Հետազոտությունից պարզվել է, որ քաղցկեղների մեծ մասը ձեր հսկողությունից դուրս է

Հետազոտությունից պարզվել է, որ քաղցկեղների մեծ մասը ձեր հսկողությունից դուրս է

Հոդվածի առանցքում

  • Կա քաղցկեղի առաջացման ժառանգականության գործոնը, որը կազմում է քաղցկեղի մոտ 5-10 տոկոսը: Ճշմարտությունն այն է, որ որոշ ուռուցքներ պատահաբար են առաջանում: Սակայն պարզ չէ, թե որքանով այն կարող է չարորակ լինել:
  • 31 տեսակի հյուսվածքների ցողունային բջիջների տվյալների հիման վրա պարզել են կապը երկուսի միջև: Որքան հյուսվածքը շատ ցողունային բջիջներ ունի, այնքան ավելի մեծ է քաղցկեղով հիվանադանալու հավանականությունը:
  • Ունենալով մանրամասն պատկերացում, թե հյուսվածքում որքան մեծ է ցողունային բջիջների թիվը և թե դրանք որքան ակտիվ են, կարելի է որոշել քաղցկեղի հավանական զարգացումը: Թե ուղեղի բջիջները, որոնք կարող են առաջացնել գլիոբլաստոմա ու մեդուլոբլաստոմա, և թե հաստ աղիքինը, պարունակում են նույն քանակի ցողունային բջիջներ:
  • «Շատ կարևոր է, որ շարունակենք փոխել մեր ապրելակերպը՝ ելնելով շրջակա միջավայրի տեսանկյունից, որպեսզի կանխենք քաղցկեղը», - ասում Տոմասետին: «Չպետք է ջանք ու փող խնայել հիվանդության ավելի վաղ հայտնաբերման համար»:

Ուշադրությանն արժանի

Մենք շատ բան կարող ենք անել, որպեսզի պաշտպանվենք քաղցկեղի որոշ տեսակներից՝ չծխել, խուսափել արևի տակ երկար մնալուց, փորձել չշնչել կամ չկլանել չափազանց շատ քիմիական աղտոտիչներ օդում կամ մեր սննդի մեջ: Սակայն գիտնականները միշտ էլ ընդունել են, որ դա քաղցկեղի պատմության միայն մի մասն է: Կա նաև ժառանգականության գործոնը, որը կազմում է քաղցկեղի մոտ 5-10 տոկոսը: Ճշմարտությունն այն է, որ որոշ ուռուցքներ պատահաբար են առաջանում: Սակայն պարզ չէ, թե որքանով այն կարող է չարորակ լինել: Ի՞նչն է իրականում քաղցկեղ առաջացնում:

Քրիստիան Տոմասետին և Բերտ Վոլեգշտեյնը Ջոն Հոպկինսի համալսարանից վստահեցնում են, որ գտել են պատասխանը և դա, ամենայն հավանականությամբ, կփոխի մեր պատկերացումը քաղցկեղի մասին և թե ինչպես այն ախտորոշել և բուժել: Science-ում տպագրված մի նորարարական հոդվածում երկուսն էլ նկարագրել են նոր գործոնը՝ հյուսվածքների ցողունային բջիջները կարող են պարզաբանել, թե որքան տարբեր է քաղցկեղի առաջացումը տարբեր հյուսվածքներում:

Մարմնի շատ հյուսվածքներ ունեն ցողունային բջիջներ, որոնք ծառայում են որպես գործարաններ նույն տեսակի ավելի շատ բջիջներ ստեղծելու համար:  Դա թարմացնում է մեր մաշկի բջիջները, մեր արյան ու իմունային բջիջները պահում երիտասարդ և առույգ: Պատճենահանումն այն ուժն է, որը մարմինը շարժման մեջ է պահում, թույլ է տալիս հյուսվածքներին մեռած բջիջները փոխարինել նորերով:

Բայց այդ գործընթացը վերաբերում է նաև քաղցկեղին, քանի որ քաղցկեղն առաջանում է բջիջներից, որոնք վերցնում են  իրենց ԴՆԹ-ի մուտացիաները, երբ  բաժանվում են: Ցողունային բջիջները միակն են, որ պատճենում են իրենց ԴՆԹ-ին և բաժանվում են, որպեսզի ավելի շատ բջիջներ ստեղծեն: Հյուսվածքի բջիջների միայն մի փոքր մասն է կազմված ցողունային բջիջներից և Տոմասետին ու Վոգելշտեյնը որոշել են պարզել, արդյոք մի կոնկրետ հյուսվածքում ցողունային բջիջների քանակը կարող է քաղցկեղ զարգացնել:

31 տեսակի հյուսվածքների ցողունային բջիջների տվյալների հիման վրա նրանք պարզել են կապը երկուսի միջև: Որքան հյուսվածքը շատ ցողունային բջիջներ ունի, այնքան ավելի մեծ է քաղցկեղով հիվանադանալու հավանականությունը: «Մտածեք քաղցկեղի մասին, երբ մեքենան վարելիս դժբախտ պատահար է տեղի ունենում», – ասում Տոմասետին,  որն աշխատում է Ջոնս Հոպկինսի քաղցկեղի Քիմել կենտրոնի ուռուցքաբանության բաժնում և Ջոն Հոփկինս Բլումբերգի դպրոցի Հանրային առողջության բաժնում: «Եթե դուք մեքենայով խաչաձև ուղևորություն եք կատարում երկրում, ապա վթարի հավանակությունն ավելի մեծ է, քան եթե գնաք տեղական մթերային խանութ: Վտանգը պայմանավորված է ուղևորության երկարությամբ: Ուևորությունը մթերային խանութ կարող է դիտվել որպես ոսկրային քաղցկեղ, որն ունի մի քանի ցողունային բջիջների բաժանումներ: Մինչդեռ երկար ուղևորությունը կարող է առաջացնել հաստ աղիքի քաղցկեղ, որն ունի շատ ավելի բջջային բաժանումներ»:

Ի դեպ, հարաբերակցությունն ուժեղ է այն քաղցկեղների շրջանում, որոնք միաժամանակ պարզ են և հազվադեպ: Որքան արագ այդ բջիջները բաժանվեն ու զարգացնեն ԴՆԹ-ի սխալները կամ մուտացիաները, որոնք աճը դարձնում են անվերահսկելի, այնքան ավելի հավանական է դառնում  հյուսվածքում ուռուցքների զարգացումը:

«Դա բավական զարմանալի է մեզ համար», – ասում է նա: «Ըստ հյուսվածքների տեսակների՝ քաղցկեղի դեպքերի մոտ 65% -ը, պետք է բացատրել ցողունային բջիջների բաժանումների քանակով»:

Ունենալով մանրամասն պատկերացում, թե հյուսվածքում որքան մեծ է ցողունային բջիջների թիվը և թե դրանք որքան ակտիվ են, կարելի է որոշել քաղցկեղի հավանական զարգացումը: Թե ուղեղի բջիջները, որոնք կարող են առաջացնել գլիոբլաստոմա ու մեդուլոբլաստոմա, և թե հաստ աղիքինը, պարունակում են նույն քանակի ցողունային բջիջներ: Ըստ Տոմասետիի՝ այն մոտ հարյուր միլիոն է: Բայց հաստ աղիքի ցողունային բջիջները բաժանվում են ամբողջ կյանքի ընթացքում մոտ 6000 անգամ: Մինչդեռ ուղեղի ցողունային բջիջների բաժանումը գրեթե զրոյական է: Այս կերպ հաստ աղիքի քաղցկեղը 22 անգամ գերազանցում է ուղեղի ուռուցքներին:

Նման բացատրությունը կարող է նաև լուծել քաղցկեղի որոշ գաղտնիքներ: Օրինակ, ինչու են չծխող մարդիկ դեռևս ունենում  թոքերի քաղցկեղ, այն էլ զարմանալի մեծ թվով, կամ ինչու են ավելի շատ հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանում, քան  փոքր աղիքի, չնայած, որ այն ավելի կարճ է: Պատճառներից մեկը, ըստ Տոմասետիի, կարող է լինել տարբեր ցողունային բջիջների ակտիվությունն այդ հյուսվածքներում:

Այս եզրակացությունը փոխում է քաղցկեղի պատկերը: Վերջին տասնամյակների ընթացքում, քաղցկեղով հիվանդությունների մակարդակը նվազել է  շնորհիվ ակտիվ ջանքերի, որոնք ուղղված են մարդկանց կրթելուն, նրանց դրդում են քայլեր ձեռնարկել`կանխելու քաղցկեղը: Դրանցից են ծխելը թողնելն ու արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելը: Արդյո՞ք այդ ուղերձները սխալ են:

Ոչ, իհարկե: Տոմասետին ասում է, որ ժամանակն է մի քիչ վերաուղղորդել քաղցկեղի ռազմավարությունը: Օրինակ, նա և Վոգելշտեյնն  առաջարկել են քաղցկեղին նայել երկու կատեգորիաներով. այն կամ գենետիկական է, կամ էլ դրան գումարած բնապահպանական ու ժառանգական: Այսպես, մելանոման, ձվարանների,  ուղեղի, թոքերի քաղցկեղը չծխողների մոտ, ամենատարածված լեյկոզը և ոսկրային քաղցկեղը, հիմնականում մարդկանց վերահսկողությունից դուրս են:

Նրանք պատահական մուտացիաների արդյունք են, որոնք առաջացել են իրենց հյուսվածքներում՝ ոսկրում, արյան մեջ, ձվարաններում, ուղեղում, ցողունային բջիջների բաժանման պատճառով: Թույլ տրված սխալներն էլ վերածվում են չարորակ ուռուցքների: Այս քաղցկեղների դեպքում ապրելակերպի փոփոխությունը կամ այլ միջամտություններ չեն կանխի քաղցկեղի առաջացումը: Սակայն զգոնությունը և առաջին նշանները վաղ հայտնաբերելը կարող են փրկել կյանքը:

Մյուս տեսակի քաղցկեղների դեպքում, որոնք ցողունային բջիջների մուտացիաների և ժառանգականության կամ ճառագայթահարման արդյունք են, կանխարգելման մեթոդների կիրառումն ապացուցված է: Ժառանգական հիվանդության դեպքերում տեղեկություն հավաքելը, ծխելուց հրաժարվելը, ռադիոակտիվ և քաղցկեղածին նյութերի ազդեցության նվազեցումը, դեռևս  կարևոր են: Դրանք են օգնել նվազեցնել թոքերի քաղցկեղի տեմպերը ծխողների մոտ, հաստ աղիքի քաղցկեղն էլ նրանց  շրջանում, ում մոտ այն ժառանագական է:

«Շատ կարևոր է, որ շարունակենք փոխել մեր ապրելակերպը՝ ելնելով շրջակա միջավայրի տեսանկյունից, որպեսզի կանխենք քաղցկեղը», – ասում Տոմասետին: «Չպետք է ջանք ու փող խնայել հիվանդության ավելի վաղ հայտնաբերման համար»:

Տոմասետին խոստովանում է, որ քաղցկեղի երկու տարածված տեսակի՝ կրծքի և շագանակագեղձի քաղցկեղները իրենք չեն ուսումնասիրում: Պատճառն այն է, դրանց ցողունային բջիջների քանակի, հյուսվածքների թարմացման մասին գիտելիքները բավարար չեն: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», ասում է նա: «Հույս ունենք, որ այս տեսակի աշխատանքը հետաքրքրություն կառաջացնի մյուսների մոտ, որպեսզի սկսեն ցողունային բջիջների մանրամասն ուսումնասիրությունը:

Նա, միաժամանակ, ընդգծում է, որ չնայած չեն կարողանում կանխել ուռուցքների ձևավորումը, սակայն հնարավոր է բուժել և փրկել կյանքեր, եթե դրանք վաղ հայտնաբերվեն և հեռացվեն, կամ կիրառեն քիմիաթերապիա ու ճառագայթում: Այդ կերպ հնարավոր է ուռուցքները հսկողության տակ պահել: «Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ մարդիկ կարող են ասել մոռացեք դրա մասին և ոչինչ չանել: Հակառակն է ճիշտ: Մենք պետք է շարունակենք անել այն, ինչ առաջ արել ենք: Սակայն մեր նպատակն է անել ավելին », – ասում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment