«Ինքնուրույն գործիր». Միջազգային հումանիտար միջնորդությունը Լեռնային Ղարաբաղում

Հոդվածի առանցքում

  • Վերլուծաբանների դիտարկմամբ՝ արցախյան հակամարտությունը միակ ինքնակարգավորվող հրադադարն է աշխարհում:
  • Ակնհայտ փաստերից խուսափելը, ըստ փորձագետների, վերահաստատում է Ադրբեջանի դիրքորոշումը, որ հրադադարի ռեժիմի խախտումը ճիշտ ուղի է:
  • Փորձագետների խոսքով՝ միջազգային կազմակերպությունների երկիմաստ ձեւակերպումները իրավիճակին ոչ համարժեք գնահատական են:
  • Միջազգային հանրությունը պետք է օգտագործի պարզ լեզու, հակառակ դեպքում կարող է առաջանալ անարդարության զգացողություն, որը կարող է դրդել խնդրի ինքնուրույն լուծմանը:

Ուշադրությանն արժանի

2014թ.-ի նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի խախտումը՝ մահացու ելքով: Ադրբեջանական ուժերը կրակեցին չճանաչված հանրապետության անզեն ուղղաթիռի վրա, ինչի հետեւանքով զոհվեցին անձնակազմի բոլոր երեք անդամները: Միջադեպի հետեւանքով կողմերի միջեւ աճեց լարվածությունը, Ադրբեջանը հրաժարվեց վերադարձնել երեք զոհերի մարմինները, որոնք ընկել էին, այսպես կոչված,  «ոչ-ոքի երկրում», դա անհանգստացնում է միջազգային հանրությանը:

Միջադեպից ընդամենը մի քանի շաբաթ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեցին Փարիզում` վերահաստատելու հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց պատրաստակամությունը:

Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է 1994 թ., իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձավ բոլոր կողմերի եւ միջազգային հանրության ընդունած միակ օղակը, որը պետք է կարգավորեր այս, հավանաբար, սառեցված հակամարտությունը:

Այսօր դա միակ ինքնակարգավորվող հրադադարն է աշխարհում: Սակայն, ռազմական գործողությունները եւ մշտական զոհերը հակամարտությունը հարատեւ են դարձնում: Այս ամառ հրթիռակոծության հետեւանով զոհերի թիվն ամենաբարձրն էր հրադադարի հաստատումից հետո:

ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ միջազգային հանրության մեծ մասը խփված ուղղաթիռի առիթով կրկին ընտրեցին մեղմ ոճը:

Ակնհայտ փաստերից խուսափելը վերահաստատում է Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ կանոնավոր հրետանային ռմբակոծությունը, հրադադարի ռեժիմի խախտումը եւ շարունակական սպառնալիքները գործողությունների ճիշտ ուղի է:

Ալիեւի վարչակարգը արգելել է Կարմիր խաչի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների մուտքը ուղղաթիռի կործանման վայր` զոհվածների մարմինների մասերը վերադարձնելու համար և համոզված է, որ այդ որոշումը նույնպես ճիշտ է: Նման անպատասխանատու վերաբերմունքը կարող էր ծանր հետեւանքներ ունենալ:

Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը սկսեց մի ռիսկային գործողություն եւ հաջողությամբ վերադարձրեց զոհվածների մարմինները: Գործողության ժամանակ կորուստներ չգրանցվեցին, ինչն օգնեց խուսափել իրադրության հետագա վատթարացումից:

Տարբեր պատասխաններ էին սպասվում, բայց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը սահմանափակվեց մարմինները վերադարձնելով եւ խուսափեց հատուցումից: Որքան էլ պարադոքսալ հնչի, այդ ռազմական գործողությունն այս անգամ չվերածվեց լայնածավալ պատերազմի, ինչն աղետալի հետեւանքներ կունենար տարածաշրջանի եւ նավթային կախվածություն ունեցող արեւմտյան տնտեսությունների համար: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հաջորդ անգամ մեր բախտը կբերի:

Այս համատեքստում, միջազգային կազմակերպությունների՝ Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ մյուսների ձեւակերպումները՝ «… կոչ ենք անում երկու կողմերին …», «…դիմում ենք կողմերին զերծ մնալ քայլեր ձեռնարկելուց …», թվում են իրավիճակին ոչ համարժեք:

Միջազգային հանրությունը պետք է օգտագործեր ոչ երկիմաստ, ավելի պարզ լեզու, քանի որ դա կարող է առաջացնել նոր հիասթափություն, իսկ որ ավելի վտանգավոր է, անարդարության, հրաժարականի զգացողություն, որը կարող է դրդել ավելի վտանգավոր երեւույթի` խնդրի ինքնուրույն լուծմանը:

Հուսով ենք, որ այդ երեք կյանքի ողբերգական կորուստը կօգնի բոլորին հասկանալ, որ հատկապես դիվանագիտության մեջ կարեւոր է իրերը կոչել իրենց անունով:

 Ջոն Իանրիտու,  Իսպանիայի խորհրդարանի Բասկերի անդամ
 Ուրկո Այարտզա,  Իսպանիայի Սենատի Բասկերի անդամ

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment