Ինչո՞ւ է մամուլն այսօր ավելի անազատ

Ինչո՞ւ է մամուլն այսօր ավելի անազատ

Հոդվածի առանցքում

  • 2002-ից 2012 թվականներին, ըստ Լրագրողների Պաշտպանության Կոմիտեի, աշխարհում սպանվել է 506 լրագրող:
  • Ամենավտանգավոր ռազմագոտիներում մահվան հիմնական պատճառը սովորական սպանությունն է:
  • Լրագրողների Պաշտպանության Կոմիտեի տնօրենը իր նոր գրքում պնդում է, որ աշխարհում նկատվում է մամուլի ազատության անկում:
  • Ստեղծվել են մեծամասնության բռնապետություններ, երբ անկախ մամուլի այլակարծիք դիրքորոշումը ավելի հեշտ է մեկուսացնել:
  • Ահաբեկիչները, նոր ՏՏ շնորհիվ, ունեն իրենց սոցցանցերը, հետևաբար լրագրողների կարիքը չունեն:
  • Արևմուտքում խնդիրը հանրային անտարբերությունն է:

Ուշադրությանն արժանի

Ամբողջ աշխարհում ընթացող հակաժողովրդավարական զարգացումների առջև, հավանաբար, ամենախոցելին մամուլի ազատության ինստիտուտն է, ամենաանպաշտպան մարդիկ էլ լրագրողներն են: Եթե նրանք իրենց գործը ճիշտ են անում, կարող են մի քանի ազդեցիկ տեղերից ընկերներ ունենալ: Լրագրողները վստահաբար դառնում են օգտակար կառավարությունների, ընկերությունների կամ զինված խմբերի համար, բայց միայն այն ժամանակ, երբ դավաճանում են իրենց առաքելությանը: Լրագրողները երբեմն անգամ հանրային աջակցություն են վայելում: Որոշ տեղերում անհնար է հաղորդել ճշմարտությունը առանց հասարակության որևէ խմբին ատելության կամ բռնության թիրախի վերածելու:

Վերջին տարիներին լուրեր հաղորդելը դարձել է ավելի վտանգավոր, 2002-ից 2012 թվականներին, ըստ Լրագրողների Պաշտպանության Կոմիտեի, աշխարհում 506 լրագրող է սպանվել, իսկ դրա նախորդ տասնամյակում`390:

Անգամ ամենավտանգավոր ռազմագոտիներում, ինչիպիսք են Իրաքն ու Սիրիան, մահվան հիմնական պատճառը սովորական սպանությունն է, ոչ թե ճակատամարտը լուսաբանելիս զոհվելը: Շատ կարևոր փոփոխություն է տեղի ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո: Դա մամուլի անկողմնակալության գաղափարի կործանումն է, լրագրողները շատ խմբերի` հատկապես ջիհադիստների համար, ընկալվում են որպես օրինական թիրախ և քարոզչության արժեքավոր գործիքներ` ողջ թե մահացած: Ամենահայտնի դեպքերը, որտեղ ներգրավված են եղել արևմտյան թղթակիցներ` Դենիել Փիրլի և Ջեյմս Ֆոուլիի օրինակներն են, բայց շատ վտանգված լրագրողների մասին դուք, հավանաբար, երբևէ չեք լսել` Տիխուանայի լուրերի հաղորդավարը, Կարաչիում աշխատող օպերատորը, Թեհրանում գտնվող բլոգերը:

Ջոել Սայմոնը` Լրագրողների Պաշտպանության Կոմիտեի գործադիր տնօրենը, հրապարակել է գիրք, որը կոչվում է «Նոր գրաքննություն. Մեդիաազատության գլոբալ ճակատամարտում»: Տարօրինակ է լսել գրաքննության աճի մասին այնպիսի դարաշրջանում, որտեղ ընտրությունները բնական են ամբողջ աշխարհում, մասնավոր ազատությունները հասել են անգամ բռնապետական երկրներ, ինչպիսին Չինաստանն է, համացանցը և սոցիալական մեդիան մեր ուղեղները ամեն վայրկյան լցնում են չտարբերակող տեղեկություններով, և ցանկացած ոք Twitter-ի կամ Facebook-ի իր էջում կարող է լրագրող դառնալ: Բայց Սայմոնը արժանահավատ պնդում է, որ աշխարհում նկատվում է մամուլի ազատության անկում: Նա գրում է.

«Ողողված լինելով տեղեկություններով` մենք կույր ենք ավելի լայն իրականության հանդեպ: Հսկողության նոր համակարգերը ամբողջ աշխարհում հաղթանակ են տանում, դրանք խեղդում են գլոբալ քննարկումը և խոչընդոտում են քաղաքականության և լուծումներ գտնելու զարգացումը` հիմնված տեղեկացվածության վրա: Լրագրողների դեմ բռնությունները ռեկորդային մակարդակի են հասել, մամուլի ազատության մակարդակը անկում է ապրում»:

«Նոր գրաքննությունը» այդ միտման չորս գլխավոր պատճառների մասին է: Առաջինը ընտրված առաջնորդների խնդիրն է` ինչպես Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը, Թուրքիայում Ռեջեփ Էրդողանը, Վենեսուելայի, Էկվադորի և Բոլիվիայի ձախակողմյան հայացքներով նախագահները, որոնք օգտագործում են իրենց իշխանությունը անկախ լրագրողներին վախեցնելու և նրանց գործունեությունը անհնարին դարձնելու համար: Նրանք շահագործում են իրենց ժողովրդավարական մանդատը` կառավարելով որպես բռնապետներ: Եվ անում են դա ոչ միայն քննադատող լրագրողներին օգտագործելու, այլև նրանց բանտարկելու և վարկաբեկելու միջոցով: Նրանք ստեղծում են մթնոլորտ, որի մեջ ազատ մամուլը համարվում է հինգերորդ շարասյուն, արևմուտքից ներմուծված քարոզչական, արտաքին շահերը սպասարկող գործիք: Լրագրությունը ներկայացվում է որպես օտարերկրյա արժեք և քաոսի հրահրիչ ու ամենավատը` սպառնալիք ազգային անվտանգության և հպարտության համար:

Պուտինի և Էրդողանի պես դեմագոգները ստեղծել են մեծամասնության բռնապետություններ, արել են այնպես, որ անկախ մամուլի այլակարծիք դիրքորոշումը ավելի հեշտ է մեկուսացնել, հնարավոր է վարկաբեկել և մեղադրանքներ ուղղել մամուլի հասցեին արտաքին կապերի և սոցիալական հիվանդությունների համար: Գաղափարը, որ արտահայտման և հասարակական այլ ազատությունները ոչ թե համընդհանուր իրավունք են, այլ հատուկ են միայն արևմտյան հասարակություններին ավելի ու ավելի է տարածվում Կարակասից մինչև Պեկին: Որովհետև այդ առաջնորդներն ունեն հասարակական աջակցություն, նրանք դրանով որոշակիորեն պաշտպանված են` ավելին, քան Հյուսիսային Կորեայի Կիմ Չեն Ինը կամ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը:

Գրաքննության երկրորդ աղբյուրը, ըստ Սայմոնի, ահաբեկչությունն է: Կարաչիում Դենիել Փիրլի գլխատումը լրագրողներին դարձրեց արժեքավոր թիրախ: Իրաքի պատերազմը լրագրողական պատմության մեջ ամենամահաբերն էր: Զոհվեց 150 լրագրող` 85%-ը իրաքցի, որոնցից շատերը սպանվեցին առևանգումների և մահապատիժների միջոցով, ինչը մեդիադաշտի համար դարձել է առօրյա: (Ինձ համար շրջադարձային պահ էր, երբ ես Իրաքից հաղորդում էի 2004 թվականի սկզբին: Այդ պահին հասկացա, որ իմ մեքենայի դիմապակուն ամրացված մամուլի տարբերանշանը ոչ թե պաշտպանում էր ինձ, այլ ճիշտ հակառակը` կարող էր դառնալ խնդիրների պատճառ): Սիրիայում, որտեղ շատ օտարերկրյա և ավելի շատ սիրիացի լրագրողներ են առևանգվել կամ սպանվել, լրագրողական գործառույթներն ամբողջությամբ դադարեցված են:

Բռնությունների աճը պայմանավորված է տեխնոլոգիական առաջընթացով: Զինված խմբերին այլևս պետք չեն ողջ լրագրողներ, քանի որ նրանք ունեն, սարսափելի ձևակերպմամբ, «ճշմարտությունը պատմելու» իրենց տարբերակը, նրանք կարող են պատրաստել իրենց սեփական տեսանյութերը, հրապարակել իրենց սեփական օնլայն տեղեկությունները և Twitter-ում լուրեր տարածել իրենց հետևողների շրջանում` իմանալով, որ միջազգային մամուլը միևնույնն է կտարածի ամենասենսացիոն նորությունները:

Սայմոնը գրում է. «Ուղիղ կապը, որը ստեղծվել է կոնտենտ արտադրողների և սպառողների միջև, հնարավորություն է տալիս բռնարարք իրականացնող խմբերին շրջանցել ավանդական մեդիան և իրենց ուղերձը հասարակությանը տեղ հասցնել էլեկտրոնային կայքերի միջոցով: Լրագրողները դարձել են ավելի անարժեք և այդ պատճառով էլ ավելի անպաշտպան»:

Եվս մեկ վտանգ, որ ստեղծվել է տեխնոլոգիական փոփոխությունների հետևանքով, արտասահմանյան թղթակցական մեծ թվով կետերի առկայությունն է այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սան Պաուլոն, Նայրոբին և Ջակարտան: Սայմոնը սկսել է Մեխիկոյում 90-ականների սկզբներին: Համակարգը ամբողջովին անարդյունավետ էր: Մեկ կամ երկու տասնյակ ամերիկացիներ հայտնում էին նույն տեղեկությունը, այդ պատճառով դատապարտված էին «պառակտման»: Ավանդական մեդիայի անկումը փակել է թղթակցական արտաքին կետերը ամբողջ աշխարհում: Քննադատողաբար հաղորդելու գործառույթը անցել է տեղացի թղթակիցներին, նրանցից շատերը տաղանդավոր են, նախաձեռնող և խիզախ ու հաճախ ավելի լավ են կարողանում աշխատել, քան իրենց արևմտյան գործընկերները, քանի որ կարողանում են գտնել աղբյուներ և ուսումնասիրել իրենց պատմության ամենախորքային խնդիրները: Բայց նրանք նույնպես շատ անպաշտպան են, նրանք չունեն արևմտյան լրատվական ծառայությունների բարեկեցությունը կամ արտաքին հզոր կառավարության ազդեցությունը, որն անհրաժեշտության դեպքում իրենց կպաշտպանի: Նրանց միակ պաշտպանը իրենց կառավարությունն է, որը կարող է ցանկանալ նրանց մահը: Մեքսիկայի, Ֆիլիպինների և Պակիստանի պես երկրներում տեղացի լրագրողները թիրախ են զինված խմբերի համար` թմրաբիզնեսմեններից մինչև իսլամիստներ:

Վերջապես, կա թվային վիդեոհսկողության չերևացող գլոբալ ձեռքը, Չինաստանը կատարելության է հասցրել դրա կիրառումը, իրանցիները հետևում են անընդհատ, ԱՄՆ-ում Սնոուդենի բացահայտումները հսկողությունը զգայական խնդիր են դարձրել, ինչը շատ լրագրողների դրդել է գաղտնագրեր օգտագործել իրենց աղբյուրները պաշտպանելու համար: Այսօր առկա է ամերիկյան կառավարության հավակնոտ դիրքորոշումը, որը խոստանում է երբեք չբանտարկել լրագրողներին իրենց գործն անելու համար, բայց դրան զուգահեռ կառավարությունը օգտագործում է նահանգային մակարդակով իր լծակները արտահոսքերը փակելու նպատակով` ինֆորմացիայի տրամադրումը ներկայացնելով վնասակար գործողություն: Տեղեկությունների մասսայական հավաքագրման և լրագրության նշանակության պարզաբանման անհրաժեշտության դարում ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններ են գործում, կամ ինչը կարելի է անվանել չարաշահում:

Սայմոնի գիրքը հաստատում է ինֆորմացիոն դարում ինստիտուտների ճակատագրի վերաբերյալ իմ միտքը, որ չնայած ազատության, ժողովրդավարության և հավասարության խոստմանը, թվային հեղափոխությունը խաթարում է ավանդական մեդիայի աշխատանքը, մեծ իշխանություն է կենտրոնացնում մի քանի հոգու ձեռքում, մյուս կողմից չի տալիս հակազդեցության կազմակերպված համակարգ: Դրա արդյունքում մամուլի լռությունը, որն այլ կերպ կարելի է անվանել գրաքննություն` լինի դա ընտրված իշխանության, զինված խմբերի, հնաոճ բռնապետների կամ իրավապահների հետապնդման միջոցով, կանգնեցնում են տեղեկատվության արտահոսքը: Դա ավելի տարածված է այսօր, քան 20 տարի առաջ:

ԱՄՆ-ում մամուլը մշտապես ունի ցածր ինքնագնահատական, անգամ երբ այն իր գործը լավ է անում: Չնայած Ազգային Անվտանգության Գործակալության և Google-ի հզորությանը, գրաքննությունը չէ խնդիրը: Մենք չենք տառապում «ժողովրդավարացնողներից» կամ սովորական սպանությունից, մենք տառապում ենք փաստերի կորստից` փորձառությամբ ձեռք բերված տեղեկություններից, որն Ամերիկայի քաղաքացիները կարող են ընդունել որպես հիմք հանրային քննարկման համար: Մենք տառապում ենք այն հավատի կորստից, որ մեր ինստիտուտները կարող են բարեփոխվել անկախ մամուլի ճնշման միջոցով, մենք տառապում ենք անպատասխանատու առաջնորդներից և անտարբեր հանրությունից: Ժողովրդավարական էրոզիան տարբեր դրսևորումներ է ստանում, բայց ամենածանրը տեսնելն է դրա այն տարբերակները, որոնք քո աչքի առաջ են:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment