Վրաստանի Պանկիսի կիրճում բողոքի ցույցերից հետո անկարգություններ են սկսվել

Վրաստանի Պանկիսի կիրճում բողոքի ցույցերից հետո անկարգություններ են սկսվել

Հոդվածի առանցքում

  • Վրաստանի հեռավոր մարզում՝ Պանկիսիում, հիդրոէլեկտրակայանի նախագծի դեմ սկսված դիմակայությունը ապրիլի 21-ին վերածվեց զանգվածային ծեծկռտուքի տեղի գյուղացիների և անվտանգության ուժերի միջև: Դա ավելի լայն քաղաքացիական պայքարի մտավախությունների տեղիք  տվեց: Ոստիկանությունը տարածաշրջան էր ժամանել կայանի դեմ բողոքի ցույցերը ցրելու համար, գյուղացիներն անվտանգության ուժերի ուղղությամբ քարեր ու ձողեր են նետել:

Ուշադրությանն արժանի

 

Տեղացիները բողոքել են ՀԷԿ-ի վիճելի նախագծի դեմ, իշխանությունը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել, բախումներ են բռնկվել:

Վրաստանի հեռավոր մարզում՝ Պանկիսիում, հիդրոէլեկտրակայանի նախագծի դեմ սկսված դիմակայությունը ապրիլի 21-ին վերածվեց զանգվածային ծեծկռտուքի տեղի գյուղացիների և անվտանգության ուժերի միջև: Դա ավելի լայն քաղաքացիական պայքարի մտավախությունների տեղիք  տվեց:

Ոստիկանությունը տարածաշրջան էր ժամանել կայանի դեմ բողոքի ցույցերը ցրելու համար, գյուղացիներն անվտանգության ուժերի ուղղությամբ քարեր ու ձողեր են նետել: Իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով ու ռետինե փամփուշտներով, 38 ոստիկան և 17 տեղացի վնասվածքներ են ստացել, համաձայն պաշտոնական տեղեկության:

Երկրի մյուս մասը սրտի թրթիռով հետևում էր դիմակայությանը, որը ցուցադրվում էր ուղիղ եթերով: Պանկիսի կիրճը հայտնի է կենտրոնական իշխանություններին ընդդիմանալու,  ինչպես նաև իսլամիստ գրոհայիններին աջակցելու հարցում: Սակայն տեղացիները իշխանությանն են մեղադրում խռովության բռնկման համար, ասելով, որ ոստիկանության ներկայությունը խաղաղ ցուցարարների դեմ պայքարելու համար ուժի ավելորդ և սադրիչ ցուցադրություն էր:

Բախումները սկսվեցին կիրակի, երբ տեղացիները փորձեցին կանխել շինարարական աշխատանքը « Խադորի -3 » կոչվող փոքր կայանի վրա, որն ավելի լայն հիդրոէներգետիկ համալիրի բաղադրիչն է: Տեղի բնակիչները և շրջակա միջավայրի պահպանության մի քանի կազմակերպություն կարծում են, որ ամբարտակների նախագծերը կվնասեն հովտի էկոհամակարգը և կսահմանափակեն մոտակա գյուղեր ջրի հասանելիությունը:

Հակասությունն արագ վերածվեց բռնության, երբ ոստիկանությունը ներխուժեց տարածք: Տղամարդիկ, կանայք և երեխաները, ոմանք էլ «Ալլահ աքբար» գոռալով քարեր նետեցին ուժայինների ուղղությամբ, փայտերով հարձակվեցին զրահապատ մեքենաների վրա: Դեպքի վայրում ծխի ամպ բարձրացավ արցունքաբեր գազից ու մոլոտովյան կոկտեյլներից: Մեկ ոստիկանական մեքենա այրվեց:

Ոստիկանության աշխատակիցները փորձեցին մեղմել լարվածությունը և տեղացիներին բանակցությունների համար տարան մոտակա քաղաք, սակայն կեսօրին պայքարը վերսկսվեց, երբ ոստիկանության լրացուցիչ  զորքեր ժամանեցին տարածաշրջան:

Լարվածությունը թուլացավ, երբ Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ժամանեց հովիտ և խոսեց բնակիչների հետ: Նա հանդես եկավ հաշտեցման ուղերձով, շնորհակալություն հայտնեց ինչպես երկու ոստիկանին` «իրենց աշխատանքը կատարելու համար», այնպես էլ գյուղի ավագներին զսպվածության համար, բայց և նախազգուշացրեց. «Քարեր նետելը պատասխան չէ: Բոլոր նրանք, ովքեր ուժ են գործադրել իրավապահների դեմ, կպատժվեն օրենքի համաձայն », – ասել է Գախարիան:

Ընդդիմադիր կուսակցություններն ու բազմաթիվ դիտորդներ իշխանություններին մեղադրեցին իրավիճակը սրելու և չափազանց մեծ ուժ կիրառելու համար: «Մենք ոչ մի կերպ չենք արդարացնում ոստիկանության վրա հարձակումները, բայց … երբ այդպիսի վտանգավոր տարածաշրջանում պետությունը նման անիմաստ գործողություն է կատարում, պատասխանատվությունը լիովին ընկնում է պետության վրա», – լրագրողների հետ զրույցում ասել է Ազատ դեմոկրատների առաջնորդներից Նինո Գոգուաձեն:

Պանկիսի բնակիչների և կենտրոնական իշխանության միջև հարաբերությունները լարվել են դեռևս 2018 թ-ին տարածաշրջանում իրականացված հակաահաբեկչական գործողությունից հետո, որի ժամանակ դեռահաս զոհվեց: Տղայի հայրը, Մալխազ Մաչալիկաշվիլին, շարունակում է բողոքել և արդարություն փնտրել իր որդուն սպանողների նկատմամբ: Նրա հանրահավաքներին աջակցում են թե Պանկիսում, թե Վրաստանի տարբեր վայրերում:

Համատեղ հայտարարության մեջ մի քանի առաջատար իրավապաշտպան խմբեր քննադատել են հատուկ ուժերի տեղակայումը մինչև բանակցությունների սպառվելը: «Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Պանկիսի կիրճ բարձրաստիճան պաշտոնյաների այցի ժամանակ … խոստումներ են տրվել հանրային քննարկումներ անցկացնել փորձագետների մասնակցությամբ: Հասկանալի է, որ իշխանությունները չեն կատարել այդ խոստումը », – ասված է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Կանաչ այլընտրանքի և Մարդու իրավունքների կրթության ու Մոնիտորինգի կենտրոնի (EMC) հայտարարության մեջ:

EMC- ը անցյալ տարի Պանկիսիի բնակիչների անունից հայց էր ներկայացրել, պահանջելով վերականգնել բնապահպանական թույլտվությունը էլեկտրակայանի կառուցման համար: Խումբը պնդում է, որ էլեկտրակայանը կվնասի տարածքի շրջակա միջավայրը և տեղական բնակչության կենսամակարդակը: Կանաչ Այլընտրանքն ասում է, որ շրջակա միջավայրի վրա կայանի ազդեցության վերաբերյալ փորձաքննությունները սխալ եզրակացություն են կազմել: «Շրջակա միջավայրի վրա կայանի ազդեցության գնահատման փաստաթուղթը  եղել է … պարզապես մյուս հիդրոէլեկտրակայանների փաստաթղթերի պատճեն», – «Achara TV» -ին ասել է «Կանաչ այլընտրանք» -ի նախագահ Մանանա Կոչլաձեն:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ էլեկտրակայանի էկոլոգիական վտանգի մասին մտահոգություններն ուռճացված են: «Ամեն անգամ, երբ դուք ինչ-որ բան եք կառուցում, ամեն անգամ, երբ բահով հարվածում եք հողին ու կտրում անձրևաորդին, դուք ազդում եք շրջակա միջավայրի վրա», – դեպքերից հետո հայտարարել է էներգետիկ փորձագետ և «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Ռևազ Արվելաձեն: Նա ասել է, որ 5.8 մեգավատ հզորության էլեկտրակայանի ազդեցությունը շատ փոքր է և չարժէ «նման ազմուկ բարձրացնել»:

Որոշ ընդդիմադիր գործիչներ պնդում են, որ իշխանությունները շտապել են ճնշել էլեկտրակայանի դեմ պայքարը, որպեսզի բավարարեն Վրացական երազանքի միլիարդատեր նախագահ, գործարար Բիձինա Իվանիշվիլիի և նրա համախոհների շահերը: Սա տեղի է ունենում, պարոն Բիձինա, որովհետև երկիրը ղեկավարում եք որպես ձեր անձնական կորպորացիա, երբ գործարար շահերն ամեն ինչից վեր են դասվում», – ասել է Նինո Բուրջանաձեն՝ խորհրդարանի նախկին խոսնակն ու «Միասնական Վրաստան» ժողովրդավարական շարժման առաջնորդը:

Ներքին գործերի նախարար Գախարիան հայտարարել է, որ էլեկտրակայանի շինարարությունը դադարեցվել է տեղացիների հետ բանակցությունների համար: Էլեկտրակայանը չի կառուցվի, ասել է նա, «առանց տեղական բնակչության 90 տոկոսի համաձայնության»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment