Ֆրանսիայի վարչապետը «պատերազմ» է հայտարարել ծայրահեղ իսլամին` երթի համար շրջափակելով Փարիզը

Ֆրանսիայի վարչապետը «պատերազմ» է հայտարարել ծայրահեղ իսլամին` երթի համար շրջափակելով Փարիզը

Հոդվածի առանցքում

  • Փարիզի հարավում` Էվրիում, Ֆրանսիայի վարչապետ Վալսը հայտարարել է. «Սա պատերազմ է ահաբեկչության, ջիհադիզմի, ծայրահեղ իսլամի ու ընդհանրապես այն ամենի դեմ, որն ուղղված է եղբայրության, ազատության, հանդուրժողականության ոչնչացմանը»:
  • Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ 500 հավելյալ ոստիկան կտեղակայի փողոցներում կիրակի անցկացված հսկայական երթի անվտանգությունն ապահովելու համար: Երթին մասնակցել են Եվրոպայի շատ առաջնորդներ:
  • Կուլիբալին ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, իր սպանությունից քիչ առաջ, հայտարարել էր, որ գործել է Իսլամական պետության անունից, որի կենտրոնակայանը Սիրիայի հյուսիսում է: Պաշտոնյաները հայտնել են, որ նա հենց այն ահաբեկիչն է, որը դրանից մեկ օր առաջ Փարիզի մոտ սպանել էր կին ոստիկանի:
  • Փարիզում ամերիկա-հրեական կոմիտեի տնօրեն Սայմոն Ռոդան Բենզաքուենը ասել է, որ վերջին ամիսներին ֆրանսիացի հրեաների մոտ մեծ տագնապ կար, վերջին շրջանում նրանք արդեն դարձել են հակասեմականության զոհ, ինչը ստիպել է որոշ հրեաների մտածել Ֆրանսիան լքելու մասին:
  • Le Monde-ը, մեջբերելով հակաահաբեկչական գործողության պատասխանատուներին, նշել է, որ Կուլիբալիի և Շերիֆ Կուաշիի միջև կապը նկատվել է դեռ 2010 թվականին, և հեռախոսային ձայնագրությունները ցույց են տալիս, որ նրանք վերջերս այցելել են ալժիրցի Ջամել Բեղալին, որը ջիհադիստ է և 2001 թվականին բանտարկվել է Փարիզում ԱՄՆ դեսպանատան վրա ահաբեկչություն նախապատրաստելու համար:

Ուշադրությանն արժանի

Վարչապետ Մանուել Վալսը շաբաթ օրը, սարսափելի դեպքերից հետո, որի հետևանքով սպանվել էր երեք զինյալ և չորս պատանդ,  հայտարարել է, որ Ֆրանսիան պատերազմ է վարում ծայրահեղ իսլամի դեմ: Ի հայտ են եկել արյունոտ հակամարտության նոր մանրամասներ, անվտանգության ուժերը բերված են բարձր պատրաստավածության:

Փարիզի հարավում` Էվրիում,  Վալսը հայտարարել է. «Սա պատերազմ է ահաբեկչության, ջիհադիզմի, ծայրահեղ իսլամի ու ընդհանրապես այն ամենի դեմ, որն ուղղված է եղբայրության, ազատության, հանդուրժողականության ոչնչացմանը»:

Պաշտոնյաները սկսել են որոնել մարդասպաններից մեկի աջակցին, ավելի ուշ պարզվել է, որ չորեքշաբթի տեղի ունեցած առաջին ահաբեկչությունից առաջ նա հեռացել է Թուրքիա, որից հետո էլ հնարավոր է անցել է Սիրիա: Ոստիկանությունը կասկածում էր մի կնոջ` 26-ամյա Հայաթ Բումեդիենին, որն Ամեդի Կուլիբալիի ընկերուհին է: Իրավապահները ենթադրում են, որ նա մասնակցել է հարձակումներից առնվազն մեկի նախապատրաստմանը:

Թուրքիայի հետախուզության ներկայացուցիչն ասել է. «Մենք 99 տոկոսով համոզված ենք, որ նա Սիրիա է մեկնել Ուրֆայից, չկա որևէ ապացույց, որ նա ներգրավված է եղել այս շաբաթ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին»:

Ֆրանսիայում Կուլիբալիի սպանությունից մեկ օր անց լարվածությունը պահպանվում է: Կուլիբալին պատասխանատու էր ուրբաթ Փարիզի արևելքում` Պորտ դե Վինսենսի խանութում չորս պատանդի սպանության համար: Չորեքշաբթի Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակում էլ Սայից ու Շերիֆ Կուաշի եղբայրները  սպանել էին 12 մարդու:

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ 500 հավելյալ ոստիկան կտեղակայի փողոցներում կիրակի անցկացված հսկայական երթի անվտանգությունն ապահովելու համար: Երթին մասնակցել են Եվրոպայի շատ առաջնորդներ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, մուսուլման առաջնորդներից Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Ներկա են եղել նաև այլ ղեկավարներ, Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Շաբաթ հարյուր հազարավոր մարդիկ Փարիզում, Թուլուզում, Նիսում և այլ քաղաքներում հանդուրժողականության երթ են անցկացրել, նման միջոցառումներ են անցկացվել նույնիսկ Մադագասկարում, Թել Ավիվում, Բանգուիում` Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում:

Ֆրանսիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները անցկացրել են արտակարգ խորհրդակցություն, քննարկել են հարձակումների կրկնության կանխարգելումը, որը շոկի է ենթարկել երկիրը և առաջացրել հարցեր, թե ինչու են իրավապահ մարմինները ձախողել ահաբեկչության կանխարգելումը, եթե զինյալները  հայտնի են եղել ոստիկանությանն ու անվտանգության ծառայություններին:

Փրկված պատանդները կիսվել են իրենց պատմություններով, նրանց խոսքով,ահաբեկիչները պատրստ էին մահվան, երբ ոստիկանությունը հարձակում էր սկսում  խանութի և տպարանի վրա:

Կուլիբալին ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, իր սպանությունից քիչ առաջ, հայտարարել էր, որ գործել է Իսլամական պետության անունից, որի կենտրոնակայանը Սիրիայի հյուսիսում է: Պաշտոնյաները հայտնել են, որ նա հենց այն ահաբեկիչն է, որը դրանից մեկ օր առաջ Փարիզի մոտ սպանել էր կին ոստիկանի:

Ճգնաժամն ու դրա հետևանքները ներկայացվել են որպես գլխավոր մարտահրավեր նախագահ Ֆրանսուա Օլանդի և նրա կառավարության համար, խնդիր, որը հղի է կրոնական և մշակութային պառակտմամբ մի երկրում, որտեղ կտրուկ աճում է մուսուլմանական բնակչությունը, միաժամանակ ավելանում է իսլամական ծայրահեղականներից աճող սպառնալիքը: Ֆրանսիայի մեծ թվով քաղաքացիներ են մեկնել Սիրիա և Իրաք` կռվելու Իսլամական պետության շարքերում:

Օլանդը միասնության կոչ է արել` ֆրանսիացիներին զգուշացնելով, որ մուսուլմաններին թշնամիներ չդիտարկեն, վարչապետ Վալսը կոչ է արել քաղաքացիներին միանալ կիրակի անցկացված երթին:

Վալսը Էվրիում ասել է. «Պետք է ուղերձ հղել հանրապետական և աշխարհիկ արժեքների մասին, վաղը Ֆրանսիան և ֆրանսիացիները կարող են հպարտ լինել, վաղը բոլորը պետք է միանան երթին»:

Բայց ահաբեկչությունները արդեն բևեռացրել են տրամադրությունները: Աջակողմյան Ազգային Ճակատի առաջնորդ Մարին լե Պենը, որին չէին հրավիրել երթին, իր կողմնակիցներին կոչ է արել հեռու մնալ դրանից` ասելով, որ երթը «կազմակերպել են ուժեր, որոնք ներկայացնում են այն, ինչ Ֆրանսիան ատում է` պարտիզանական ոգի, նախընտրական քարոզչություն և անհարիր քննարկում»:

Վալսի հայտարարությունը, որ Ֆրանսիան ջիհադիստների և ծայրահեղականների դեմ պատերազմ է վարում, ցույց է տալիս անվտանգության հարցում մտահոգությունների խորությունը Ֆրանսիայում և արևմտյան ամբողջ Եվրոպայում:

Ամերիկացի պաշտոնյաները նշել էին, որ գեներալ Էրիկ Հոլդեր Կրտսերը կմասնակցի Փարիզի երթին, նրան հրավիրել էլ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը:

Ահաբեկչական սպառնալիքները, օտարերկրյացի զինյալներն ու ծայրահեղականների  բռնությունները սպասելի էին:

Փարիզում ամերիկա-հրեական կոմիտեի տնօրեն Սայմոն Ռոդան Բենզաքուենը ասել է, որ վերջին ամիսներին ֆրանսիացի հրեաների մոտ մեծ տագնապ կար, վերջին շրջանում նրանք արդեն դարձել են հակասեմականության զոհ, ինչը ստիպել է որոշ հրեաների մտածել Ֆրանսիան լքելու մասին:

«Մեզ հետաքրքրում է` արդյոք սա հետագա հարձակումների սկիզբն է, թե սրանով ամեն ինչ կավարտվի: Միգուցե այս նոր բռնությունները կօգնեն Ֆրանսիային հասկանալ, թե ինչ է իսլամական ծայրահեղականությունը»:

Պաշտպանության նախարարը ասել է, որ կավելացնի ևս 250 զինվորականներ 850 հոգանոց անձնակազմին, որն ապահովում է Փարիզի անվտանգությունը: Զինվորականները տեղակայված են Փարիզի ամենախոցելի թիրախների մոտ:

Թուրք պաշտոնյաները ասել են, որ ֆրանսիացիները ուշացրել են տեղեկությունների տրամադրումը` թույլ տալով, որ Բումեդիեն հեռանա Սիրիա:

Շատերը այդպես էլ չիմացան, կամ հստակ չհասկացան, թե ինչ տեղի ունեցավ, ովքեր էին կասկածյալները և որտեղ էին գտնվում: Հայտնելով, որ Կուաշի եղբայրներն ունեցել են գործընկեր, ոստիկանությունը քիչ տեղեկություն էր հաղորդում նրա մասին, մինչև այն պահը, երբ 18-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացավ ոստիկանություն:

Կուաշի եղբայրների, Կուլիբալիի և Իսլամական պետության ու ահաբեկչական այլ խմբավորման` Արաբական թերակղզու Ալ-Քաիդայի հետ հարաբերությունները մութ են  մնում: Քանի դեռ գործում էր անվտանգության ծառայությունների արտակարգ ռեժիմը,  հասարակությունը պաշտոնյաներից չէր ստանում տեղեկատվություն սպասվող նոր ահաբեկչությունների մասին, նրանք պարզապես անհանգստություն էին հայտնում, որ ջիհադիստները և ռազմական խմբերը ահաբեկիչներին հերոսներ են որակում:

Le Monde-ը, մեջբերելով հակաահաբեկչական գործողության պատասխանատուներին, նշել է, որ Կուլիբալիի և Շերիֆ Կուաշիի միջև կապը նկատվել է դեռ 2010 թվականին, և հեռախոսային ձայնագրությունները ցույց են տալիս, որ նրանք վերջերս այցելել են ալժիրցի Ջամել Բեղալին, որը ջիհադիստ է և 2001 թվականին բանտարկվել է Փարիզում ԱՄՆ դեսպանատան վրա ահաբեկչություն նախապատրաստելու համար:

Կուլիբալին գործակցել է Կուաշի կրտսերի` Շերիֆի հետ, որը պիցցայի առաքիչ էր և զբաղվում էր ձկան վաճառքով:

Եղբայրներին հետևել են ԱՄՆ, Ֆրանսիայի և Եմենի անվտանգության ծառայությունները, բայց մեծ բացթողում է եղել նրանց գործողությունների ժամանակագրության և ահաբեկիչների պատկանելության միջև: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը շաբաթ օրը ասել էր, որ Սայիդ Կուաշին 2011-ի ամռանը մեկնել է Յեմեն մեկ այլ մարդու, հնարավոր է իր համախոհի հետ:

Պաշտոնյաները փորձում են պարզել` արդյոք այդ մարդը Շերիֆն էր, որը հայտարարել էր, որ այդ նույն տարվա մեջ այցելել է Յեմեն:

Հաստատվել է, որ Կուաշի եղբայրները ճանաչել են Կուլիբալիին և, հնարավոր է, նաև նրա ընկերուհուն, որը նույնպես Ֆրանսիայի քաղաքացի էր դեռ մանկուց:

Բումեդիենի լուսանկարները հրապարակվել են շաբաթ օրը, դրանցում երևում է, թե ինչպես է երիտասարդ, կարճ շրջազգեստով կինը, որն անցկացնում է իր հանգստյան օրերը Կուլիբալիի հետ, վերածվում մուսուլման կնոջ, որի մարմինն ամբողջությամբ փակ է, բաց են միայն նրա աչքերը:

Ոստիկանությունն ասել է, որ Բումեդիենը ամուսնացած է եղել Կուլիբալիի հետ իսլամական ավանդույթով: Տեղեկություններ են եղել, որ նա ներկա չի եղել իր իսկ հարսանիքին, որտեղ նրա հայրը ներկայացրել է հարսին:

2010 թվականին Կուլիբալին ձերբակալվել է Սմային Աիտ Ալի Բելկաքեմին ազատ արձակելու փորձի համար, որը բանտարկված էր 1995 թվականին Փարիզում ութ մարդու կյանք խլած ահաբեկչության կազմակերպման համար: Բումեդիենը նույնպես հայտնի էր իրավապահներին, ինչը հարց է առաջացրել, թե ինչու նրան, ինչպես և մյուս երեք ահաբեկիչներին ուշադիր չեն հետևել:

Նոր մանրամասներ են ի հայտ եկել շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, այդ թվում Դեմարտեն էն-Գոելում տեղի ունեցած հետապնդման մասին:

Դատախազներն ասել են, որ մի աշխատակից սարսափած թաքնվել է տպարանի երկրորդ հարկում` լվացարանի տակ, երբ Կուաշի եղբայրները ներխուժել են տպարան: Ընկերության տնօրեն Միշել Կատալոնը Sky News-ին ասել է, որ կարգադրել է աշխատակիցներին թաքնվել, երբ տեսել է զինված մարդկանց: Նա ասել է, որ Լիլիան Լեպերը գաղտնի հաղորդագրություններ է ուղարկել ոստիկանությանը ահաբեկիչների հետ բանակցությունների և պաշարման ընթացքում:

«Ես պատուհանից տեսնում էի, որ այնտեղ մի մարդ կար հրթիռային համակարգով և կալաշնիկովի ինքնաձիգով, ես հասկացա, որ իրավիճակը շատ վտանգավոր է կարգադրեցի աշխատակիցներին թաքնվել: Ես գիտեի, որ մեզնից երկուսը չկարողացան դա անել»:

Տպարանը գրավելուց մի քանի ժամ անց Կուլիբալին, զինված ԱԿ-47 ինքնաձիգերով և պայթուցիկներով, Փարիզի արևմուտքում գտնվող խանութում պատանդներ վերցրեց, այդ թվում կանանց և երեխաների:

Ոստիկանությունն ասել է, որ խանութ մտնելուն պես Կուլիբալին սպանել է չորս մարդու:

Ոստիկանության ներկայացուցիչ Մումամեդ Դուհանի խոսքով, բանակցությունների ընթացքում իրավապահները իմացել են Կուլիբալիի ինքնությունը և նրա կապը Կուաշի եղբայրների հետ: Նա ասել է, որ տպարանի և խանութի պաշարման գործողությունները տեղի են ունեցել միաժամանակ, քանի որ կար մտավախություն, որ Կուլիբալին կսպանի իր պատանդներին, եթե իմանա, որ Կուաշի եղբայրների վրա հարձակում է տեղի ունեցել:

Դուհանն ասել է, որ, երբ ոստիկանները բացել են խանութի դուռը, Կուլիբալիին իր զենքերի հետ նկատել են խանութի մյուս ծայրում:

Խանութի երիտասարդ աշխատակից Լասսանա Բաթիլը, որը Մալիից Ֆրանսիա ներգաղթած մուսուլման է, օգնել է մարդկանց թաքնվել նկուղի մեծ սառնարանում:

Ականատեսներից մեկը` Միքայելը, որը հրաժարվել է ներկայացնել իր ազգանունը, Le Point պարբերականին ասել է, որ գնացել է խանութ իր 3-ամյա որդու հետ, որ շաբաթ օրվա համար հաց և հավ գնի և լսել է պայթյունի ձայն:

«Ես կարծեցի, որ դա հրավառություն է, բայց երբ շրջվեցի, տեսա սևամորթ տղամարդու, որը զինված էր երկու կալաշնիկներով»: Նրա խոսքով ինքը բռնել է որդու օձիքից և հապճեպ թաքնվել նկուղային սառնարանում:

«Հինգ րոպե անց խանութի աշխատակիցը, որին ահաբեկիչն էր ուղարկել, եկավ և ասաց, որ մենք բարձրանանք վերև, հակառակ դեպքում ահաբեկիչը սպառնացել էր  արյան բաղնիք կազմակերպել»: Բարձրանալով վերև` մենք տեսանք սպանված մարդու մարմին, որն ամբողջությամբ արյան մեջ էր, և հանգիստ Կուլիբալիին, որը ներկայացրեց իրեն որպես Մալիից ժամանած մուսուլման, Իսլամական պետության անդամ:

Կուլիբալին կարգադրել էր պատանդներին հանձնել հեռախոսները, բայց Միքայելն իրենը թաքցրել էր, որից հետո կապվել էր ոստիկանության հետ: Նրա խոսքով  Կուլիբալին պատրաստ էր զոհվել, նրա երկու ձեռքերին զենք էր, մոտակայքում էլ փամփուշտների տուփ:

Երբ դռները սկսեցին բացվել, պատանդները հասկացան, որ ոստիկանությունը սկսել է հատուկ գործողությունը. «Աղմուկը խլացնող էր, նա սպանվեց, ամեն ինչ ավարտվեց»:

Liberation թերթը հայտնեց, որ սպանված պատանդներից մեկը 21-ամյա Յոհավ Հատտաբն էր` Թունիսի գլխավոր ռաբիի որդին: Հատտաբը մարկետինգ էր ուսանում Փարիզում: Հրեական Ինստիտուտների Խորհրդի ներկայացուցիչները պարզել են նաև մյուս զոհերի ինքնությունը` Ֆիլիպ Բրահամ, Յոհան Կոհեն և Ֆրանսուա-Միշել Սաադա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment