Ինչպե՞ս են Արևելյան Եվրոպայում օլիգարխները պահպանում ուժ և հսկողություն

Ինչպե՞ս են Արևելյան Եվրոպայում օլիգարխները պահպանում ուժ և հսկողություն

Հոդվածի առանցքում

  • Օլիգարխներն ավելի լավ են աշխատում, երբ մնում են հետին պլանում՝ նվիրատվություններ տրամադրելով մեկ կամ մի քանի կուսակցությունների: Դա նրանց ավելի մեծ ճկունություն է հաղորդում, ապահովելու իրենց խաղադրույքները քաղաքական սպեկտրի տարբեր մասերի միջև կամ փոխելու դիրքորոշումը, քանի որ հանգամանքները փոխվում են:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհքաղաքական մրցակցությունը բևեռացրեց քաղաքականությունը Ռուսաստանի և Եվրամիության միջև խոցելի տարածքներում, ինչի արդյունքում ընտրողներն ու կուսակցությունները հայտնվեցին ռուսամետ և արևմտամետ ճամբարներում: Բայց կա պարադոքս: Աշխարհքաղաքական մրցակցության, կտրուկ բևեռացման և «քաղաքակրթության ընտրության» այս համատեքստում ներքին քաղաքականության խոշոր հաղթողները նրանք են, ովքեր խաղում են երկու կողմերում: Սա վտանգավոր խաղ է: Ոմանք հաղթում են, ոմանք էլ `պարտվում: Բոլորը տարբեր են խաղում: Բայց երկու կողմերից էլ շահույթ ստանալու կարողությունը զարմանալիորեն տարածված հատկություն է ազդեցիկ այն բրոքերների մոտ, որոնք իշխող են բաժանված հասարակություններում:

Ահա, թե ինչպես է այն գործում: Բևեռացված քաղաքականության մեջ մրցակից կողմերն առաջարկում են տարբեր գաղափարական հայացքներ: Եվրոպամետ ճամբարում օրենքի գերակայության տեսլականն է, անհատի ​​ազատությունն ու ինքնարտահայտումը: Ռուսամետ կողմում ավանդական քրիստոնեական մշակույթի, ընտանեկան արժեքների և ուղղափառ հոգևորականության ​​տեսլականն է: Ակնհայտ է, որ սկսվում են անհատական ​​շահերը: Նրանք, ովքեր խոսում են եվրոպական լեզուներով և ունեն ավելի բարձր կրթություն, աջակցում են եվրոպամետ կուսակցություններին: Նրանք, ովքեր ապրում և աշխատում են Ռուսաստանում՝ ռուսամետ կողմնորոշում ունեն: Ինչևէ, այս պայքարում երկու կողմերն էլ արժեքների վրա հիմնված կոչը միավորում են տնտեսական ուղերձի հետ. Հավատացեք Եվրոպային և վայելեք բարգավաճումը: Հավատացեք սլավոնական կամ ուղղափառ ժողովրդի միասնությանը և վայելեք ռուսական պետության հովանավորությունը:

Այնուամենայնիվ, բևեռացված հասարակություններում ոչ մի կողմը չի կարող ամբողջովին տիրել: Միշտ լինում է դժգոհ փոքրամասնություն: Սա ներմուծում է որոշակի անկայունություն քաղաքական կյանքում: Վերահսկողությունը պահպանելու համար ամենահաջողակ քաղաքական գործիչները կամ գործարար մարդիկ, իրենց դրոշը չեն ամրացնում այս կամ մյուս կողմում, այլ գտնում են տարբեր կողմերին բավարարելու տարբերակը: Պատկերացրեք այսպես. դուք ղեկավարում եք մի ընկերություն, որը ցանկանում է գերիշխել մեդիա շուկայում այդ տարանցիկ երկրներում: Դրա համար ավելի օգտակար կլինի հակառակ կողմերում ունենալ թերթեր և հեռուստակայաններ: Զուտ գաղափարական դիրք ընդունելը նշանակում է մեկ ուրիշին զիջել  շուկայական բաժինը: Նույնը քաղաքականության մեջ է: Հաջողակ քաղաքական գործիչը նա է, ով երկու կողմից ձայներ է շահում, ստանում քարոզչության ներդրումներ կամ տնտեսական աջակցություն: Սա պահանջում է գաղափարական հետևողականության զոհաբերություն:

Մինչ քաղաքական կուսակցությունները փոխանակում են գաղափարները՝ վաճառելով Ուկրաինայի, Վրաստանի և Բելառուսի ժողովուրդների գաղափարը կամ օրենքի գերակայության կամ լավ կառավարության գաղափարները, հզոր բրոքերները առաջնահերթությունը տալիս են նյութական խնդիրներին: Նրանք կենտրոնացած են իրական հաջողությունների հասնելու վրա այստեղ և այժմ: Ինչպես նշում են Դեվիդ Քադյեն և Սամուել Շարապը, և Ռուսաստանը, և ԵՄ-ն «պատրաստ են սուբսիդավորել քաղաքական հավատարմությունը»: Ռուսաստանցիները մեծ գումարներ են վճարում իրենց ցանկությունների պահպանման համար: ԵՄ-ն էլ զգալի գումարներ է հատկացնում միջազգային զարգացմանն աջակցող ծրագրերին, որոնք այդ երկրները մոտեցնում են Եվրոպային: «Քաղաքակրթության ընտրության» բևեռացված քաղաքականության մեջ շատ քաղաքական գործիչներ և կուսակցությունների ղեկավարներ գրավում են մի կողմը կամ մյուսը՝ խորը համոզմունքներից ելնելով: Այնուամենայնիվ, որքան էլ տարօրինակ թվա, այս միջավայրում առաջատար քաղաքական գործիչները և գործարարները նրանք են, ովքեր երկու կողմից էլ ռեսուրսներ են շահում ՝ վարելով վտանգավոր երկիմաստ կամ ճկուն մոտեցում:

Միջանկյալ տարածքներում կան շատ հետաքրքիր օրինակներ: Յուրաքանչյուրը տարբերվում է բնույթով, ռազմավարությամբ և հանգամանքներով: Արևմտյան ԶԼՄ-ները կենտրոնացած են  արևմտամետ հերոսների վրա, ինչպիսին Միխեիլ Սաակաշվիլին էր, որը Վրաստանի Հանրապետությանը պարտադրեց լիբերալ բարեփոխումներ, հետագայում էլ կորցրեց իշխանությունը և անգամ իր վրացական անձնագիրը: Բայց քիչ է խոսվում նրա իրավահաջորդի՝ վրացական քաղաքականության գլխավոր դոմոյի, Բիձինա Իվանիշվիլիի մասին: Չնայած, Իվանիշվիլին երկար տարիներ գերիշխում է վրացական քաղաքականության մեջ, բայց նա հերոս չէ:

Իվանիշվիլին վրացական ամենահզոր օլիգարխն է: Նա ապրում է 108,000 քմ մակերեսով ժամանակակից համալիրում, որը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիից վերև բլրի վրա: Նա իր գումարները վաստակել է Ռուսաստանում ՝ սկսած 1990-ականներից ՝ որպես համակարգչային և հեռախոսային սարքավորումներ ներմուծող: Նա հիմնադրել է բանկ և մասնակցել վաուչերի մասնավորեցմանը ՝ ձեռք բերելով հանքաքարի և մետաղների ընկերություններ ու հայտնվել Forbes- ի համաշխարհային միլիարդատերերի շարքում: Նա ռուս օլիգարխ է, որը 2011-12թթ. իր նախընտրական քարոզարշավի ընթացքում պնդեց, որ Վրաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո, ինչի համար մեղադրեց Սաակաշվիլիին: Նա բրիտանական Telegraph օրաթերթին ասել է. «Կառավարությունը խրախուսում է ռուսական ագրեսիայի վերաբերյալ հիստերիան: Նրանք ցանկանում են վախեցնել մարդկանց և օգտագործել ռուսական հարցը որպես քաղաքական խաղի մաս: Բայց մենք պարտավոր ենք հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, անկախ նրանից դա մեզ դուր է գալիս, թե՝ ոչ: Մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը մեր ամենամեծ հարևանն է և  պետք է օգտագործենք դա»:

Այնուամենայնիվ, Իվանիշվիլին և նրա «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չեն հրաժարվել Վրաստանի արևմտյան կողմնորոշումից, ինչը շատերի կարծիքով կարևոր դեր է խաղում Վրաստանի տնտեսական ապագա հաջողությունների հարցում: Փոխարենը, նա շեշտեց, որ շարունակելու է փնտրել ավելի սերտ հարաբերություններ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, միևնույն ժամանակ բարելավելով հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա Guardian- ին ասել է. «Մեր քաղաքականությունը եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումն է: ՆԱՏՕ-ին փոխարինող չկա»: Թեև դա կարող է հակասական թվալ, բայց Իվանիշվիլին 2013-ին կարողացավ վերջ դնել վրացական գյուղատնտեսական արտադրանքի վրա ռուսական էմբարգոյին և կարգավորել գործարար հարաբերությունները Ռուսաստանի հետ, չնայած Ռուսաստանի շարունակում էր հողատարածքներ բռնազավթել: Քաղաքականություն մուտք գործելուց հետո, Իվանիշվիլին վաճառել է իր ռուսական ակտիվների մեծ մասը, բայց պահպանել է «Գազպրոմ» բաժնետոմսերի զգալի մասը: Նա հայտնվեց նաև Պանամայի փաստաթղթերում, որպես օֆշորային ընկերության սեփականատեր: Այնուամենայնիվ, Վրաստանը նրա իշխանության ժամանակ չհրաժարվեց իր արևմտյան նկրտումներից և 2014-ի հունիսին ԵՄ-ի հետ ստորագրեց ԽՀԱԱԳ (Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր): Հակասական թվացող քաղաքականության այս շարքը հիմնված է հասարակական կարծիքի վրա: 2009 թ. ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո անցկացված հարցումներից պարզվել է, որ «Վրացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում է քաղաքական լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ», և սատարում է ԱՄՆ-ի հետ (71%), ԵՄ-ի հետ (65%) և Ռուսաստանի հետ (54%) սերտ հարաբերություններին: Ենթադրվում է, որ երկու մասի բաժանված վրացիները կարող են սիրելու և ատելու պատճառներ գտնել իրենց օլիգարխ առաջնորդի մեջ, որը 2012-ին վարչապետ ընտրվելուց հետո, 2013-ին հրաժարական տվեց, որպեսզի մեկ անգամ ևս կանգնի կուլիսների ետևում: 2018-ին նա ստիպված եղավ վերադառնալ՝ ղեկավարելու իր «Վրացական երազանք» կուսակցությունը, որի ներսում իշխանության համար պայքար էր սկսվել Վարչապետի և Թբիլիսիի քաղաքապետի միջև: Նրա ընտրած թեկնածուն ՝ Սալոմե Զուրաբիշվիլին, 2018-ին շահեց նախագահությունը ՝ ձայների 60 տոկոսով:

Իվանիշվիլին միջանկյալ տարածքներում ազդեցիկ միջնորդի ամենավառ օրինակներից մեկն է, մասամբ այն պատճառով, որ ապրում է Ջեյմս Բոնդի ոճով ֆուտուրիստական պալատում և ունի 1 միլիարդ դոլար արժողությամբ արվեստի հավաքածու, բայց նա միայնակ չէ: Բազմաթիվ առաջատար քաղաքական գործիչներ միջանկյալ հողերում հավասարակշռված քաղաքականություն են վարում, եվրոպամետ կառավարության ներքո Ռուսաստանի հետ բիզնեսում մեծ հարստություն են կուտակում կամ հակառակը:

Այս հզոր բրոքերները փորձում են հասնել անհնարինին. Արևմուտքի հետ ավելի սերտ կապեր հաստատել՝ միաժամանակ պահպանելով բարեկամական հարաբերությունները տարածաշրջանի գերտերության ՝ Ռուսաստանի հետ: Փոքր պետությունների համար երբեմն ասում են, որ ճկունությունը և արձագանքելու ունակությունը բնական առավելություններ են, քանի որ նրանք ձգտում են կողմնորոշվել մեծ տերությունների քաղաքականության ականապատ դաշտում: Դա ոչ միայն անհրաժեշտություն է, այլև՝ հնարավորություն, որը կարող է առատորեն վարձատրվել: ԵՄ-ն տրամադրում է միլիարդավոր եվրո օգնություն առաջնորդների միջոցով: Ռուսաստանն իր քաղաքական դաշնակիցներին առաջարկում է բիզնես գործարքներ և շահութաբեր պարգևներ: Քանի որ աշխարհքաղաքականությունը դառնում է ավելի բևեռացված և ուժային, գումարը, որը Եվրամիության և Ռուսաստանի երկրները պատրաստ են վճարել զիջողության համար, աճելու հակում ունի,  զգույշ հավասարակշռությունն էլ դառնում է ավելի դժվար միջանկյալ տարածքների համար: Ինչպե՞ս են օլիգարխները, նախագահները և այլ ազդեցիկ մարդիկ քայլում այդ գծով:

Միջպետական ​​տարածքներում հզոր բրոքերների համար ճկունությունը հիմնական ռեսուրսն է: Վերջերս այս թեմայի վերաբերյալ Ստանիսլավ Մարկուսը և Վոլհա Չառնիշը հետաքննել են Ուկրաինայում օլիգարխների քաղաքական գործունեությունը: «Մի քանի ճկունները» հոդվածում նրանք պարզեցին, որ օլիգարխները ՝ շատ հարուստ և հաճախ քաղաքականապես կապված բիզնեսի ղեկավարները, օգտվում են ճկունությունից: Չնայած ոմանք դառնում են նահանգապետ կամ նախագահ և քաղաքական դերեր են ստանձնում, այդ դիրքերը չեն բարձրացնում օլիգարխի անձնական հարստությունը: Օլիգարխներն ավելի լավ են աշխատում, երբ մնում են հետին պլանում՝ նվիրատվություններ տրամադրելով մեկ կամ մի քանի կուսակցությունների: Դա նրանց ավելի մեծ ճկունություն է հաղորդում, ապահովելու իրենց խաղադրույքները քաղաքական սպեկտրի տարբեր մասերի միջև կամ փոխելու դիրքորոշումը, քանի որ հանգամանքները փոխվում են: Մարկուսը և Չառնիշը նշում են, որ  օլիգարխներից շատերը, որոնք իրենց լավ են զգացել ռուսամետ Յանուկովիչի ռեժիմի ժամանակ, դարձյալ լավ են եղել Պորոշենկոյի եվրոպամետ ռեժիմի ներքո: Իրոք, 2012-ից 2016 թվականների ընթացքում ուկրաինական օլիգարխների կազմի մեջ շատ քիչ փոփոխություններ են եղել: Ղրիմ ներխուժումից հետո, Ուկրաինայի օլիգարխների մեծ մասը որդեգրում է եվրոպամետ ուղերձները և աջակցում ուկրաինական կուսակցություններին, նույնիսկ, զինյալներին: Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ նրանք նույնը կանեն նաև վաղը: Նրանք, առաջին հերթին, նվիրված են իրենց սեփական իշխանությանը: Ճկունությունը մեծ առավելություն է ծայրահեղ բևեռացված և անկայուն քաղաքական կլիմայի պայմաններում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝

Սեղմագիր՝

Սեղմագիր՝ ԱՊՀ, ԵՄ, Քաղաքականություն

Write a comment