Իրանը կառավարելու լավագույն ձևն այն զսպված պահելն է

Հոդվածի առանցքում

  • Իրանը միջուկային փնտրտուքները սկսել է 1970-ականներին, երբ ԱՄՆ հիմնական դաշնակիցն էր Սառը պատերազմում:
  • 1979-ից հետո միջուկային հարցում Իրանի դիրքորոշումը վերածվեց լուրջ խնդրի, քանի որ Իրանի տարածաշրջանային դաշնակիցը դարձավ Սիրիան:
  • Միջուկային տերություն դառնալու Իրանի ձգտումը պայմանավորված է մերձավորարևելյան տարածաշրջանի դինամիկայով:
  • Իրանը չի ցանկանում միջուկային զենք ձեռք բերել, որ հարձակվի ինչ-որ մեկի վրա, դրա ռացիոնալ բացատրությունը պարզապես չկա:

Ուշադրությանն արժանի

Իրանի միջուկային ծրագիրը Արևմուտքի քաղաքական օրակարգում առկա միակ խնդիրն է, որի ի հայտ գալուց հետո` 2002-ին, այսօր, առաջին անգամ, դրա նկատմամբ նկատվում է հարմարվողականություն:

Իրանի միջուկային փնտրտուքները սկսվեցին 1970-ականներին, երբ Իրանը ԱՄՆ հիմնական դաշնակիցն էր Սառը պատերազմում:

Այն ժամանակ, ինչպես և հիմա, Իրանը ձգտում էր ատոմային զենքի պոտենցիալ ձեռք բերել միջուկային խաղաղ ծրագրի դիմակի տակ: Ինչպես այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը, շահական Իրանը կտրականապես հերքում էր այդ մոտեցումը և հայտարարում էր, որ Իրանը միայն ձեռք է բերում միջուկային էներգիա, ինչն իր իրավունք է որպես Միջուկային զենքերի չտարածման պայմանագրի մասը կազմող երկրի: Այսօր մենք, ըստ ամենայնի, բախվում ենք մեկ լավ, մեկ վատ բանակցությունների անվերջ պատմությանը:

Այս ընթացքում միևնույն մարդիկ, որոնք ամբողջությամբ Իրանի հոգևոր ռեժիմի հին գվարդիայի մաս են կազմում, շարունակում են ազդեցություն գործել քաղաքական դաշտում և ունեն գերիշխող դիրքեր: Իրանի վերջին նախագահը` Հասան Ռոհանին, ոչնչով չի տարբերվում:

Միջուկային տերություն դառնալու Իրանի ձգտումը պայմանավորված է մերձավորարևելյան տարածաշրջանի դինամիկայով: 1970-ականներին միջուկային ծրագրի մասին շահի երազանքը այդ ուղղությամբ Հնդկաստանի և Իսրայելի շարունակական ջանքերի պատասխանն էր: Իրանի Իսլամական Հանրապետությունը` որպես իր բնույթով հզորություն տենչող պետություն, կողմ է ծրագրի պատմական շարունակականությանը, որը սկսվել է դեռ շահի ժամանակ: Խնդիրն այն է, որ Իրանի ազգային անվտանգությունը ամենալավը կապահովի միջուկային զսպման հնարավորության ձեռք բերումը:

Շահի ռեժիմը դաշնակցային կապեր ուներ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ, բայց 1979-ից հետո միջուկային հարցում Իրանի դիրքորոշումը անխուսափելիորեն վերածվեց լուրջ խնդրի, քանի որ Իրանի տարածաշրջանային ամենամտերիմ դաշնակիցը դարձավ Սիրիայում մարտական պատրաստվածության բերված Ասադի ռեժիմը:

Իրանի մոտ այժմ մի քանի բարեկամ է մնացել, երկրի տնտեսությունն էլ միջազգային պատժամիջոցների պաշարման տակ է: Այս իրավիճակը ունի պատմական երկու բացատրություն: Առաջինը, Իրանը գրեթե անընդհատ փնտրում է միջուկային զսպման հնարավորություն. սա տարածաշրջանային քաղաքականության անխոսափելիությունն է: Զսպողականությունը միշտ եղել է Իրանի` հինգ տասնամյակ ձգվող միջուկային պոտենցիալի ձեռք բերման փորձերի առաջնորդող տրամաբանությունը:

Իրանը չի ցանկանում միջուկային զենք ձեռք բերել, որ հարձակվի ինչ-որ մեկի վրա, դրա ռացիոնալ բացատրությունը պարզապես չկա:

Երկրորդը, Իսլամական ռեժիմը տարածաշրջանում ողջախոհ դերակատար է, այն բախվում է լուրջ վտանգների ներքին և արտաքին (ինչպես և շահի ռեժիմը) հարթակում, հետևաբար փնտրում է հավելյալ լծակներ և անվտանգությունը պաշտպանող նոր ուղիներ, որը կարող է ապահովել միջուկային զսպողականությունը: Սա չի նշանակում, որ Իրանը ճիշտ է, այդ երկրի թշնամական և անդուր հռետորաբանությունն էլ` արդարացված: Սա պարզապես պատմության վրա հիմնված եզրակացություն է: Իրանի համար ոչնչով չհիմնավորված միջուկային հարձակում ձեռնարկելը իռացիոնալ և ինքնասպան գործողություն է:

Եթե Իրանն օգտագործի միջուկային զենք` ուղղակիորեն կամ Հեզբոլլահի միջոցով, դա ծանր հարված և վայրկյանական պատասխան կհասցնի իրեն, ինչը կհանգեցնի Իսլամական Հանրապետության վախճանին: 35 տարիներին ոչ միայն ապացույց, անգամ կասկածի նշույլ չի եղել, որ Իրանական ռեժիմը իր բնույթով ինքնասպան է:

Իսլամական Հանրապետության գոյության ամբողջ ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած հիմնական զարգացումները վստահաբար ամրապնդել են` ամենաշատը այս պահին մեկուսացված իրանական ռեժիմի միտքը, որ անհրաժեշտ է ձեռք բերել վերջնական զսպողականություն ապահովող լծակ: 1980-ականներին երկիրը մաշող Իրանա-իրաքյան, 1991-ին Ծոցի պատերազմները, տարածաշրջանը ահաբեկչության դեմ գլոբալ մարտադաշտի վերածվելը և վերջերս Ասադի ռեժիմի կաթավահար լինելը խթանել են այդ մոտեցումը:

Դրա համար էլ չկա ոչ մի անակնկալ, որ անցած տասներկու տարիներին Իրանը, ամեն անգամ, միջուկային բանակցությունները միջազգային հանրության հետ այդքան էլ անկեղծ չի վարում, փորձում է շեղվել ժամանակ շահելու համար: Այս վերջին փուլն էլ ոչնչով չի տարբերվել: Այդ ընթացքում Թեհրանը շարունակել է իր միջուկային ծրագիրը: Բացի այդ, Իրանի անվտանգության ընդհանուր մթնոլորտը վերջին տարիներին զգալի վատթարացել է:

Իրանին միջուկային ծրագիրը շարունակելու թույլտվություն տալը այդքան էլ հեշտ որոշում չէ: Բայց միակ այլընտրանքը կտրուկ դիրքորոշումն է, որը ենթադրում է ռեժիմի փոփոխություն:

Օբամայի վարչակարգի հաստատած դիվանագիտական ռազմավարությունը, որը պատժամիջոցներից բացի ենթադրում է ավելի խիստ միջոցներ, հնարավոր կլինի իրականացնել միայն ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո, որոնք կկայանան 2016-ի նոյեմբերին:

Բայց անգամ այդ ժամանակ, լարումը ցանկալի և գրավիչ զարգացում չէ: Բոլոր գնահատականներով Իրանը 2016-ին տեխնիկապես պետք է որ պատրաստ լինի միջուկային զենքի արտադրության: Իրանը գիտի այդ ժամկետների մասին և ձգձգում է բանակցությունները, որպեսզի հասնի միջուկային հարստացման:

Լավագույն ուղին, որով Արևմուտքը կարող է ղեկավարել Իրանը, դա այդ երկիրը զսպված պահելն է, այնպես, որ այն իրենց ձեռքում կենտրոնացրած հին գվարդիայի անդամները, որոնց բնորոշ է կոռուպցիան, վերանան, կամ վերացնեն իրենք իրենց:

Վեցյակը պետք է խրախուսի իրանական ներքին քաղաքականության փոփոխությունը` միջուկային հարցը հեռացնելով բանակցությունների սեղանից` թույլ տալով, որ Իրանը խաղից դուրս գա: Այնուհետև, Իրանի միջուկային քաղաքականությունը հայելային պատկերի ազդեցություն կունենա: Ռեժիմը ստիպված կլինի բացատրություն տալ, թե ինչպես է ղեկավարում երկիրը, և ինչպես է ի հայտ եկել անհամաձայնություն իշխանության և բնակչության զգալի հատվածի միջև, որոնք, այդ դեպքում, խորապես մտահոգված կլինեն քաղաքական համակարգից, որը չի արտահայտում իրենց շահերը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment