որ ԱՄՆ պետք է օգտագործեր ստեղծված իրադրությունը իրանցիների հետ բանակցություններում, բայց Իրանի հարցում շահերն առաջ մղելու խնդիրն այդպես էլ մնաց չիրականացված, ժամանակի ընթացքում ճնշումը թուլացավ, և Իրանի ցենտրիֆուգները կրկին սկսեցին աշխատել:

Ամեն դեպքում, Իրանի հետ 2003-ի փորձը դեռ օրակարգային է: Նախ, ակնհայտ է, որ նման ռեժիմներին միջուկային զենքի գաղափարից հետ է պահում միայն ուժի կիրառումը` լինի դա ռեժիմի փոփոխություն, ռազմական հարձակում, թե ճնշման այնպիսի ձև, որը կասկածի տակ է դնում ռեժիմի գոյությունը և ենթադրում է ուժի կիրառման իրական սպառնալիք:

Երկրորդ, 2003 թվականին Իրանի վարքը համահունչ էր այդ ժամանակ տեղեկատվության սահմանափակման հնարավորությունների հետ, Թեհրանը կարողանում էր փոփոխությունները ներկայացնել որպես այլ հանգամանքների հետևանք:

2013 թվականին արևմտյան պատժամիջոցները ծնկի բերեցին իրանական տնտեսությանը՝ ողբերգական շրջադարձ ապահովելով Վաշինգտոնի և նրա գործընկերների հետ միջուկային բանակցությունների պատրաստակամության հարցում։ Պատահական չէ, որ ռեժիմի թուլացումը կանխելու գործն առաջ են մղում նախագահ Հասան Ռոհանին և արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը, որոնք Իրանի 2003 թվականի միջուկային գամբիտի ճարտարապետներն էին։

Բայց Իրանի քաղաքական շրջադարձի ամենավառ օրինակը տեղի ունեցավ 1988 թվականին։ Իրաքի դեմ ութամյա սրբազան պատերազմ մղելուց հետո երդվելով հասնել ամբողջական հաղթանակի` Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնին հանկարծ ստիպված եղավ ճաշակել այն, ինչ ինքն անվանում էր «թունավոր գավաթ», և համաձայնել իր կողմից մշտապես մերժելի հրադադարին։

Քաղաքական, տնտեսական ու ռազմական սպառնալքիներն առկա էին 1988 թվականի ամբողջ ընթացքում՝ Իսլամական Հանրապետության գոյատևման հարցը դնելով աճող վտանգի տակ։ Բայց համբերության բաժակը լցվեց հուլիսին, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերը պատահմամբ կրակ բացեց իրանական քաղաքաքացիական ինքնաթիռի վրա՝ սպանելով բոլոր 290 ուղևորներին և անձնակազմի անդամներին։ Համոզված լինելով, որ դա Միացյալ Նահանգների կողմից Իրաքի կողմից իր դեմ բաց պատերազմ սկսելու ազդանշանն էր, Խոմեյնին ընդամենը երկու շաբաթում համաձայնեց քայլեր ձեռնարկել խաղաղություն կնքելու համար:

Սա մեզ բերում է Օբամայի վարչակազմի քաղաքականությանը, որը միտված է ընդհանուր համաձայնագրին, որով իսկապես կարող է լուծվել Իրանի միջուկային զենքի հարցը: Պատմությունը ցույց է տալիս, որ Իրանի նման երկրները դժվար թե նման ճակատագրական որոշումներ կայացնեն լարվածության բացակայության դեպքում: Ճնշումն ավելացնելու փոխարեն Օբաման և իր թիմն այսօր հետևում են հակառակ ռազմավարությանը։ Կոշտ պատժամիջոցները Իրանին ստիպել են վերադառնալ բանակցությունների, դժվար չէ եզրակացնել, որ, մեղմելով դիրքորոշումը, վարչակազմը հայտնվել է Ռոհանիի ձեռքերում: Փաստ է, որ սկսած 2013-ի նոյեմբերից Միասնական Գործողությունների Ծրագրի վերաբերյալ ձեռք բերված ժամանակավոր համաձայնությունից հետո ԱՄՆ անշեղորեն թուլացնում է ճնշումը Իրանի նկատմամբ:

Քաղաքականապես Իրանի միջազգային մեկուսացումը չի աշխատում, ամբողջ աշխարհից քաղաքական բարձրաստիճան գործիչները, դիվանագետները և գործարարները մեկնում են Թեհրան, Ռոհանիին և Զարիֆին ընդունում են աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում` նրանց անվանելով խիզախ գործընկերներ:

Տնտեսապես Իրանում վիճակը դեռ ծանր է, բայց համեմատած մեկուկես տարի առաջ տիրող վիճակի հետ, երկրի տնտեսությունը զգալիորեն կարգավորվել է. 2013-ի յոթ տոկոսի համեմատ 2014-ին Իրանի ՀՆԱ-ն աճել է երկու տոկոսով: Դրան նպաստել է նաև պատժամիջոցների կրճատումն ու ապագայում իրանական տնտեսության ակտիվության բացվող հեռանկարը:

Ռազմական առումով Իրանի միջուկային զենքի օբյեկտների վրա հարձակման հեռանկար այժմ գործնականում գոյություն չունի: Ավելին, ԱՄՆ պաշտոնյաները պաթետիկորեն փորձում են հանգստացնել իրանցիներին, թե վատ նպատակներ չունեն Իրանի սիրիական դաշնակցի՝ Բաշար Ասադի նկատմամբ, դա արվել է այն նպատակով, որ մոլլաները չնեղանան ու չդժվարացնեն ամերիկյան ուժերի կյանքը Իրաքում:

Եթե պատմությունը որևէ բան սովորեցնում է, ապա այս ամենից դրական արդյունք ակնկալելն անիմաստ է: Պարզապես չկա նախադեպ, որը թույլ կտա ենթադրել, որ  Իրանի նման պետությունը կարող է հրաժարվել իր միջուկային զենքի ձգտումներից այնպիսի պայմաններում, երբ իր դեմ ուղղված քաղաքական, տնտեսական և ռազմական սպառնալիքները հետևողականորեն թուլանում են, և ոչ թե սաստկանում:

Դա անողոքաբար խստացող, և ոչ թե աստիճանաբար թուլացող ծուղակ է:13 ամիս առաջ Միասնական Գործողությունների Ծրագրի կնքումից հետո կարելի է միայն այս եզրակացությանը գալ: Մի կողմից այստեղ բազմաթիվ կարևոր հարցերում առկա է ամերիկյան զիջումների մի ամբողջ շարք՝ ներառյալ ուրանի հարստացման Իրանի իրավունքի ընդունումը, ժամանակակից ցենտրիֆուգների հարցում դրա հետազոտական ու զարգացման ջանքերի, բալլիստիկ հեռահար  հրթիռների ստեղծման իրավունքի դեմ հանդես չգալը, մյուս կողմից՝ Իրանի պահանջները աճում են:

Իրանը անամոթ համառությամբ ցանկանում է հարաբերականորեն կարճ ժամկետներում արդյունաբերական չափերի ցենտրիֆուգների ծրագիր ստեղծել, ինչը թույլ կտա ընդլայնել ուրանի հարստացման հնարավորությունները 10-20 անգամ: Անհնար է ապահովել համապարփակ համաձայնագիր, բանակցություններն արդեն երկու անգամ երկարաձգվել են: Ավելին, թվում է՝ ԱՄՆ-ը անհարմար իրավիճակում է հայտնվել և ստիպված է ընդունել վատ գործարքը ու շարունակել անորոշ ժամանակով հետաձգել խնդրի լուծումը Համատեղ գործողությունների պլանի ընդլայնման միջոցով:

Բայց դա դե ֆակտո Օբաման Իրանին թույլ է տալիս դանդաղ, բայց հաստատուն կերպով ամրապնդել իր միջազգային վարկանիշը և տնտեսությունը՝ դրանով իսկ պահպանելով ցանկացած պահի միջուկային ռումբ ստեղծելու իր հնարավորությունը: Միացյալ Նահանգները շարունակում են կորցնել լծակները:

Այս դինամիկան, սակայն, կարող է խախտվել: Իհարկե, իրանցիները կյուրացնեն, այն, ինչ իրենց տրամադրվել է, անգամ եթե նրանք ավելին են պահանջում: Սակայն անորոշ է մնում, թե արդյոք նոր, առավել ռազմատենչ Կոնգրեսը ունակ կլինի վերականգնել Իրանի հետ առճակատման գործում բարի ուժի իր դերը, որը նա այդքան արդյունավետ կատարեց 2011թվականին՝ համոզելով Օբամային դիմել ծանր պատժամիջոցների, որոնք այնքան էական նշանակություն ունեցան առաջին հերթին Իրանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու հարցում:

Շանսերն, իհարկե, շատ ավելի բարձր կլինեին, եթե Օբաման իրականում ձգտեր Կոնգրեսի ծրագրի իրագործմանը, կազմեր համատեղ ռազմավարություն, որն ուղղված կլիներ ոչ թե բանակցությունների քայքայմանը, այլ ԱՄՆ լծակների ամրապնդմանը՝ միավորելով կենտրոնական դեր ունեցող դաշնակիցներին և ամրապնդելով հարկադրման դիվանագիտության հեռանկարները:

Ցավոք, դրա իրականացման որևէ նշան անգամ չկա: Սպիտակ տունը չունի մեծ հնարավորություններ, որոնցով կկարողանար զգալիորեն ուժեղացնել Իրանի վրա ճնշումը, ուղղակիորեն փլուզել Ասադի վարչակարգը, արգելել իրանական զենքի մատակարարումը ահաբեկչական միջնորդներին, ամրապնդել Իսրայելի հարձակողական գործողությունները ամերիկյան հզոր կործանիչների ու ինքնաթիռների տրամադրմամբ:

Բայց նման քայլերի ձգտելու փոխարեն, որոնք հնարավորություն կտան հասնել  դիվանագիտական հաջողության, վարչակարգը, կարծես թե, դրանք դիտարկում է որպես ազգույշ սադրանքներ, որոնք ուղղված են դիվանագիտական շանսերի ոչնչացմանը: Արդյունքում մնացել են քաղաքական հավաստիացումները, զիջումները, տնտեսական պատժամիջոցների թուլացումն ու ԱՄՆ նախագահի բարեկամական խնդրանքները Իրանի առաջնորդին:

Արդյո՞ք դա է համոզելու Ամերիկայի հետ 35 տարի պատերազմական վիճակում գտնվող հեղափոխական աստվածապետությանը հրաժարվել իր միջուկային հավակնություններից և հեգեմոնիկ ծրագրերից: Պատմությունը ցույց է տալիս, որ ո՛չ: Օբաման ասում է այո՛: 2015 թվականին կիմանանք, թե ով էր ճիշտ: Խաղադրույքները բարձր են: Կատարե՛ք ձերը: Խաղը սկսված է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment