Հունգարական Պուտինը. Մի՞թե Վիկտոր Օրբանը հետևում է Կրեմլի խաղի կանոններին

Հունգարական Պուտինը. Մի՞թե Վիկտոր Օրբանը հետևում է Կրեմլի խաղի կանոններին

Հոդվածի առանցքում

  • Երբ 2010 և 2012 թվականներին Հունգարիան օրենքներ ընդունեց, որոնք իրավունք էին տալիս արտասահմանում ապրող հունգարացիներին հունգարական անձնագրեր ստանալ, իսկ հետո նաև մասնակցել հունգարական ընտրություններին, պարզ էր, որ դա վտանգավոր ազգային շարժումներ էր հրահրում. Հունգարիայից դուրս ապրող հունգարական համայնքների անջատողական շարժումներ:
  • Օրբանը մտածում է ընտրական ձայների մասին: Այն պահից սկսած, երբ նա կրկին իշխանության եկավ 2010 թվականին, նա արել է հնարավոր ամեն ինչ՝ ընտրություններում այլևս պարտություն չկրելու համար: Նա իրեն դրսևորել է որպես նախընտրական խարդախությունների համաշխարհային կարգի վիրտուոզ:
  • Երբ նա իշխանության եկավ 2010 թվականի ընտրության արդյունքում, նա հաջողացրել էր այն աստիճան խեղաթյուրել հունգարական ընտրական համակարգը, որ 2014 թվականին նրա «Fidesz» կուսակցությունը կարողացավ ստանալ պառլամենտի տեղերի 2/3-ն այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցում էր ընտրողների 45 տոկոսը:
  • Հաջորդ՝ 2018 թվականի ընտրությանը, «Fidesz»-ը կարող է ավելի մեծ օգուտ ստանալ այս խմբերից՝ ավելի շատ էթնիկ հունգարացիների մոտիվացնելով, որ վերջիններս հունգարական անձնագիր ձեռք բերեն և քվեարկեն մասնավորապես հօգուտ «Fidesz»-ի:
  • Թեև Օրբանը իրական խնդիրներ հրահրելու մտադրություն չունի, սակայն հաճախ է իր ելույթներում օգտագործում խիստ ազգայնական հաղորդագրություններ: Օրինակ, նա խրախուսում է «ինքնավարությունը» և խոսում ազգի մասին, որը ներկա սահմանից այն կողմ է: Այս անհամապատասխանության բացատրություններից մեկն այն է, որ նա նախապատրաստում է Ռուսական գերիշխանությամբ Եվրոպա, որտեղ Հունգարիան հետ կստանա (գոնե խորհրդանշական կերպով) իր նախկին տարածքների մի մասը:
  • Օրբանը կարող է որոշակի հույսեր փայփայել, որ Պուտինը կանի այն, ինչ Ադոլֆ Հիտլերն արել էր 1938 թվականին՝ Հունգարիային կվերադարձնի Տրիանոնում կորցրած տարածքները: Դա անիրական է. Եվրոպայում սահմանները Ղրիմից հետո ավելի ճկուն կարող են լինել, քան նախկինում էին: Սակայն հունգարական սփյուռքի մեծամասնությունը չի հարում ինքնավարության ագրեսիվ շարժումներին, քանի որ հասկանում է, որ ինքն է դառնալու իրիդենտիզմի առաջին զոհը:
  • Այս սպառնալիքները այսօր ոչ մի տեղ ավելի ակնհայտ չեն, քան Ուկրաինայում, որտեղ Օրբանը, օգտվելով քաղաքական քաոսային իրավիճակից, առաջ է քաշում Արևմտյան Ուկրաինայում Հունգարիային հարակից Մերձկարպատյան շրջանում բնակվող հունգարական փոքրամասնության խնդիրը (Ուկրաինայում ապրում են մոտ 200 հազար հունգարացիներ): Այստեղ Օրբանը կրկնել է ռուս ազգայնականներին՝ հունգարական փոքրամասնությանը կոչ անելով մեծ ինքնավարության հասել Ուկրաինայում:

Ուշադրությանն արժանի

Երբ 2010 և 2012 թվականներին Հունգարիան օրենքներ ընդունեց, որոնք իրավունք էին տալիս արտասահմանում ապրող հունգարացիներին հունգարական անձնագրեր ստանալ, իսկ հետո նաև մասնակցել հունգարական ընտրություններին, պարզ էր, որ դա վտանգավոր ազգային շարժումներ էր հրահրում. Հունգարիայից դուրս ապրող հունգարական համայնքների անջատողական շարժումներ:

Անշուշտ, Հունգարիայի ոչ լիբերալ վարչապետ Վիկտոր Օրբանը բազմիցս հայտարարել էր, որ հունգարացի ժողովուրդը չի սահմանափակվում իրենց պետության սահմաններով, ընդհակառակը, դա վերաբերվում է այն հունգարացիներին, ովքեր ապրում են Ռումինիայում, Սլովակիայում, Սերբիայում և Ուկրաինայում այն ժամանակից ի վեր, երբ Վերսալյան պայմանագրով  Հունգարիայի տարածքի 2/3-ը կրճատվեց:

Հաշվի առնելով Ռուսաստանի հետ զուգահեռները, որտեղ Ուկրաինայի և Աբխազիայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելը նախորդել էր ներխուժմանը, կարելի է ներել հունգարական գործընթացներին հետևողների սառը վերաբերմունքը: Չնայած Օրբանը հունգարական սահմանների մասին խոսելիս տուրք տվեց ազգայնական նոստալգիային, նրա նպատակները չեն համընկնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակներին և ավելին, իրիդենտիզմի (երբեմնի ունեցած և հետագայում կորցրած տարածքները հետ վերադարձնելուն ուղղված շարժում) հետ:  Օրբանը մտածում է ընտրական ձայների մասին:

Այն պահից սկսած, երբ նա կրկին իշխանության եկավ 2010 թվականին, նա արել է հնարավոր ամեն ինչ՝ ընտրություններում այլևս պարտություն չկրելու համար: Նա իրեն դրսևորել է որպես նախընտրական խարդախությունների համաշխարհային կարգի վիրտուոզ: Երբ նա իշխանության եկավ  2010 թվականի ընտրության արդյունքում, նա հաջողացրել էր այն աստիճան խեղաթյուրել հունգարական ընտրական համակարգը, որ 2014 թվականին նրա «Fidesz» կուսակցությունը կարողացավ ստանալ պառլամենտի տեղերի 2/3-ն այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցում էր ընտրողների 45 տոկոսը:

Եվ նույնիսկ, եթե «Fidesz»-ը պարտվեր ընտրություններում, Օրբանը այնպես է մանիպու­լացրել համակարգը, որ այս կուսակցության ներկայացուցիչները ԶԼՄ-ների գրասենյակներում, դատախազությունում, պետության վերահսկողական մարմիններում, կենտրոնական բանկում, նախագահական վարչակազմում կշարունակեին իրական իշխանությունը իրենց ձեռքում պահել:

Հունգարական սփյուռքի հետ Օրբանի գործարքը կարող է դիտարկվել որպես նախընտրական ռազմավարություն: Այն պահից, երբ  «Fidesz»-ը 2010 թվականին ընդունել է օրենքը, մոտ 675 հազար էթնիկ հունգարացիներ օգտվել են այս հնարավորությունից: 130 հազարից մի փոքր պակաս թիվ են կազմում 2014 թվականի ընտրություններում քվեարկած երկքաղաքացիները, ընդ որում, ընտրողների 95 տոկոսն ընտրել է «Fidesz»-ին: Թեև 130 հազարը 8 միլիոն ընտրող ունեցող երկրի համար մեծ թիվ չի կազմում, այս ձայները «Fidesz»-ին պառլամենտում լրացուցիչ տեղերի հնարավորություն են տալիս, որի արդյունքում վերջինս ապահովում է տեղերի 2/3-ը՝ մեծ բան նշանակող փոքր առավելություն:

Հաջորդ՝ 2018 թվականի ընտրությանը, «Fidesz»-ը կարող է ավելի մեծ օգուտ ստանալ այս խմբերից՝ ավելի շատ էթնիկ հունգարացիների մոտիվացնելով, որ վերջիններս հունգարական անձնագիր ձեռք բերեն և քվեարկեն մասնավորապես հօգուտ «Fidesz»-ի:

Օրբանի կառավարությունը կարող է նաև այն հարևան երկրներում, որտեղ ընտրողները մտադիր են քվերակել իր օգտին, ավելի շատ ընտրական տեղամասեր բացել՝ հակադրվելով Լոնդոնին և այլ տեղերի, որտեղ Օրբանը չի շտապում հեշտացնել հունգարացիների քվեարկությունը:

Բացի ընտրություններից, Օրբանը արտասահմանյան հունգարացիներին դիտարկում է նաև որպես իր երկրի ժողովրդավարական խնդիրները լուծելու միջոց: 1988 թվականին բնակչության թիվը երկրում կազմում էր 10.6 միլիոն, սակայն 27 տարվա ընթացքում Հունգարիան կորցրել է մոտ 700 հազար բնակչի, որի պատճառն հիմնականում արտագաղթն է ու ցածր ծնելիությունը:

Ճիշտ է, Օրբանը, ինչպես և եվրոպական՝ աջ թևին հարող շատ քաղաքական գործիչներ  (սակայն ոչ այդքան արմատական ձևով), հիմնականում հանդես են գալիս ներգաղթի դեմ՝ հատկապես,  երբ խոսքը գնում է տարբեր մշակութային ավանդույթներ ունեցող անձանց գալու մասին:

Օրինակ, նա Փարիզում Չառլի Հեբդոյի  վրա կատարված հարձակման վերաբերյալ կտրուկ է արտահայտվել՝ ընդգծելով. «Մենք մեզ մոտ չենք ցանկանում տեսնել խոշոր փոքրամասնություն, որը տարբեր մշակութային բնութագրեր և ժառանգություն ունի: Մենք ցանկանում ենք Հունգարիան Հունգարիա պահել»: Սակայն հունգարական սփյուռքը կարող է օգնել Օրբանին՝ հաղթահարելու անհաղթահարելին: Այս առումով նա շատ նման է Ռուսաստանին, որը ևս խրախուսում էր նախկին Խորհրդային Միության հանրապետություններում ապրող ռուսների տունդարձը:

Օրբանը արտասահմանում ապրող հունգարացիներին դիտարկում է նաև որպես իր երկրի ժողովրդագրական խնդիրները լուծելու ուղի:

Թեև Օրբանը իրական խնդիրներ հրահրելու մտադրություն չունի, սակայն հաճախ է իր ելույթներում օգտագործում խիստ ազգայնական հաղորդագրություններ: Օրինակ, նա խրախուսում  է «ինքնավարությունը» և խոսում ազգի մասին, որը ներկա սահմանից այն կողմ է: Այս անհամապատասխանության բացատրություններից մեկն այն է, որ նա նախապատրաստում է Ռուսական գերիշխանությամբ Եվրոպա, որտեղ Հունգարիան հետ կստանա (գոնե խորհրդանշական կերպով) իր նախկին տարածքների մի մասը:

Օրբանը կարող է որոշակի հույսեր փայփայել, որ Պուտինը կանի այն, ինչ Ադոլֆ Հիտլերն արել էր 1938 թվականին՝ Հունգարիային կվերադարձնի Տրիանոնում կորցրած տարածքները: Դա անիրական է. Եվրոպայում սահմանները Ղրիմից հետո ավելի ճկուն կարող են լինել, քան նախկինում էին: Սակայն հունգարական սփյուռքի մեծամասնությունը չի հարում ինքնավարության ագրեսիվ շարժումներին, քանի որ հասկանում է, որ ինքն  է դառնալու իրիդենտիզմի առաջին զոհը: Նրանք հակված են օժանդակելու այն քաղաքական ուժերին, ովքեր ջանում են հունգարական, ռումինական, սերբական, սլովակյան քաղաքական ուժերի միջև խաղաղ համագործակցություն հաստատել:

Բուդապեշտի՝ «Քաղաքական կապիտալ» վերլուծական կենտրոնի անցկացրած հարցումները պարզել են, որ «Fidesz»-ին ակտիվ օժանդակելուն պատրաստ հունգարացիները կազմում են Տրանսիլվանիայի (Ռումինիայի տարածք, որտեղ կենտրոնացած են շատ հունգարացիներ) հունգարական բնակչության ¼ մասը: Լուռ մեծամասնությունը ո՛չ դիմել է երկքաղաքացիություն ստանալու համար, ո՛չ էլ մասնակցել է հունգարական ընտրություններին:

Իմիջիայլոց, հունգարական արմատական աջաթևյան ֆաշիստական և իրիդենտիստ «Jobbik» կուսակցությունը պրակտիկորեն ոչ մի օժանդակություն չի ստանում արտասահմանյան հունգարացիների կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ փորձում է կապեր հաստատել հունգարական համայնքների միջև և անջատողական շարժումներ հրահրել:

Այնուհանդերձ, դա չի նշանակում, որ հատկապես արտաքին քաղաքական օժանդակություն ստացող ագրեսիվ անջատողական քաղաքական շարժումները չեն կարող գործել այնպես, ինչպես մեծամասնության օժանդակություն ստացողները, ինչպես որ Արևելյան Ուկրաինայում է: Մինչ օրս դա տեղի չի ունեցել, սակայն Հունգարիայում արտասահմանյան հունգարացիներին ցանկացած ազգային քաղաքական նպատակներով օգտագործելը կարող է հիմք հանդիսանալ հարևան երկրներում նման ծայրահեղականության և անկայունության առաջացման համար:

Այս սպառնալիքները այսօր ոչ մի տեղ ավելի ակնհայտ չեն, քան Ուկրաինայում, որտեղ Օրբանը, օգտվելով քաղաքական քաոսային իրավիճակից, առաջ է քաշում Արևմտյան Ուկրաինայում Հունգարիային հարակից Մերձկարպատյան շրջանում բնակվող հունգարական փոքրամասնության խնդիրը (Ուկրաինայում ապրում են մոտ 200 հազար հունգարացիներ): Այստեղ Օրբանը կրկնել է ռուս ազգայնականներին՝ հունգարական փոքրամասնությանը կոչ անելով մեծ ինքնավարության հասել Ուկրաինայում: 2014 թվականի մայիս 10-ին իր երդմնակալության ճառի ընթացքում Օրբանը նշել է, որ

«Կարպատյան ավազանում բնակվող հունգարացիները արժանի են երկքաղաքացինության, իրավունքների և նույնիսկ ինքնավարության… Մենք դա հստակ ակնկալում ենք նոր ձևավորվող Ուկրաինայից»: Զարմանալի չէ, որ այս ճառը որոշակի դիվանագիտական անկայունություն առաջացրեց: Նման կոչեր հնչել են նախկինում ևս. 1996 թվականի պայմանագրով նա հարկադրվեց դադարեցնել Ռումինիայում ապրող հունգարացիներին ուղղված ինքնավարության կոչերը՝ որպես Եվրոպական Միությանը անդամակցելու պայման: Եվրոպական միությունը կարող է ապահովել խաղաղությունը իր անդամ պետությունների միջև, սակայն Ուկրաինան նրա կազմում չէ:

Իր այս քաղաքական մոտեցմամբ Օրբանը կարող է «ձգել» քաղաքական հարգելիության չափերը, սակայն մինչ օրս նա ամբողջությամբ չի հեռացել եվրոպական նորմներից: Արտասահմանյան հունգարացիների նկատմամբ իր մոտեցումը  ընդգրկվում է այս շրջանակում: Նա խաղում է մեղմ ռեվիզիոնիստական քաղաքականության կանոններով (դրանք առանձնահատուկ չեն, ընտրական իրավունքով երկքաղաքացիությունը կիրառվում է Խորվաթիայում և Ռումինիայում): Նա հիմնականում դա անում է ոչ թե լուրջ միջէթնիկական հակասություն հրահրելու, այլ տանը հաղթանակ տանելու համար: Մինչ օրս նրա ռազմավարությունը գործել է: Սակայն փխրուն հավասարակշռությունը հեշտությամբ կարող է խախտվել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment