Համաշխարհային մամուլը ԼՂՀ ՊԲ` խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները տարհանելու օպերացիայի մասին

Հոդվածի առանցքում

  • Associated Press. ԼՂ Զինված ուժերը գիշերային օպերացիայի ընթացքում սպանել են երկու ադրբեջանցի զինծառայողների:
  • Eurasianet. Այս շաբաթվա սկզբին ԵԱՀԿ միջազգային դիտորդները ուղղաթիռի խոցման վայրին մոտենալու անհաջող փորձ են կատարել:
  • ԼՂՀ զինված ուժերը ստիպված են եղել իրականացնել հատուկ օպերացիա՝ ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու համար:
  • Press TV. Ադրբեջանը սպառնում է ուժով գրավել ԼՂ-ը, իսկ Հայաստանը խոստանում է ամեն կերպ հակազդել ռազմական հարձակմանը:

Ուշադրությանն արժանի

ԼՂՀ Պաշտպանության բանակի խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները խոցման վայրից տարհանելու համար ԼՂՀ բանակի ստորաբաժանումները հաջողությամբ իրականացրեցին հատուկ օպերացիա: Հայկական կողմից զոհեր չկան, իսկ ադրբեջանական կողմը ունեցել է երկու զոհ: Գիշերային այս օպերացիային անդրադարձել է նաև համաշխարհային մամուլը:

Associated Press գործակալությունը  «Լեռնային Ղարաբաղը հաղորդում է, որ սպանվել են երկու ադրբեջանցի զինծառայողներ» հոդվածում փոխանցում է Լեռնային Ղարաբաղից ստացած տեղեկությունը, որ ԼՂ Զինված ուժերը գիշերային օպերացիայի ընթացքում սպանել են երկու ադրբեջանցի զինծառայողների:

Ըստ գործակալության՝ օպերացիայի նպատակն էր վերադարձնելու խոցված ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների մարմինները: Ադրբեջանական կողմը հերքում է տեղեկությունը:

Associated Press գործակալության նյութը գրեթե նույնությամբ փոխանցել են Town Hall, The Charlotte Observer, Daily Reporter, Star Tribune պարբերականներն, ինչպես նաև Fox News-ը:

Իր հերթին Reuters գործակալությունը «Հայ օդաչուների մարմինները դուրս են բերվել ուղղաթիռի խոցման վայրից» հոդվածում հաղորդում է, որ Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն` ղարաբաղյան ստորաբաժանումները գիշերային հատուկ օպերացիայի միջոցով կարողացել են ուղղաթիռի խոցման վայրից դուրս բերել ուղղաթիռի անձնակազմի  մարմիններն ու մասունքները՝ սպանելով երկու ադրբեջանցի զինծառայողների:

Ըստ գործակալության ՝ ադրբեջանական կողմը այդ վայրը պահում էր մշտական կրակի տակ՝ թույլ չտալով մոտենալ խոցված ուղղաթիռին: Ադրբեջանի պաշտոնյաները մեկնաբանություն չէին տրամադրում:

Reuters գործակալության նյութը գրեթե նույնությամբ փոխանցել են Global Post, Daily Mail պարբերականները:

Լրագրող Ջոշուա Կուցերան Eurasianet-ում «Հայերը հաղորում են, որ հատուկ օպերացիայի միջոցով ուղղաթիռի օդաչուների մարմինները վերադարձվել են» հոդվածում ընդգծում է, որ այս շաբաթվա սկզբին ԵԱՀԿ միջազգային դիտորդները ուղղաթիռի խոցման վայրին մոտենալու անհաջող փորձ են կատարել:

Գիշերային օպերացիայի առիթով հոդվածում տրված են երեք կողմերի՝ ԱՀ, ՀՀ և ԼՂՀ, պաշտոնական հաղորդագրությունները, ըստ որի՝ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի կոշտ դիրքորոշումը՝ ԼՂՀ զինված ուժերը ստիպված են եղել իրականացնելու հատուկ օպերացիա՝ ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու համար:

Ըստ հոդվածի` ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ օպերացիան դժվարությամբ և էությամբ աննախադեպ փայլուն է, իսկ ադրբեջանական Պաշտպանության նախարարությունը  հերքել է օպերացիայի իրականացման տեղեկությունը:

RFE/RL-ը (Ազատություն ռադիոկայան) «Լեռնային Ղարաբաղը ասում է, որ սպանել է երկու ադրբեջանցի զինվորների» անդրադարձում, հենվելով ԼՂ զինված ուժերի հայտարարության վրա, նշում է, որ հայկական կողմը զոհեր չի տվել օպերացիայի ընթացքում:

Ըստ RFE/RL-ի, երկու կողմն էլ հաճախակի հաղորդում են փոխհրաձգության և ներթափանցման փորձերի մասին:

«Ղարաբաղը տեղեկացնում է երկու ադրբեջանցի զինվորների զոհվելու մասին» Press TV-ի նյութում հաղորդվում է, որ հայ օդաչուների մասունքների հետ ուղղաթիռի խոցման վայրից դուրս են բերվել ուղղաթիռի որոշ մասեր: Պարբերականը անդրադառնում է ԼՂ հակամարտությանը և ընդգծում, որ Ադրբեջանը սպառնում է բանակցային գործընթացի անարդյունավետության պարագայում ուժով գրավել Լեռնային Ղարաբաղը, իսկ Հայաստանը խոստանում է ամեն կերպ հակազդել ռազմական հարձակմանը:

Write a comment