Հարվարդի տնտեսագետ. նավթի գները կարող են նույնիսկ ավելի ցածր ընկնել

Հոդվածի առանցքում

  • Տնտեսագետը կանխատեսում է, որ վաղ, թե ուշ կլինի նավթի գնի կոլապս:
  • Նավթի ցածր գինը կարող է վտանգավոր ազդեցություն ունենալ այն երկրների վրա, որոնք առանցքային են գլոբալ կայունության համար:
  • Ի տարբերություն Եվրոպայի և աշխարհի այլ մասերի, ԱՄՆ-ում բենզինի հարկերը ցածր են, ուստի նավթի գինն է հանդիսանում բենզինի գնի հիմնական որոշիչը:
  • Իտալացի մասնագետի կանխատեսմամբ՝ մեկ տարվա ընթացքում նոր գները կտատանվեն 75 -90 դոլարի սահմաններում:

Ուշադրությանն արժանի

Իտալացի էներգետիկ ոլորտի տնտեսագետ Լեոնարդո Մաուգերին ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռևս  2012 թ., երբ կանխատեսել է, որ նավթի մատակարարումը «կարող է հանգեցնել առատ գերարտադրության և նավթի գների կտրուկ  անկմանը»: Հոկտեմբերին նրա կանխատեսումները իրականացան:  Իր տված հարցազրույցում, Հարվարդի Բելֆեր կենտրոնի աշխատակիցը կիսվեց, թե ինչպե՞ս է արել իր կանխատեսումները և որքա՞ն ցածր նավթի գները կարող են դեռ ընկնել:

-Ինչպե՞ս կանխատեսեցիք, որ դա տեղի կունենա 2012 թ.:

Հսկայական ծախսեր էին արվում ամբողջ աշխարհում՝  նավթի հանքերը զարգացնելու կամ արդիականացնելու ուղղությամբ: Ահա թե ինչու ես արեցի այդ զգուշացումը:

Կա աճող արտադրական ներուժ, որն էլ ավելի կաճի առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Վաղ թե ուշ, մենք կունենանք նավթի գնի կոլապս: Վերացական էկոնոմետրիկ մոդելների փոխարեն, մարդիկ պետք է ավելի խորը նայեն, թե ինչ է կատարվում իրական աշխարհում:

-Այսպիսով, նավթի ցածր գները վատ են անդրադառնում նավթային ընկերությունների վրա: Իսկ ինչպե՞ս է այն անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա:

Դա լավ է համաշխարհային տնտեսության համար: Ավելի բարձր գները զգալիորեն նվազեցնում են աճի տոկոսադրույքը: Սակայն ցածր գները կարող են վտանգավոր ազդեցություն ունենալ այն երկրների վրա, որոնք առանցքային են գլոբալ կայունության համար՝ Սաուդյան Արաբիան, Իրանը և Ռուսաստանը:

Այդ երկրների պետական եկամուտները ավելի քան 50  տոկոսով կախված են նավթից ու գազից: Նախկինում այդ երկրները պետք է օգտագործեին իրենց նավթից գոյացած եկամուտները՝ ներքին կարիքները սուբսիդավորելու համար:

Բայց, եթե Սաուդյան Արաբիան կորցրեց իր ներքին կայունությունը,  կարող է լուրջ խնդիր դառնալ:

-Ինչո՞վ է պայմանավորված բենզինի գների տեղաշարժը, և ինչու՞ է դա ազդել միայն բենզինի վրա:

Ի տարբերություն Եվրոպայի և աշխարհի այլ մասերի, ԱՄՆ-ում բենզինի հարկերը շատ, շատ ցածր են, ուստի նավթի գինն է հանդիսանում բենզինի գնի հիմնական որոշիչը: Եվրոպայում, օրինակ, բենզինի սպառողական գնի ավելի քան 50 տոկոսը կազմում են հարկերը:

Մի քանի օր է անհրաժեշտ, որպեսզի հումքից մինչև գազալցակայան գինը կարգավորվի: Մեծ ընկերությունները չեն զգա ազդեցությունը կարճաժամկետում, քանի որ նրանք արդեն ունեն պայմանագրեր, որոնք հստակ կազմված են: Բայց նրանք կսկսեն զգալ ազդեցությունը հաջորդ տարվա ընթացքում:

-Որքա՞ն  կշարունակվի ցածր նավթի գների շրջանը:

Չկա անմիջական հնարավորություն միանգամից վերականգնելու նավթի գները: Ես կարծում եմ, որ մենք ցածր գների մի նոր փուլում ենք:

Մեծ հարց է, կարո՞ղ են, արդյոք, նավթի գները պահպանվել մոտ 80- 90 դոլար մեկ բարելի դիմաց սահմաններում, թե՞ դրանք կարող են իջնել ավելի ցածր: Կարծում եմ մեկ տարվա ընթացքում, առնվազն, նոր գները կտատանվեն 75 -90 դոլարի սահմաններում:

Հաջորդ մի քանի տարիները լինելու են ցածր նավթի գների տարիներ: Նոր արտադրական ներուժը արդեն ստեղծված է, սակայն կան երկրներ՝ Բրազիլիա, Ղազախստան, Կանադա, որոնք կարող են ավելացնել արտադրողականությունը: Սակայն պահանջարկի հնարավորության մեծացումը առնչվում է էներգաարդյունավետության և բնապահպանական օրենսդրությունների հետ:

Հեղինակ՝ Ջեկ Նյուշամ

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment