Ռոնալդուն ընդդեմ Մխիթարյանի. համաշխարհային ԶԼՄ-ները Պորտուգալիա-Հայաստան խաղի մասին

Հոդվածի առանցքում

  • Բրիտանական Dailymail.co.uk-ն ընդգծել է Հայաստանի հավաքականի լավ պաշտպանությունը:
  • Ըստ Skysports.com-ի՝ Հայաստանը պարտվել է սեփական տուգանայինում վտանգավոր խաղալու հետեւանքով:
  • BBC-ն առանձնացրել է Ռոնալդուի խղճուկ խաղը և հայերի խելամտորեն կազմած պատը:
  • Eurosport.ru-ն գովել է Հենրիխ Մխիթարյանին, որը հաճույքով է կատարում իր գործը, ինչպես թատերական ընտանիքի տաղանդավոր դերասանը:

Ուշադրությանն արժանի

Eurosport.ru«Ռոնալդուն եւ Պորտուգալիա-Հայաստան խաղի եւս 2 աստղ» խորագրում առանձին-առանձին անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին, Լուիշ Նանիին ու Կրիշտիանու Ռոնալդուին:  Մխիթարյանի ակումբային կյանքը հարթ չի ընթանում, «Բորուսիան բունդեսլիգայի վերջին հորիզոնականներում է, ֆուտբոլիստներին հետապնդում են վնասվածքները, իսկ առաջատար խաղընկերներին իրենց մոտ են հրավիրում մեծ ակումբները: Հավաքականում եւս գործերը լավ չեն ընթանում. ազգային թիմը վերջին տեղում է: Բայց այստեղ պատկերն այլ է, ճնշումն այդքան մեծ չէ: Հենրիխը հավաքականում իր դերը որակով եւ հաճույքով է կատարում, ինչպես թատերական ընտանիքի տաղանդավոր դերասանը»,-վերլուծում է միջազգային հեղինակավոր կայքը:

Բրիտանական Dailymail.co.uk կայքը, անդրադառնալով Պորտուգալիա-Հայաստան ընտրական խաղին, նշել է, որ Ֆարո քաղաքում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է Հայաստանի ընտրանուն, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն սահմանել է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ եւ ընտրական փուլերի արդյունավետության նոր ռեկորդ:  Կայքը նշում է, որ Պորտուգալիան հիմնականում տիրում էր գնդակին, բայց երկար ժամանակ անկարող էր ճեղքել Հայաստանի լավ պաշտպանությունը:

Skysports.com-ը հրապարակել է Պորտուգալիա-Հայաստան խաղի մասին «Ռոնալդուն Հայաստանի դեմ հաղթական խաղում եվրոպական ռեկորդ սահմանեց» վերտառությամբ հոդվածը: Կայքը գրում է, որ Հայաստանը պարտվել է սեփական տուգանայինում վտանգավոր խաղալու հետեւանքով, ինչից օգտվել է Ռոնալդուն ու բացել հաշիվը:

BBC-ն նույնպես առանձնացրել է Ռոնալդուի անհատական նոր նվաճումը: 23-րդ գոլը խփելով` Ռոնալդուն շրջանցել է դանիացի Յոն Դալ Թոմասոնին եւ թուրք Հաքան Շուքյուրին: Խփած գոլը չհաշված, Ռոնալդուն խղճուկ խաղ անցկացրեց: Պորտուգալացու` տուգանային 3 հարվածից հետո գնդակը հետ մղվեց հայերի` խելամտորեն կազմած պատից:

Goal.com հեղինակավոր կայքը նույնպես ներկայացրել է Պորտուգալիա-Հայաստան խաղի մանրամասներն ու նշել, որ Հայաստանի հավաքականն այս պարտությունից հետո մնացել է 1 միավորով եւ եզրափակում է I խմբի մրցաշարային աղյուսակը:

Write a comment