Ինչ է թաքնված Ռուսաստանի և Վրաստանի վերջին վիճաբանության ետևում

Ինչ է թաքնված Ռուսաստանի և Վրաստանի վերջին վիճաբանության ետևում

Հոդվածի առանցքում

  • Հասարակական վրդովմունքի մանիպուլյացիան կարող է կարճ ժամանակահատվածում լավ աշխատել, սակայն այն երկարատեւ ազդեցություն չի ունենում: Այսօր, Ղրիմի անեքսիայից հինգ տարի անց, Պուտինի վարկանիշը նվազել է, հասնելով 2014 թ.-ի մակարդակին: Լճացած տնտեսության պայմաններում Կրեմլի բժիշկները քիչ բան կարող են առաջարկել, «հարավային փոքր հարևանից» սպասվող «ռուսոֆոբիայի սպառնալիքից» բացի: Բայց արդյոք ռուսները կշարունակեն ընդունել հին խայծը: Հարցումները շուտով դա ցույց կտան:

Ուշադրությանն արժանի

Լարվածության վերջին սրացումները ծառայում են քաղաքական շահերին ինչպես Մոսկվայում, այնպես էլ Թբիլիսիում:

Գլոբալ քաղաքական շուկայում վիրավորանքը շատ շահութաբեր է, հատկապես Արևելյան Եվրոպայում: Վերջին ճգնաժամը Ռուսաստանի և Վրաստանի հարաբերություններում այդ ճշմարտության լավ ցուցադրումն է:

Այն սկսվեց շատ անսպասելի` Ռուսաստանի Դումայի անդամ Սերգեյ Գավրիլովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով: Նա Վրաստանում կայացած ուղղափառության հարցով միջխորհրդարանական վեհաժողովի այս տարվա նիստի պատվիրակության կազմում էր:

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած իրադարձության ժամանակ ռուս պատգամավորը 21 ուղղափառ երկրներից ժամանած պատվիրակություններին դիմեց խորհրդարանի խոսնակի նստատեղից, ինչն առաջացրեց արևմտամետ վրացի պատգամավորների կտրուկ արձագանքը և Թբիլիսիում բողոքի ալիք բռնկվեց:

Հեշտ է հասկանալ, թե ինչու Վրաստանում շատերը Գավրիովի գործողությունները հանգիստ չընդունեցին: Խորհրդային Միության փլուզումից հետո երկիրը Ռուսաստանի հետ սառեցված հակամարտության մեջ է, երբեմն մահացու բռնկումներով: 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո, Ռուսաստանը, փաստորեն, բռնագրավեց Վրաստանից անջատված երկու տարածքները`Աբխազիան և Հարավային Օսիան: Մոսկվան նաև փորձել է վնասել վրացական տնտեսությունը, ներմուծման արգելքներ սահմանելով վրացական ամենատարածված արտադրանքի`գինիների և հանքային ջրի վրա:

Հետագայում,  պատերազմից հետո արևմտամետ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հեռացավ Վրաստանից և այժմ աքսորի մեջ է, իսկ նոր կառավարությունը Ռուսաստանի նկատմամբ շատ ավելի մեղմ դիրքորոշում ընդունեց, ինչը հանգեցրեց հարաբերությունների ջերմացման: Պատժամիջոցները վերացվեցին և ռուս զբոսաշրջիկները շտապեցին Հարավային Կովկասի այդ երկիր, որը կարող է հպարտանալ հիանալի լեռնային վայրերով, ջերմ ծովով ու խոհարարական և գինեգործության հարուստ ավանդույթներով:

2018 թ.-ին Վրաստան է այցելել մոտ 1.4 միլիոն ռուսաստանցի, որը երկրի բոլոր զբոսաշրջիկների 20 տոկոսն է: Զբոսաշրջությունը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ 9 և բոլոր աշխատատեղերի 27 տոկոսը:

Չնայած մերձեցմանը, Ռուսաստանի նկատմամբ թշնամանքն ու այն որպես վտանգի ընկալումը երբեք չի անցել, այդ պատճառով, հունիսի 20-ին, երբ Գավրիլովը նստեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղը, շատերը վրդովվեցին:

Դա տեղի ունեցավ այն ժամանակաշրջանում, երբ «Վրացական երազանք» կոալիցիան դանդաղ կորցնում է իր դիրքերը Սահակաշվիլու հետ կապված ու ակտիվացած ընդդիմությանը, որն անցյալ տարի շատ քիչ տարբերությամբ պարտվեց նախագահական ընտրություններում և լավ շանսեր ունի 2020 թ.-ի խորհրդարանական ընտրություններում:

Ընդդիմությունն արագ օգտվեց վիճակից և հասարակական ցնցումների ալիք բարձրացրեց`     հետևելով «գունավոր հեղափոխության» սցենարին, որն օգնել էր Սահակաշվիլիին տարիներ առաջ: Ընդդիմության կողմնակիցները փորձեցին գրոհել խորհրդարանը, սակայն ոստիկաններն այն դաժանորեն ետ մղեցին, ինչի արդյունքում տասնյակ վիրավորներ եղան:

Ձախողվելով, նրանք անցան Մայդան ոճի բողոքին` ներքաղաքական հակամարտությունների միջազգայնացմանը: Դեպքի վայրից լուսանկարները ցույց են տալիս անգլերեն տասնյակ պաստառներ, որոնցից շատերը Ռուսաստանին կոչում են զավթիչ:

Կրեմլն էլ շտապեց հրապարակային վրդովմունք ցուցադրել: Կառավարական ԶԼՄ-ները դա ներկայացրեցին որպես ռուսատյացություն, կառավարությունն արգելեց Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների իրականացումը, ինչը մեծ հարված հասցրեց այդ երկրի զարգացող զբոսաշրջության ոլորտին:

Լարվածությունն ավելի սրվեց, երբ վրացական ընդդիմադիր հեռուստաընկերության հաղորդավար Գիորգի Գաբունիան անհարգալից խոսքեր ուղղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Դուման սպառնաց լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել, սակայն, ի վերջո, Կրեմլը որոշեց թուլացնել լարվածությունը, ինչն արեց և վրացական իշխանությունը (չնայած թռիչքի արգելքը ուժի մեջ է):

Տարածաշրջանի ազգային առաջնորդներից Պուտինը բոլորից լավ է ի շահ իրեն օգտագործում հրապարակային տրամադրությունը (չնայած հարևան երկրներում նրա հակառակորդները նույնպես արագ են սովորում): Նա գիտի, որ լավ կառավարվող զանգվածային վրդովմունքը մարդկանց ստիպում է մոռանալ սեփական իշխանությունների  կատարած վայրագությունների մասին և համախմբում է ենթադրյալ արտաքին սպառնալիքի դեմ:

Այս մտածելակերպը վերադարձնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակը, երբ գերմանացի նացիստների ներխուժումը, որոնք սլավոններին համարում էին ոչնչացման ենթակա ցածր ցեղ, միավորեց խորհրդային ժողովրդին իրենց մարդասպան բռնապետ  Ստալի շուրջ ( ճակատագրի հեգնանքով նա էթնիկ վրացի), ագրեսիան դիմակայելու համար:

Ընկալումը, որ Արևմուտքը սպառնում է երկրի գոյատևմանը, շարունակում է իշխել ռուսական կոլեկտիվ հոգեբանության մեջ: Այն շահարկվեց Ուկրաինայի Մայդանի հեղափոխությունից հետո, որը Կրեմլը հաջողությամբ ներկայացրեց որպես լուրջ վտանգ ինչպես սեփական, այնպես էլ Ուկրաինայի ռուսախոս բնակչությանը: Բնականաբար, այն ձևավորվում է Արևմուտքում: Մայդանի չափազանց ծայրահեղ ազգայնականության բաղադրիչը և Արևմուտքի աջակցությունը, անկասկած, նպաստեցին այդ բացասական ընկալումների ամրապնդմանը:

Ռուսաստանի հասարակությանը համոզելով, որ Մայդանը ոչ թե ժողովրդավարական շարժում է, այլ` սպառնալիք, Կրեմլը կարողացավ ապահովել համազգային աջակցությունը Ղրիմի բռնակցմանը, ինչն, իր հերթին, Պուտինի վարկանիշը հասցրեց 80 տոկոսի: Նույնիսկ այն մարդիկ, որոնք դեմ էին նրա վերընտրությանը և խորհրդարանական անարդար ընտրություններին, որի արդյունքում նրա կուսակցությունը պահպանեց մեծամասնությունը Պետդումայում, հավաքվեցին նրա շուրջ: Այսպիսով, Պուտինը արդյունավետ ձևով ներքաղաքական հակամարտությունը դուրս մղեց երկրից:

Հասարակական վրդովմունքի մանիպուլյացիան կարող է կարճ ժամանակահատվածում լավ աշխատել, սակայն այն երկարատեւ ազդեցություն չի ունենում: Այսօր, Ղրիմի անեքսիայից հինգ տարի անց, Պուտինի վարկանիշը նվազել է, հասնելով 2014 թ.-ի մակարդակին: Լճացած տնտեսության պայմաններում Կրեմլի բժիշկները քիչ բան կարող են առաջարկել, «հարավային փոքր հարևանից» սպասվող «ռուսոֆոբիայի սպառնալիքից» բացի: Բայց արդյոք ռուսները կշարունակեն ընդունել հին խայծը: Հարցումները շուտով դա ցույց կտան:

Նույնը վերաբերում է Վրաստանին: Ինչ տեղի կունենա քաղաքական դաշտում, հատկապես 2020 թ. ընտրությունների ժամանակ, արդյոք չափազանցված ռուսական սպառնալիքը կօգնի արթնացնել հին սովետական հոգեբանական կաղապարները:

Ինչևէ, երկու երկրում էլ անխուսափելիորեն կգա մի ժամանակ, երբ մարդիկ կասեն` ներողություն, մեզ դա այլևս պետք չէ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment