Ինչպես պաշտպանել ՕՊԵԿ-ը և ինչպես են նավթ արտադրողները դիմակայելու պահաջարկի անկմանը

Ինչպես պաշտպանել ՕՊԵԿ-ը և ինչպես են նավթ արտադրողները դիմակայելու պահաջարկի անկմանը

Հոդվածի առանցքում

  • Ինդուստրացված երկրներում նավթի պահանջարկը 2005-ի օրական 50,1 միլիոն բարելից 2013-ին նվազել է մինչև 45,5 բարել: Պահանջարկի նվազումը նախորդել է գլոբալ ճգնաժամին: Այս տեղաշարժերը ամենայն հավանականությամբ նավթի շուկայում երկարատև կառուցվածքային փոփոխությունների արդյունք են:
  • «Brown» համալսարանի քաղաքագիտության գիտնական Ջեֆ Կոլգանի վերջին հետազոտությունները, որոնք ընդգրկում են 1982-2009 թթ. բացահայտել են, որ ՕՊԵԿ-ի երկրները ժամանակի ընթացքում փոփոխել են իրենց համախառն քվոտաների 96 տոկոսը: Իրենց նպատակների տարբերությունների պատճառով ՕՊԵԿ-ի երկրները համագործակ­ցության ընթացքում բազմաթիվ խնդիրներ են ունեցել:
  • Կարճաժամկետ հեռանկարում սահմանափակ մատակարարումը կարող է նպաստել նավթի գների բարձրացմանը և նավթային եկամուտների ավելացում ապահովել ՕՊԵԿ-ի համար: Սակայն երկարաժամկետ հեռանկարում գների բարձրացումը կհանգեցնի հիմնական նավթ սպառող երկրների պահանջարկի նվազեցմանը:
  • Նավթային երկրները կարող են ավելի մեծ եկամուտներ ապահովել նավթի օգտագործման սեփական ծավալների կրճատման շնորհիվ՝ դրանով իսկ ապահովելով արտահանման ծավալների մեծացումը: Վառելիքի ծավալի օգտագործման կրճատման համար պետությունները կարող են ավելացնել բնական գազի համակարգերի կառուցումը և աստիճանաբար հրաժարվել տեղական գազային և դիզելային սուբսիդիաներից, որոնք թանկ են և միաժամանակ նպաստում են անխնա օգտագործմանը:
  • Անկախ նրանից, թե դեպքերն ինչպես կզարգանան, նավթից անցումը պետք է օժանդակել հատկապես այն պատճառով, որ էկոլոգիական տեսանկյունից ակնհայտ է դառնում, որ հանածո վառելանյութերի առյուծի բաժինը, այդ թվում նաև նավթային պաշարների մեծ մասը, պետք է մնան երկրի ընդերքում:

Ուշադրությանն արժանի

Նոյեմբերին ՕՊԵԿ-ը որոշել է չնվազեցնել արտադրությունը՝ հում նավթն ուղարկելով հինգ տարվա կտրվածքով ամենացածր գնով, որպեսզի նավթ արդյունահանող երկրները կարողանան դիմակայել նավթի պահանջարկի գլոբալ նվազմանը՝ չնայած նավթի գների կտրուկ անկմանը: Կարտելի որոշ անդամների համար այս որոշումը ողջունելի չի եղել: ՕՊԵԿ-ը ճնշումների է ենթարկվում Տեխասում, Հյուսիսային Դակոտայում և Հյուսիսային Ամերիկայի այլ վայրերում թերթաքարային արդյունահանման ավելացման արդյունքում: Վենեսուելան և Իրանը ցանկանում էին կրճատել արդյունահանումը՝ հուսալով, որ գները կբարձրանան: Սակայն ՕՊԵԿ-ի ամենաազդեցիկ անդամ Սաուդյան Արաբիայում որոշում կայացնողները վճռել են պահպանել ՕՊԵԿ-ի շուկայի բաժինը, նույնիսկ եթե դա առանձին գնով լինի:

Եթե խնդիրը միայն թերթաքարերը լինեին, Սաուդյան Արաբիայի ռազմավարությունը միգուցե և հաջողության հասներ, սակայն ՕՊԵԿ-ի առաջ ծառացել է առավել ահարկու մի սպառնալիք՝ նավթի համաշխարհային պահանջարկի նվազումը: Ինդուստրացված երկրներում նավթի պահանջարկը 2005-ի օրական 50,1 միլիոն բարելից 2013-ին նվազել է մինչև 45,5 բարել: Պահանջարկի նվազումը նախորդել է գլոբալ ճգնաժամին: Այս տեղաշարժերը ամենայն հավանականությամբ նավթի շուկայում երկարատև կառուցվածքային փոփոխությունների արդյունք են, ինչպիսիք են օրինակ էներգետիկ արդյունավետության բարձրացումը:

Էներգիայի միջազգային գործակալությունը ակնկալում է նավթի պահանջարկի նվազում ինդուստրացված աշխարհի կողմից, ինչն ավելի քան փոխհատուցվում է զարգացող աշխարհի, հատկապես Չինաստանի և Հնդկաստանի՝ էներգակիրների նկատմամբ աճող պահանջարկով: Արդյունքում գործակալությունը ակնկալում է, որ մինչև երկու հազար քառասունը նավթի համաշխարհային պահանջարկը կաճի:

Սակայն շատ փորձագետներ գտնում են, որ նավթի համաշխարհային պահանջարկը շատ ավելի շուտ կհասնի իր բարձրակետին, ինչը նրանք մեկնաբանում են վառելանյութի փոփոխման, նավթի վրա սուբսիդիաների վերացման և էներգիայի աճող արդյունավետությամբ:  Օրինակ, «Citigroup»-ը կանխագուշակում է, որ 2020-ին նավթի պահանջները կհամահարթեցվեն: Եթե  Citigroup-ը ճիշտ է, ապա ՕՊԵԿ-ի անդամները, որոնց տնտեսությունները հիմնականում կախված են հում նավթի արտահանումից, լուրջ վտանգի մեջ են: Սակայն ՕՊԵԿ-ի պետությունները պահանջարկի նվազմանը դիմակայելու համար կարող են հետևել ամենաքիչը չորս տարբեր ռազմավարությունների, չնայած այն հանգամանքին, որ այս ծրագրերից ոչ մեկը հեշտ չէ, և, ոչ մեկի հաջողությունն էլ չի  երաշխավորվում:

«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄԻԱՍԻՆ»

Գները բարձրացնելու համար նավթի խոշոր արտահանողները կարող էին նախ և առաջ միասին  գործել, որպեսզի փորձեն կրճատել նավթի գլոբալ մատակարարումը: Սակայն պատմականորեն ձևավորվել է այնպես, որ բարդ է միասին գործողություններ կազմակերպելը: Թեև ՕՊԵԿ-ը 1982 թ. ներմուծել է քվոտաների համակարգը՝ փորձելով սահմանափակել համաշխարհային մատակարարումը, պրակտիկայում գործակալությունն ամենից հաճախ կարգավորել է իր քվոտաները՝ հավասարեցնելով այն արտադրության իրական մակարդակի հետ, և ոչ թե հակառակը: «Brown» համալսարանի քաղաքագիտության գիտնական Ջեֆ Կոլգանի վերջին հետազոտությունները, որոնք ընդգրկում են 1982-2009 թթ. բացահայտել են, որ ՕՊԵԿ-ի երկրները ժամանակի ընթացքում փոփոխել են իրենց համախառն քվոտաների 96 տոկոսը: Իրենց նպատակների տարբերությունների պատճառով ՕՊԵԿ-ի երկրները համագործակ­ցության ընթացքում բազմաթիվ խնդիրներ են ունեցել: Այսպես կոչված կոշտ գնային  կուրսի կողմնակից երկրները, մասնավորապես Իրանն ու Վենեսուելան, նավթային միատեսակ պաշարներ ունեն՝ իրենց բնակչության համեմատությամբ, և ցանկանում էին կարճաժամկետ հեռանկարում ավելացնել գները: Սակայն այսպես կոչված խաղաղ քաղաքականության կողմնակից  երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, բավականին մեծ պաշարներ ունեն և երկարաժամկետ հեռանկարում կարող են իրենց ճոխություն թույլ տալ: Նրանք կարող են իրենց թույլ տալ՝ գները պահել ցածր մակարդակի վրա՝ վերացնելու համար ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող մրցակից երկրներին, ապա աստիճանաբար կրկին բարձրացնել գները:

Նավթի մատակարարման ծավալների սահմանափակումը, սակայն, լոկ ժամանակավոր թեթևացում կապահովի նավթի կառուցվածքային պահանջարկի նվազման  նկատմամբ:  Կարճաժամկետ հեռանկարում սահմանափակ մատակարարումը կարող է նպաստել նավթի գների բարձրացմանը և նավթային եկամուտների ավելացում ապահովել ՕՊԵԿ-ի համար: Սակայն երկարաժամկետ հեռանկարում գների բարձրացումը կհանգեցնի հիմնական նավթ սպառող երկրների պահանջարկի նվազեցմանը:

ՎԱՃԱՌՔԻ ՄՐՑԱՎԱԶՔ

Եթե նավթի հիմնական արդյունահանող երկրները չկարողանան համագործակցել միմյանց հետ, նրանք պետք է պարզեն, թե ինչպես ավելացնել իրենց սեփական եկամուտները: Անցյալում ՕՊԵԿ-ի երկրները հաճախ որոշում էին քիչ արդյունահանել՝ հուսալով, որ հետագայում նավթն ավելի թանկ կարժենա: Սակայն, հաշվի առնելով նավթի պահանջարկի կառուցվածքային նվազումը, այս ռազմավարությունը կենսունակ չէ: Ընդհակառակը, ՕՊԵԿ-ի երկրները ձգտում են այս պահին արդյունահանել և վաճառել այնքան նավթ, որքան հնարավոր է, և չսպասել, որ հետագայում գներն ավելի իջնեն:

Եթե արդյունահանողները վաճառքի մրցավազքի դուրս գան, համընդհանուր գները միանգամից կիջնեն,  ինչը կարող է կրկին գրավել նավթի սպառողներին: Սակայն կան հիմնավոր պատճառներ կասկածելու այս ռազմավարության հաջողությանը: Տեխնիկական սահմանափակումների պատճառով նավթի արդյունահանող երկրները չեն կարող ցանկացած պահի որոշել և միանգամից ավելացնել արդյունահանման ծավալները: Նրանք կարող են նավթային պաշարների որոնման և նավթի արդյունահանման բնագավառում ներդրումներն ավելացնելու  վերաբերյալ որոշումներ կայացնել, սակայն պահանջարկի նվազման միտումների պարագայում նրանք հազիվ թե դիմեն այդ քայլին:

ՀԵՏԵՎԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆԸ

Առանց գնային պատերազմների քվոտաներին դիմելու իրենց նավթային պաշարներից հնարավորինս մեծ եկամուտներ ստանալու համար՝ նավթ արդյունահանող երկրները կարող են ձգտել արդյունահանման առավելագույն արդյունավետության, ինչը կարող է նվազեցնել նավթի արդյունահանման ինքնարժեքը: Տիպային նավթամբարները վերականգնման 35  տոկոս արագություն ունեն, սակայն այս բաժինը կարող է ավելացվել այսպես կոչված նավթարդյունահանող հարթակների արդյունավետության բարձրացման մեթոդների շնորհիվ: Էներգիայի միջազգային գործակալության հաշվարկների համաձայն խոշոր նավթային հանքավայրերի նկատմամբ այս մեթոդների կիրառումը հնարավորություն կտա լրացուցիչ 300 միլիարդ բարելով ավելացնել հում նավթի արդյունահանումը, ինչն ավելին է, քան Սաուդյան Արաբիայի նավթային պաշարների ամբողջ ծավալը:

Սակայն նորագույն տեխնոլոգիաների ներդրման համար նավթարդյունահանողները պետք է առավել բաց լինեն արտասահմանյան ներդրումների համար: Նավթարդյունահանող երկրների մեծամասնությունը հենվում է ազգային նավթային ընկերությունների վրա, որոնց արդյունավետությամբ զիջում են  արտասահմանյան ֆիրմաներին: Նավթային երկրները կարող են ավելի մեծ եկամուտներ ապահովել նավթի օգտագործման սեփական ծավալների  կրճատման շնորհիվ՝ դրանով իսկ ապահովելով արտահանման ծավալների մեծացումը: Վառելիքի ծավալի օգտագործման կրճատման համար պետությունները կարող են ավելացնել բնական գազի համակարգերի կառուցումը և աստիճանաբար հրաժարվել տեղական գազային և դիզելային սուբսիդիաներից, որոնք թանկ են և միաժամանակ նպաստում են անխնա օգտագործմանը: Այս միջոցառումները նավթարադյունահանող երկրների համար կարող են լրացուցիչ առավելություն ունենալ՝ կրճատելով ածխաթթու գազի արտանետումների ծավալը և ավելի մրցունակ դարձնելով վերականգնվող էներգիան:

ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե վերը շարադրված ռազմավարությունները հաջողության չհասնեն, չորրորդը  մեծ հնարավորություններ ունի հաջողության հասնելու համար. նավթ արդյունահանող երկրները ապագային պատրաստվելու համար պետք է դիվերսիֆիկացնեն իրենց տնտեսությունները, որի դեպքում նավթային շուկան էականորեն կկրճատվի:

Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն այն երկրները, որոնք բազմազանեցրել են իրենց արտահանումը, երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ աճի հնարավորություն ունեն, քան նրանք, որոնք հենվում են արտահանման սահմանափակ ապրանքների վրա: Սակայն նավթ արդյունահանող երկրներից շատ քչերին է հաջողվել ազատվել նավթի արտահանման նկատմամբ կախվածությունից:

Ինդոնեզիան և Մալայզիան հաջողությամբ բազմազանեցրել են իրենց տնտեսությունները՝  հաջողության  հասնելով արտադրության բնագավառում, սակայն նրանք ի սկզբանե  բնակչության քանակին համարժեք այնքան նավթ կամ գազ չեն արդյունահանել, որքան ՕՊԵԿ-ի անդամ պետությունները: Դուբայը ներգրավում է արտասահմանյան ներդրումները ինֆրակառուցվածքների, ծառայությունների և բիզնեսի  բնագավառում, սակայն արտաքին աշխատուժից և կարողություններից երկրի մեծ կախվածության պատճառով զարգացման այս յուրահատուկ մոդելը դժվար կրկնօրինակելի է դառնում: Նավթով հարուստ երկրները, որոնք քիչ նավթ են արդյունահանում, դրանով իսկ կրճատելով ածխաթթու գազի արտանետումները, կարող են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությունների շրջանակային կոնվենիցայի (UNFCCC) և Կիոտոյի արձանագրության շրջանակներում փոխհատուցում պահանջել:  UNFCCC-ի 4.8 հոդվածն ու Կիոտոյի արձանագրության 2.3 և 3.14 հոդվածները պայմանագրերի կողմերից պահանջում են միջոցներ ձեռնարկել՝ արտանետումների ծավալների կրճատման միջոցով նվազեցնելու էներգիա արտադրող երկրների ազդեցությունը: ՕՊԵԿ-ի անդամները պնդում են, որ դա պետք է դրամական փոխհատուցում ներառի, քանի որ նրանք կորցնում են նավթի հնարավոր եկամուտները, ինչպես նաև օժանդակի տնտեսության դիվերսիֆիկացիային: Այնուամենայնիվ նրանց կոչերը մինչև օրս հիմնականում մերժվել են: Անկախ նրանից, թե դեպքերն ինչպես կզարգանան, նավթից անցումը պետք է օժանդակել հատկապես այն պատճառով, որ էկոլոգիական տեսանկյունից ակնհայտ է դառնում, որ հանածո վառելանյութերի առյուծի բաժինը, այդ թվում նաև նավթային պաշարների մեծ մասը, պետք է մնան երկրի ընդերքում: ՕՊԵԿ-ի երկրները բախվում են լուրջ տնտեսական սպառնալիքի հետ, սակայն եթե նրանք դիվերսիֆիկացնեն իրենց տնտեսությունները, այս պայքարից կարող են ավելի ուժեղ դուրս գալ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment