Մոլդովայի ընտրություններն առավելություն են տալիս արևմտամետ կուսակցություններին

Հոդվածի առանցքում

  • Մոլդովայի խորհրդարանում արևմտամետ կուսակցությունները դառնում են վերահսկող մեծամասնություն:
  • 3 արևմտամետ կուսակցությունները միասին հավաքել էին ձայների մոտ 45 տոկոսը, մինչդեռ ռուսամետ կուսակցությունները ստացել էին 39 տոկոսը:
  • Ռուս պաշտոնյաները, ներառյալ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, նշում են, որ Մոլդովայի ներկայիս եվրոպամետ կառավարությունը ընտրության արդյունքները կեղծել է:

Ուշադրությանն արժանի

Երեք եվրոպամետ կուսակցությունները հանգստյան օրերին անցկացված ընտրությունների արդյունքում Մոլդովայի պառլամենտը վերահսկելու համար անհրաժեշտ քանակությամբ ձայներ են հավաքել, չնայած այն զարմացնող հանգամանքին, որ երկուշաբթի օրվա նախնական արդյունքներով առաջին տեղում էր ռուսամետ սոցիալիստական կուսակցությունը:

Կրելով հարևան Ուկրաինայում շարունակվող բռնությունների ազդեցությունը՝ Եվրոպայի ամենափոքր և աղքատ երկրում` Մոլդովայում, կատարվող ընտրությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև դարձել են թեժ մրցակության առարկա՝ նախկին խորհրդային այս հանրապետությունում ազդեցության համար:

Մոլդովան Ուկրաինայի նման ևս հաստատուն քայլերով գնում է Եվրոպական միության հետ տնտեսական և քաղաքական ինտեգրացման: Սակայն, Ռուսաստանը այս քաղաքական կուրսի փոփոխման համար զգալի ճնշում է գործադրում:

Անցյալ տարի Ռուսաստանն արգելեց մոլդովական գինիների ներմուծումը, իսկ վերջին ամիսներին արգելքները տարածվեցին նաև խնձորի, մսի և այլ մթերքների վրա, ինչը ծանր հարված էր հիմնականում գյուղատնտեսությունից կախված ազգային տնտեսության համար:

Ռուսաստանն արդեն իսկ կարևոր դեր ունի Մոլդովայում ռուսամետ Մերձդնեստրյան ռեգիոնի պատճառով, որն իր անկախությունը հռչակել է 1990 թ.-ին, ինչն էլ 1992թ.-ին  զինված հակամարտության պատճառ էր դարձել: Ռուսական զորքերն արդեն վաղուց տեղակայված են Մերձդնեստրում, որպես խաղաղապահ ուժեր:

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, նշում են, որ Մոլդովայի ներկայիս եվրոպամետ կառավարությունը ընտրության արդյունքները կեղծել է:

Ընտրությունից ընդամենը չորս օր առաջ՝ հինգշաբթի օրը, երկրի կենտրոնական  ընտրական հանձնաժողովը արգելել էր ռուսամետ մեկ այլ կուսակցության՝ «Պատրիայի» (Բատկիվշչինա) մասնակցությունը ընտրությանը՝ պատճառաբանելով, որ վերջինս արտասահմանյան ապօրինի ֆինանսավորում է ստացել:

Թվիթերում մեկնաբանելով այս դեպքերը՝ Դ. Ռոգոզինն ասում է, որ եթե «Պատրիային» թույլատրվեր մասնացկել ընտրություններին, և եթե հնարավոր լիներ Ռուսաստանում հազարավոր մոլդովացի ներգաղթյալ աշխատողների քվերակությունը, ռուսամետ կուսակցությունները  կարող էին գերիշխող դիրք ձեռք բերել պառլամենտում:

Նախնական տվյալների համաձայն, երբ հաշվարկվել էին քվերաթերթիկների մոտ 97 տոկոսը, ռուսամետ Սոցիալիստական կուսակցությունը 20.7 տոկոսով առաջին տեղում էր, իսկ ձայների 20 տոկոսով երկրորդ տեղում արևմտամետ Դեմոկրատական կուսակցությունն էր:

Մոլդովայի կոմունիստական կուսակցությունը, որը, հավանաբար, նախկին Խորհրդային միության երկրներում ամենակայունն է, 17.8 տոկոսով երրորդ տեղում էր: Կոմկուսին 16 տոկոս ձայներով հետևում էր ակնհայտ եվրոպամետ Լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը, որը ղեկավարում է վարչապետ Յուրիե Լյանկեն:  Հինգերորդ տեղում 9.5 տոկոս ձայներով  գտնվում էր արևմտամետ Լիբերալ կուսակցությունը:

Արևմտամետ կուսակցությունները միասին հավաքել էին ձայների մոտ 45 տոկոսը, մինչդեռ ռուսամետ կուսակցությունները ստացել էին 39 տոկոսը: Քանի որ այլ կուսակցությունները հազիվ թե կարողանան  հաղթահարել պառլամենտ մտնելու 6 տոկոսի արգելքը, արևմտամետ կուսակցությունները դառնում են պառլամենտական վերահսկող մեծամասնություն:

Դա խոսում է այն մասին, որ կառավարության ձևավորումը պետք է շատ բարդ լինի և առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում լարված բանակցություններ կլինեն:  Չնայած այն հանգամանքին, որ Գերագույն դատարանը շաբաթ օրվա իր որոշմամբ ուժի մեջ է թողել «Պատրիային» նկատմամբ արգելքը, հետագա որակազրկումը «զենք» է դառնում ռուսական պաշտոնյաների ձեռքում, ովքեր բողոքում էին եվրոպական միջամտություններից, որի նպատակը Կրեմլի ազդեցության սահմանափակումն էր նախկին Խորհրդային Միության տարածքում:

Դ. Ռոգոզինը վճռականորեն առաջ է տանում ռուսական կարծիքը: Անցյալ տարի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև այցի ընթացքում նա ընդգծել էր երկրի կախվածությունը Ռուսաստանի բնական գազից՝ ձմռանը բնակարանների ջեռուցման համար և զգուշացրել. «Հույս ունենք, որ դուք չեք մրսի»:

Երկուշաբթի օրը նա կրկին կոչ արեց մոլդովացի պաշտոնյաներին՝ հաշվի առնելով ընտրությունների արդյունքները վերանայել իրենց արևմտյան դիրքորոշումը: «Դրան ավելացրեք ընտրությունների նախօրյակին հեռացված «Պատրիա» կուսակցության կողմնակիցների ձայները, գումարեք Ռուսաստանում գտնվող մոլդովացի 70.0000 արտագնա աշխատողներին, որոնց Քիշնևը չի թույլատրել մասնակցել ընտրություններին, և կստանաք այս երկրի եվրաինտեգրվողների իրական կշիռը»,- գրել էր նա իր մեկնաբանության մեջ,- «Քիշինևին արժե մտածել, արդյո՞ք ճիշտ ուղու վրա եք, ընկերներ»:

«Պատրիան» հիմնադրել էր Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող հարուստ գործարար Ռենատո Ուսատին:  Ռ. Ուսատին «VPT-NN» ընկերության նախագահն է, որը «Ռուսական երկաթուղիների» պահեստամասերի և սարքավորումների պաշտոնական մատակարարն է: «Ռուսական երկաթուղիները» ղեկավարում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից մեկը: Երբ այս գարնանը Ռուսաստանը իրեն միացրեց Ղրիմը, Մերձդնեստրի որոշ պաշտոնյաներ Ռուսաստանին կոչ էին անում միացնել նաև իրենց տարածքը՝ դրանով իսկ արտահայտելով 2006 թ. անցկացված հանրաքվեի արդյունքները, որի ընթացքում ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment