Ադրբեջանի փայլուն երկնաքերերի ստվերում աղքատություն է

Ադրբեջանի փայլուն երկնաքերերի ստվերում աղքատություն է

Հոդվածի առանցքում

  • Կենտրոնական Բաքվի սահմաններից դուրս գտնվող աղքատ թաղամասերում ցավալի տեսարաններ են՝ խիտ շինություններով և մռայլ տարածքներով: Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանի բնակչության մոտ հինգ տոկոսը ապրում է աղքատության շեմից ցածր պայմաններում, բայց այս ցուցանիշն իրականում շատ ավելի բարձր է, ասում է Ջաֆարլին: «Աղքատության հաշվարկման համար օգտագործվող ցուցանիշները սխալ են, որոշ տվյալներ Խորհրդային Միության շրջանից են վերցված: Իրականությունն այլ է», - ասում է նա: Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Ռուսաստանի միայն կեսն է և Ֆրանսիայի մեկ տասներորդը: Սա ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի:

Ուշադրությանն արժանի

Բաքվի մարդաշատ փողոցներից մեկում Գյուլյա Աքփարովան հպարտորեն խոսում է Ադրբեջանի հազարամյա մայրաքաղաքի վերափոխման մասին` ցույց տալով Կասպից ծովի ափին փայլող երկնաքերերը:

Երկու տասնամյակ առաջ այստեղ «ոչ շատ զբոսայգիներ, ոչ էլ նոր շենքեր կային», – ասում է 56-ամյա տնային տնտեսուհին:

Այդ ժամանակից ի վեր կառավարությունը «նորմալ կենսապայմաններ է ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան լավ կյանքով ապրել», – ասում է նա՝ հավելելով, որ «առաջ շատ քիչ զբոսաշրջիկներ կային, հիմա նրանց թիվը հսկայական է»:

Բաքվի մեկ այլ բնակիչ՝ 46-ամյա Էլզա Ջաֆարովան իր ոգևորությամբ կիսվում է՝ ասելով՝ հպարտ է, որ իր քաղաքը ցույց է տալիս այցելուներին, ովքեր «հաճույքով» ուսումնասիրում են այն:

Կառավարության քննադատներն ասում են, որ նավթադոլարներով ֆինանսավորվող Ադրբեջանի փայլուն ֆասադների հետևում մասշտաբային աղքատություն է և քաղաքական ճնշումներ:

«Նավթադոլարները ծախսվում են ենթակառուցվածքային նախագծերում` երկրի զարգացման շարժիչների համար», – ասում է հայտնի տնտեսագետ Նատիգ Ջաֆարլին:

«Ծախսերը մեծ մասամբ օգուտ են բերում Բաքվի կենտրոնին, որը կտրուկ փոխվել է, բայց դրանք Ադրբեջանի ծայրամասերին չեն վերաբերում», – ասում է Ջաֆարլին,  որը նաև ընդդիմադիր կուսակցական է:

Աղքատությունը և նավթադոլարները

Ալիևների դինաստիայի կառավարման շրջանում, որը նավթով հարուստ, նախկին խորհրդային պետությունը ղեկավարում է արդեն 1/4 դար, Ադրբեջանը դուրս է եկել հետխորհրդային քաղաքական և տնտեսական քաոսից, նավթի արդյունահանման բումի շնորհիվ:

Սա հանգեցրեց մի քանի տարի երկնիշ տնտեսական աճի, որի պիկը  2004 և 2008 թվականներին էր՝ հասնելով 20 տոկոսի: Այն ժամանակ նավթի գինը բարձր էր:

Նավթի վաճառքից ստացված եկամուտները նպաստել են շինարարության ֆինանսավորմանը, մասնավորապես Բաքվում, որտեղ նախագահ Իլհամ Ալիևը կառուցել է նոր օդանավակայան, ճանապարհներ, ինչպես նաև Կրակի աշտարակ երկնաքերերը՝ մշակութային կենտրոն, որի դիզայները հայտնի բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդն է:

Մայրաքաղաքի հին հատվածը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության  մաս է, վերանորոգվել է և հիմա  գրավում է օտարերկրյա զբոսաշրջիկների բազմությանը:

Բաքվում հյուրընկալել են Եվրատեսիլը և  Formula 1 Grand Prix ավտոմրցարշավը:

Սակայն կենտրոնական Բաքվի սահմաններից դուրս գտնվող աղքատ թաղամասերում ցավալի տեսարաններ են՝ խիտ  շինություններով և մռայլ տարածքներով:

Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանի բնակչության մոտ հինգ տոկոսը ապրում է աղքատության շեմից ցածր պայմաններում, բայց այս ցուցանիշն իրականում շատ ավելի բարձր է, ասում է Ջաֆարլին:

«Աղքատության հաշվարկման համար օգտագործվող ցուցանիշները սխալ են, որոշ տվյալներ Խորհրդային Միության շրջանից են վերցված: Իրականությունն այլ է», – ասում է նա:

Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Ռուսաստանի միայն կեսն է և Ֆրանսիայի մեկ տասներորդը: Սա ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի:

«Խրոնիկ խնդիրներ»

Ջաֆարին մտահոգ է, որ կառավարությունը մեկ ամիս առաջմիջոցներ է ձեռնարկել կենսամակարդակի բարելավման համար՝ ամսական նվազագույն աշխատավարձը հասցնելով 130 մանաթից մինչև180 մանաթ ( 76-ից 106 դոլար):

«2018 թվականից ի վեր դինամիկան դրական է եղել, բայց երկրի տնտեսությունն ունի խրոնիկ խնդիրներից», – ավելացրնում է նա՝ նկատի ունենալով «նավթային կախվածությունը»:

Ադրբեջանի տնտեսական շահերը սերտորեն կապված են նավթի հումքի գների հետ, էներգետիկայի ոլորտը կազմում է արտահանման 90 տոկոսը և ֆինանսավորվում է պետբյուջեի կեսը:

2014-ի նավթի գնանկումը հանգեցրեց ազգային արժույթի՝ մանաթի 50 տոկոսով արժեզրկման և տնտեսական անկման:

Քանի որ դրանից հետո նավթը թանկացել է, տնտեսությունը համեստ աճ է գրանցել:

Տոտալ կեղծիք

Միջազգային դիտորդները նշում են, որ անցած տարի Ալիևի վերընտրությունը պաշտոնավարման չորրորդ անընդմեջ ժամկետում, «լուրջ խախտումներով» էր:

«Ցավոք, Ադրբեջանում ընտրությունները լիովին կեղծված են», – ասում է Իսա Գամբարը, որը մինչև 2014 թվականը ղեկավարում էր  «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը:

«Իշխանություններն վարում են ռեպրեսիոն քաղաքականություն ընդդիմության և  բոլոր քաղաքական ու տնտեսական ազատությունների դեմ», – ավելացնում է վետերան քաղաքական գործիչը:

Human Rights Watch-ը Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը բնութագրում է «սարսափելի»:

Անցած տարվա զեկույցում նշվում էր, որ «առնվազն 43 իրավապաշտպան, լրագրող, քաղաքական և կրոնական ակտիվիստներ  անօրինական կերպով բանտարկված են»:

Նույն զեկույցում նշված է, որ մարդու իրավունքների այլ հիմնախնդիրներ են «համակարգային խոշտանգումը, անհարկի միջամտությունն իրավաբանների աշխատանքին և լրատվամիջոցների ազատությունների սահմանափակումները»:

Transparency International հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունը 180 երկրների թվում Ադրբեջանը նշում է 152-րդ հորիզոնականում:

Մարտին Ալիևը ներում է շնորհել մոտ 50 իրավապաշտպանների և ընդդիմադիրների:

Բայց Հանրապետական Այլընտրանքային կուսակցության առաջնորդ Իլգար Մամմադովը, որը 5 տարի բանտում էր և ազատ է արձակվել  2018-ին, ասել է, որ համաներումը Եվրամիության հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման փորձերի մաս է կազմում և իրական փոփոխությունների նշան չէ:

«Հաստատակամությունը, որով ռեժիմը փորձում է պահպանել բնակչության մեջ վախի այս մթնոլորտը, հիասթափեցնող է», – ասում է Մամմադովը, որին արգելված է մինչև 2026-ը մասնակցել ընտրությունների:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment