Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Աստվածային ողորմածության կիրակի պատարագ կմատուցի` ոգեկոչելով պատմական սպանությունը
Հոդվածի առանցքում
- Այս կիրակի Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ կմատուցի հիշատակելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն կլինի պատմական ոճրագործության վերջին ուշագրավ հաստատումներից մեկը:
- Պատարագից առաջ հինգշաբթի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է հայ եպիսկոպոսների հետ և ափսոսանք հայտնել 20-րդ դարի զանգվածային սպանությունների ճանաչման հարցում կոնսենսուսի բացակայության համար:
- Ամբողջ աշխարհում հասարակական գործիչների կողմից պատմական այս ողբերգության ճանաչումը միշտ եղել է նրբանկատ նախաձեռնություն, քանի որ նրանք մշտապես հանդիպել են թուրքական կառավարության առարկություններին: Արդյունքում միայն մի բուռ երկրներ են ոճրագործությունը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն:
- Արգենտինայում որպես կարդինալ, Ֆրանցիսկոսը 2006 թվականին Բուենոս Այրեսում գլխավորել է Հայոց Ցեղասպանության 91-րդ տարելիցի հիշատակի եկեղեցական արարողությունը, որի ժամանակ սպանությունները նա բնորոշել է որպես «Օսմանյան Թուրքիայի ամենադաժան հանցագործություն»:
- 2013-ին նորընտիր Պապն արժանացավ Անկարայի դիվանագիտական հանդիմանությանը, երբ քրիստոնյա հայ պատվիրակության այցի ժամանակ Օսմանյան թուրքերի կողմից իրականացրած հայերի կոտորածը կոչեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
- Էկումենիկ արարողությանը, որը տեղի է ունենալու կաթոլիկների Աստվածային ողորմածության կիրակի, ներկա են լինելու հայ քրիստոնեական տարբեր համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ուշադրությանն արժանի
Այս կիրակի Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագ կմատուցի հիշատակելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այն կլինի պատմական ոճրագործության վերջին ուշագրավ հաստատումներից մեկը: Պատարագից առաջ հինգշաբթի Ֆրանցիսկոս պապը հանդիպել է հայ եպիսկոպոսների հետ և ափսոսանք հայտնել 20-րդ դարի զանգվածային սպանությունների ճանաչման հարցում կոնսենսուսի բացակայության համար:
Կիրակի նախատեսված պատարագը կանցկացվի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման պաշտոնական արարողությունից 12 օր առաջ: Վատիկանի ռադիոյի հաղորդած հայտարարությունում Ֆրանցիսկոս պապը հույս է հայտնել, որ առիթը կօգնի «արագացնել նման վշտալի իրադարձությունների հարցում դեռևս համաձայնության չեկած ազգերի միջև հաշտության ու խաղաղությանն ուղղված ջանքերը»:
1915 թվականին մոտ 1.5 միլիոն հայ զոհվեց Օսմանյան կայսրությունում, որն այսօրվա Թուրքիան է, երբ թուրքերը սկսեցին բռնի տեղահանել էթնիկ փոքրամասնություններին: Տարհանումը, որը նախատեսված էր բնաջնջել հայ բնակչության ավելի քան կեսին, լայնորեն ճանաչվել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Թուրքական կառավարությունը կտրականապես մերժել է այդ տեսակետը, պնդելով, որ զոհերի թիվն ուռճացված է և դրանք անկարգությունների, հիվանդությունների և սովի հետևանք են, ոչ թե կանխամտածված բնաջնջման:
Ամբողջ աշխարհում հասարակական գործիչների կողմից պատմական այս ողբերգության ճանաչումը միշտ եղել է նրբանկատ նախաձեռնություն, քանի որ նրանք մշտապես հանդիպել են թուրքական կառավարության առարկություններին: Արդյունքում միայն մի բուռ երկրներ են ոճրագործությունը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն, բառ, որը համաշխարհային առաջնորդները խուսափում են օգտագործել հարցի քննարկումների ընթացքում:
Ընտրություններից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր այդ բառն օգտագործել սպանությունները նկարագրելու ժամանակ, սակայն դեռ պետք է ապրել մինչև քարոզարշավի խոստումը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և կարևոր գործընկեր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև:
Ֆրանցիսկոսն ինքը հակասական անձնավորություն է, սակայն, ի տարբերություն շատ համաշխարհային առաջնորդների, քահանայապետը չի խուսափում սպանությունները հրապարակայնորեն ցեղասպանություն բնութագրելուց:
Արգենտինայում որպես կարդինալ, Ֆրանցիսկոսը 2006 թվականին Բուենոս Այրեսում գլխավորել է Հայոց Ցեղասպանության 91-րդ տարելիցի հիշատակի եկեղեցական արարողությունը, որի ժամանակ սպանությունները նա բնորոշել է որպես «Օսմանյան Թուրքիայի ամենադաժան հանցագործություն»: Ֆրանցիսկոս պապի հայրենի Արգենտինան ունի հայ և հույն փոքրամասնություններ , որոնց նախնիները համաշխարհային պատերազմի ժամանակ գաղթել են Օսմանյան կայսրությունից:
2013-ին նորընտիր Պապն արժանացավ Անկարայի դիվանագիտական հանդիմանությանը, երբ քրիստոնյա հայ պատվիրակության այցի ժամանակ Օսմանյան թուրքերի կողմից իրականացրած հայերի կոտորածը կոչեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:
Աշխարհի նշանավոր հայերը ողջունեցին այդ մեկնաբանությունը: Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Ալֆոնսո Թաբակյանն այն համարել է «շատ կարևոր» քայլ:
Դա առաջին նման հայտարարությունն է կաթոլիկ առաջնորդի կողմից և նշան է, որ «ավելի շատ պետություններ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ ընդունեն այս դիրքորոշումը, որն ուղղված է թուրքական պետության կողմից պատմական այս իրողության մերժման դեմ»: Հավանական է, որ ապրիլի 12-ին Հովվապետի կազմակերպած հիշատակման արարողությունը լարվածություն առաջացնի թուրքական կառավարության, հայերի և ցեղասպանության ճանաչման այլ կողմնակիցների շրջանում:
Էկումենիկ արարողությանը, որը տեղի է ունենալու կաթոլիկների Աստվածային ողորմածության կիրակի, ներկա են լինելու հայ քրիստոնեական տարբեր համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայ քրիստոնյաների ճնշող մեծամասնությունը հետևում է արևելյան ուղղափառ առաքելական եկեղեցուն, բայց ավելի քան 350,000 մարդ Հայ Կաթողիկե եկեղեցու անդամներ են:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ