Կարծիք. Գերմանիայում անհանգիստ ժամանակներ են
Հոդվածի առանցքում
- Հաշվի առնելով Գերմանիայի կարևոր դերակատարությունն աշխարհում, չպետք է թույլ տալ, որ ներքաղաքական ու ներկուսակցական ինտրիգները որոշեն, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա օրերին: ՍԴԿ-ին և ՔԴՄ-ին պետք է խորհուրդ տալ չշտապել, նախագծել ճիշտ հետևանքները և չմտածված քայլերի չդիմել: Գերմանիան կարող է քաղաքականապես կայուն և դաշնակիցների համար հուսալի գործընկեր լինել միայն այն դեպքում, եթե պատասխանատու անձինք մտածեն ապագա քաղաքական հետևանքների և ոչ թե միայն ներկայում քաղաքական իշխանությունը պահելու մասին:
Ուշադրությանն արժանի
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անդրեա Նահլեսի հրաժարականը ավելի հավանական է դարձնում արտահերթ ընտրությունը Գերմանիայում: Սակայն ՔԴՄ-ն և ՍԴԿ-ն պետք է խուսափեն հապճեպ որոշումներից, ասում է DW- ի գլխավոր խմբագիր Ինես Փոլը:
Մեկ շաբաթ առաջ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները քաղաքական երկրաշարժ առաջացրին Գերմանիայում, որի ավերիչ հետևանքներն այժմ զգացվում են:
Կիրակի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անդրեա Նահլեսի հայտարարությունը, թե կհրաժարվի լինել կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավարը, շատ ավելին է, քան Գերմանիայի ՍԴԿ-ի ներքին խնդիրը: Դա խորհրդանիշն է այն ճգնաժամի, որին բախվել են ՍԴԿ-ն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քրիստոնյա- դեմոկրատները: Դաշնային Հանրապետության հիմնադրման պահից երկու հիմնական կուսակցությունները պատասխանատու են յուրաքանչյուր ընտրված կանցլերի համար:
Այսօր ոչ մի կուսակցությունում չկա կայունություն, որն անհրաժեշտ է ղեկավարի իրական պատասխանատվությունը ստանձնելու համար: Սա վերաբերում է ինչպես նրանց քաղաքականությանն, այնպես էլ աշխատակազմին:
ՔԴՄ. Հին, մաշված
Նախ՝ Քրիստոնյա-դեմոկրատական միությունը: Համապետական ընտրություններում ՔԴՄ-ի պարտությունից հետո Մերկելը հրաժարական տվեց կուսակցության առաջնորդի պաշտոնից, ինչի հետևանքով էլ կուսակցության քաղաքական պայքարը դուրս է եկել հսկողությունից:
Անեգրետ Քրամփ-Կարենբաուերը, կուսակցության նոր առաջնորդը և Մերկելի պոտենցիալ իրավահաջորդը, բավական անհաջող է ղեկավարում: Եվրոպական նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հանդուրժողականություն ցուցաբերեց ՔԴՄ / ՍԴԿ պահպանողական բլոկի աջ ծայրահեղականների նկատմամբ, ինչը ոչ միայն օգուտ չտվեց կուսակցությանը, այլ՝ հակառակը:
Իսկ ավելի լուրջ էր աղետը հասարակության հետ հարաբերություններում, որն առաջացավ YouTuber- ի հետ, կուսակցությանը քննադատող տեսանյութի պատճառով: Այստեղ Անեգրետ Քրամփ-Կարենբաուերը կոշտ դիրքորոշում ցուցադրեց, կոչ անելով խստացնել ինտերնետի կարգավորումը: Նա վնասեց ոչ միայն իր, այլև ամբողջ կուսակցության իմիջը` այն դարձնելով հին, մաշված, ապագայի համար ոչ պիտանի:
ՍԴԿ. Փնտրում է իր տեղը
Սոցիալ-դեմոկրատների վիճակն ավելի բարդ է: Վեց տարի շարունակ կուսակցությունը «մեծ կոալիցիայի» կրտսեր գործընկեր լինելով, չկարողացավ սեփական ուժերով հակազդել կանցլերի խելացի մանևրներին: Անկախ նրանից, դա նվազագույն աշխատավարձին է վերաբերում, թե երեխայի խնամքին, Մերկելին միշտ հաջողվել է վերցնել սոցիալ-դեմոկրատների նախաձեռնած գրեթե բոլոր բարեփոխումների քաղաքական գնահատականները:
Սեփական քաղաքականությունը ստեղծելու և գերմանական կուսակցական դաշտում իր տեղը գտնելու հիմնախնդիրը լուծելու փոխարեն, ՍԴԿ-ն ներգրավված է ներքին հակասությունների և ղեկավարության փոփոխությունների մեջ:
Հիմա էլ ՍԴԿ-ի ղեկավարը պետք է հրաժարվի իր դիրքից: Սա նշանակում է, որ ամեն ինչ սպասելի է: Կուսակցությունը հասել է այնպիսի ցածր կետի, որ շատերը պարզապես կոչ են անում վերջ տալ «մեծ կոալիցիային»՝ անկախ հետևանքներից:
Ոչ մի հապճեպ որոշում
Բայց դա վտանգավոր է: Իսկ ի՞նչ կլինի, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան այս տարի: Ոչ ՍԴԿ-ն, ոչ էլ պահպանողականները վերևում համոզիչ թվեր չունեն: Նրանցից ոչ մեկը չունի բավականաչափ կայուն նախընտրական պլատֆորմ, Գերմանիայի քաղաքացիների մտահոգությունները լուծելու համար: Կլիմայի պահպանության հարցը հենց այդ մտահոգություններից մեկն է:
Այս պահին Գերմանիան կանգնած է ժողովրդավարության ամուր հիմքի վրա: Նույնիսկ եթե նոր ընտրություններ անցկացվեին, վտանգ չկա, որ աջ ազգայնականները կամ պոպուլիստները իշխող մեծամասնություն կդառնան: Դա լավ նորություն է այս բարդ ժամանակներում:
Գերմանիայի դերը աշխարհում
Հաշվի առնելով Գերմանիայի կարևոր դերակատարությունն աշխարհում, չպետք է թույլ տալ, որ ներքաղաքական ու ներկուսակցական ինտրիգները որոշեն, թե ինչ է տեղի ունենալու առաջիկա օրերին: ՍԴԿ-ին և ՔԴՄ-ին պետք է խորհուրդ տալ չշտապել, նախագծել ճիշտ հետևանքները և չմտածված քայլերի չդիմել:
Գերմանիան կարող է քաղաքականապես կայուն և դաշնակիցների համար հուսալի գործընկեր լինել միայն այն դեպքում, եթե պատասխանատու անձինք մտածեն ապագա քաղաքական հետևանքների և ոչ թե միայն ներկայում քաղաքական իշխանությունը պահելու մասին:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ