Նեմեսիս օպերացիան և արդարության հասնելու ձգտումը Հայոց Ցեղասպանությունից հետո

Նեմեսիս օպերացիան և արդարության հասնելու ձգտումը Հայոց Ցեղասպանությունից հետո

Հոդվածի առանցքում

  • Երբ 20-րդ դարի սկզբին հայերը տեղափոխվում էին ԱՄՆ, իրենց ռասսայական պատկանելության մասին նշագրվում էր «արևելյան» կամ «այլ»: Մինչև օրս ինձ մոտ նշված է «այլ»: Հայերի և հայերին իրենց հայրենի հողում գրեթե ոչնչացրած Ցեղասպանության մասին անտեղյակության պատճառներից մեկը այն է, որ Հայոց Ցեղասպանության մասին խոսելը «հարմար» չէր: Դաշնակիցները, ներառյալ և ԱՄՆ-ը, շատ ավելի հետաքրքրված էին Մոսուլի նավթով:
  • Կյանքիս առաջին 6 տարիները ծնողներս, եղբայրս և ես ապրում էինք մորս ծնողների տանը՝ Սիրակուզայում, Նյու Յորք նահանգում: Մեր 6 անդամները զբաղեցրել էին 20-րդ դարասկզբին բնորոշ այդ փոքրիկ հենքասյունային տունը՝ փոքրիկ շքամուտքով և փոքրիկ ետնախորշով, որն ինձ համար ննջարան էր ծառայում: Տարիներ անց Աարոնը՝ պապս, օրվա մեծ մասն անցկացնում էր իր կարմիր բազկաթոռին նստած՝ փայտե ռադիոյի մոտ, որը նա լսում էր ամեն օր, հավանաբար Պարկինսոնի հիվանդության պատճառով դողդոջուն մատներով լուռ ծխելով իր «Camel» սիգարետները:
  • հայերը ծրագրեցին և իրականացրին իրենց սեփական պատիժը նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու էին 1.5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաներին սրախողխող անելու, մասնատելու, կրակելով սպանելու, հրկիզելու, ջրախեղդ անելու, քարկոծելու, սովի մատնելու, կախաղան բարձրացնելու, գլխատելու, փորոտիքը հանելու կամ Օսմանյան թուրքերի կողմից այլ կերպ սպանելու համար:
  • Պապիս մահվանից նույնիսկ 25 տարի անց ոչ ոք մեր ընտանիքից չգիտեր, որ պապս այն գաղտնի գործողության գանձապետն ու ծրագրման առաջնորդն էր, որը կոչվում էր Նեմեսիս օպերացիա, և որի նպատակը Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների սպանությունն էր: Արտաքին աչքից թաքցրած իր փոքրիկ աշխատասենյակում, որտեղ ես քնում էի մանուկ ժամանակ, կար նամակների բնագրերի մի մեծ հավաքածու, որոնք գրվել էին առաջնորդների և նրանց գործակալների կողմից:
  • Նրանք բոլորն էլ կրթված և կարգապահ անձինք էին, որոնք հաջողությամբ ղեկավարում էին միջազգային սպանությունների համար նախատեսված հատուկ ջոկատը: Նամակները ներառում են ֆինանսական տեղեկատվությունը, ճանապարհորդական տվյալները, տվյալ աշխատանքի համար ֆինանսական արժեքը, այն, թե զգացմունքային առումով ինչ գին կունենան դրանք, ինչպես նաև կազմակերպչական մանրամասներ: Օրինակ, նրանք նկարագրում էին, թե ինչպես են հայերը գտել, թե որտեղ են թաքնվում հանցագործները, նրանք կաշառում էին սահմանապահներին և ոստիկանության սպաներին, որպեսզի վերջիններս հայտնեն, թե երբ են թուրքերն անցել:
  • 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը, Նաթալիի և մյուս գործակալների աջակցությամբ, կրակեց և սպանեց Թալեաթ փաշային՝ Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպչին: Թալեաթի սպանությունից 2 օր անց Արմեն Գարոյի գրած նամակի տոնը ցույց է տալիս այս մարդկանց մշտական թախիծը և արդարության հասնելու համար միայն սեփական ուժերին վստահելը:
  • Երբեմն, երբ փորձում էի մարդասպանի դերում պատկերացնել իմ հանգիստ և քնքուշ պապին, կարող էի միայն գլուխս տարուբերել շփոթմունքի մեջ: Իմ քրիստոնեական դաստիարակությունը պետք է ժխտեր ակն ընդ ական պատկերացումները: Սակայն ես չէի կարող անտարբեր անցնել հյուծված մարմիններով մերկակուրծք անձանց և նրանց մոտ կանգնած բավարարված թուրքերի պատկերների մոտով, ակնհայտ է, որ պապս ևս չէր կարողացել:
  • Պապիս նկատմամբ իմ հիացմունքը միախառնվում է այն հարցի հետ, թե այդ քնքուշ մարդն ինչպես է կարողացել ղեկավարել նման ծրագիրը: Նա պատասխանեց, որ հավանաբար կարելի է ապրել այդ անորոշության մեջ, նույնիսկ ընդունել այն, քանի որ որոշ գործողություններ այնքան նողկալի են, և դրանց թվում՝ ցեղասպանությունը, որ մենք ընդամենը հարկադրված ենք դա անել: Նրա ասածը մինչև օրս էական է ինձ համար: Որոշ հանցագործություններ այնքան հրեշավոր են, որ մենք պետք է մեզ ներենք նրա համար, որ չենք կարող ներել, ոչ էլ աղոթել այդ հրեշավոր արարքների անպատիժ հեղինակների համար:

Ուշադրությանն արժանի

2015 թվականը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Երբ Ռաֆայել Լեմկինը ուսումնասիրել էր Օսմանյան Թուրքիայում հայերի հետ տեղի ունեցածը, դա նկարագրելու համար ստեղծել էր «ցեղասպանություն» (genocide) եզրույթը: Չնայած Առաջին աշխարհամարտի ընթացքում մամուլում հրապարակված հաղորդագրություններին, որոնցում պատկերվում էին «սովյալ հայերը», տարիներ անց, երբ ես մեծացա, ոչ ոք նույնիսկ չէր լսել Հայոց Ցեղասպանության մասին: Ինձ հարցնում էին, թե արդյո՞ք ես հրեա եմ, իտալացի, իսպանացի, արևելահնդկաստանցի, բնիկ ամերիկացի, լիբանանցի, նույնիսկ իռլանդացի, սակայն երբ ասում էի «հայ եմ», հաճախ էի լսում հետևյալը. «Այդ տարածքը Ռումինիայի մոտ ինչ-որ տե՞ղ է»: Երբ 20-րդ դարի սկզբին հայերը տեղափոխվում էին ԱՄՆ, իրենց ռասսայական պատկանելության մասին նշագրվում էր «արևելյան» կամ «այլ»: Մինչև օրս ինձ մոտ նշված է «այլ»:

Հայերի  և հայերին իրենց հայրենի հողում գրեթե ոչնչացրած Ցեղասպանության մասին անտեղյակության պատճառներից մեկը այն է, որ Հայոց Ցեղասպանության մասին խոսելը «հարմար» չէր: Դաշնակիցները, ներառյալ և ԱՄՆ-ը, շատ ավելի հետաքրքրված էին Մոսուլի նավթով (Մոսուլն Օսմանյան կայսրության մաս էր կազմում), քան հայերի նկատմամբ արդարացի վերաբերմունքով, և երբ ավարտվեց Առաջին աշխարհամարտը, ԱՄՆ-ը չստիպեցին Թուրքական կառավարությանը՝ պատասխանատվության ենթարկել Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներին:

Օսմանյան առաջնորդներին, որոնք ամենից շատ էին պատասխանատու այդ որոշումների կայացման համար, և որոնք դատապարտվել էին ծանր հանցագործությունների համար, հնարավորություն տրվեց խույս տալ պատժից՝ նավով մի գիշեր հատելով Սև ծովը, և նրանք Թուրքիային հետ չհանձնվեցին՝ իրենց պատիժը կրելու համար: Այդ իսկ պատճառով էլ հայերը ծրագրեցին և իրականացրին իրենց սեփական պատիժը նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու էին 1.5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաներին սրախողխող անելու, մասնատելու, կրակելով սպանելու, հրկիզելու, ջրախեղդ անելու, քարկոծելու, սովի մատնելու, կախաղան բարձրացնելու, գլխատելու, փորոտիքը հանելու կամ Օսմանյան թուրքերի կողմից այլ կերպ սպանելու համար:

Կյանքիս առաջին 6 տարիները ծնողներս, եղբայրս և ես ապրում էինք մորս ծնողների տանը՝ Սիրակուզայում, Նյու Յորք նահանգում: Մեր 6 անդամները զբաղեցրել էին 20-րդ դարասկզբին բնորոշ այդ փոքրիկ հենքասյունային տունը՝ փոքրիկ շքամուտքով և փոքրիկ ետնախորշով, որն ինձ համար  ննջարան էր ծառայում: Տարիներ անց Աարոնը՝ պապս, օրվա մեծ մասն անցկացնում էր  իր  կարմիր բազկաթոռին նստած՝ փայտե ռադիոյի մոտ, որը նա լսում էր ամեն օր, հավանաբար Պարկինսոնի հիվանդության պատճառով դողդոջուն մատներով լուռ ծխելով իր «Camel» սիգարետները, որը առաջացնում էր մորս ժպիտն ու ստիպում քստքստալով քայլել:

Սակայն երբ ես 3, 4 կամ 5 տարեկան էի, այս հանգիստ մարդը, ով գրեթե ամեն օր կոստյում էր կրում, ով մասնավոր հանդիպումներ էր ունենում իր անհամար բարձրաստիճան հյուրերի և ռազմական հերոսների հետ, նստեցնում էր ինձ իր ծնկներին, դռների միջով անցկացնում էր ինչպես թագուհու՝  իր ուսերին նստեցրած, և աղջամուղջին իր հետ դուրս էր տանում՝ ուսումնասիրելու մեր ետնաբակից դուրս աճող դեղձերը, տանձերը, խնձորներն ու խաղողի որթերով տաղավարը: Երբ տատս ու ես մեր շաբաթական այցն էինք կատարում դեպի Abajian Cleaners, որը Հարավային պողոտայով երեք թաղամաս ներքև էր ընկած, ես տանում էի նրա բրդե վերարկուն, սեղմում կրծքիս և ասում. «Սիրում եմ իմ «Մեձ հայրիգին», ուզում եմ, որ նա հավերժ ապրի»:

Պապս ապրեց 84 տարի, վերջին տարիներին հոգեկան և տեսողական խնդիրներ ուներ, տեսողությունը թուլացել էր, ուղեղի նեյրոնները մի շարք կաթվածներից մահացել էին: Կարծելով, որ ես իր երիտասարդ կինն եմ, նա ինձ անվանեց Էլիզա,  վերցրեց ձեռքս իր ափերի մեջ, շոյեց և դրեց այտին: Պապիս մահվանից նույնիսկ  25 տարի անց ոչ ոք մեր ընտանիքից չգիտեր, որ պապս այն գաղտնի գործողության գանձապետն ու ծրագրման առաջնորդն էր, որը կոչվում էր Նեմեսիս օպերացիա, և որի նպատակը Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների սպանությունն էր:

Արտաքին աչքից թաքցրած իր փոքրիկ աշխատասենյակում, որտեղ ես քնում էի մանուկ ժամանակ, կար նամակների բնագրերի մի մեծ հավաքածու, որոնք գրվել էին առաջնորդների և նրանց գործակալների կողմից: Նեմեսիսը 3 հիմնական առաջնորդ ուներ՝ Արմեն Գարոն, ով կարճատև կյանք ունեցած անկախ Հայաստանի Հանրապետության դեսպանն էր Նահանգներում, Շահան Նաթալին՝ գործող հատուկ ջոկատների հետ կապերի ապահովողը, և Աարոն Սաչակլյանը, որը պատասխանատու էր միջոցների հայթայթման և ծրագրման համար: Նրանք բոլորն էլ կրթված և կարգապահ անձինք էին, որոնք հաջողությամբ ղեկավարում էին միջազգային սպանությունների համար նախատեսված հատուկ ջոկատը: Նամակները ներառում են ֆինանսական տեղեկատվությունը, ճանապարհորդական տվյալները, տվյալ աշխատանքի համար ֆինանսական արժեքը, այն, թե զգացմունքային առումով ինչ գին կունենան դրանք, ինչպես նաև կազմակերպչական մանրամասներ:

Օրինակ, նրանք նկարագրում էին, թե ինչպես են հայերը գտել, թե որտեղ են թաքնվում հանցագործները, նրանք կաշառում էին սահմանապահներին և ոստիկանության սպաներին, որպեսզի վերջիններս հայտնեն, թե երբ են թուրքերն անցել: Նաթալին բողոքում էր, որ քողարկված ոստիկանը մեկ ամսվա աշխատավարձ էր ուզում, որը պետք է դրվեր նրա աշխատավարձի ֆոնդին, սակայն Նաթալին հրաժարվել էր դա անել՝ նախընտրելով վճարել տեղեկատվության համար: Սաչակլյանին ուղղված նամակում Նաթալին գրում է. «Թույլ տվեք անմիջապես հայտնել, որ այն գաղտնի ոստիկանին ասվել  է, որ իբրև թե այս ցուցակի մարդիկ որոնվում են Դաշնակիցների կողմից, և մենք ուզում ենք օգնել նրանց: Սա անխուսափելի մոտեցում է, որին այս փչացած աշխարհում հարկադրված էի դիմել: Թույլ տվեք ասել, թե ինչ եմ անելու Բեռլինում»:

Եվ իրոք, նա և նրա գաղտնի ջոկատայինները մեծ գործ կատարեցին Բեռլինում: 1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը, Նաթալիի և մյուս գործակալների աջակցությամբ, կրակեց և սպանեց Թալեաթ փաշային՝ Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպչին: Թալեաթի սպանությունից 2 օր անց Արմեն Գարոյի գրած նամակի տոնը ցույց է տալիս այս մարդկանց մշտական թախիծը և արդարության հասնելու համար միայն սեփական ուժերին վստահելը:

Հայաստանի Հանրապետությունը դրանից ոչ շատ առաջ կորցրել էր իր անկախությունը և միացվել Ռուսաստանին, և հազարավոր հայեր սպանվել էին կամ սովահար էին: «Այս ծանր օրերին, երբ մեր ժողովուրդը կրկին տանջվում է մահվան ճիրաններում, և երբ առաջնորդները մտածում են իրենց սեփական փառքի և առօրյա մանր գործերի մասին, Շահանի հաջողությունը միակ մխիթարանքն է»:

Երբեմն, երբ փորձում էի մարդասպանի դերում պատկերացնել իմ հանգիստ և քնքուշ պապին, կարող էի միայն գլուխս տարուբերել շփոթմունքի մեջ: Իմ քրիստոնեական դաստիարակությունը պետք է ժխտեր ակն ընդ ական պատկերացումները: Սակայն ես չէի կարող անտարբեր անցնել հյուծված մարմիններով մերկակուրծք անձանց և նրանց մոտ կանգնած բավարարված թուրքերի պատկերների մոտով, ակնհայտ է, որ պապս ևս չէր կարողացել:

Մի քանի տարի առաջ ես մասնակցում էի Քույր Հելեն Փրեջեանի զեկույցին, ով առաջարկում էր ներել նույնիսկ  ծանր հանցագործներին: Ինձ հնարավորություն ընձեռնվեց նրա հետ քննարկել  Հայոց Հարցը: Ի՞նչ պետք է անի մարդը, երբ բախվում է ոճրագործների հետ, որոնք երբեք պատասխանատվության չեն ենթարկվել, և որոնք չեն ընդունում, որ իրենք կամ իրենց նախնիները որևէ ոճիր են գործել:

Պապիս նկատմամբ իմ հիացմունքը միախառնվում է այն հարցի հետ, թե այդ քնքուշ մարդն ինչպես է կարողացել ղեկավարել նման ծրագիրը:

Նա պատասխանեց, որ հավանաբար կարելի է ապրել այդ անորոշության մեջ, նույնիսկ ընդունել այն, քանի որ որոշ գործողություններ այնքան նողկալի են, և դրանց թվում՝ ցեղասպանությունը, որ մենք ընդամենը հարկադրված ենք դա անել: Նրա ասածը մինչև օրս էական է ինձ համար: Որոշ հանցագործություններ այնքան հրեշավոր են, որ մենք պետք է մեզ ներենք նրա համար, որ չենք կարող ներել, ոչ էլ աղոթել այդ հրեշավոր արարքների անպատիժ հեղինակների համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment