Միջուկային երկու գործարքների միջև թակարդված Էրդողանը Թուրքիային թույլ օղակ է դարձրել

Միջուկային երկու գործարքների միջև թակարդված Էրդողանը Թուրքիային թույլ օղակ է դարձրել

Հոդվածի առանցքում

  • Էրդողանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Թուրքիան ընտրության հնարավորություն ունի ու Միացյալ Նահանգների կամակատարը չէ, փոխարենը՝ օտարվեց իր արևմտյան գործընկերներից ու հիմա կարող է դառնալ Ռուսաստանի կամակատարը: Արևմտյան դաշնակիցներն իրենց դժգոհություններն ունեն, այդուհանդերձ, տարիների ընթացքում նրանք Թուրքիային օգնել են դառնալ հարուստ և ուժեղ: Պուտինի Ռուսաստանը Թուրքիայի համար այդպիսի ծրագրեր չունի:

Ուշադրությանն արժանի

Եթե կարծում եք, որ Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի հարաբերությունները շատ բուռն են, ուրեմն շատ բան եք բաց թողել:

2015թ.-ից ի վեր երկու դաշնակիցների մոտ պարբերաբար հիստերիայի բռնկումներ էին լինում, հաճախ՝ սիրիայի քրդերին ամերիկյան աջակցության պատճառով: Վաշինգտոնի համար իր վաղեմի դաշնակից Թուրքիան դառնում էր Մերձավոր Արևելքում ավելի քիչ վստահելի գործընկեր:

Թուրքերը Վաշինգտոնին երբեք չեն ների 2016թ.-ի ձախողված հեղաշրջման փորձին լուռ աջակցելու համար, ամերիկացիներն էլ լաիրժեք չեն համակերպվել երկիրը Մերձավոր Արևելքի ոչ լիբերալ ռեժիմի վերածելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծրագրի հետ:

Հարաբերություններն այնքան էին սրվել, որ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի կառավարության երկու պաշտոնյաների նկատմամբ՝ Թուրքիայում բանտարկված ամերիկացի հոգևորականի ազատումը երաշխավորելու նպատակով:

Բայց մինչև այժմ մեր տեսածը դեռ սկիզբն էր:

Ռուսական S-400 պաշտպանական համակարգ ձեռք բերելու Թուրքիայի որոշումը, հնարավոր է, տասնակմյակների պատմություն ունեցող դաշնակցային հարաբերություններում ճգնաժամի հիմնական պատճառը դարձավ:

Միացյալ Նահանգների համար ռուսական առաջադեմ ռազմական տեխնիկայի տեղադրումը ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից սպառնալիք է դաշինքի գաղտնիքների համար և կարող է նախադեպ դառնալ, որը կարող է վնասել ամերիկյան զենքի եկամտաբեր վաճառքի ծավալներին և մեծացնել Թուրքիայի կախումը Ռուսաստանից:

Վաշինգտոնը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներ կիրառել: Թուրքիան ասում է, որ Ռուսաստանի հետ S-400 -ի գործարքն արդեն կնքված է, բայց այն կարող է գնել նաև ամերիկյան արտադրության Պատրիոտները՝ անտեսելով տնտեսական կտրուկ անկումը, որի պարագայում երկու մեծ համակարգի ձեռբերումը Թուրքիայի համար ծանր բեռ կարող է դառնալ: Վաշինգտոնը պնդում է, որ Թուրքիան պետք է ընտրի միայն մեկը:

Բայց խնդիրն ավելին է, քան Թուրքիայի թանկարժեք խաղալիքի գնման շուրջ վեճը:

Ռուսները փորձում են օգտագործել ՆԱՏՕ-ի ներսի ճեղքերը, որպեսզի վերացնեն այն, ինչ մնացել է «Արևմտյան դաշինքից»: Թուրքիան խոցելի է, քանի որ Էրդողանին դժվար կլինի Սիրիա մտնել՝ առանց Ռուսաստանի համաձայնության:

Ի տարբերություն եվրոպացիների՝ Ռուսաստանի նախագահ Պուտինի համար միևնույնն է՝ ինչպես է Էրդողանն իր երկիրը կառավարում ու Էրդողանը դա գնահատում է:

S-400 –ի շուրջ խառնաշփոթը կամ կորոշի Թուրքիայի տեղն Արևմուտքում կամ էլ ուղի կբացի հյուսիսատլանտյան դաշինքը պաշտոնապես լքելու համար:

ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակցի կորուստն անխոս կթուլացնի դաշինքն ու կհանգեցնի ռուսական համակարգերի տարածմանը:

Այդուհանդերձ, դեռ պարզ չէ՝ որքա՛ն կարևոր է այս ամենը նախագահ Թրամփի համար: Նրա վարչակազմը շատ ուշ սկսեց S-400-ների լոբբին, հուլիսին սպասվող առաքմանն ընդառաջ Թրամփն Էրդողանին անհարմար դրության մեջ է դնում:

Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն առաջարկեց գնել և՛ ռուսական և՛ ամերիկյան համակարգերը ու Թրամփին խորհուրդ էր տվել համոզել Կոնգրեսին: Բայց դա հենց այն է, ինչ Կոնգրեսը չի ցանկանում անել՝ քաջ գիտակցելով, որ ռուսական տեխնիկայի ձեռքբերումը մյուսների համար նախադեպ կարող է դառնալ:

Առաջիկա չորս ամիսներին, լարվածությունն ամենայն հավանականությամբ, կաճի: Բոլորն արդեն մոլագարորեն մանևրում են, բացի ռուսներից:

Պուտինը – մաֆիայի պարագլուխն է, ու Էրդողանի տեսանկյունից ավելի հեշտ է մերժել Թրամփին, քան՝ Պուտինին:

Ավելին՝ ռուսներն Էրդողանին միայն ռազմական համակարգ չեն առաջարկում, ինչ-որ տեղ դա նաև նախագահական աթոռին մնալու երաշխիք է, այնպես, ինչպես ռուսների այլ դաշնակիցների դեպքում է օրինակ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պարագայում:

Մյուս կողմից, ամերիկացիներն էլ միայն Պատրիոտ չեն առաջարկում, նրանք առաջարկում են նաև դիրք «Արևմուտքում», դաշինք, որն ինքնավստահության պակաս ունի, այդուհանդերձ առայժմ լավագույն ակումբն է համարվում: Նույնսիկ եթե Էրդողանն այդ հայեցակարգին չի հավատում, այդուհանդրեձ՝ գիտակցում է, որ Արևմուտքից հեռանալը  Թուրքիայի համար էական հարված է: Այն կհանգեցնի նաև ժողովրդավարության հետագա վատթարացմանը, որի հետևանքով կնվազի նաև տնտեսության մեջ ներդրողների թիվը: Էրդողանը գիտի նաև, որ դեռ բանակցելու հնարավորություն կա: Ամերիկյան կարմիր գծերը, որպես կանոն, գծվում են ավազի վրա ու նա կփորձի համոզել Վաշինգտոնին փոխզիջման գնալ: Գուցե Թուրքիան S-400 -ները գնի ու պահեստավորի, կամ էլ ՝ վերավաճառի երրորդ կողմին:

Բայց համաձայնեցված գործարքը Թուրքիայի խնիրները չի լուծի: Էրդողանն ուժեղ մարդու տպավորություն է թողնում, բայց S-400-ների շուրջ հակասությունը փաստացի ցուցադրում է Թուրքիայի թույլ դիրքորոշումը:

Էրդողանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե Թուրքիան ընտրության հնարավորություն ունի ու Միացյալ Նահանգների կամակատարը չէ, փոխարենը՝ օտարվեց իր արևմտյան գործընկերներից ու հիմա կարող է դառնալ Ռուսաստանի կամակատարը:

Արևմտյան դաշնակիցներն իրենց դժգոհություններն ունեն, այդուհանդերձ, տարիների ընթացքում նրանք Թուրքիային օգնել են դառնալ հարուստ և ուժեղ: Պուտինի Ռուսաստանը Թուրքիայի համար այդպիսի ծրագրեր չունի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment