Հռոմի Պապը Հայաստան է այցելում՝ ընդգծելու քրիստոնյաների միասնությունը
Հոդվածի առանցքում
- Հայաստան այցը Պապի համար պարզապես սովորական այց չէ՝ նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության շուրջ ապրիլյան իրադարձությունները
- դեռ Բուենոս Այրեսում ծառայության ժամանակ ապագա Պապը պատվել և գնահատել է հայկական մշակույթը, իսկ հայ ժողովրդի տառապանքներին էլ չափազանց կարեկցանքով է վերաբերվել:
Ուշադրությանն արժանի
Մի ժամանակաշրջանում, երբ հրապարակումների գլխագրերը լի են բռնության, զայրույթի և անհաշտության մասին նյութերով, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եռօրյա այցով ուղևորվում է Հայաստան՝ ընդգծելու քրիստոնյաների միասնությունն ու ընդհանուր արմատները:
Հայաստան այցը Պապի համար պարզապես սովորական այց չէ՝ նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության շուրջ ապրիլյան իրադարձությունները: Այս ամենն է պատճառ, որ Պապը Քրիստոսի սերը կտարածի իր այցով՝ այն սկսելով դեռ Հռոմեական կայսրությունից էլ առաջ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստան երկրից:
Շարունակելով, պարբերականն անդրադառնում է հայ ժողովրդի պատմությանը՝ նշելով, որ հայերի՝ աշխարհով մեկ սփռված լինելու հանգամանքը պայմանավորված է հայ ժողովրդի նկատմամբ իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանությամբ:
Անդրադառնալով Պապին Հայաստանում հյուրընկալելու հայկական կողմի նախապատրաստական աշխատանքներին՝ պարբերականը գրում է, որ այդ աշխատանքներն իրենց ծավալայնությամբ իրապես զարմանալի են: Միաժամանակ պարբերականը հանգամանալից անդրադարձ է կատարում Հայաստանում Ֆրանցիսկոս Պապի մասնակցությամբ սպասվող միջոցառումներին:
Պարբերականի հետ զրույցում ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ինչպես նաև Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը բարձր են գնահատել Ֆրանցիսկոս Պապի այցի նշանակությունը՝ ընդգծելով, որ դեռ Բուենոս Այրեսում ծառայության ժամանակ ապագա Պապը պատվել և գնահատել է հայկական մշակույթը, իսկ հայ ժողովրդի տառապանքներին էլ չափազանց կարեկցանքով է վերաբերվել:
Պարբերականը հիշեցնում է, որ Ֆրանցիսկոս Պապը առաջինն է Պապերի շարքում, ով 1915 թվականին հայ ժողովրդի կոտարածները բնութագրել է որպես ցեղասպանություն: