Նիկոլ Փաշինյան. ԼՂ բանակցություներին պետք է մասնակցի նաև Արցախը

Նիկոլ Փաշինյան. ԼՂ բանակցություներին պետք է մասնակցի նաև Արցախը

Հոդվածի առանցքում

  • Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելը բացարձակ անհրաժեշտություն է , սա գործընթաց է, որն ի վերջո սահմանելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և ապահովելու այնտեղ բնակվող մարդկանց անվտանգության երաշխիքները: Հայաստանի նախկին երկու նախագահները ծնվել, մեծացել և ապրել են Արցախում: Ի տարբերություն նրանց, ես Արցախը չեմ ներկայացնում, այնտեղ ապրող մարդիկ չեն մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին, ուստի ես չունեմ մանդատ Արցախի բնակչությանը խաղաղության գործընթացում ներկայացնելու համար:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանի և Ադրբեջանը սառը հարաբերությունները սկսեցին հալվել, երբ անցած տարի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի ունեցավ խաղաղ հեղափոխություն: 2018-ի ամռանը նա դարձավ ՀՀ վարչապետ, ապա ևս մեկ անգամ հաստատվեց այդ պաշտոնում դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանի ընտրություններից հետո: EURACTIV-ին տված հարցազրույցում նա խոսել է Բաքվի, ինչպես նաև Բրյուսելի և Մոսկվայի հետ հետագա հարաբերություների մասին:

Նա պատասխանել է EURACTIV-ից Սեմ Մորգանի գրավոր հարցերին:

Ինչպես եք պատրաստվում օգտագործել Հայաստան-Ադրբեջան հարաբերութունների նոր փուլը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը շարունակելու առումով:

Մենք հավատարիմ ենք կառուցողական երկխոսությանը` ուղղված երկարատև խաղաղության հաստատմանը: Տարածաշրջանի ժողովուրդներին հակամարտության խաղաղ կարգավորմանը պատրաստելու համար ես հայտարարել եմ, որ կարգավորումը պետք է լինի` հաշվի առնելով բոլոր երեք կողմերի` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շահերը:

Հայաստանում հանրությունը և մեդիան քննադատեց ինձ, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց նույնն անել: Ավելին`  նա շարունակում է ագրեսիվ հռետորիկան, որը շատ բացասական ազդեցություն է ունենում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու իմ ջանքերին և վնասում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելը բացարձակ անհրաժեշտություն է, սա գործընթաց է, որն ի վերջո սահմանելու է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և ապահովելու այնտեղ բնակվող մարդկանց անվտանգության երաշխիքները:

Հայաստանի նախկին երկու նախագահները ծնվել, մեծացել և ապրել են Արցախում: Ի տարբերություն նրանց, ես Արցախը չեմ ներկայացնում, այնտեղ ապրող մարդիկ չեն մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին, ուստի ես չունեմ մանդատ Արցախի բնակչությանը խաղաղության գործընթացում ներկայացնելու համար:

Ես ներկայացնում եմ Հայաստանը և պատրաստ եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից: Եթե Ադրբեջանը ևս հայտարարում է, որ հակամարտության կարգավորումը պետք է ներառի բոլոր կողմերի շահերը, դա լավ հնարավորություն կտա վերսկսել բանակցությունները փոխադարձ վստահության հիմքով:

Դեկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը թվիթեց, որ 2019-ը «նոր խթան կհաղորդի» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Արդյոք կիսում եք այս գնահատականը:

Դրական է, եթե «նոր խթան կհաղորդի» ասելով նախագահ Ալիևը նկատի ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում: Եթե ոչ, ապա դա պարզապես մեկ այլ համարձակ հայտարարություն է:

Իհարկե, մենք ցանկանում ենք նոր բովանդակություն հաղորդել խաղաղ գործընթացին և արդեն իսկ միջնորդների միջոցով մեր տեսլականը ներկայացրել ենք ադրբեջանական կողմին: Խաղաղությունը շահեկան կլինի մեր տարածաշրջանի բոլոր երկրների համար և մենք պարտավորվում ենք ջանքեր գործադրել տևական և կայուն խաղաղության հասնելու համար:

Ձեր ընտրությունից հետո որևէ դրական նշան կա, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր է շուտով կարգավորվեն:

Ցավոք, պետք է ասեմ, ոչ, մենք չունենք դրական ազդակ, որը կարող է նշանակել Թուրքիայի նախկին դիրքորոշման փոփոխություն: Եթե Թուրքիան ներկայանում է որպես ժողովրդավարական երկիր, ապա պետք է ողջուներ ժողովրդավարության հաղթանակը հարևան երկրում և սկսեր երկխոսություն:

Հայաստանի դեպքում ես կցանկանայի հիշել դեկտեմբերյան ընտրություններում աննախադեպ վարկանիշը, երբ ամենահեղինակավոր դիտորդական խումբը` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ առաքելությունը, ի թիվս այլոց, շատ բարձր կարծիք է հայտնեց ընտրությունների վերաբերյալ: Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները ճանաչել են բոլոր հայտնի կազմակերպությունները և ժողովրդավարության հաղթանակը մեր երկրում ակնհայտ է:

Այս համատեքստում, Թուրքիայի շարունակվող հակահայկական դիրքորոշումը առնվազն մտահոգիչ է: Մենք հաստատում ենք հարաբերությունները առանց նախապայմանների վերականգնելու մեր վճռականությունը: Կարիք կա՞, որ մենք օրակարգ բերենք Կիպրոսի և Թուրքիայում մարդու իրավունքների խնդիրները` ի պատասխան Անկարայի քաղաքականության, որը պնդում է` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի: Արդյոք այս քաղաքականությունը կայունություն կբերի մեր տարածաշրջանին:

Ո՞րն է այս շաբաթ Բրյուսել կատարած Ձեր այցի նպատակը:

2018-ի հուլիսին  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հյուրընկալվեցի եվրոպական կառույցների կողմից: Եվրոպական գործընկերների հետ բանակցություններում մենք համաձայնեցինք շարունակել այն ծրագրերը, որոնք ավելի վաղ նախաձեռնել էինք, մշակել ճանապարհային քարտեզ, որը կդառնար ուղեցույց բոլոր նախկին համաձայնագրերի իրականացման համար:

Այսօր, երբ մենք աշխատում ենք եվրոպական գործընկերների հետ ճանապարհային քարտեզի իրականացման համար, մենք նաև հնարավորություն ունենք մտածելու մեր գործընկերության ընդլայնման հեռանկարների մասին:

Մենք պատրաստում ենք նոր նախաձեռնություններ  գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, ինչը մեզ հնարավորություն կտա խթանել բարեփոխումների գործընթացը, որը մենք արդեն սկսել ենք: Եվրոպական գործարար էթիկայի և մշակույթի ներդրումը մի շարք ոլորտներում կնպաստի մեր հնարավորություններին և ենթակառուցվածքների զարգացմանը: Վստահ եմ, որ մեր եվրոպական գործընկերները դրական կարձագանքեն մեր ծրագրերին:

ԱրդյոքԵՄ-ի հետ խորը և համապարփակ համաձայնագիր չստորագրելու նախկին նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը սխալ էր:

Ես ավելի թափանցիկ քաղաքականություն եմ վարում, քան անցյալում վարում էր Հայաստանը: Այսօր, երբ մենք համագործակցում ենք ԵՄ-ի հետ, շարունակում ենք մեր եվրոպական գործընկերներին տեղեկացնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր փոխգործակցության մասին և հակառակը: Ավելին, մենք փորձում ենք այս կամ այն միությունների միջև լինել կամուրջ, որպես ժողովրդավարության տարածաշրջանային առաջնորդ, լինելով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, CEPA-ն (ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) ստորագրած երկրի, մենք կարող ենք նպաստել տարբեր տնտեսական նախաձեռնությունների:

Դուք խոսել եք ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման մասին, ինչպես եք տեսնում Եվրոպայի հետ համագործակցությունը: Որ փուլում է ներկայիս համաձայնագրի իրականացումը:

Ճիշտ է: CEPA-ն բարելավում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը և լավ հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության և տարբեր համատեղ ծրագրերի իրականացման համար:

 

Նույնիսկ չվավերացված կարգավիճակում, այն թույլ է տալիս նախաձեռնել և իրականացնել տարբեր ծրագրեր: Այն արդեն վավերացվել է ԵՄ անդամ 10 երկրիր: Հուսով ենք, որ փաստաթուղթը ամբողջովին կգործի մինչև տարեվերջ:

Եվրոպա հետ համագործակցությունն սերտացումը նշանակո՞ւմ է հեռանալ Ռուսաստանից: Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ երկու հարաբերությունները կարող են զարգանալ տանդեմում:

Մենք դրան իսկապես հավատում ենք,  և իմ այցը Բրյուսել դրա վկայություն է: Մեր հեղափոխությունը որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չուներ, դա ներքին քաղաքական գործընթաց էր:

Առաջին օրվանից մենք հայտարարեցինք, որ մեր ժողովրդավարությունն արտաքին քաղաքական որևէ ենթատեքստ չունի: Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ ունի հուսալի գործընկերոջ հեղինակություն: Մենք նաև բարձր ենք գնահատում մեր ժողովրդի օրինական պահանջները, որոնք ձեւակերպվել են անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին:

Ժողովրդավարությունը, ազատ տնտեսական հարաբերությունները, կոռուպցիայի դեմ անողոք պայքարը, անկախ դատարանները և օրենքի գերակայությունը որևէ կողմնորոշում չունեն: Մենք հետևողական աշխատում ենք այդ արժեքները ամրապնդելու համար: Միաժամանակ մենք չենք շեղվելու Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության զարգացման մտադրությունից` մեր ժողովուրդների ինքնիշխանության հարգանքի և  շահերի հիման վրա:

ԵՄ-ի հետ ձեր գործարքի համաձայն, Մերծամորի ԱԷԿ-ը պետք է փակվի: Արդյոք ձեր կառավարությունը կանի այդ քայլը:

Նախ` CEPA-ում հայկական ատոմային էներգիայի հետ կապված հատուկ դրույթ կա: Այս դրույթը փաստում է, որ որպես Մեծամորի փակման և աշխատանքի անվտանգ դադարեցման նախապայման պետք է հաշվի առնվի այն նոր հնարավորություններով փոխարինելու անհրաժեշտությունը` ապահովելու համար Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմանները:

Այս փուլում մենք մտադիր ենք արդիականացնել կայանը և բարելավել անվտանգությունը, որպեսզի այն կարողանա աշխատել մինչև էներգիայի այլընտրանքային աղբյուրների իրատեսական դառնալը: Ատոմակայանը մեր էներգետիկ անվտանգության հիմքն է: Հետևաբար, մենք չենք կարող փակել գործարանը, առանց համարժեք փոխարինման, ինչը կարող է ապահովել էներգիայի նույն մակարդակը:

Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական հեղափոխություն և հիմա կան տնտեսական հեղափոխության հույսեր: Որ ուղղությամբ կլինեն Ձեր ջանքերը:

Ճիշտ եք, տնտեսական հեղափոխությունը մեր կառավարության նպատակն է և կառավարության ծրագրի անկյունաքարը:

Այս տեսանկյունից մենք ընդունեցինք և արդեն սկսել ենք իրականացնել հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Որի առաջնահերթություններ են կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների վերացումը, աղքատության հաղթահարումը, անկախ դատական համակարգի համախմբումը, օրենքի գերակայության հաստատումը և բոլոր տնտեսական, քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմանները:

Մենք մտադիր ենք ուժեղ միջոցառումներ իրականացնել մեր հարկային և մաքսային համակարգերի բարեփոխման ուղղությամբ: Մենք նաև կենտրոնանում ենք մեր կրթական համակարգի բարեփոխման վրա: Մարդիկ պետք է կարողանան ապրել և ստեղծել արագ զարգացող աշխարհում, որտեղ առաջընթացը պայմանավորված է գիտելիքով:

 

Վերջին մի քանի ամիսներին մեր երկրում շատ տեսանելի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրինակ, մենք արդեն արմատախիլ ենք արել համակարգային կոռուպցիան: Ոչնչացվել է մենաշնորհների և գոյություն ունեցող օլիգոպոլիաների ուժը: Այսօր Հայաստանում չկա մեկը, ով կարող է քաղաքական ազդեցության լծակներ գործի դնել տնտեսական նպատակների համար:

Մեր նպատակը մեր ժողովրդի մտավոր և գործարար ներուժի անսահմանափակ ռեալիլզացման համար պայմանների ստեղծումն է: Նաև Հայաստանում գործարարության և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment