Մետրոպոլիտան թանգարանի նոր ցուցադրությունը բացահայտում է աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդին

Մետրոպոլիտան թանգարանի նոր ցուցադրությունը բացահայտում է աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդին

Հոդվածի առանցքում

  • «Հայաստան. Արվեստը, կրոնը և առևտուրը միջնադարում» խորագրով ցուցադրությունում Մետրոպոլիտանը ներկայանում է լավագույնը։ Թանգարանը վերցրել է մարդկանց մեծ մասի համար անհայտ նյութ, գործի դրել իր համադրելու փորձն ու միջազգային կապերը՝ հիասքանչ ցուցադրություն անելու համար։ Միայն Մետրոպոլիտանը կարող էր այդքան խոր ուսումնասիրություն անել: Այս ցուցադրությունը թանգարանի պատիվն է, որին ֆինանսապես աջակցել է ամերիկահայ համայնքը: Այս ցուցահանդեսն ի ցույց է դնում քիչ ուսումնասիրված, բայց արևմտյան պատմության և արվեստի էական բաղադրիչներից մեկը:

Ուշադրությանն արժանի

Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանն ավելի շատ համալսարան է, քան թանգարան, որին միակ հնարավոր համարժեք թանգարանները Բրիտանականն ու Լուվրն են։ Մետրոպոլիտանը համարվում է աշխարհի ամենահզոր թանգարանը, որի հետազոտական, հրատարակման և արվեստի հավաքման ներուժն անհավանական է։

Իր նոր՝ «Հայաստան. Արվեստը, կրոնը և առևտուրը միջնադարում» խորագրով ցուցադրությունում Մետրոպոլիտանը ներկայանում է լավագույնը։ Թանգարանը վերցրել է մարդկանց մեծ մասի համար անհայտ նյութ, գործի դրել իր համադրելու փորձն ու միջազգային կապերը՝ հիասքանչ ցուցադրություն անելու համար։ Հայերը պաշտոնապես քրիստոնյա դարձան 301 թվականին, առաջին անգամ էր, որ այս նոր կրոնը դառնում էր պետական։ Արարատ լեռն այն ենթադրյալ վայրն է, որտեղ իջել է Նոյի տապանը՝ Հայաստանը դարձնելով աշխարհի ամենահին հողը։ Թռչնի թռիչքի բարձրությունից արված մեծ լուսանկարների շնորհիվ, որտեղ երևում են եկեղեցիները, մենք պատկերացում ենք կազմում Հայաստանի գրավիչ տեղագրության մասին՝ լեռնոտ և կախված կտրուկ ժայռերով։ Քիչ մարդ կիմանա եկեղեցիների, վանական համալիրների և քաղաքների անունները։ Կարսը, Դվինը, Հաղպատը, Էջմիածինը և Անին նորություն էին ինձ համար։ Հիմա՝ ոչ։

Ցուցադրությունը սկսվում է քրիստոնեության մասին հիշատակող 4-րդ դարի քառակողմ սյուներով, որոնց վրա ճարտարությամբ քանդակված են սրբապատկերներ, սատանաներ և իշխաններ։ Քանդակները վանական համալիր են զարդարել և վաղ քրիստոնեական լավագույն քանդակների օրինակներ են։ Հայկական հնագույն առևտրային քաղաք Դվինի պեղումները բացահայտում են մայրաքաղաքների էկլեկտիկ խաչմերուկների ոճը, որը փոքր-ինչ ոգեշնչված է Իտալիայից, քրդական տարածաշրջանից, Կոստանդնուպոլսից և Պարսկաստանից։ Հնագիտությունը Հայաստանում նոր է։ Այգեստանի գանձերը բացահայտվել են միայն 1936թ-ին, և դրա 10-11-դ դարերի նրբագեղ ոսկյա զարդերը լավագույնը ներկայացված են Մետրոպոլիտանում։ Շատ ցուցանմուշների նման վզնոցները, ապարանջանները և ականջօղերը ևս նախկինում երբեք դուրս չեն բերվել Հայաստանից։ Այս ցուցահանդեսն իսկապես թարմություն է։

Հայկական ծիսակարգի և արվեստի փոխհարաբերությունների բացատրությունը ցուցադրության մեծ մասն է կազմում, կա նաև կատալոգ։ Փորագրված դռներն ավելի շատ սենյակների բաժանարարներ են եղել։ Դռներն Աստվածաշնչում հոգևոր անցումների մետաֆորներ են. հայկական շատ ծեսեր մատուցվում են դռան երկու կողմում՝ ընդգծելով օրհնության բարձր աստիճանը։ Հավասար թևերով ճառագայթող խաչերը, որոնք , մեկտեղում են արևի ճառագումը, հստակ հայկական խորհրդանիշներ են։ Դրանք ավելի շատ խորհրդանշում են Կյանքի ծառը, հավերժություն և նոր սերունդների հաղթանակը, քան Քրիստոսի չարչարանքները և զոհաբերումը։ «Հայաստան» հավաքածուի ամենագեղեցիկ նմուշները վաղ 14-րդ դարի մասունքներն են՝ զարդարված մարգարիտներով և թանկարժեք քարերով։ Ամենատարածված ձևը սուրբ աջն է, որը գալիս է հայկական եկեղեցու հիմնադիր Սբ. Գրիգոր Լուսավորչի աջի երկրպագությունից։ Սբ. Նիկողայոսի արծաթե աջը, որը թվագրվում է 1315 թվականով, ևս ներկայացված է։

Վստահաբար, ցուցադրության ամենասքանչելի գործերը լուսավորված ձեռագրերն են: Ճոխ զարդարված 1311թ-ի Թավրիզի Ավետարան, որը ներառում է անատոլիական, հունական և իտալական պատկերային ավանդույթները, Մետաքսի ճանապարհը, որն անցնում է Հայաստանով, երբ նույն ժամանակվա մեկ այլ  ձեռագիր՝ Քրոնիկների ամփոփագիրը, որը նկարագրում է երիտասարդ Մուհամադին ծնկած ուղտերի, հրեշտակների հետ՝ հայկական ոճի ճոխ գունապնակով: Ինձ դուր եկան 16-րդ դարի Կեղիի «Ծննդոց գրքի» էջերը: Արարման յուրաքանչյուր օրն այս Աստվածաշնչում պատկերված Աստծու գլուխն ավելի ու ավելի մեծ է դառնում: Վերջին էջում, որտեղ ավարտվում է արարման շղթան, Աստծու գլուխն այնքան փոքր է, որ երևում է դարպասի միջից և հեռանում է երկրից հետ դեպի Երկինք:

Աշխարհի առևտրային գրեթե բոլոր հանգույցներում ապրել է փոքր, կենսունակ հայկական համայնք, որը ներգրավված է եղել առևտրի մեջ: Սա էլ «Հայաստան» ցուցադրության ամենապրովոկատիվ հատվածն է: Կատալոգում այն վերնագրված է «Հայկական կոսմոպոլիտանիզմը»: Շարժունակությունը, հետաքրքրասիրությունը և առևտրականի ջիղը հայերին օգտակար են դարձրել գրեթե ամեն տեղ: Ամենուրեք նրանք իրենց արվեստը դարձրել են եզակի: Սպահանում հայերը Սեֆյան շահերի բանկիրներն էին, նրանց մասին միայն վերջերս եմ իմացել: Նրանք կառուցել են նաև տպավորիչ եկեղեցիներ:

Կարծում եմ, միայն Մետրոպոլիտանը կարող էր այդքան խոր ուսումնասիրություն անել: Այս ցուցադրությունը թանգարանի պատիվն է, որին ֆինանսապես աջակցել է ամերիկահայ համայնքը: Այս ցուցահանդեսն ի ցույց է դնում քիչ ուսումնասիրված, բայց արևմտյան պատմության և արվեստի էական բաղադրիչներից մեկը:

 

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment