Քաղաքական ճգնաժամն ընդգծում է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում

Քաղաքական ճգնաժամն ընդգծում է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում

Հոդվածի առանցքում

  • Սահմանադրական կարգի խախտումների համար մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանիև մի շարք այլ պաշտոնյաների դատավարության սկիզբն  ընդգծեց  խոր բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանի սահմանադրությունում և որոշ պետական կառույցներում: Միաժամանակ, այս աղմկահարույց գործը քաղաքական ընդդիմությանը դրդեց վերսկսել  վարչապետ Փաշինյանի կաբինետի վարկաբեկման փորձերը, ինչը, ի վերջո, կհանգեցնի երկրի երկարաժամկետ ճգնաժամի։

Ուշադրությանն արժանի

Կառավարությունը Երևանում, որը Նիկոլ Փաշինյանը ձևավորեց 2018 թ. «թավշյա հեղափոխությունից» և արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ըստ երևույթին կանգնել է իր առաջին լուրջ ճգնաժամի առաջ: Մասնավորապես, սահմանադրական կարգի խախտումների համար մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանիև մի շարք այլ պաշտոնյաների դատավարության սկիզբն  ընդգծեց  խոր բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանի սահմանադրությունում և որոշ պետական կառույցներում: Միաժամանակ, այս աղմկահարույց գործը քաղաքական ընդդիմությանը դրդեց վերսկսել  վարչապետ Փաշինյանի կաբինետի վարկաբեկման փորձերը, ինչը, ի վերջո, կհանգեցնի երկրի երկարաժամկետ ճգնաժամի:

Քոչարյանի դատը սկսվեց մայիսի 13-ին և առաջին ատյանի դատարանը պետք է որոշում կայացներ արդյոք մեղադրյալը պետք է մնա կալանքի տակ ամբողջ դատավարության ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, ենթադրաբար նրա հսկողության տակ գտնվող TV5 հեռուստաընկերության և այլ ԶԼՄ-ների ակտիվ աջակցությամբ, կարողացան հավաքվել դատական նիստերի դահլիճում, դրսում էլ ձայնային ցույց ներկայացնել: Ռուսաստանյան մի քանի ԶԼՄ-ների ավելի վաղ արված քարոզչական պնդումներին համահունչ (տես ԵԴՄ-ն, ապրիլի 26-ը) ցուցարարները հաստատում էին, որ Քոչարյանը «քաղբանտարկյալ» է: Հայաստանի նախկին նախագահն էլ  պետական մեղադրողի նկատմամբ արհամարհական պահվածք ցուցաբերեց դատական նիստերի դահլիճում, 1in.am, Մայիսի 16):

Հատկանշական է, որ ինքնորոշված ​​Լեռնային Ղարաբաղի հանրապետության դե ֆակտո «նախագահ» Բակո Սահակյանն ու նրա նախորդը՝ Արկադի Ղուկասյանն իրենց աջակցությունը հայտնեցին Քոչարյանին, ըստ երևույթին, փորձելով ազդել դատարանի որոշման վրա: Մինչև դատավարության սկսվելը երկուսն էլ կոչ էին անում դատավորին ազատ արձակել Քոչարյանին (Ազատություն.am, 7 մայիսի), իսկ նրանց ենթականերից մի քանիսը բացահայտ նախատում էին Փաշինյանի կառավարությանը (1in.am, մայիսի 11): Մայիսի 16-ին Սահակյանն ու Ղուկասյանը ներկայացան դատարան և անձամբ երաշխավորեցին, որ ազատության մեջ լինելով Քոչարյանը չի փորձի խուսափել արդարադատությունից: (Azatutyun.am, մայիսի 16): Մայիսի 18-ին դատավորը հանձնարարեց ազատ արձակել Քոչարյանին: Երկու օր անց դատավորը որոշեց այլևս լսումներ չանցկացնել և գործը ուղարկեց Սահմանադրական դատարան, պարզելու արդյոք այն ընդունելի է (Panarmenian.net, 20 մայիսի): Այսպիսով, դատավորն իր գործողությամբ բեկանեց դատախազի և փաստաբանների միջնորդությունները, որոնք ներկայացնում էին  2008 թ. մարտի 1-ի զոհերի հարազատների հայցերը: Այդ օրը այն ժամանակվա  նախագահ Քոչարյանը հրահանգել էր բանակի ստորաբաժանումներին հարձակվել ցուցարարների վրա, որոնք բողոքում էին ընտրակեղծիքների դեմ: Դատավորն իր որոշումով, կարծես թե, պաշտպանեց Քոչարյանի ավելի վաղ արված պնդումը, թե ինքն անձի անձեռնմխելիություն ունի, 11 տարի առաջ էլ գործել է նախագահի լիազորությունների շրջանակում:

Այդ որոշումը ցույց տվեց, որ վարչապետ Փաշինյանի վճռականությունը ձեռնպահ մնալ հին պրակտիկայից, որը նախատեսում էր ցուցումներ տալ դատավորներին որոշումներ կայացնելիս, բավարար չէ դատարանների իրական անկախությունն ապահովելու համար: Մյուս սուբյեկտները պահպանել են իրենց կապերն ու ազդեցության լծակները և ապացուցեցին, որ պատրաստ են դրանք օգտագործել: Այսօր Հայաստանում գործող բոլոր դատավորներին նշանակել են Փաշինյանի հակառակորդները՝ Քոչարյանն ու նախորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պաշտոնանկ եղավ անցյալ տարվա հեղափոխության արդյունքում:

Քոչարյանի հարցով վերջին որոշումից հետո Փաշինյանը պահանջել է անմիջապես վեթինգի ենթարկել բոլոր դատավորներին `ներառյալ դատավորների քաղաքական կապերը, գույքի կարգավիճակը, անձնական և մասնագիտական ​​որակները: Բոլոր դատավորները, որոնք իրենց  դատավճիռներով խախտել են մեղադրյալների իրավունքները, իսկ դրանք չեղյալ են հայտարարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, ինչի արդյունքում պետությունն է ստիպված վճարել, պետք է ազատվեն աշխատանքից: Վարչապետի հրամանագիրը նախատեսում է նաև անցումային արդարադատության տարբեր մեխանիզմների ներդրում,  սահմանադրական փոփոխությունների կիրառում: Փաշինյանը նաև ակնարկեց, որ Ղարաբաղի իշխանությունները ներգրավված են Հայաստանի կառավարության դեմ դավադրությանը: Սրա հետ կապված, նա հայտարարեց, որ խորհրդարանը կստեղծի հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի դեմ սկսված ապրիլյան «չորսօրյա պատերազմի» հանգամանքները (Primeminister.am, 20 մայիսի): Փաշինյանի հայտարարությունից հետո, բարձրագույն դատական ​​խորհուրդի նախագահ ( խորհուրդը ստեղծվեց 2018 թ., հեղափոխությունից կարճ ժամանակ առաջ և պատասխանատու է ապահովել դատավորների անաչառությունը) Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց (Panarmenian.net, 24 մայիսի):

Հայաստանի ներկա ճգնաժամը`ներառյալ չվերափոխված դատական համակարգի ներգրավումը, որն, ամենայն հավանականությամբ, նախկին ռեժիմն օգտագործում է որպես քաղաքական գործիք, կարծես թե Փաշինյանի կառավարության որոշակի հիմնարար բարեփոխումների հետաձգման հետևանք է: Հայաստանի Սահմանադրական դատարանը և մի շարք այլ կառույցներ դարձյալ գտնվում են նախկին ռեժիմի կողմնակիցների ենթակայության ներքո, որոնց չեն կարող հեռացնել, նրանք կամ պետք է հրաժարական ներկայացնեն կամ պետք է փոխվի Սահմանադրությունը: Թեև թավշյա հեղափոխության ժամանակ և դրանից անմիջապես հետո Փաշինյանը պահանջում էր սահմանադրական բարեփոխումներ կատարել («Արմենպրես», օգոստոսի 17, 2018 թ.), վերջերս նա առաջարկել է «կենտրոնանալ տնտեսական հեղափոխության վրա և ոչ թե փոխել սահմանադրությունը» (Aysor.am, մարտի 19), չնայած որ նրա խմբակցությունը վերահսկում է խորհրդարանական մեծամասնության երկու երրորդը: Այսպիսով, Փաշինյանի իշխող կուսակցությունը կարող էր իրականացնել անհրաժեշտ սահմանադրական բարեփոխումները՝ չսպասելով լուրջ ճգնաժամի առաջացմանը: Բայց չհաջողվեց դա անել:

Գուցե վարչապետ Փաշինյանը ի վերջո հասկանա, թե որքան կարճատև կարող է լինել լայնածավալ համակարգային փոփոխություններ կատարելու իր «հնարավորությունը»: Միաժամանակ, կառավարության հակառակորդները ընդլայնում են իրենց փորձը՝ ապակայունացնել իրավիճակը, օգտագործելով իրենց ֆինանսական և լրատվամիջոցների ռեսուրսները: Սովորական քարոզչությունը (տես EDM, ապրիլի 26), այսինքն `« ավանդական արժեքների դավաճանության » և « Ղարաբաղը վաճառելու » մեղադրանքները (ուժգնացան Ղարաբաղի փաստացի ղեկավարության հետ վեճի պատճառով), այժմ էլ լրացվում են լավ ֆինանսավորվող, կեղծ անկախ վերլուծաբանների և «փաստահավաք խմբերի» պատմություններով, որոնք ակտիվորեն ներկայացվում են TV 5-ով և քարոզչական այլ միջոցներով: Ավելին, Ռուսաստանի առաջնային քարոզիչներից մեկը՝ Վլադիմիր Սոլովյովը, «Россия 1» հեռուստաընկերության թոք շոուի ժամանակ վերջերս հայտարարեց, թե «այն մարդիկ, ովքեր երբեք չեն կռվել», փորձում են բանտարկել «պատերազմի հերոս» Քոչարյանին (ՌԻԱ Նովոստի, մայիսի 29): Օօգտագործվել են նաև ավելի քիչ ավանդական մեթոդներ. կոտրել են պերուացի երաժիշտի Facebook-յան հաշիվը և նրա փողն օգտագործել Հայաստանի կառավարության դեմ օնլայն գովազդը վճարելու համար (Media.am, 18 մայիսի):

Հայաստանի ներկա քաղաքական ճգնաժամը մեծացնում է ճնշումը Փաշինյանի վրա, որպեսզի արագացվեն սահմանադրական բարեփոխումները և ավելի արդյունավետ կերպով հեռացվեն հին ռեժիմի կողմնակիցներն ու գործընկերները: Չնայած արմատական ​​բարեփոխումները ցավոտ կլինեն, բայց դրանց հետաձգումը կարող է հանգեցնել ավելի մեծ բարդությունների, որոնք ի վերջո կխաթարեն Փաշինյանի նկատմամբ ընտրողների վստահությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment