Թուրքիայի խորհրդարանը ընդլայնում է ոստիկանության իշխանությունն ու ցուցարարների դեմ բռնությունները

Թուրքիայի խորհրդարանը ընդլայնում է ոստիկանության իշխանությունն ու ցուցարարների դեմ բռնությունները

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի խորհրդարանը ուրբաթ ընդունել է օրենսդրական ամենախնդրահարույց նախաձեռնություններից մեկը` օրենք, որն ընդլայնում է ոստիկանության իշխանությունը և ավելացնում է չարտոնված ցույցերին մասնակցող մարդկանց դեմ պատիժները:
  • Օրենքի աջակիցն է իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում: Սպասվում է, որ այն շուտով կստորագրի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը:
  • Օրենքի ընդդիմադիրների խոսքով, այն խախտում է օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի միջև իշխանության բաժանման սկզբունքը, այս օրենքի հիման վրա Թուրքիան կարող է դառնալ ոստիկանական պետություն:
  • Օրենքի դեմ հանդես եկողները պնդում են, որ սա Էրդողանի ավելի լայն գործողությունների մի մասն է, որի նպատակը հասարակական հսկողությունն ավելացնելն ու իրեն դուր չեկող հայացքները լռեցնելն է:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի խորհրդարանը ուրբաթ ընդունել է օրենսդրական ամենախնդրահարույց նախաձեռնություններից մեկը` օրենք, որն ընդլայնում է ոստիկանության իշխանությունը և ավելացնում է չարտոնված ցույցերին մասնակցող մարդկանց դեմ պատիժները:

Օրենքը հաստատվել է ավելի քան 1 ամիս քննարկումներից հետո, որի ընթացքում օրենսդիրները միմյանց վրա բաժակներ են նետել, ծեծկռտուքներ կազմակերպել օրենքի նկատմամբ իրենց դիրքորոշումն արտահայտելու ընթացքում: Օրենքի աջակիցն է իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում: Սպասվում է, որ այն շուտով կստորագրի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը:

Օրենքի շրջանակում ոստիկանությանը կթույլատրվի հրազեն կիրառել ցուցարարների դեմ, որոնք զինված կլինեն այրվող ռումբերով կամ  «վնաս հասցնող համանման զենքերով»: Ոստիկանները կկարողանան նաև մարդկանց ձերբակալել 48 ժամով հանրային կարգը պահպանելու անվան տակ: Ցուցարարները, որոնք կկրեն դիմակներ կամ դեմքը մասամբ կթաքցնեն, կարող են ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով, եթե նրանց մեղադրեն «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն» տարածելու համար:

Օրենքը նաև թույլ կտա ոստիկաններին ձեռնարկել քննչական գործողություններ առանց դատախազների և դատավորների հավանության, ինչն ավելացնում է վախը, որ իրավապահները ուժ կգործադրեն առանց դատական հսկողության:

Օրենքի ընդդիմադիրների խոսքով, այն խախտում է օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի միջև իշխանության բաժանման սկզբունքը, այս օրենքի հիման վրա Թուրքիան կարող է դառնալ ոստիկանական պետություն: Կառավարությունն  օրենքը նկարագրել է որպես բարեփոխում, որն ուղղված է քաղաքացիների անվտանգության բարձրացմանը Եվրամիության չափանիշներին համապատասպան` հանուն ազատության և անվտանգության:

Իշխող կուսակցությունն այս օրինագծի մշակումը սկսեց, երբ հազարավոր քրդեր անցած տարվա հոկտեմբերին դուրս եկան փողոց` բողոքելով սիրիական Կոբանի քաղաքում իրենց հայրենակիցների և Իսլամական պետության ահաբեկիչների միջև մարտերում քրդերին չօգնելու թուրքական կառավարության քաղաքականության դեմ: Այդ ցույցերում զոհվեց առնվազն 40 մարդ:

Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները դատապարտել են այս օրենքը, քանի որ այն մշուշոտ նկարագրություններ ունի, ինչը կարող է օգտագործվել կանխարգելիչ բռնությունների միջոցով այլակարծությունը ճնշելու համար:

«Բռնություններով ուղեկցվող ցույցների նկատմամբ կառավարության օրինական մտահոգությունը չպետք է քարտ-բլանշ դառնա ոստիկանության ձեռքին», – ասում է Human Rights Watch-ի Թուրքիայի ուսումնասիրությամբ զբաղվող փորձագետ Էմմա Սինկլեր-Վեբը:

Մյուսներն ասում են, որ Թուրքիայի ոստիկանական բռնի գործողությունների պատմությունը ավելացնում է մտահոգությունը նման օրենքի նկատմամբ: «Այստեղ կա անպատժելիության բացարձակ ռեկորդ, ոստիկանությունը շրջանցում է իր օրինական լիազորությունները առանց որևէ պատժի», – ասում է Նյու Յորքի Սենթ Լոուրենս համալսարանի փորձագետ Հովարդ Էյսենստատը. «Նրանց լիազորությունների ավելացումն ուղղակի խելագարություն է»:

Ըստ նրա, գլխավոր խնդիրն այն է, որ ոստիկանների իրավունքներն աճում են առանց դատական հսկողության:

Օրենքի դեմ հանդես եկողները պնդում են, որ սա Էրդողանի ավելի լայն գործողությունների մի մասն է, որի նպատակը հասարակական հսկողությունն ավելացնելն ու իրեն դուր չեկող հայացքները լռեցնելն է: Եթե նա ստորագրի օրենքը, ոստիկանների իշխանությունը հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կաճի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment