Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուսով է Թուրքիայում լուծել 3 խնդիր

Հոդվածի առանցքում

  • Հռոմի պապը Թուրքիա է մեկնում առանց զրահապատ մեքենայի:
  • Ֆրանցիսկոս պապը սերտ հարաբերություններ ունի Կոստանդնուպոլսի Բարդուղեմեոս I էկումենիկ պատրիարքի հետ։
  • Թուրքիայում Պապը մտադիր է քննարկել էկումենիկ կապերը, քրիստոնեա-մահմեդական հարաբերությունները, մերձավորարևելյան խաղաղության հարցերը։
  • Ֆրանցիսկոս պապը թուրքական կառավարությանն ընդունում է, որպես իսլամի քաղաքական մոդել։
  • Թուրքիայում Պապը կխոսի բռնությունների մասին, բայց մեծ հարց է, արդյոք նա անակնկալ այցով կմեկնի ԻՊ-ի փախստականների ճամբարներ։

Ուշադրությանն արժանի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ (նոյեմբերի 28) եռօրյա այցով մեկնելու է Թուրքիա եւ քննարկվելիք թեմաներից ու տարածաշրջանի տագնապներից  ենթադրվում է, որ այն լինելու է ամենաբարդ ու վտանգավոր ուղեւորություններից մեկը:

Հռոմի պապը Թուրքիա է մեկնում առանց զրահապատ մեքենայի: Երկիր, որտեղ ճնշող մեծամասնությունը մահմեդականներ են, քրիստոնյաները` մոտ 120. 000:

Եվ այսպես, հարց է առաջանում. ինչո՞ւ է նա գնում: Ահա՛, երեք խնդիրները, որոնք Պապը հուսով է կարգավորել Թուրքիայում.

ԷԿՈՒՄԵՆԻԿ ԿԱՊԵՐ

Ֆրանցիսկոս պապը սերտ հարաբերություններ ունի Կոստանդնուպոլսի Բարդուղեմեոս I էկումենիկ պատրիարքի հետ, որը Ստամբուլից  ղեկավարում է աշխարհի 250 միլիոն Արեւելյան ուղղափառ քրիստոնյաներին: Պատրիարքն անձամբ է հրավիրել Ֆրանցիսկոս պապին, երբ նրանք հանդիպել էին անցյալ տարի Պապի ընտրությունից հետո: Նրանք կրկին հանդիպել են անցյալ գարնանը  Ֆրանցիսկոսի Մերձավոր Արեւելք կատարած ուղեւորության, ապա հունիսին Վատիկանում իսրայելցի եւ պաղեստինցի նախագահների հետ աղոթքի ժամանակ:

Այժմ երկու ղեկավարները ամրապնդելու են իրենց բարեկամությունը մի երկրում, որը հայտնի է իր կրոնական անհանդուրժողականությամբ: Երկուսը ծրագրել են նշել ուղղափառ օրացույցի կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Սուրբ Անդրյուի տոնը: Նրանք նաեւ կստորագրեն համատեղ հռչակագիր երկու եկեղեցիների անունից:

Թուրքիայում ծնված 74-ամյա պատրիարքը եւ 77-ամյա արգենտինացի հովվապետը ներկայացնում են երկրագնդի հակառակ կողմերը, սակայն, երկու տղամարդկանց հաջողվել է ձեւավորել ուժեղ անձնական կապեր ու դրսևորել խաղաղություն եւ կրոնական ազատություն կառուցելու ցանկություն:

«Հարկ է նշել, որ Բարդուղիմեոսի եւ Ֆրանցիսկոսի ղեկավարության ներքո երկու եկեղեցիների հաշտեցման հարցում ավելի  շատ առաջընթաց է գրանցվել, քան դա արվել է  գրեթե մեկ հազարամյակում, եւ այն էլ այս կրիտիկական պահին», – ասել է հարգարժան Էմանուել Լեմելսոնը, հունական ուղղափառ քահանան Բոստոնի ծայրամասից, որը  լինելու է Պապի այցի պաշտոնական ուղղափառ պատվիրակության կազմում,- «Մեր արդի դարաշրջանում քրիստոնյաները դիմակայում են աննախադեպ հալածանքներին և իրենց  գոյության վերացման փորձերին` թուրքական սահմանից այն կողմ»:

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ֆրանցիսկոս պապը թուրքական կառավարությանն ընդունում է, որպես իսլամի քաղաքական մոդել եւ հույս ունի ուղեւորությունն օգտագործել ներկայացնելու 21-րդ դարում կաթոլիկ-մուսուլման հարաբերությունների իր անձնական տեսլականը:

Երբ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս էր, Ֆրանցիսկոսը ձեռք է բերել այլ հավատքի, այդ թվում, մահմեդականների հետ ամուր հարաբերություններ կառուցողի համբավ: Նա ձգտում էր ամրապնդել այդ կերպարը մայիսին Մերձավոր Արեւելք կատարած իր քահանայապետական ուղևորության ժամանակ. նրա անսպասելի կանգառը Արեւմտյան ափին  իսրայելական անվտանգության արգելապատնեշի մոտ, համերաշխության հզոր ուղերձ էր պաղեստինցիներին եւ մահմեդականներին:

Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ քննադատներ ունի, նրա կառավարությունը գտնվում է դաժանությամբ հայտնի եւ Սիրիայի ու Իրաքի մի մասը զավթած ինքնահռչակ Իսլամական պետության հետ պայքարի առաջնագծում: Համաձայն ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ նրա կառավարությունը ընդունել է չդադարող բռնություններից փախած շուրջ 1.3 միլիոն փախստականների, այդ թվում, բազմաթիվ քրիստոնյաների:

Բոստոնի քոլեջի Աստվածաբանության պրոֆեսոր, իսլամական հարաբերությունների փորձագետ Ջեյմս Մորիսն ասել է, որ Պապը ընտրել է Թուրքիան՝ հստակեցնելու իր անձնական տեսլականը: «Նա ուզում է ընդգծել, որ միանգամայն հնարավոր է մուսուլմանական մեծամասնության երկրում մեկ ընդհանուր կառավարության ներքո  քրիստոնյաների համակեցությունը», – ասել է Մորիսը,- «Մեզ համար դա կարող է ակնհայտ է, բայց ոչ ազգայնական խմբերի համար: Այսպիսով, Թուրքիա գնալով` Ֆրանցիսկոս պապը ցանկանում է ուշադրություն հրավիրել քրիստոնյա փոքրամասնությունների աղետալի վիճակի վրա»:

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Ֆրանցիսկոս պապը բազմիցս քննադատել է քրիստոնյաների դաժան հալածանքները,  որոնց ենթարկվում են Իսլամական պետությունից փախչող քրիստոնյաները և նույնիսկ կողմ է  արտահայտվել ագրեսիան   դադարեցնելու նպատակով սահմանափակ ռազմական միջամտությանը: Երեքշաբթի նա իր մտահոգությունը հայտնել է  եվրոպացի առաջնորդներին:

«Համայնքները եւ անհատներն այսօր ենթարկվում են բարբարոսական բռնությունների, – ասել է նա Ֆրանսիայում,  Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստի ժամանակ,- նրանց վտարում են իրենց տներից ու հայրենի հողից, վաճառում որպես ստրուկների, սպանում են, գլխատում, խաչում են կամ ողջակիզում, և այդ բոլորն արվում է շատերի խայտառակ ու հանցակից լռության ներքո»:

 Ամենայն հավանականությամբ, Թուրքիայում Պապը կխոսի բռնությունների մասին, բայց մեծ հարց է, արդյոք նա անակնկալ այցով կմեկնի Թուրքիայի և Սիրիայի սահմանի երկայնքով գործող փախստականների ճամբարներ, թե ուղղակիորեն մարտահրավեր կնետի իսլամական պետությանը:

Երեքշաբթի խոսելով լրագրողների հետ, Ֆրանցիսկոս պապը ասել է, որ  բաց է թողել իսլամական պետության հետ երկխոսության դուռը, չնայած դրան թերահավատորեն է վերաբերվում.

«Ես երբեք հույսս չեմ կորցնում: Հնարավոր է, որ երկխոսություն չկայանա. … Սակայն ես երբեք չեմ փակում դուռը: Դժվար է, կարելի է ասել, գրեթե անհնար, բայց դուռը միշտ բաց է»:

Վատիկանի փորձառու դիտորդ Սանդրո Մագիստրոսը կոչ է արել Պապին ճանաչել տեղի ունեցող պայքարի կրոնական բնույթը, ինչպես դա արեց Բենեդիկտոս XVI-ը, որը 2006 թվականին Գերմանիայի Ռեգենսբուրգում տեղի ունեցած իր պայթյունավտանգ ելույթում կասկածի տակ առավ մուսուլմանական ուսմունքի բնույթը:

«Անհնար է չտեսնել, որ իսլամական պատերազմ հրահրած ծայրահեղականները կռվում են հանուն Ալլահի, – մագիստրոսը գրել է  L’Espresso ամսագրի իր սյունակում, – խաբեություն է ժխտել կրոնական այս անսանձ բռնության իսլամական ծագումը: Որքան կաթոլիկ եկեղեցին անվճռական է իսլամի հանդեպ, այնքան այն աստիճաններով ավելի վերև է բարձրանում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment