Մոսկվայում կայացած ԼՂ բանակցություններն առաջընթաց չեն գրանցել
Հոդվածի առանցքում
- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, սակայն Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ակնհայտ առաջընթաց չի նկատվել: Ապրիլի 15-ին Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի բանակցություններին մասնակցում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք առաջնորդում են ձգձգված վեճը կարգավորելուն ուղղված դիվանագիտական ջանքը:
Ուշադրությանն արժանի
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, սակայն Մոսկվայում կայացած հանդիպումից հետո ակնհայտ առաջընթաց չի նկատվել:
Ապրիլի 15-ին Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի բանակցություններին մասնակցում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք առաջնորդում են ձգձգված վեճը կարգավորելուն ուղղված դիվանագիտական ջանքը:
Մնացականյանն ու Մամեդյարովը «վերահաստատել են կողմերի մտադրությունը` շարունակելու ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորելու ուղղությամբ ջանքերը», – ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նախարարները «շեշտեցին իրենց շահագրգռվածությունը կոնֆլիկտային գոտում իրավիճակի հետագա կայունացմանը, մասնավորապես, գյուղատնտեսական գործունեության ընթացքում», – նշված է հայտարարության մեջ՝ ակնհայտորեն նկատի ունենալով գարնանացանի շրջանն ու, հնարավոր է, նաև ավելի ուշ՝ բերքահավաքի շրջանը:
Վերջին ամիսներին ԼՂ շուրջ և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների զգալի անկում է արձանագրվել:
1994-իզինադադարի համաձայնագրից հետո ԼՂ-ն վերահսկում են հայկական ուժերը: Բաքուն պնդում է, որ նաև ՀՀ բանակը: Ոչ մի երկիր չի ճանաչել ԼՂ անկախությունը:
Մոսկվայում կայացած բանակցություններում կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել թույլ տալու երկու կողմերի ձերբակալված անձանց հարազատներին այցլել նրանց:
Նշվեց, որ Մնացականյանն ու Մամեդյարովը «պատրաստակամություն են հայտնել սկսել կոնկրետ աշխատանք` մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ», այդ թվում լրագրողների փոխադարձ այցելությունների միջոցով, և կողմերը համաձայնել են «շարունակել իրենց շփումները առաջիկայում»:
Մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջին անգամ հանդիպեցին պաշտոնապես՝ Մինսկի խմբի հովանու ներքո:
Երևանը եւ Բաքուն բանակցությունները որակել են «դրական» և «կառուցողական», ասելով, որ կողմերը պայմանավորվել են հակամարտության գոտում պահպանել հրադադարի ռեժիմը և շարունակել երկխոսությունը:
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին լավատեսորեն է տրամադրված խաղաղ գործընթացի հարցում: Ապրիլի 15-ին «Ազատություն» ռադիոկայանին նա ասել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում եղել են «շատ դրական զարգացումներ»:
«Վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև մի քանի շփումներ են եղել, դրանք դրական և կառուցողական են եղել: Մենք տեսել ենք շփման գծում բռնությունների նվազում: Դա, կարծում եմ, իսկապես օգտակար երկխոսություն և շփում է: Մենք կցանկանայինք, որ առաջնորդներն այսպես շարունակեն»,- ասել է դեսպանը:
Մարտի գագաթնաժողովը վեց ամիսների ընթացքում չորրորդ դեմառդեմ հանդիպումն էր Ալիևի և Փաշինյանի միջև: Նախկինում ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը 2018-ի մայիսին է դարձել Հայաստանի վարչապետ՝ բողոքի ցույցերի ֆոնին, որոնց արդյունքում նրա նախորդը հրաժարական ներկայացրեց:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ