Հռոմի Պապն աղոթում է Սուլթան Ահմեդի մզկիթում՝ «լուռ խոնարհման» ժամին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոդվածի առանցքում

  • Վատիկանը հոգացել էր, որ Պապի այցը չհամընկնի մուսուլմանների կեսօրյա աղոթքի հետ՝ նրանց չվիրավորելու նպատակով:
  • Պապը աղոթել է Ստամբուլի գլխավոր մուֆթի Ռահմի Յարանի կողքին Սուլթան Ահմեդի մզկիթում։
  • Իր քարոզի ժամանակ Պապը բոլոր քրիստոնյաներին միավորվելու կոչ է արել։
  • Ակնկալվում էր, որ որոշ փախստականներ կմասնակցեն Պապի մասնակցությամբ շաբաթօրյա վերջին իրադարձությանը՝ նախքան նրա Հռոմ վերադարձը:

Ուշադրությանն արժանի

Պապ Ֆրանցիսկոսը շաբաթ օրը երկու րոպե լուռ աղոթքի համար Թուրքիայի կարևորագույն մզկիթներից մեկի մոտ կանգնել էր դեպի արևելք, ինչը քրիստոնեա-մուսուլմանական փոխադարձ ընկալման կարևորագույն արտահայտություն է այն ժամանակ, երբ հարևան երկրները զգում են քրիստոնյաների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ մուսուլմանական բռնությունները:

Թուրքիա իր եռօրյա այցի երկրորդ օրը պապը՝ գլուխը խոնարհած, աչքերը փակ, ձեռքերը սեղմած առջևում, աղոթում էր Ստամբուլի գլխավոր մուֆթի Ռահմի Յարանի կողքին՝ 17-րդ դարում կառուցված  Սուլթան Ահմեդի մզկիթում՝ դրանով իսկ նպաստելով կրոնական խնդիրների լուծմանը: «Իմ աստվածն ընդունեց այս աղոթքը»,-ասել է Յարանը պապին:

Վատիկանի մամուլի խոսնակ սուրբ Ֆեդերիկո Լոմբարդին այս պահն անվանեց «Լուռ խոնարհման» րոպե: Լոմբարդին հաղորդել  է, որ Պապը մուֆթիին երկու անգամ ասել է, որ քրիստոնյաներն ու մուսուլմանները ավելի շատ պաշտում են Աստծուն, ոչ թե միայն գովերգում և փառաբանում:

Այս օրվա մթնոլորտը միանշանակ տարբերվում էր Պապի այցելության առաջին օրվանից, երբ հասարակ և համեստ Պապը պահանջվող պետական այցի արարողակարգին հետևելուց ակնհայտորեն նեղվում էր:

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի մեգա-պալատից, պատվո պահակից և ուղեկցող անձնակազմից հետո շաբաթ օրը Ֆրանցիսկոսը հանդես եկավ Պապի դերում՝ մի կողմ թողնելով աշխարհիկը՝ հարգանք ցուցաբերելով մուսուլմանական առաջնորդների նկատմամբ, պատարագ մատուցելով Ստամբուլի փոքրիկ կաթոլիկ համայնքի համար և հանդիպելով աշխարհի 300 միլիոն ուղղափառ քրիստոնյաների հոգևոր առաջնորդի հետ:

Պապի այցը համընկել է Թուրքիայի համար առանձնապես լարված մի ժամանակի հետ, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները տարածքներ են գրավում հարևան Սիրիայում և Իրաքում, իսկ 1.6 միլիոն փախստականներ փրկվում են՝ անցնելով սահմանը: Ակնկալվում էր, որ որոշ փախստականներ կմասնակցեն Պապի մասնակցությամբ շաբաթօրյա վերջին իրադարձությանը՝ նախքան նրա Հռոմ վերադարձը:

Պապը գլխով արեց, ժպտաց և հարգանքով ընդունեց Յարանի առաջարկած այցը դեպի Կապույտ մզկիթ, որը հայտնի է իր մշակված կապույտ հախճասալիկներով և աստիճանաձև գմբեթներով: Պապին ներկայացնելով կապույտ շուշանաձև հախճասալիկները՝ Յարանը նշել է, որ աղոթում է Աստծուն, որպեսզի Պապի այցը «նպաստի աշխարհում դրության բարելավմանն ու խաղաղության հաստատմանը»:

«Մենք աղոթքի կարիք ունենք: Աշխարհն, իրոք, աղոթքի կարիք ունի»,- ասել է Յարանը:

Ֆրանցիսկոսը հետևում էր իր նախորդ Բենեդիկտոս 16-րդի օրինակին, ով 2006 թ. այցելել էր Թուրքիա: Վատիկանը Կապույտ Մզկիթ այցելության ծրագիրն ավելացրել էր վերջին պահին՝ ցույց տալու համար Բենեդիկտոսի հարգանքը մուսուլմանների նկատմամբ, ինչը թուրքերի կողմից բարձր գնահատանքի էր արժանացել:

Վատիկանը միաժամանակ հոգացել էր այն մասին, որ Պապի այցը չհամընկնի մուսուլմանների կեսօրյա աղոթքի հետ՝ նրանց չվիրավորելու նպատակով: Իր գնալուց հետո Պապը այցելեց  Սուրբ Սոֆիայի տաճար, որը եղել է Կոստանդնուպոլսում՝ ներկայիս Ստամբուլում, բյուզանդական գլխավոր տաճարը: Այն 1453 թ. Կոստանդնուպոլսի նվաճումից մուսուլմանները վերածեցին մզկիթի: Սուրբ Սոֆիայի տաճարը ներկայումս վերածվել է թանգարանի՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ մուսուլմանական խմբեր ցանկանում են այն կրկին մզկիթ դարձնել:

Պապ Պողոս 6-րդը Թուրքիա երբևէ այցելած առաջին պապն էր, ով 1967 թ. Ստամբուլում` Սուրբ Սոֆիայում, ծնկի էր իջել աղոթելու, ինչը առաջացրել էր թուրքերի վրդովմունքը, որոնք պնդում էին, որ Պապը խախտել է գմբեթավոր համալիրի աշխարհիկ բնույթը: Ֆրանցիսկոսը խուսափել է տաճարի ներսում որևէ կրոնական գործողությունից:

Այցի ճանապարհին մուսուլմանական աղոթքի կանչը արձագանքեց Սուրբ Սոֆիայի մարմարե պատերից, խորհրդանշելով, որ Ստամբուլը հանդիսանում է Օսմանյան և Հռոմեական կայսրությունների, Արևելքի և Արևմուտքի խաչմերուկը:

Թանգարանի տնօրեն Հայրուլլահ Չենգիզը ցույց է տվել Մանուկ Հիսուսին գրկած սուրբ Աստվածածնի որմնանկարը, նշելով, որ սա իր սիրած անկյունն է, քանի որ այս հատվածում նաև արաբական գրվածքներ կան Մուհամեդ Մարգարեի և Ալլահի անուններով: «Նրանք բոլորը միասին են»,-ասել է Չենգիզը:

Մի քանի տասնյակ բարյացակամ անձինք Սուրբ Սոֆիայից դուրս ծածանում էին Թուրքիայի և Սուրբ Աթոռի դրոշները և ողջունում Պապին, երբ նա դուրս եկավ: Սա այցելության ընթացքում հասարակության հետ առաջին շփումն էր:

Շաբաթ օրը աշխարհի ուղղափառ քրիստոնյաների առաջնորդ պատրիարք Բարդուղիմեոս 1-ինը մասնակցել էր Պապի մատուցած պատարագին՝ Ստամբուլի Սուրբ Հոգու Կաթողիկե տաճարում: Կենդանի ծառայությունները ներառում էին թմբուկներ և աֆրիկյան հիմներ, իսկ հավաքված ամբոխը չափազանց հուզվեց, երբ պատարագի վերջում Ֆրանցիսկոսն ու Բարդուղիմեոսը ողջագուրվեցին:

Քրիստոնեության երկու հիմնական ուղղությունները, որոնք ներկայացնում էին Ֆրանցիսկոսն ու Բարդուղիմեոսը, առանձնացել են 1054 թ.՝ պապական իշխանության հետ անհամաձայնության հետևանքով:

Իր քարոզի ժամանակ Պապը բոլոր քրիստոնյաներին միավորվելու կոչ արեց, մի բան, ինչն ակնկալվում է, որ նա կկրկնի կիրակի օրը՝ Բարդուղիմեոսի պատրիարքարանում՝ Սուրբ Պատարագի և համատեղ հայտարարության մեջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment