Օբամայի մեծագույն ձախողումը

Օբամայի մեծագույն ձախողումը

Հոդվածի առանցքում

  • Իր առաջին նախագահական քարոզարշավի ժամանակ, 2008 թվականին, Օբաման խոստացավ փոխել Վաշինգթոնի այլանդակ կուսակցականության էջը:
  • Օբաման խոստացավ միավորել դեմոկրատներին ու հանրապետականներին ՝ կազմելու մի օրակարգ, որը կաշխատի ամերիկացի ժողովրդի համար:
  • Մինչդեռ, ավելի ուշ Օբաման խոստավանեց, որ լավատես է եղել և չի կարողացել այն իրականացնել:
  • Անելանելի իրադրությունն ու քաղաքական թշնամանքը առաջանում են, երբ կուսակցությունները կառչում են այլևս չգործող հին գաղափարներից, երբ իրադարձությունները դուրս էին հին քաղաքական պատկերացումների շրջանակից, բայց քաղաքական գործիչները չեն կարողանում ստիպել իրենց՝ հրաժարվել դրանցից:

Ուշադրությանն արժանի

Բարաք Օբամայի նախագահության բոլոր հիասթափություններից հավանաբար ամենամեծը նրա անկարողությունն էր իրականացնել իր նախընտրական խոստում ՝ փոխել Վաշինգթոնի քաղաքական մշակույթը: Գրեթե բոլորն էլ համաձայն են, որ նա իշխանության եկավ երկրի մայրաքաղաքում ապականված քաղաքականության ժամանակահատվածում: Նա խոստացավ փոխել այն, սակայն ոչ ոք վստահ չի կարող ասել, որ իրադրությունը այժմ ավելի լավ է: Սակայն հիմնական տարաձայնությունը այն հարցի շուրջ է, թե ով է իր վրա կրում Օբամայի գրեթե 5-ամյա նախագահության ընթացքում շարունակվող ազգային քաղաքականության անհաջողությունների մեղքը: Դիտարկելով այն ամերիկյան քաղաքականության աշխատանքի տեսակետից՝ մեղքը ընկնում է Օբամայի վրա:

Իր առաջին նախագահական քարոզարշավի ժամանակ, 2008 թվականին, Օբաման խոստացավ «փոխել Վաշինգթոնի այլանդակ կուսակցականության էջը այնպես, որ մենք կարողանանք դեմոկրատներին ու հանրապետականներին միավորել՝ կազմելու մի օրակարգ, որը կաշխատի ամերիկացի ժողովրդի համար»: Մեկ այլ անգամ նա հայտարարեց, որ «ժամանակն է դուրս գալ դառնության ու զայրույթի մեջից, որը տիրում է Վաշինգթոնում… Փոփոխությունների համար ստեղծել կոալիցիա, որն անցնում է կարմիր ու կապույտ նահանգների միջով… Մենք ընտրում ենք միասնությունը ընդդեմ անջատողականության»:

Կասկած չկա, որ Օբամայի այս մեծ ձգտումն ու գրավիչ խոսքը ցուցադրվել են ամերիկացիներին՝ թեկնածությանը հավանություն տալու համար: TheWashington Post-ից Դեն Բարզը՝ երկրի լավագույն քաղաքական վերլուծաբաններից մեկը, գրել է, որ «անկուսակցական քաղաքականություն ստեղծելու ձգտումը յուրահատուկ վերելք է ապահովել նրա թեկնածության համար և ստեղծել է սովորականից ավելի մեծ ակնկալիքներ նրա նախագահության համար»:

Օբամայի անկատար խոստումը՝ շտկելու ստեղծված քաղաքական հարաբերությունները, տարիների ընթացքում տեղիք տվեց մեծաթիվ մեկնաբանությունների, որոնք հիմնականում բաժանվում են երեք կատեգորիայի:

Առաջինը Օբամայի կողմակիցները մեղքը գցեցին Հանրապետականների վրա: Նախագահի օգնական Դեյվիդ Աքսելռոդը ասեց. «Մենք բախվել ենք Հանրապետական կուսակցության անդրդվելի ընդդիմությանը»: Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ռահեմ Էմանուելն ավելացրել է. «Երբ դուք նախքան լսելը որոշում եք, թե ձեր դիրքորոշումը որն է, իսկապես շատ դժվար է վստահություն, համագործակցություն ու թափանցիկություն կերտել»:

Սա հիմարություն է: Օբաման չէր խոստացել փոխել Վաշինգթոնի քաղաքական մշակույթը, եթե հանրապետականները թույլ տան իրեն: Նա իր խոստումը տվել է առանց նախապայմանների: Նա պետք է ելք գտնի այն գործարկելու համար:

Երկրորդ. Շատերը լրատվական դաշտում պարզապես մերժել են այդ խոստումը՝ անհնար համարելով մեր օրերում բևեռացված քաղաքականության կերտումը և, հետևաբար, չէին էլ անհանգստանում այդ ուղղությամբ:

«New Yorker»-ի հեղինակներից մեկը այդ խոստումը բնութագրեց որպես «ոչ միայն միամտություն, այլ պարզապես զառանցանք»: Բալզը գրեց, որ հաջորդող իրադարձությունների լույսի տակ այն «բավականին պարզամիտ» է: Անձամբ Օբաման խոստովանեց Օփրա Ուինֆրիին, որ նա ունակ չէր փոխել Վաշինգթոնի «տոնը» այնքան, որքան կարծում էր, և «հավանաբար… չափազանց լավատես է եղել»: Սա պատրվակ է: Դա կարող է որոշակի ռեզոնանս ունենալ, եթե Օբաման լրջորեն կատարեր և երկարատև ջանքեր գործադրեր քաղաքական նոր ոճով աշխատելու համար՝ փնտրելով քաղաքական նոր պարադիգմաներ՝ կառավարությանը փակուղու առաջ կանգնեցնող հինը փոխարինելու համար: Սակայն նա դա չի արել:

Երրորդ. Հանրապետականները մեղադրում են Օբամային իր նախագահության սկզբում իրենց հետ կապ չպահելու մեջ, երբ նա փորձում էր հասնել գործողությունների փաթեթին՝ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու համար: Համաձայն այս տեսակետի, որն արտահայտել է կառավարության խոսնակ Ջոն Բոները, Հանրապետականները պատրաստ էին աշխատել Օբամայի հետ այդ օրենսդրությամբ, բայց նետվեցին կուսակցական պայքարի, որտեղ դեմոկրատները գործընթացի վրա բացառիկ հսկողության հասան:

Սա ամբողջական չէ: Եթե Օբաման իսկապես լրջորեն տրամադրված լիներ Վաշինթոնի քաղաքական մշակույթը փոխելու, նա անշուշտ ձև կգտներ հանրապետականների (չնայած, որ պարտադիր չէր հանրապետականների առաջնորդների հետ աշխատելը) հետ աշխատելու համար: Եվ բարեփոխումների փաթեթը հիանալի սկիզբ կարող էր լինել: Սակայն ամերիկացի ժողովրդի որևէ դեր չունենալը բացակայում է Բոների ձևակերպման մեջ: Ոչ ոք չի կարող փոխել Վաշինգթոնի մշակույթը՝ աշխատելով այդ մշակութային միջավայրում:

Հենց այստեղ էլ ամփոփված է Օբամայի անկատար խոստման էությանը: Անելանելի իրադրությունն ու քաղաքական թշնամանքը առաջանում են, երբ կուսակցությունները կառչում են այլևս չգործող հին գաղափարներից, երբ իրադարձությունները դուրս էին հին քաղաքական պատկերացումների շրջանակից, բայց քաղաքական գործիչները չեն կարողանում ստիպել իրենց՝ հրաժարվել դրանցից: Այս էր իրադրությունը 2009 թվականին, երբ Օբաման նախագահ դարձավ: Բայց նոր դարաշրջանի համար նոր աշխատակարգ մշակելու և այդ ամերիկյան ժողովրդին հրամցնելու փոխարեն, նա դիմեց եկամուտների վերաբաշխման, դասակարգային կոնֆլիկտների հնացած դեմոկրատական գաղափարներին:

Դա չաշխատեց: Այս բնագավառում նրա ամենամեծ ձեռքբերումը եղավ «Հասանելի առողջապահության մասին» օրենքը, սակայն դա ավելի մեծ հակասություններ է առաջացնում քաղաքականության մեջ, քան նախկինում առաջ քաշված ցանկացած այլ օրինագիծ: Ինչպես իր «բարեփոխումների փաթեթը», հին դեմոկրատական բանաձևերի աճը, այնպես էլ Obamacare-ի օրինագիծը նա անցկացրել է կոնգրեսում՝ առանց հանրապետական որևէ ձայնի:

Այսպիսով, պարզապես հին քաղաքականության համատեքստում հանրապետականների ու դեմոկրատների համատեղ աշխատելու խնդիրը չէր, որը Օբաման իրագործելու որևէ մտադրություն չուներ: Դա նոր քաղաքական բրենդ ստեղծելու հարցն էր՝ ռազմավարական աճ, հարկային բարեփոխումներ, իրավական նախաձեռնություններ, ենթակառուցվածքային ծրագրեր, նոր արտաքին քաղաքական մտածելակերպ, որոնք բոլորը ուղղված կլինեին հին քաղաքական կուրսի վերացմանն ու նոր քաղաքական կոալիցիաների ստեղծմանը:

Սա այն է, ինչ մեծագույն նախագահներն արել են: Եթե մենք նայենք Ջեֆերսոնի, Ջեքսոնը, Լինքոլնի, երկու Ռուզվելտների ու Ռեյգանի նախագահություններին, մենք կտեսնենք, որ նրանցից յուրաքանչյուրը հաջողության է հասել հին քաղաքական տարբերակով և այդ ընթացքում ստեղծել է կառավարման նոր ձևակերպումներ, որոնք պետությունը այլ, նոր ուղիով են տարել: Եվ դա նրանք արել են ողջ ժողովրդի հետ՝ ոչ միայն Վաշինգթոնի քաղաքական գործիչների հետ հաղորդակցվելով:

Ահա այդպես նախագահները կարող են քանդել փակուղիներն ու վերացնել չարի ու զզվանքի միջավայրը, որոնք խոչընդոտում են զարգացմանը: Օբամային ևս իր պաշտոնավարման սկզբում դա իրագործելու մեծ հնարավորություն տրված էր՝ հաշվի առնելով նրա հաղթական քաղաքական ոճը, նրա առավելությունը՝ որպես երկրի առաջին սևամորթ նախագահ, համակրանք, որ նա վայելում էր այդ ժամանակ:

Նա հաջողության չհասավ, այդ ընթացքում չկարողացավ նաև իրագործել իր խոստումը, որ նա մեծ հանդիսությամբ տվել էր ամերիկյան ժողովրդին՝ նրա ձայնը խնդրելով:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment