Ֆրանցիսկոս պապը Թուրքիա իր այցի ընթացքում ուշադրության է արժանացնում տարածաշրջանի քրիստոնյաներին

Հոդվածի առանցքում

  • Իրաքի քրիստոնյաների արտագաղթը թուրքերին հիշեցնում է քրիստոնյաների նկատմամբ իրենց ազգային անհանդուրժողականության մասին։
  • Հարյուր տարի առաջ Ստամբուլը համարվում էր բազմաթիվ ոչ մուսուլմանների, այդ թվում հայերի և հույների, ինչպես նաև բազմամարդ հրեական համայնքի տունը:
  • Թուրքիայում այսօր մնացել են ընդամենը 120.000 քրիստոնյա:

Ուշադրությանն արժանի

Կոկիկ արդուկած մուգ կոստյումով 41-ամյա Բեդրի Դիրիլը շաբաթ օրը Ստամբուլում Սուրբ Էսպրիթ կաթողիկեի մոտ հավաքված հարյուրավոր այլ մարդկանց հետ համբերությամբ կանգնած սպասում էր Պապ Ֆրանցիսկոսի ժամանմանը:

«Մենք՝ քրիստանյաներս, այստեղ խնդիրներ ունենք, սակայն դրանք շատ չեն քննարկվում»,- ասում է Դիրիլը՝ սեղմելով պոնտիֆիկի հետ պատարագի մասնակցության նվիրական հրավիրատոմսը՝ շատ քչերից մեկը, որը տրվել է քաղաքի նոսրացող քրիստոնեական համայնքին: «Ես ու իմ ընկերները այլև խաչեր չենք կրում, կամ կրում ենք շապիկների տակից, որպեսզի թաքցնենք քրիստոնյա լինելը»,-ասում է նա:

Ֆրանցիսկոսը Ստամբուլ է եկել շաբաթ օրը՝  հիմնականում մուսուլման բնակչությամբ այս երկիր կատարած իր եռօրյա այցի երկրորդ օրը: Նրա օրակարգում ընդգրկված էր, ինչպես մուսուլման, այնպես էլ քրիստոնյա հոգևորականների հետ հանդիպումը, քաղաքի տեսարժան վայրեր այցելությունները, որոնց թվում էր Սուլթան Ահմեդի (Կապույտ) մզկիթը, Սուրբ Սոֆյայի տաճարը՝ նախկին ուղղափառ Կաթողիկեն, որը նախ վերածվել էր մզկիթի, ապա անցյալ դարի կեսերից՝ թանգարանի:

Ուրբաթ օրը Անկարայում պապն ուշադրություն դարձրեց Իրաքի և Սիրիայի կրոնական փոքրամասնություններին, որոնց հետապնդումների են ենթարկում սունիական ծայրահեղական մուսուլմանները:

«Հարյուր հազարավոր մարդկանց ստիպել են լքել իրենց տները և երկիրը, որպեսզի փրկվեն և հավատարիմ  մնան իրենց դավանանքին»,-ասել է Պապը:

Շատ քրիստոնյա թուրքերին արտագաղթը հիշեցնում է քրիստոնյաների նկատմամբ իրենց ազգային  անհանդուրժողականության մասին, մի պատմություն, որ թուրքական հասարակությունը մինչև օրս չի ընդունել:

Մեկ դար առաջ  քրիստոնյաները կազմում էին Թուրքիայի բնակչության 20 տոկոսը: Այսօր քրիստոնյաններն ու ոչ մուսուլմանները կազմում են բոլոր թուրքերի ընդամենը 1 տոկոսը:

Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետևորդ  դարձած ասորի քրիստոնյա Դիրիլը ընտանիքի հետ Ստամբուլ է եկել 22 տարի առաջ, երբ թուրքական զինուժի և քրդական ապստամբների միջև բռնությունները Թուրքիայի արևելքում գտնվող իրենց գյուղում, կյանքը անտանելի էին դարձրել: Դիրիլն ասում է, որ թուրք ազգայնականները թշնամական վերաբերմունք ունեին ինչպես քրդերի, այնպես էլ ասորիների նկատմամբ: «Չնայած այն հանգամանքին, որ մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, մեզ օտարներ էին անվանում»,-ասում է նա:

Նախկինում կրոնական բազմազանությունը Թուրքիայում ավելի տարածված էր: Հարյուր տարի առաջ՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին, Ստամբուլը համարվում էր բազմաթիվ ոչ մուսուլմանների, այդ թվում հայերի և հույների, ինչպես նաև բազմամարդ հրեական համայնքի  տունը: Այսօր ողջ երկրում մնացել են ընդամենը 120.000 քրիստոնյա:

Հարյուր հազարավոր հայ քրիստոնյաներ արտաքսվել են երկրից, շատերը բռնության են ենթարկվել, ինչի արդյունքում զոհվել է ավելի քան 1.5 միլիոն հայ, դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է:

Օսմանյան կայսրության ժառանգորդ համարվող Թուրքիայի կառավարությունը ժխտում է «ցեղասպանություն» եզրը և նշում, որ հայերի և այլոց մահը պայմանավորված է եղել պատերազմով, տեղափոխություններով, հիվանդություն­ներով և այլ պատճառներով:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո հարյուր հազարավոր հույն ուղղափառ քրիստոնյաներ հարկադրված են եղել հեռանալ բնակչության փոխանակման արդյունքում, երբ Թուրքիա են տեղափոխվել մուսուլման հույները: Դրան հետևել են հույն ուղղափառ քրիստոնյաների լրացուցիչ աքսորները:

Նույնիսկ տասնամյակներ անց շատ քրիստոնյաներ ասում են, որ մինչև օրս զգում են այդ վրդովմունքը:«Նրանք ատում են մեզ և ուզում են վերջ տալ մեր գոյությանը»,- ասում է երիտասարդ հայ Սիմոն Բարսամյանը Հայկական Հայրապետական եկեղեցում, որը Թուրքիայում գործող ընդամենը 34 հայկական  եկեղեցիներից մեկն է:

Հայոց պատրիարքությունը հիմնվել է 1461թ.-ին` Կոստանդնուպոլիսը՝ ներկայումս Ստամբուլը, գրավելուց ութ տարի անց: Բարսամյանի խոսքերով` իսլամիստները խնդիրներ չեն առաջացնում, իրենց  խնդիրները սովորաբար ազգայնականներից են գալիս:

Վերջին տասնամյակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամիստական արմատներ ունեցող  «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կամ AKP-ն, հաշտության որոշակի փորձեր է արել: Համալսարաններում թույլատրվել է գիտաժողովներ անցկացնել հայոց զոհերի հարցերի քննարկման  վերաբերյալ:

Զոհերի հիշատակի հարյուրամյակը հաջորդ տարի է: Թուրքական կառավարությունը վերադարձրել է փոքրամասնություններից խլված որոշակի գույքը, դպրոցներում աստվածաբանական դասարաններում քրիստոնեություն է մտցրել և հասարակայնորեն ընդունել 1915-1918 թթ. դեպքերը, թեև դեռ ժխտում է հայերի զանգվածային ոչնչացումները:

«Մեզ համար անհայտ են AKP-ի մտադրությունները»,-ասում է Նեյլա Կարաբուլութը, այն փոքրաթիվ թուրք մուսուլմաններից մեկը, ով ուզում է տեսնել Պապին սուրբ Էսփրիթ կաթողիկեում,-  «Նրանք կրոնը ծառայեցնում են քաղաքականությանը»: Նա ասում է, որ բարեփոխումները համարժեք չեն,  կառավարող կուսակցության  ցանկությունը բացատրում է, փոքրամասնությունների օժանդակությունն ընդդեմ հաճախ աշխարհիկ, ազգայնական ընդդիմության ստանալու համար:

«Դեռ երկար ճանապարհ պետք է անցնել»,- ասում է Կարին Կարակասլին՝ «Ագոսի»՝ հայ-թուրքական հայտնի թերթի նախկին խմբագիրը՝ նշելով, որ հայ-թուրքական սահմանը փակ է, իսկ կառավարող քաղաքական գործիչները դեռ հայերին վերաբերվում են դավաճանների պես: 2007 թ. թուրք ազգայնականը սպանեց թերթի խմբագիր Հրանտ Դինքին այն բանից հետո, երբ նա լուսաբանել էր հայերի ճակատագիրը Թուրքիայում:

Մի հոգի սպանության համար մեղավոր ճանաչվեց, սակայն խորը հետաքննությունը, որը կարող էր բացահայտել գործի մեջ ներառնված քաղաքական, ռազմական և ոստիկանական գործիչներին, անսպասելի դադարեցվել է:

(1981 թ «Գորշ գայլեր» անվանումով հայտնի Թուրքիայի ուլտրա-ազգայնական կազմակերպության անդամ Մեհմեդ Ալի Աքչան Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի հրապարակում կրակել և վիրավորել էր պապ Հովհաննես-Պողոս 2-րդին, սակայն պոնտիֆիկը առողջացել էր և ներել Աքչային իր հարձակումը):

Կարակասլին ասում է, որ շատ թուրքեր ընդունում են հայերի հետ կապված իրողությունը՝ չնայած այն հանգամանքին, որ իրենց կառավարությունը շարունակում է ժխտել այս ողբերգական դեպքերը:

«Ավելի քան մեկ տասնամյակ է….թուրք երիտասարդները կասկածի տակ են առնում պաշտոնական պատմագրությունը,- ասում է նա,- նրանք ուսումնասիրությունների այլընտրանքային աղբյուրներ են որոնում, հայկական հարցի մասին խոսելը այլևս արգելված չէ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment