Հետխորհրդային բռնությունները սանձող պրահյան կենտրոն

Հետխորհրդային բռնությունները սանձող պրահյան կենտրոն

Հոդվածի առանցքում

  • Կենտրոնը բացվել է Պրահայում` աջակցելով քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, որոնք ենթարկվում են բռնությունների հետխորհրդային երկրներում: Կենտրոնն աջակցություն է ստանում Չեխիայում, Նորվեգիայում, Լեհաստանում և ԱՄՆ-ում տեղակայված կազմակերպություններից:
  • Քաղաքացիական հասարակության կենտրոնը հայտարարություն է հրապարակել, որտեղ նշել է, որ իր առաքելությունն է խթանել «ավելի բաց հասարակությունների» ստեղծումը, որոնք կհարգեն օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, հանդուրժողականությունը և արժանապատվությունը` դառնալով «հենակետ» Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ակտիվիստների համար:
  • Այն կտրամադրի ճկուն դրամաշնորհներ և կառաջարկի վերապատրաստման դասընթացներ սեմինարների և գործնական օնլայն աշխատանքների միջոցով: Պրահայի համալսարաններից մեկի հետ գործակցությամբ կենտրոնը կստեղծի նաև «անցումային գիտություն» մագիստրոսական ծրագիրը:

Ուշադրությանն արժանի

Կենտրոնը բացվել է Պրահայում` աջակցելով քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, որոնք ենթարկվում են բռնությունների հետխորհրդային երկրներում: Կենտրոնն աջակցություն է ստանում Չեխիայում, Նորվեգիայում, Լեհաստանում և ԱՄՆ-ում տեղակայված կազմակերպություններից:

Պրահան, որտեղ արդեն տեղակայված է ամերիկյան ֆինանսավորմամբ գործող  «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, հինգշաբթի դարձել է նաև Եվրոպայի Քաղաքացիական Հասարակության նոր Կենտրոնի հիմնադրման վայրը` ստանալով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խոշոր կազմակերպությունների աջակցությունը:

Կենտրոնի տնօրեն Ռոստիսլավ Վալվոդայի խոսքով, «հետխորհրդային երկրներում ավտորիտար ռեժիմների աճող ճնշումը» խոչընդոտել է քաղաքացիական հասարակություն ստեղծելու ջանքերն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բելառուսը, Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները:

Քաղաքացիական հասարակության կենտրոնը հայտարարություն է հրապարակել, որտեղ նշել է, որ իր առաքելությունն է խթանել «ավելի բաց հասարակությունների» ստեղծումը, որոնք կհարգեն օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, հանդուրժողականությունը և արժանապատվությունը` դառնալով «հենակետ» Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ակտիվիստների համար:

Վերջին տարիներին Ռուսաստանը դժվարեցրել է արտասահմանյան և տեղական հասարակական կազմակերպությունների գործունեության պայմանները և մեղադրել Արևմուտքին՝ Ուկրաինայի գործերին միջամտելու համար:

Կենտրոնի հայտարարությունից անհասկանալի է, թե այն ինչ է մտադրվում ձեռնարկել պատերազմի մեջ հայտնված Ուկրաինայում, որտեղ ռուսամետ անջատողականները գրավել են Ռուսաստանին սահմանակցող արևելյան նահանգները:

Նորարար մոտեցումներ

Պրահայում տեղակայված կենտրոնը հայտարարել է, որ իր աշխատակիցներն օգտագործելու են ավանդական և նորարար մոտեցումների միասնական ռազմավարություն` աջակցելով նշված երկրների ոչ կառավարական կազմակերպություններին, քաղաքացիներին, բլոգերներին, լրագրողներին և մշակույթի գործիչներին, հետազոտողներին և անկախ ֆիլմարտադրողներին: Այն կտրամադրի ճկուն դրամաշնորհներ և կառաջարկի վերապատրաստման դասընթացներ սեմինարների և գործնական օնլայն աշխատանքների միջոցով: Պրահայի համալսարաններից մեկի հետ գործակցությամբ կենտրոնը կստեղծի նաև «անցումային գիտություն» մագիստրոսական ծրագիրը:

Տարբեր հովանավորներ

Կենտրոնի հիմնական հովանավորներից են Վարշավայում տեղակայված Institute of Public Affairs հետազոտական կենտրոնը, Օսլոյում գտնվող Human Rights House Foundation-ը և Պրահայից գործող People in Need կազմակերպությունը: Նախնական հովանավորներն են մասնավոր երկու դոնորներ (C.S. Mott և Oak հիմնադրամները), ամերիկյան Միջազգային Զարգացման Գործակալությունը, Շվեդիայի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները:

Ադրբեջանը որպես օրինակ

Անցած հոկտեմբերին 47 անդամ-երկիր ունեցող Եվրախորհուրդը` Ստրասբուրգում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը, Ադրբեջանին մեղադրել է այլակարծությունը լռեցնելու և ընդդիմախոսներին ձերբակալելու համար: Մեղադրանքները Բաքուն հերքել է:

Անցած ամիս դատարանի առջև է կանգնել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայտնի ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովը, որն օգտագործել է 2012-ին Ադրբեջանում Եվրատեսիլ երգի մրցույթի անցկացման առիթը հետխորհրդային այս երկրում մարդու իրավունքների տխուր վիճակն ի ցույց դնելու համար:

Կասպից ծովի ափին գտնվող էներգետիկ հարստություններով լի երկիրը ղեկավարում է վետերան նախագահ Իլհամ Ալիևը, որի նախագահության 3-րդ ժամկետը սկսվել է 2013-ին:

Հիմնականում մուսուլմանական բնակչությամբ երկրի իշխանությունը հայտարարել է, որ իր 9 միլիոն քաղաքացիները վայելում են երկրում առկա խոսքի ազատությունը և ընդդիմադիր աշխույժ մամուլը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment