Հռոմի պապի շվեյցարական գվարդիան: Դուք հեռացված եք

Հոդվածի առանցքում

  • Ֆրանցիսկոս պապը ժամապահին, որն ամբողջ գիշեր հերթապահել է նրա դռան մոտ, առաջարկել է նստել, հետո զինվորի համար կապուչինո է գնել:
  • Պապը խախտել է կարգը, որը սուրբ հայրապետներից պահանջում է հեռու մնալ շվեյցարական գվարդիայի անդամների հետ հարաբերություններից:
  • Պապը ցանկանում է շվեյցարական գվարդիան ավելի քիչ կոշտ ու «ռազմականացված» դարձնել:
  • Ֆրանցիսկոս պապը հայտնի է անվտանգության նկատմամբ արհամարանքով եւ խորշումով:

Ուշադրությանն արժանի

Չորեքշաբթի, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռացրել է գնդապետ Դանիել Անրիգին, որը Հռոմի պապի պաշտպանությունն իրականացնող շվեյցարական գվարդիայի, 500-ամյա ռազմական կորպուսի պարետն էր: Ըստ աղբյուրների՝ Ֆրանցիսկոս պապը Անրիգին համարել է չափազանց խիստ եւ «տեւտոնիկ»:

Մի պատմություն համաձայն՝ 77-ամյա պապը ցնցվել է, երբ շվեյցարական գվարդիայի ժամապահն ամբողջ գիշեր կանգնել է նրա սենյակների դռան մոտ: Երբ պապը նրան առաջարկել է նստել, ժամապահն ասել է, որ դա հակասում է հրահանգներին: Հռոմի պապը պատասխանել է, «Ես եմ այստեղ հրահանգներ տալիս», հետո զինվորի համար կապուչինո է գնել:

Հոկտեմբերին Պապը  լուսանկարվել է էլիտար կորպուսի անդամի հետ ձեռքով բարեւելու ժամանակ: Ֆրանցիսկոսը, փաստորեն, խախտել է երկար տարիների արձանագրությունը, որը  սուրբ հայրապետներից պահանջում է հեռու մնալ շվեյցարական գվարդիայի անդամների հետ հարաբերություններից:

Ըստ երեւույթին, Ֆրանցիսկոս պապը  ցանկանում է, որ  շվեյցարական գվարդիան ավելի քիչ կոշտ ու «ռազմականացված» լինի: Սա կատարելապես համահունչ է անվտանգության նկատմամբ Պապի արհամարանքին եւ խորշումին: Նա արդեն հայտնի է իր ինքնաբուխ արարքներով.

Պապը կարող է խախտել սահմանված կարգը, առանձնանալ սեփական անվտանգության ուժերից, գնալ դեպի բազմությունը և ձեռքով բարևել շուրջը կանգնածներին: Նա ընդդիմանում է իր ազատ տեղաշարժի ցանկացած սահմանափակման դեմ՝ անկախ նրանից արգելողը շվեյցարական գվարդիան է, թե Վատիկանի ոստիկանական ուժերը:

Պապի վերջին այցը Թուրքիա լավ օրինակ է. զրահապատ մեքենայի փոխարեն նա շրջում էր սովորական հեչբեկով:

Հռոմի Պապն անձամբ էր երկարացրել հեռացված հրամանատար՝ 42-ամյա գնդապետ Անրիգի ժամկետը: Ենթադրություն կա, որ գնդապետին կփոխարինի նրա տեղակալ Քրիստոֆ Գրաֆը, որը ավելի հանգիստ ու մեղմ անձնավորություն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment