Արքայազն Էնդրյուի և Ալան Դերշովիցի անունները նշված են անչափահասի հետ սեռական կապի գործում
Հոդվածի առանցքում
- Ֆլորիդայի դատարանում հայտնված հայցում նշվում է, որ Իփսթեյնը անչափահաս մի աղջկա ստիպել է սեռական կապի մեջ մտնել մի քանի տղամարդկանց հետ`այդ թվում Էլիզաբեթ թագուհու երկրորդ որդու` արքայազն Էնդրյուի և պրոֆեսոր Ալան Դերշովիցի հետ:
- Նոր հայցը պահանջում է գործին ներգրավել ևս երկու տուժողի, այդ թվում մի կնոջ, ում անունը չի հրապարակվում: Նրան անվանում են «Ջեյն Դոե N3»: Կինն ասել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել արքայազն Էնդրյուի և Դերշովիցի հետ, երբ դեռ անչափահաս էր:
- 2011-ին անհարմար բացահայտումների շարքից հետո արքայազն Էնդրյուն հրաժարվել էր արտասահմանում Բրիտանիայի բիզնես-դեսպանի պաշտոնից: Դրա պատճառներից մեկն էլ Իփսթեյնի հետ ընկերությունն էր:
- Դաշնային դատախազները պահանջել են բերման ենթարկել նրան մի քանի մեղադրանքներով, բայց, ի վերջո, մեղավոր են ճանաչել ավելի մեղմ խախտումների համար: Նրա փաստաբան Ջեք Գոլդբերգերը նոր մեղադրանքներն անվանել է «համատարած կեղծիք»:
Ուշադրությանն արժանի
Անցած շաբաթ Ֆլորիդայում քաղաքացիական հայցերը քննող դատարանը վարույթ է ընդունել նոր հայցեր գործարար Ջեֆրի Իփսթեյնի նկատմամբ, որը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության դրդելու գործով: Նույն գործի շրջանակում անցնում են բարձրաստիճան երկու անձինք` բրիտանական արքայական ընտանիքի անդամն ու ամերիկացի իրավաբանը:
Ֆլորիդայի հարավում գտնվող դատարանում հայտնված հայցում նշվում է, որ Իփսթեյնը անչափահաս մի աղջկա ստիպել է սեռական կապի մեջ մտնել մի քանի տղամարդկանց հետ`այդ թվում Էլիզաբեթ թագուհու երկրորդ որդու` արքայազն Էնդրյուի և Հարվարդի իրավաբանական դպրոցի վաստակավոր պրոֆեսոր Ալան Դերշովիցի հետ: Երկուսն էլ հերքել են մեղադրանքները:
Ըստ հայցի, կինը, որի ինքնությունը չի բացահայտվում, Լոնդոնում, Նյու Յորքում, և Իփսթեյնի սեփական կղզում` Ամերիկյան Վիրջինյան կղզիներում, սեռական հարաբերություններ է ունեցել արքայազն Էնդրյուի հետ` լինելով անչափահաս: Ըստ այդմ, Իփսթեյնը կնոջից պահանջել է արքայազնին տալ «այն ամենը, ինչ նա կցանկանա, դրանից հետո էլ զեկուցել բոլոր մանրամասները»:
Բուքինգհեմյան պալատը մեղադրանքները հերքելու համար դիմել է անսովոր քայլի: Պալատի մամուլի քարտուղարը հայտարարության մեջ նշել է.
«Այս հարցը գտվում է ամերիկյան քաղաքացիական դատարանի քննության շրջանակում, որին Յորքի դուքսը չի մասնակցում: Մենք մանրամասն չենք մեկնաբանելու, բայց կասկածներից խուսափելու համար պետք է նշել, որ անչափահասների կողմից որևէ անպարկեշտ առաջարկության մասին տեղեկությունը բացարձակ սուտ է»:
Այս հայցը Իփսթեյնի մասնակցությամբ քաղաքացիական գործի ընդամենը մի մասն է: Դրա շրջանակում 2008-ին նա դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման: Երկու կանանց փաստաբանները դատավճռից հետո նշել են, որ իրենց պաշտպանյալների իրավունքները ոտնահարվել են, երբ մեղադրող կողմը Իփսթեյնի հետ մեղքը ընդունելու շուրջ գործարք է կնքել: Նոր հայցը պահանջում է գործին ներգրավել ևս երկու տուժողի, այդ թվում մի կնոջ, ում անունը չի հրապարակվում: Նրան անվանում են «Ջեյն Դոե N3»: Կինն ասել է, որ սեռական հարաբերություններ է ունեցել արքայազն Էնդրյուի և Դերշովիցի հետ, երբ դեռ անչափահաս էր:
Շաբաթ օրը Դերշովիցը հայտարարել է, որ «կտրականապես և միանշանակ» հերքում է բոլոր մեղադրանքները: Նա ասել է, որ կներկայացնի հայցը հեղինակած իրավաբանների գործունեությունը դադարեցնելու պահանջ: Խոսքը Ֆլորիդայում բնակվող իրավաբան Բրեդլի Էդվարդսի և դաշնային նախկին դատավոր ու Յուտայի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Փոլ Քեսսելի մասին է:
Հեռախոսային հարցազրույցում Դերշովիցն ասել է. «Նրանք գիտակցաբար են ստում, ես կանգ չեմ առի, քանի դեռ նրանց գործունեությունը չկասեցվի»:
Դերշովիցը, ով աշխատել է Իփսթեյնի թիմում և, հնարավոր է, ավելի ճանաչված է որպես Օ.Ջ Սիմփսոնի ներկայացուցիչ, նաև նշել է, որ պատրաստ է երդման տակ գրավոր ցուցմունք տալ` հերքելով իր հասցեին հնչած մեղադրանքները:
Պարոն Քեսսելը նշել է, որ իրավաբանները մանրամասն հետաքննել են բոլոր մեղադրանքները, որից հետո նոր են ներկայացրել դրանք: Նա ասել է, որ իրավաբանները հաշվի կառնեն երդման տակ տրված ցանկացած ցուցմունք կամ փաստաթուղթ, որը կներկայացնի պարոն Դերշովիցը:
Քեսսելը «Ջեյն Դոե N3»-ի վերաբերյալ հայտարարության մեջ նաև նշել է, որ կինը անմեղ զոհ է եղել և այժմ «անարդարացիորեն կրկին զոհ է դառնում: Ես չեմ պատրաստվում ծաղրանքի ենթարկվելով վերադառնալ նախկին լռությանը»:
2011-ին անհարմար բացահայտումների շարքից հետո արքայազն Էնդրյուն հրաժարվել էր արտասահմանում Բրիտանիայի բիզնես-դեսպանի պաշտոնից: Դրա պատճառներից մեկն էլ Իփսթեյնի հետ ընկերությունն էր:
61-ամյա Իփսթեյնը մի քանի միլիարտադեր հաճախորդներ ունեցող մենեջեր է, պարզվել է, որ նա Փալմ Բիչում տուն ունի: Ֆլորիդայի` սեռական հարաբերություններում իրավախախտների ցուցակի համաձայն այժմ նա ապրում է Ս.Թոմասում` Վիրջինյան կղզիներում:
Դաշնային դատախազները պահանջել են բերման ենթարկել նրան մի քանի մեղադրանքներով, բայց, ի վերջո, մեղավոր են ճանաչել ավելի մեղմ խախտումների համար: Նրա փաստաբան Ջեք Գոլդբերգերը նոր մեղադրանքներն անվանել է «համատարած կեղծիք.սրանք հին, անբարո և անհիմն հայտարարություններ են, որոնցով իրավաբանները փորձում են գործը վերակենդանեցնել` ավելացնելով համաշխարհային առաջնորդների անունները»:
Դատական նոր փաստաթղթում, որի համաձայն Իփսթեյնը սեռական բռնության է ենթարկել մի կնոջ, ում պայմանական անվանում են «Ջեյն Դոե N3», նշվում է, որ դա տեղի է ունեցել, երբ կինը 15 տարեկան էր, և նրան 1999-2002 թվականներին պահել են «սեռական ստրուկի պես»: Ըստ հայցի` Իփսթեյնը կնոջը ստիպել է տրվել տղամարդկանց, որի միջոցով փորձել է լավ հարաբերություններ հաստատել նրանց հետ և հավաքել տեղեկություններ պոտենցիալ շանտաժի համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ