Նոր Զելանդիայի մզկիթի վրա հարձակվողը ոգեշնչված է եղել Հայաստանի և Վրաստանի պատմությունից

Նոր Զելանդիայի մզկիթի վրա հարձակվողը ոգեշնչված է եղել Հայաստանի և Վրաստանի պատմությունից

Հոդվածի առանցքում

  • Մինչ աշխարհը ցնցված է Նոր Զելանդիայում մզկիթի կրակոցներից, Կովկասում ոմանք փորձում են հասկանալ ենթադրյալ հրաձիգի հղումներն իրենց սեփական պատմությանը: Մեղադրյալ հրաձիգն իր թվիթերյան էջում հարձակումից առաջ նկարներ է տեղադրել, որտեղ պատկերված զենքերի վրա փորագրված են տարբեր պատմական մեջբերումներ, մի քանիսը գրված են հայերեն և վրացերեն լեզուներով:

Ուշադրությանն արժանի

Վրացական անվտանգության ծառայություններն ուսումնասիրում են վրացական գրությունները, որոնք հայտնաբերվել են Կրայթչերչի հրաձգության վայրում: Հայկական խմբերը դատապարտել են իրենց պատմության մեջբերումը:

Մինչ աշխարհը ցնցված է Նոր Զելանդիայում մզկիթի կրակոցներից, Կովկասում ոմանք փորձում են հասկանալ ենթադրյալ հրաձիգի հղումներն իրենց սեփական պատմությանը:

Մեղադրյալ հրաձիգն իր թվիթերյան էջում հարձակումից առաջ նկարներ է տեղադրել, որտեղ պատկերված զենքերի վրա փորագրված են տարբեր պատմական մեջբերումներ, մի քանիսը գրված են հայերեն և վրացերեն լեզուներով:

Հիշատակվել են երկու վրացի ղեկավարների՝ 10-րդ և 11-րդ դարերի թագավոր Դավիդ Շինարարի, ինչպես նաև Դավիդ Սոսլանիի անունները: Վերջինը Թամար թագուհու ամուսինն էր։ Դավիդ Շինարարն ու Թամար թագուհին եղել են առավել նշանավոր վրացի միապետները և վրացական եկեղեցին նրանց դասել է սրբերի շարքը:

Կովկասը դարեր շարունակ եղել է քրիստոնեության ամրոցը և քրիստոնյա-մահմեդական դիմակայության ճակատը: Երկու վրացի Դավիդները հայտնի են Վրաստանի մահմեդական թշնամիների դեմ ճակատամարտերով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մարդասպանը ոգեշնչվել է այդ հնագույն հակամարտություններից:

Մեղադրյալ հրաձիգի՝ ավստրալացի Բրենթոն Թարանթի հրապարակած նկարներում մյուս զենքերի վրա հիշատակվում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Սարիղամիշի և Սարդարապատի մարտերը, որտեղ ռուսական և հայկական ուժերը պարտության են մատնել թուրքական բանակը: Եղել են նաև Բալկաններում և Արևելյան Եվրոպայում իսլամական ուժերի դեմ բազմաթիվ պատմական մարտերի հիշատակումներ:

Ավստրալիայի Հայ դատի հանձնաժողովը հանդես է եկել հղումը դատապարտող հայտարարությամբ:

Վրացիները տվյալներ չունեն մահմեդականների դեմ ահաբեկչական հարձակումներին իրենց մասնակցության մասին, բայց վերջին շրջանում երկրում նկատվում է աճող թշնամանք մահմեդական ներգաղթյալների հանդեպ: Անցյալ տարի ազգայնական խմբավորումները երթ էին կազմակերպել Դավիթ Շինարարի պողոտայով՝ Մերձավոր Արևելքի այցելուներով ու ներգաղթյալներով հայտնի Թբիլիսիի հատվածով, և կոչ արել խստացնել ներգաղթի մասին օրենքները:

Ավստրալիայում Վրաստանի դեսպանը մարտի 15-ին հայտարարել է, որ Վրաստանը Նոր Զելանդիայի իշխանություններից չի ստացել գրառումների մասին վավերացում: «Հետաքննությունը մեզ դեռ չի հասել», – ասել է դեսպան Գեորգի Դոլիձեն: Սակայն ավելի ուշ, Վրաստանի անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել:

«Պետական անվտանգության ծառայությունը կապի մեջ է մեր ռազմավարական գործընկերների հետ` ձերբակալվածների և ահաբեկչական հարձակման ժամանակ ձեռք բերված զենքերի մասին մանրամասն տեղեկատվություններ ստանալու համար», – ասվում է ծառայության հաղորդագրության մեջ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment