Ոստիկանությունը հարյուրավոր մարդկանց է ձերբակալել Մոսկվայում
Հոդվածի առանցքում
- Շաբաթ օրը կեսօրին տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 828 մարդու, հայտնում է OVD-info անկախ մոնիտորինգային խումբը: Ոստիկաններն ասում են, որ ձերբակալել են 600 մարդու, իսկ բողոքի ցույցին մասնակցել է 1500 մարդ: Ակտիվիստները ասում են, որ մասնակցել է 10 000 մարդ:
Ուշադրությանն արժանի
Շաբաթ օրը Մոսկվայի ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացրել՝ փորձելով տապալել բողոքի ցույցը, որը արգելվել էր իշխանությունների կողմից:
Ցույցը նոր ստեղծված բողոքի շարժման վերջին էպիզոդն էր: Ամեն ինչ սկսվել է, երբ ընդդիմադիր թեկնածուներին թույլ չեն տվել մասնակցել Մոսկվայի քաղաքային խորհրդի ընտրություններին, ինչի պատճառով Ռուսաստանում սկսվել են վերջին տարիների ամենամեծ քաղաքական բողոքի ակցիաները:
Շաբաթ օրը կեսօրին տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 828 մարդու, հայտնում է OVD-info անկախ մոնիտորինգային խումբը:
Ոստիկաններն ասում են, որ ձերբակալել են 600 մարդու, իսկ բողոքի ցույցին մասնակցել է 1500 մարդ: Ակտիվիստները ասում են, որ մասնակցել է 10 000 մարդ:
Ռուսաստանի մայրաքաղաքն արգելափակման մեջ էր, քանի որ իշխանությունները փակել էին մուտքերը դեպի կենտրոնական բուլվարային օղակ, որտեղ ցուցարարները ցանկանում էին երթ անցկացնել, արգելափակվել էր նաև բջջային ինտերնետը մայրաքաղաքի մեծ մասում և ցուցարարների գլխավերևում ուղղաթիռ էր պտտվում:
Լյուբով Սոբոլը՝ միակ ընդդիմադիր քաղաքական գործիչը, որը ցանկանում է մասնակցել սեպտեմբերին կայանալիք ընտրություններին, բայց դեռ բանտում չէր, ձերբակալվել է ոստիկանության կողմից նախքան նույնիսկ կհասներ բողոքի ցույցի վայրը:
Սոբոլը, որը երեք շաբաթ է հացադուլ է անում բողոքելով քվեաթերթիկում չհայտնվելու դեմ, դուրս էր գալու իր նախընտրական շտաբից տաքսի նստելու համար, բայց նրան դուրս են հանել ոստիկանները, քարշ տվել դեպի սպասող ավտոբուսը:
Օրվա ընթացքում փակ էին բուլվարի երկայնքով գտնվող մի շարք ռեստորաններ և խանութներ, իսկ ոստիկանները կրում էին հատուկ համազգեստ, որը օգտագործվում է, օրինակ, ծայրահեղականների դեմ գործողությունների ժամանակ: Նման որոշում է կայացվել, քանի որ անցած շաբաթ բողոքի ցույցի մասնակիցները նույնականացրել են մի քանի ոստիկանների՝ օգտագործելով դեմքի նույնականացման առցանց համակարգչային ծրագիր:
Բողոքի ցույցի մասնակիցները հայտնել են, որ իրենք անհանգստացած են, որ իշխանությունները բախում են հրահրում ոստիկանության հետ:
Մի տղամարդ, որը մասնակցում էր բողոքի ցույցին իր երկու դպրոցական դուստրերի հետ, ասաց, որ անհանգստացած է բռնության հնարավորությունից: «Բայց կարևոր է ցույց տալ, որ մենք չենք վախենում», – ասաց նա:
Քանի որ բողոքի ակցիան մեծ տարածքում էր, դժվար էր հաշվել մարդկանց թիվը: Նախնական գնահատականներով ենթադրվում է, որ թիվը կարող է պակասել անցած շաբաթավերջին հավաքվածների համեմատ: Այդ ժամանակ ակցիան դեպի Մոսկվայի քաղաքապետարան քայլարշավով էր և ոստիկանության գործողությունները ամենադաժանն էին վերջին մոտ մեկ տասնամյակում:
Այնուհետև ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 1300 մարդու, և չնայած նրանց մեծ մասն արագ ազատ է արձակվել, սակայն իշխանությունները հստակեցրել են, որ նախատեսում են խոշոր բանտարկություններ: Նրանք 10 բողոքողների դեմ գործ են հարուցել «զանգվածային անկարգություններ» հրահրելու մեղադրանքով, որը մինչև 15 տարի բանտարկություն է նախատեսում:
Շաբաթ օրը Ռուսաստանի քննչական կոմիտեն նաև հայտարարեց, որ սկսում է փողերի լվացման հետաքննություն հակակոռուպցիոն հիմնադրամում, որը վարում է ընդդիմության առաջատար քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին: Նա այժմ բանտում է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ