Մերձավոր Արևելքում գոյություն չունի հետխորհրդային Եվրոպայի ճանապարհը

Մերձավոր Արևելքում գոյություն չունի հետխորհրդային Եվրոպայի ճանապարհը

Հոդվածի առանցքում

  • Ամերիկյան արտաքին քաղաքականության նպատակները արևելյան և կենտրոնական Եվրոպայում շատ ավելի պարզ էին ձևակերպված:
  • Ամերիկյան նպատակը Լեհաստանի պես երկրներում ի հայտ եկող ժողովրդավարական ուժերին աջակցելու միջոցով Խորհրդային Միության զսպումն էր:
  • Պատի տապալումից հետո նպատակը դարձավ կենտրոնական Եվրոպայի ամբողջական ինտեգրումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:
  • Մերձավոր Արևելքում արաբական գարնանը հաջորդող շրջանում ԱՄՆ քաղաքականությունը թվում է զուրկ էր նման ռազմավարական երկարաժամկետ նպատակներից:
  • Եվրոպայում ժողովրդավարություն տարածելու ԱՄՆ ցանկությունը չի հանդիպել մրցունակությամբ դրան հակադրվող որևէ այլ շահի:
  • Մերձավոր Արևելքում ԱՄՆ ունի շատ այլ հետաքրքրություններ` ահաբեկչության դեմ պայքար, որը բախվում է ժողովրդավարություն տարածելու շահին:

Ուշադրությանն արժանի

25 տարի առաջ Բեռլինի պատի տապալումը ազդարարեց ԱՄՆ տնտեսական և ռազմական ուժի անհաղթահարելի ամրությունը, բայց նաև ցույց տվեց ամերիկյան ժողովրդավարության գայթակղիչ հմայքը, դրա բաց, բազմակարծություն և բարգավաճ հասարակություն ապահովող բնույթը: Կամ էլ, հնարավոր է, ամերիկացիները այդ ժամանակ այդպես մտածեցին:

Ինչո՞ւ դրանից հետո ամերիկյան նույնատիպ ծանր և մեղմ ուժը, որպես ազատություններ տարածող խթանիչ, տապալվեց Մերձավոր Արևելքում:

Պատճառներից մեկն այն է, որ ամերիկյան արտաքին քաղաքականության նպատակները արևելյան և կենտրոնական Եվրոպայում շատ ավելի պարզ էին ձևակերպված, և մեր գործիքները, ռազմավարությունն ու մարտավարությունը` ծանր, թե մեղմ, կապված էին այդ նպատակների հետ:

Երբ պատը կանգնեցվեց, ամերիկյան նպատակը Լեհաստանի պես երկրներում ի հայտ եկող ժողովրդավարական ուժերին աջակցելու միջոցով Խորհրդային Միության զսպումն էր: Պատի տապալումից հետո նպատակը դարձավ կենտրոնական Եվրոպայի ամբողջական ինտեգրումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:

Ի տարբերություն Եվրոպայի, Մերձավոր Արևելքում արաբական գարնանը հաջորդող շրջանում ԱՄՆ քաղաքականությունը թվում է զուրկ էր նման ռազմավարական երկարաժամկետ նպատակներից: Այս խնդիրը պարզ ապացուցվում է, քանի որ ԱՄՆ այսօր ջանք է գործադրում բացատրելու համար, թե ինչպես է նախագահ Բաշար Ասադին հեռացնելու իր նախորդ նպատակը համընկնում Իսլամական պետության զինյալների դեմ իր նոր պայքարի հետ:

Գործոններից մյուսն այն է, որ Եվրոպայում ժողովրդավարություն տարածելու ԱՄՆ ցանկությունը չի հանդիպել մրցունակությամբ դրան հակադրվող որևէ այլ շահի: Մերձավոր Արևելքում ԱՄՆ ունի շատ այլ հետաքրքրություններ` ահաբեկչության դեմ պայքար, որը բախվում է ժողովրդավարություն տարածելու շահին:

2012-ի մայիսին ելույթ ունենալով Պետքարտուղարությունում` նախագահ Օբաման ժողովրդավարության արագ անցնելու համար արաբական գարնան հետևանքով հեղափոխություն իրականացրած երկրներին խոստացավ տրամադրել դիվանագիտական, տնտեսական և ռազմավարական օգնություն: Բայց դրանից հետո Օբամայի վարչակարգի ուշադրությունը այդ երկրներում ժողովրդավարություն զարգացնելու հանդեպ մարեց:

Ամերիկյան քաղաքականության շրջադարձերն ու շեղումները Եգիպտոսի հետ հարաբերություններում ցուցադրում են իրավիճակի ամբողջ բարդությունը: Օբաման աջակցել է Կահիրեի փողոցային ցույցերին, որոնք սկսել են 2010-ին: Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին տապալելու համար Օբաման ճնշում է գործադրել: Բայց երբ 2013-ի հուլիսին նախագահ էր ընտրվել Մուսուլման Եղբայրների թեկնածու Մուհամմադ Մուրսին, Օբաման խուսափել էր նրա ընտրությունը հեղափոխություն անվանել: Դրանից հետո Օբաման հանդիպել է Եգիպտոսի նոր նախագահ, ուժեղ ղեկավար, նախկին զինվորական Աբդել Ֆաթթահ Սիսիի հետ, բայց Մուրսիի նախագահության ժամանակ Օբաման նրա հետ այդպես էլ չի հանդիպել:

Տեսականորեն ԱՄՆ աջակցում է ժողովրդավարությանը ամբողջ աշխարհում: Բայց ամերիկյան հիմնարար շահերը Մերձավոր Արևելքում շարունակում են ավելի շատ հակված լինել դեպի անվտանգություն և կայունություն, քան ժողովրդավարություն: Այդպիսի հետաքրքրություններից մեկը նավթն է, մյուսը` ահաբեկչության դեմ պայքարի նպատակով բռնապետ առաջնորդների հետ սերտ գործակցության կարիքը: Բացի այդ, կա նաև արևմուտքում խորը արմատացած վախ աճող իսլամիզմի նկատմամբ:

Մերձավոր Արևելքի և հետկոմունիստական Եվրոպայի տարբերություններից մեկն էլ այն է, որ Եվրոպայում ժողովրդավարության տարածման համար ԱՄՆ-ն ունի վիրտուալ գործընկեր` Եվրոպական Միություն: Դեպի արևելք տարածվելու այդ միության խոստումը որոշիչ խթան է ժողովրդավարական բարեփոխումների համար: Այդպիսի խթանիչ Մերձավոր Արևելքում գոյություն չունի:

Բացի այդ, հետկոմունիստական Եվրոպայում չի եղել ԱՄՆ-ին հավասարազոր ուժ, որը կարող էր թուլացնել Միացյալ Նահանգները կամ եվրոպական ժողովրդավարության ձգանը: Ռուսաստանը թույլ էր, Գերմանիան հարում էր ժողովրդավարությանը և իր հարևանների եվրոպականացմանը:

Ի տարբերություն Եվրոպայի, Պարսից ծոցի նավթով հարուստ պետությունները` Սաուդյան Արաբիան, Կատարը և ԱՄԷ-ը, նախաձեռնել են առձեռն գումարի հոսք արաբական գարնան երկրներ, ինչը հաճախ խոչընդոտներ էր ստեղծում արևմտյան օգնության համար:

2013-ի հեղաշրջումից ընդամենը մեկ շաբաթ անց, որի արդյունքում Մուրսին տապալվեց, սաուդցիները հայտարարեցին, որ Եգիպտոսի համար պատրաստել են 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթ, մեկ ամիս անց էլ նրանք խոստացան վերականգնել արևմտյան դոնորների կողմից կրճատած օգնությունը, ինչը տեղի էր ունեցել Եգիպտոսի զինվորական առաջնորդների հակաժողովրդավարական գործողությունների պատճառով: Ծոցի երկրների կառավարություններն ունեն իրենց սեփական շահերը արաբական գարնան երկրներում, և ժողովրդավարությանն աջակցելը իրենց համար ամենակարևորը չէ` հաշվի առնելով սեփական երկարաժամկետ բռնապետությունները պահպանելու մղումը:

Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի վերջին տարբերությունը կապված է ԱՄՆ հանդեպ վստահության հետ: 1991-ին, երբ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը այցելել էր Ալբանիա, 300,000 նորանկախ ալբանացիներ հավաքվել էին նրան ողջունելու, անգամ համբուրում էին նրա մեքենայի անիվները: Բայց ինչպես Բեյքերը հետագայում նշել է, մարդկանց հմայքը իր անձի հանդեպ չէր: Դա, ավելի շատ, կապված էր նրա հետ, թե ինչ է նա ներկայացնում` ամերիկյան ժողովրդավարության հույս:

Իսկ Մերձավոր Արևելքում ԱՄՆ վարչակարգերի և բռնապետական ռեժիմների միջև սերտ գործակցությունը խաթարել է բնակիչների հավատը ԱՄՆ մտադրությունների նկատմամբ: Շատ արաբներ աջակցել են 2003 թվականին Իրաք ներխուժելու և ժողովրդավարություն տարածելու Ջորջ Բուշ Կրտսերի քաղաքականությանը, ինչը հետագայում ավելի է նվազեցրել ԱՄՆ հանդեպ վստահությունը:

Եվ այսպես, ի՞նչ է հնարավոր անել

Մերձավոր Արևելքում երբեք չի առաջանա նոր ժողովրդավարություններ աճեցնելու հնարավորություն, ինչպես կենտրոնական և արևելյան Եվրոպայում 1989-ին: Դրա պատճառը մասամբ նաև կապված է Իրաքում և Աֆղանստանում ազգային պետություններ կառուցելու անհաջող փորձարկումների հետ: Բայց Վաշինգտոնի քաղաքականության որոշակի փոփոխությունը կարող է ուղղել Մերձավոր Արևելքում ժողովրդավարությանը աջակցելու ԱՄՆ կարողությունը:

Մեզ պետք է ռազմավարական շահերի հստակ ձևակերպում, որը կընդգծի մեր դիվանագիտության ավելի լայն նպատակները` վեր կանգնելով այնպիսի մտահոգություններից, ինչպիսին է ահաբեկչության դեմ պայքարը: Մենք պետք է ավելի շատ համադրենք մեր քայլերը Եվրոպայի հետ և հետևողական ու վստահ պաշտպանենք ժողովրդավարական սկզբունքները: Մենք պետք է ավելի բարյացակամ լինենք մեր դաշնակիցների` Ծոցի արաբական երկրների հանդեպ` նրանց դրդելով ավելի դրական դեր ունենալ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Լիբիան, Բահրեյնը և Եգիպտոսը:

Ժողովրդավարությունը միայնակ չի կարող լուծել տարածաշրջանում արմատացած խնդիրները: Բայց ոչ վաղ անցյալի պատմությունը հստակ ցույց է տվել, որ դրանք չունեն լուծման որևէ հնարավորություն, եթե բռնապետական ստատուս-քվոն շարունակի գործել:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment