Փաշինյանը «Թավշյա հեղափոխությունը» տանում է Լոս Անջելես
Հոդվածի առանցքում
- Սեպտեմբերի 22-ին մոտ 10,000 մարդ ներկա էր Լոս Անջելեսի քաղաքապետարանի առաջ Փաշինյանի ելույթին, որի ժամանակ նա կոչ արեց ամերիկահայերին այցելել և ներդրումներ կատարել Հայաստանում ու տարեկան «մեկ-երկու ամիս» ապրել հայրենիքում: «Հայեցակարգային և գաղափարական իմաստով ամենակարևոր խնդիրը սփյուռքի և Հայաստանի միջև սահմանը վերացնելն է», - ասաց նա ելույթում, որը հնչեց արևելահայերենով:
Ուշադրությանն արժանի
Վարչապետին ոգևորությամբ ընդունեցին Կալիֆոռնիայում, չնայած այն ձախողելու Ադրբեջանի կառավարության փորձերին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռոք-աստղին բնորոշ իր ժողովրդականությունը տարավ Լոս Անջելես, որտեղ ապրում է ԱՄՆ ամենամեծ հայ համայնքը և որտեղ հայ առաջնորդի համար կազմակերպվել էր ԱՄՆ-ում աննախադեպ հանրահավաք:
Սեպտեմբերի 22-ին մոտ 10,000 մարդ ներկա էր Լոս Անջելեսի քաղաքապետարանի առաջ Փաշինյանի ելույթին, որի ժամանակ նա կոչ արեց ամերիկահայերին այցելել և ներդրումներ կատարել Հայաստանում ու տարեկան «մեկ-երկու ամիս» ապրել հայրենիքում: «Հայեցակարգային և գաղափարական իմաստով ամենակարևոր խնդիրը սփյուռքի և Հայաստանի միջև սահմանը վերացնելն է», – ասաց նա ելույթում, որը հնչեց արևելահայերենով:
Ամերիկահայերը ոգևորված են Փաշինյանի պաշտոնավարմամբ Հայաստանում, ասում է սփյուռքահայության համար նախատեսված H-Pem անգլալեզու ամսագրի խմբագիր Ռուպեն Ջանբազյանը:
«Հիմնականում նա ընկալվում է որպես վստահելի անձնավորություն, տարիներ շարունակ տևած կոռուպցիայից հետո և բռնապետության բացակայության շնորհիվ», – ասել է Ջանբազյանը Eurasianet- ին:
«Փաշինյանի երկար սպասված այցը մեր համայնք կխթանի հայրենիքի հետ ավելի լավ հարաբերությունները և մեզ ավելի կմերձեցնի», – այցից առաջ գրել է հայ-ամերիկյան թերթերից մեկը`«Մասիս Փոստ»-ը: «Անցյալի անհանգստությունները փոխարինվել են լավատեսությամբ: Ամենուրեք ոգևորություն է և Հայրենիքի հետ շփվելու ու նրա տնտեսական աճին նպաստելու պատրաստակամություն»:
Փաշինյանի իշխանության գալուց առաջ ամերիկահայերը առանձնապես ոգևորված չէին հայ քաղաքական գործիչներից, սփյուռքահայերը հիմնականում անտեսում էին Երևանի կոռումպացված, լճացած ներքին քաղաքականությունը և փոխարենը կենտրոնանում էին միջազգային խնդիրների վրա` Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում և աջակցություն Հայաստանին Ադրբեջանի հետ շարունակական հակամարտության հարցում: Այսպիսով, Լոս Անջելեսում մեծ, խանդավառ բազմություն ներգրավելու Փաշինյանի կարողությունն արդեն նշանակում է, որ փոփոխություն է եղել:
«Ընդհանուր առմամբ, Նիկոլի դասական ելույթը հարմարեցված էր գտնվելու վայրին, դեցիբիլներն ու հույզերը բարձր մակարդակի վրա էին, տեղեկատվությունը` ցածր», – գրառում է կատարել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը: «Բայց մեծ փոփոխություն կա փոխհարաբերություններում, որ հայկական համայնքներն ունեցել են նախկին հայ ղեկավարների հետ»:
Անցյալ տարի իշխանության գալով Փաշինյանը առաջնահերթ է համարել հայկական հսկա սփյուռքը Հայաստանում ավելի ակտիվ դարձնելու հարցը: Սփյուռքահայերը, հատկապես Հյուսիսային Ամերիկայում, ոգևորված են խորը կոռուպցիան արմատախիլ անելու Փաշինյանի խոստումներից, ինչը նրանց վհատեցնում էր անցյալում, ասել է Ջանբազյանը:
«Տարիներ շարունակ Հայաստանը կոռումպացված վայր էր, որտեղ մենք կարող էինք այցելել որպես զբոսաշրջիկ, բայց հայրենադարձելը, բիզնես կամ երկրի հետ իրական կապեր հաստատելը դժվար է եղել կոռուպցիայի պատճառով», – ասել է Ջանբազյանը Eurasianet-ին: Փաշինյանի գլխավորած «Թավշյա հեղափոխությունը», սակայն, «մարդկանց հույս ներշնչեց, որ Հայաստանը կդառնա այն երկիրը, որտեղ մենք կարող ենք բիզնես հիմնել, անցկացնել մեր ամառը, հայրենադարձել»:
Լոս Անջելեսում կա ավելի քան 200,000 հայկական ծագմամբ բնակիչ, և տեղական պաշտոնատար անձինք չափազանց շահագրգռված են էթնիկ հայերի քվեներով: Նախքան Փաշինյանի հայտնվելը, հանրահավաքում ելույթ ունեցան մի շարք քաղաքային, նահանգային և այլ պաշտոնյաներ, իսկ հավաքվածները անհամբեր վանկարկում էին «Նիկոլ, Նիկոլ»:
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին` ելույթ ունեցողներից մեկը, նույնպես անդրադարձավ այն նոր հնարավորություններին, որոնք ամերիկահայերն այսօր տեսնում են Հայաստանում:
«Այս վարչապետի հետ Հայաստան է եկել արևային նոր օր, ժողովրդավարության օր, սրտաբացության օր, առանց կոռուպցիայի օր, օր, երբ Լոս Անջելեսում կարող ենք ասել, որ ժամանակն է այցելել, ներդրումներ կատարել, աջակցել, օգնել նոր Հայաստանին վեր բարձրանալու, բարձրանալու այս վարչապետի ղեկավարության ներքո», – ասաց Գարսետին:
Էկոլոգիապես գիտակից Կալիֆոռնիայում Փաշինյանին շարունակում էին հետապնդել «Ամուլսարի» ոսկու հանքավայրի նախագծի շուրջ հակասությունները: Նախագիծը խթանողները հանքը տեսնում են որպես պարգև աշխատողների համար և օտարերկրյա ներդրումների առանցքային աղբյուր, բայց շատ հայեր անհանգստանում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասը կարող է գերազանցել ցանկացած տնտեսական օգուտ:
Հանրահավաքում շատերը կրում էին Ամուլսարի դեմ ցուցանակներ, և Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ բանավեճին. «Ես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ կառավարությունը պետք է որոշումներ կայացնի, հիմնվելով այն կողմի վրա, որն առավելագույն ճնշում է կիրառում … այս հարցում մենք պետք է լինենք ազնիվ և հետևենք ճշմարտությանը», – ասաց նա:
Ադրբեջանի կառավարությունը փորձել է թուլացնել իրադարձության շուրջ խանդավառությունը, բայց առանց հաջողության: Օգոստոսի 19-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նազիմի Աղաևը դիմել է քաղաքային իշխանություններին «թույլ չտալ», որ Փաշինյանը «չարաշահի» իր ելույթը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հայկական վերահսկողությունը արդարացնելու համար: Ղարաբաղը մի տարածք է, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց վերահսկվում է էթնիկ հայկական ուժերի կողմից, քանի որ 90-ականների սկզբին երկու կողմերը պատերազմեցին:
Աղաևը Eurasianet-ին տրամադրեց նամակի օրինակը:
Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեկորյանը պատասխանում մեղադրել է Աղաևին, որ «նա դուրս է եկել պատշաճության սահմաններից, փորձելով խառնվել տեղական պաշտոնյաների գործողություններին և որոշումներին», «որովհետև ողջունում ենք մեր օտարերկրյա բարձրաստիճան հյուրին»: Նա շարունակեց. «Նույնիսկ ավելի վատ, Լոս Անջելեսի ընտրված առաջնորդներին ուղղված ձեր նամակում դուք հորդորում եք խախտել Միացյալ Նահանգների Սահմանադրությունը, գրաքննության ենթարկել ազատ արտահայտումը»: Քրեկորյանի աշխատակազմը Eurasianet-ին տրամադրեց իր նամակի օրինակը:
«Լոս Անջելեսի քաղաքը հետևողական և հպարտ աջակցում է Արցախի ժողովրդին, հստակ և ուղղակիորեն ճանաչում և աջակցում է Արցախի ազատ և ժողովրդավարական հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը», – շարունակվում է Քրեկորյանի նամակում: (Արցախը Ղարաբաղի հայերեն անունն է. Լոս Անջելեսը, ինչպես նաև ԱՄՆ-ի իրավասության մի շարք այլ շրջաններ, բանաձև են ընդունել, որով ճանաչում են Ղարաբաղի անկախությունը, չնայած ոչ մի պետություն, ներառյալ ԱՄՆ կամ Հայաստանը, պաշտոնապես չի ճանաչել Ղարաբաղը):
Eurasianet-ին ուղղված էլեկտրոնային նամակում Աղաևը պնդում է, թե « պարտադիր չէ, որ խոսքի ազատությունը վերաբերի ԱՄՆ-ի տարածքում, հատկապես հանրային վայրերում, ելույթներ ունենացող օտար պետությունների և կառավարությունների ղեկավարներին: Նրանք պետք է հարգանքով վերաբերվեն ԱՄՆ-ին և նրա վարած քաղաքականությանը երկրում անցկացվող նման հանրահավաքներում, ինչը ես չեմ սպասում վարչապետ Փաշինյանից, հետևաբար մտահոգված եմ»:
Իրավագետներն, ընդհանուր առմամբ, համաձայնել են, որ ԱՄՆ խոսքի ազատության երաշխիքները վերաբերում են օտարերկրացիներին:
Ի վերջո, Փաշինյանն իր խոսքում չնշեց Ադրբեջանը: Նա շնորհակալություն հայտնեց Գարսետիին, որ Լոս Անջելեսը ճանաչել է Ղարաբաղը:
Մինչ Փաշինյանը ելույթ էր ունենում, օդանավ թռավ տարածքի վրայով տանելով «Ղարաբաղը Ադրբեջանն է: Վերջ տվեք օկուպացիային» կարգախոսը, բեռնատար մեքենաներն էլ մոտակա փողոցներում շրջում էին գովազդային վահանակներով, որոնք ներկայացնում էին ղարաբաղյան հիմնահարցի ադրբեջանական մեկնաբանությունը: Միանգամից հասկանալի չէր, թե ովքեր են կազմակերպել ցուցադրությունները, բայց դրանց վերաբերյալ տեսանյութը տարածել էին ադրբեջանցի դիվանագետները:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ