Կարծիք. Թեհրանում վերջին դիվանագիտական հույսն է
Հոդվածի առանցքում
- Գերմանիայի արտգործնախարարը գնաց Թեհրան դատարկաձեռն, և դատարկ ձեռքով վերադարձավ: «Թեհրանի հրաշքը» տեղի չունեցավ: Միջուկային համաձայնագիրը չփրկվեց, իսկ տարածաշրջանը հանկարծակի չփոխեց ընթացքը դեպի լարվածության թուլացում:
Ուշադրությանն արժանի
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի այցը Իրան հստակեցրեց, որ Մերձավոր Արևելքում Եվրոպայի դերն այդքան էլ մեծ չէ: Սակայն այդ դիվանագիտական ջանքերը դեռևս կարևոր են, ասում է Մաթիաս վոն Հեյնը:
Գերմանիայի արտգործնախարարը գնաց Թեհրան դատարկաձեռն, և դատարկ ձեռքով վերադարձավ: «Թեհրանի հրաշքը» տեղի չունեցավ: Միջուկային համաձայնագիրը չփրկվեց, իսկ տարածաշրջանը հանկարծակի չփոխեց ընթացքը դեպի լարվածության թուլացում: Ամեն դեպքում, ոչ ոք չպետք է «ճգնաժամի գոտի այցելությունից» մեծ ակնկալիքներ ունենար, ինչպես պարզաբանեց Մաասի խոսնակը: Ըստ էության, լարվածության համար պատասխանատու կողմը Պարսից ծոցում՝ Միացյալ Նահանգները, քննարկումներին չէր մասնակցում:
Վաշինգտոնի «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, ինչպես նախատեսված էր, հարվածեց Իրանի տնտեսությանը: Նավթի արտահանումը խափանվել է, երկրում սղաճ է, արժույթն արժեզրկվում է: Ճնշումը նաև Իրանի ներքին քաղաքականության մեջ է: Արդյունքը. Իրանի «ռազմավարական համբերությունը» գրեթե սպառվել է: Թեհրանը պահանջում է կոնկրետ օգնություն `ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու համար կամ, ավելի ճիշտ, դրանց կասեցումը: Հակառակ դեպքում այն սպառնում է, որ սկսած հուլիսի 7-ից կսկսի իրականացնել միջուկային համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների վերահսկելի խախտումներ, մասնավորապես, խոսքը ուրանի հարստացման մասին է թույլատրելի շեմից դուրս:
Եվրոպացիները Թեհրանին ոչինչ չունեն առաջարկելու
Սակայն Գերմանիայի բարձրաստիճան դիվանագետը ոչինչ ավելին չի կարող առաջարկել, քան INSTEX եվրոպական առևտրային փոխանակման համակարգը` որպես ամերիկյան ֆինանսական պատժամիջոցների շրջանցման միջոց: Մինչ այժմ, INSTEX- ի միջոցով ոչ մի գործարք չի կատարվել: Եվրոպացիները կողմ են միջուկային համաձայնագրին և ունեն դրա պատճառները: Սակայն նրանք անօգնական են ԱՄՆ վարչակազմի կամքին դեմ համաձայնությունը պահպանելու հարցում: Նրանք չեն կարողանում ապահովել տնտեսական փոխանակում և առևտուր, որը խոստացվել էր միջուկային զենքի վերահսկողության դիմաց: Բանկերը ևԱՄՆ–ի ներդրումներով բիզնեսները վախենում են, որ ամերիկյան ֆինանսական մարմինները կթիրախավորեն իրենց:
Իրավիճակը բարդանում է նրանով, որ Վաշինգտոնը կարծես չունի հստակ նպատակներ Իրանում: Արդյո՞ք դա ռեժիմի փոփոխությունն է, ինչպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է ներկայացրել: Կամ պարզապես «ավելի լավ համաձայնագիր»: Եվ եթե ԱՄՆ–ը իսկապես ձգտում է հետագա բանակցություններ ունենալ, ինչպես նշում է Թրամփը և նրա պետքարտուղար Մայք Պոմպեոն, ապա ինչու է այս առաջարկին զուգորդում պատժամիջոցների խստացման նոր փուլ, ինչպես անցյալ ուրբաթ օրը: Ամեն դեպքում, իրական հարցն այն է, թե ինչու Թեհրանը պետք է հավատա Սպիտակ տան ցանկացած նոր խոստումներին, երբ Միացյալ Նահանգները արդեն վաղուց խախտել է նախորդ պայմանավորվածությունները:
Հաղորդակցման ամեն միջոց կարևոր է
Եվ այնուամենայնիվ, ռազմական օդանավերի, զինված ուժերի և ռմբակոծիչների տեղակայման հետ մեկտեղ դիվանագետների այցելություններն այստեղ դրական երևույթ է: Իրավիճակը չափազանց վտանգավոր է: Ոչ մի կողմ պատերազմ չի ուզում, հնարավոր բացառությամբ Բոլտոնի, բայց բոլորը պատրաստվում են և սպասում դրան: Այս իրավիճակում անհամապատասխանությունները կարող են հանգեցնել հնարավոր աղետի: Հաղորդակցման ամեն միջոց անգնահատելի է: Հատկապես, եթե Վաշինգտոնը և Ռիադը նույնպես որոշակիորեն կապված են դրանց հետ:
Ի վերջո, սակայն, հնարավոր չէ խուսափել Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ բանակցություններից: Ամբողջ աշխարհը հետաքրքրված է այդ բանակցություններով, և Մաասը Թեհրանում կանդրադառնա դրան: Սակայն Իրանը դժվար թե պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, երբ պատժամիջոցների սուրը դրված է իր կոկորդին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ