Պանկիսի բնակիչները ընդհանրություն են գտնում մյուս վրացիների հետ

Պանկիսի բնակիչները ընդհանրություն են գտնում մյուս վրացիների հետ

Հոդվածի առանցքում

  • Պանկիսի հովիտը մեկուսացված շրջան է մոտ 5000 բնակիչներով, որոնց մեծ մասը մահմեդական էթնիկ չեչեններ են (տեղացիները նրանց կիստ են կոչում): Ռուսաստանի հետ սահմանային հովիտը մյուս վրացիների շրջանում և ամբողջ աշխարհում ունի իսլամական զինված ուժերի հիմնական աղբյուրի համբավ:

Ուշադրությանն արժանի

 

Հեռավոր, մահմեդական մեծամասնությամբ տարածաշրջանը հաճախ ընդունում են Վրաստանից առանձին: Բայց ավելի ու ավելի հաճախ են Պանկիսիի բնակիչները մյուս վրացիների նման հիասթափվում անպատասխանատու իշխանությունից:

Անցյալ ապրիլյան մի օր, առավոտյան ժամը 8-ին, Վրաստանի Պանկիսի կիրճի քաղաքացիական ակտիվիստ Ռամզան Գորգիշվիլին արթնացավ հեռախոսի զանգից: «Նրանք սկսեցին շինարարությունը», – ասաց ընկերը: «Արի այստեղ»:

Պանկիսի բնակիչները երկար ժամանակ դեմ էին հիդրոէլեկտրակայանի կառուցմանը, վստահ, որ դա կարող է լուրջ վնաս հասցնել շրջակա միջավայրին և կհարստացնի հեռավոր մայրաքաղաքում  կառավարության հետ կապեր ունեցող մի քանի գործարարի:

«Նրանք մեզ ասել էին, որ ոչինչ չի պատահի, մինչև Թբիլիսիում ծրագրված հանդիպումը», – ասել է Գորգիշվիլին EurasiaNet.-ին: «Դրանից չորս կամ հինգ օր առաջ նրանք սկսեցին շինարարությունը»:

Ապրիլի 21-ին տեղացիները հավաքվեցին շինարարական բրիգադներին դիմակայելու համար, իսկ Գորգիշվիլին և տեղացի ներկայացուցիչները մեկնեցին հարևան Թելավի քաղաք`հանդիպելու կենտրոնական իշխանության պաշտոնյաների պատվիրակությանը: Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Պանկիսի ակտիվիստներին դիմավորեց սպառնալիքով, հիշեց Գորգիշվիլին. «Նա մեզ հարցրեց. «Ուրեմն, ինչպես? եք ուզում, որ ձեզ ընդունեն, որպես ընկերներ թե թշնամիներ»:

Պանկիսիում առճակատումը արագացավ: Ցուցարարները այրեցին մի քանի շինարարական ու ոստիկանական մեքենա, իսկ, ըստ Գորգիշվիլիի, ավելի քան 200 ոստիկան  արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ կիրառեց ամբոխի դեմ: Բախումներն ավելի խորացրին կենտրոնական իշխանության և Պանկիսիի հովտի բնակիչների տարաձայնությունը: Նրանք երկար ժամանակ բարդ հարաբերություններ ունեին վրացական իշխանությունների հետ:

Պանկիսի հովիտը մեկուսացված շրջան է մոտ 5000 բնակիչներով, որոնց մեծ մասը մահմեդական էթնիկ չեչեններ են (տեղացիները նրանց կիստ են կոչում): Ռուսաստանի հետ սահմանային հովիտը մյուս վրացիների շրջանում և ամբողջ աշխարհում ունի իսլամական զինված ուժերի հիմնական աղբյուրի համբավ:

Ամբարտակի կառուցման ճգնաժամը, սակայն, ցույց տվեց Պանկիսի տեղաշարժը քաղաքականության մեջ: Կիստերն ավելի հաճախ են լեզու գտնում այն վրացիների հետ, որոնք նույնպես դեմ են անպատասխանատու կենտրոնական կառավարությանը:

«Կիստերն իրենց դիրքորոշման երկու տարբերակ ունեն», – ասաց Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի հետազոտող Ալեկո Կվախաձեն: «Նրանք կարող են այն պետություն դարձնել կիստ փոքրամասնության, կամ սեփական քաղաքացիների դեմ»:

Վերջինն ընտրելով, նրանք դառնում են վրացական քաղաքացիական հասարակության մասը, որտեղ պետության հանդեպ վրդովմունքը վերջին շրջանում դրսևորվում է Թբիլիսիում ընթացող ցույցերով: Անցյած ամիս հակառուսական ցույցերի ժամանակ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառեց: Ցուցարարները պահանջում են ներքին գործերի նախարար Գախարիայի հրաժարականը:

Պանկիսի քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է Գորգիշվիլիի Ժողովրդական հավաք նոր կազմակերպությունը:

Պանկիսի քաղաքականությունում վաղուց գերիշխում էր Ավագանիների Խորհուրդը, համայնքային գործիչների խումբ, որի հետ կենտրոնական իշխանությունն ավանդաբար աշխատել է: Սակայն շատերը Պանկիսում ասում են, որ Խորհուրդը կորցրել է կապը մարդկանց հետ, որոնց պետք է ներկայացնի:

Վերջին կաթիլը լցվեց, երբ Խորհուրդը վճռականորեն պաշտպանեց նոր ամբարտակների կառուցումը: «Նրանք միշտ հավատարիմ են եղել կառավարությանը», – ասել է Գորգիշվիլին:

Դրանից հետո ծնվեց Ժողովրդական Հավաքը: Այն Խորհրդից առավել ընդգրկուն է, միավորում է ավելի երիտասարդ ակտիվիստների, ինչպես նան հովտի սալաֆի իսլամական համայնքի անդամներին: Կենտրոնական կառավարությունը լռելյայն ընդունել է Հավաքի լիազորությունները, երբ ապրիլի 21-ին Թելավիում կայացած հանդիպմանն ուղարկել էին իրենց ներկայացուցիչներին, այդ թվում Գորգիշվիլիին:

Պանկիսիի բախումներից հետո Թբիլիսիում տեղի ունեցան համերաշխության ցույցեր: Մի շարք կիստեր մասնակցեցին, բայց ներկաների գերակշիռ մեծամասնությունը էրթնիկ վրացիներ էին, որոնք քիչ կամ ընդհանրապես կապ չունեին Պանկիսի հետ:

Վրաստանի մյուս գյուղական բնակավայրերում նախատեսված հիդրոէլեկտրակայանների դեմ նույնպես ուժեղ ընդդիմության կա: Հյուսիս-արևմտյան Ռաչա շրջանում ակտիվիստները դեմ են արտահայտվել երկու կայանի կառուցմանը, Սվանեթիում էլ մի քանի տեղացի արյան երդում է տվել`կանխելու հիդրոէլեկտրակայանների շինարարությունը:

Կիստերը և շատ վրացիներ ունեն նաև նմանատիպ բողոքներ ոստիկանության չարաշահումների հարցով: 2017 թ. դեկտեմբերին ոստիկանությունը սպանել է 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիին, Պանկիսիում նրա տան վրա հատուկ ուժերի վատ կազմակերպած հարձակման ժամանակ: Մաչալիկաշվիլիի հայրը`Մալխազը, մեկ տարի Թբիլիսիում բողոքեց խորհրդարանի առաջ`արդարություն փնտրելով իր որդու համար: Հետագայում նրան միացավ թբիլիսցի հայրը` Զազա Սարալիձեն, ում որդին սպանվել էր մի միջադեպի ժամանակ, հայրն էլ դատական համակարգին մեղադրում էր այն քողարկելու համար:

Այդ համատեղ բողոքը մեղմացրեց կիստերի մասին բազմաթիվ կարծրատիպերը, ասել է Կվախաձեն: «Երբ մարդիկ լսեցին Մաչալիկաշվիլիի և մյուսների հարցազրույցները, զարմացան, որ կիստերը լիովին տիրապետում են վրացերենին», – բացատրեց Կվախաձեն: «Նրանք նորից ստեղծեցին Պանկիսիի կերպարը»:

Գորգիշվիլին ասել է, որ սոցկայքերում տեսել է մի շարք բացասական ու ռասիստական մեկնաբանություններ Պանկիսիի ցույցերի մասին: «Կային շատ տրոլիներ, որտեղ ասվում էր. Դուք ահաբեկիչներ եք, վերադարձեք Չեչնիա», – ասաց նա: Այնուամենայնիվ, ընդհանուր կարծիքը նա դրական բնութագրեց:

Հետխորհրդային կողմնորոշում

Պանկիսի մուտքը վրացական հասարակություն, երկար գործընթաց էր:

«Խորհրդային տարիներին Պանկիսը շատ գյուղական էր ու մեկուսացված», – ասաց Կվախաձեն: «Մարդիկ, սովորաբար, աշխատել են տեղական կոլխոզում և դա էր ամբողջը: Դուք Թբիլիսիում մատերի վրա կարող էիք հաշվել կիստերին»:

Խորհրդային Միության փլուզումից հետո, Պանկիսի շատ բնակիչներ աշխատանք գտնելու համար տեղափոխվեցին այն ժամանակվա անկախ Չեչնիա, որտեղ լեզուն և մշակույթն ընդհանուր էր,  բայց 1999 թվականին պատերազմի պատճառով նորից վերադարձան:

Այնուհետև կիստերը սկսեցին շարժվել Վրաստանի մյուս շրջաններ:

«2005 թ.-ին կիստի ուսանողները առաջին անգամ սկսեցին վրացական պետական քննություններ հանձնել», – ասաց Կվախաձեն: «Նրանք սովորելու համար գնում էին Թելավի ու Թբիլիսի, հանդիպում վրացի ուսանողներին»: Երբ վերադառնում էին հովիտ, նրանք արդեն կապեր ու կրթություն ունեին արդյունավետ ակտիվիստներ դառնալու համար ու դրեցին Ժողովրդական Հավաքի հիմքը:

Այդ նույն ժամանակ, հովտում, Ջիբախեվի գյուցում սկսվեց նոր ոստիկանատան շինարարությունը, որի մոտակայքում էլ ապրիլի 21-ին տեղի ունեցավ բողոքի ցույցը:

Բնակիչները դա ընդունում են որպես տարածաշրջանի նկատմամբ իշխանության կոշտ մոտեցման շարունակություն: «Մենք արդեն ունենք մեկ ոստիկանատուն, հովտի գլխավոր Դուիսի գյուղում, և նրանք ոչինչ չեն անում», – ասում է Լեյլա Աչիշվիլին, տեղական հյուրատան սեփականատերը: Նոր ոստիկանատունը «նման է վերադարձ անցյալին` 1990-ականներին և 2000-ականների սկզբին»:

Չնայած Խադորի -3 ամբարտակի շինարարությունը ներկայում դադարեցված է, վերջին բողոքների թիրախն ավելի մեծ ամբարտակն է, որը պետք է կառուցվի հյուսիսում: Սամկուրացկալի-2-ի կարգավիճակը դեռ պարզ չէ:

Ներքին գործերի նախարար Գախարիան ասել է, որ առանց տեղի բնակչության 90 տոկոսի համաձայնության, հետագա գործունեություն չի ծավալվի, բայց Պանկիսիում քչերն են նրան հավատում: «Կառավարությունը մեզ ոչինչ չի ասել», – ասաց Գորգիշվիլին: «Մենք բոլորս սպասում ենք, թե ինչ է լինելու»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Թեգեր՝

Սեղմագիր՝

Բաժին՝  Ռեգիոն, Վրաստան, ԱՊՀ, , Քաղաքականություն

Write a comment