Թողնելով զգուշավորությունը՝ Մերկելը քննադատում է Ռուսաստանին

Թողնելով զգուշավորությունը՝ Մերկելը քննադատում է Ռուսաստանին

Հոդվածի առանցքում

  • Անգելա Մերկելը կոչ է անում ՌԴ-ին խաղալ 21-րդ դարի կանոններով։
  • Կանցլերը հիշեցրել է, որ ոչ ոք չի կարող որևէ պետության զրկել սեփական որոշումներն անկախ կայացնելու իրավունքից:
  • Պուտինը Մերկելին պատասխանել է Կոսովայի օրինակով և մեջբերելով միջազգային իրավունքի սկզբունքները։
  • Չնայած կոշտ քննադատությանը Մերկելը կոչ է արել զերծ մնալ ՌԴ դեմ ռազմական գործողություններից, որը չի սահմանափակվի տարածաշրջանով:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի և Արևմուտքի  հարաբերությունների՝   սառըպատերազմյան տարիների հարաբերություններին նմանվելուն զուգընթաց Անգելա Մերկելը մի կողմ դրեց իր ավանդական զգուշավոր խոսելաոճը և բացահայտորեն մեղադրանքներ ուղղեց ՌԴ-ին Ուկրաինայում նրա գործողությունների, Արևելյան Եվրոպայի երկրների ներքին գործերին միջամտելու և  հակամարտությունը ողջ Եվրոպայում տարածելու վտանգ ստեղծելու համար:

Ավստրալիայի միջազգային քաղաքականության Lowy Institute-ում ունեցած իր ելույթում Մերկելը նշել է, որ  «ուկրաինական ճգնաժամը չի կրում տարածաշրջանային բնույթ: Դրա ազդեցությունը մենք բոլորս զգում ենք: Ով կմտածեր, որ Բեռլինյան պատի անկումից, Սառը պատերազմի ավարտից, աշխարհի երկբևեռ բաժանումից 25 տարի անց նույնը կարող է  կրկնվել Եվրոպայի սրտում» :

Տիկին Մերկելի ելույթին հետևեց Ավստրալիայի Բրիսբան քաղաքում կայացած Մեծ Քսանյակի գագաթաժողովը, որտեղ անկհայտորեն դրսևորվեց ՌԴ-Արևմուտք հարաբերությունների սառնությունը: Արևմտյան երկրների առաջնորդները ճնշում գործադրեցին Պուտինի վրա Ղրիմում նրա վարած  քաղաքականության և Ուկրաինայում անջատողականներին սատարելու համար, որին հետևեց Պուտինի՝ նախատեսվածից շուտ Մոսկվա վերադառնալը՝ հայրենիքում անհետաձգելի գործեր ունենալու բացատրությամբ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշեց, որ գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած իր և ՌԴ նախագահի հանդիպումը «գործնական էր և չոր»: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը համեմատեց ՌԴ նախագահի և Նացիստական Գերմանիայի գործողությունները: Կանադայի վարչապետ Ստեֆան Հարպերը ասելէ Պուտինին. « Երևի կսեղմեմ ձեր ձեռքը, սակայն ձեզ ընդամենը մի բան ունեմ ասելու՝ դուրս կորեք Ուկրաինայից»:

Հանդիպման ավարտից հետո ՌԴ-ն, ի պատասխան Գերմանիայի, Լեհաստանի և Լիտվայի համանման քայլերին, երկրից վռնդեց մի քանի դիվանագետների՝ մեղադրելով հետախուզական գործունեության մեջ: Շվեդիան, որ վերջին օրերի ընթացքում լարված իրավիճակում էր գտնվում իր ափերի մոտ ռուսական սուզանավի հայտնվելու պատճառով, հայտարարեց, որ այս տարվա ընթացքում ՌԴ-ն լրջորեն ընդարձակել է իր հետախուզական աշխատանքների մաշտաբը:

Բայց իրական անակնկալն Անգելա Մերկելի խոսելաոճն էր, որը նա որդեգրեց գագաթաժողովից հետո ունեցած իր ելույթում: Վերջին շաբաթների ընթացքում խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ կանցլերը հստակեցրեց, որ իր կարծիքով Պուտինը «ստուգում է մեզ»: Համալսարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ նա զարգացրեց իր միտքը՝ հարցնելով, թե արդյո՞ք Ղրիմի բռնակցումը և ռազմական ու քաղաքական միջամտումը արևելյան Ուկրաինայում նշանակում են, որ պաշտոնական Մոսկվան վերադառնում է այն ժամանակներին, երբ ինքն էր վճռում հարևանների ճակատագիրը:

Մերկելը ակնարկեց, որ Արևմուտքը պետք է հաշվի առնի ՌԴ շահերը, երբ օրակարգում դրված կլինի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Սակայն նա գտնում է, որ ԵՄ հետ Ուկրաինայի մերձեցման քաղաքականությունը, որը հանգեցրել է ՌԴ հետ լարվածության և կոնֆլիկտի, այդ դեպքը չէ:

Կանցլերը նշել է, որ «դու չես կարող որևէ պետության զրկել սեփական որոշումներն անկախ կայացնելու իրավունքից: Հակառակ դեպքում մենք ստիպված են ասել, որ մենք շատ թույլ ենք և նոր անդամ ընդունելու համար պետք է խնդրենք Մոսկվայի թույլտվությունը: Այդպիսինն էր իրավիճակը 40 կամ ավելի տարի առաջ, և ես չեմ ցանկանում վերադառնալ այն ժամանակները: Եվ դա չի վերաբերում միայն Ուկրաինային, դա վերաբերում է Մոլդովային, Վրաստանին: Եթե այսպես շարունակվի, մեկը կարող է հարցնել՝ արդյո՞ք մենք պետք է հարցնենք Սերբիայի դեպքում, կամ Արևմտյան Բալկանների։ Սա անհամատեղելի է մեր արժեքների հետ»:

Գերմանական հանրահայտ ալիքներից մեկով հեռարձակվող հարցազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը նույնպես բավական սուր արտահայտվեց: Պուտինը բավական զայրացած նշեց, որ Արևմուտքը ոչ համարժեք արձագանք տվեց Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:

Պուտինն առաջ բերեց իր արդեն իսկ հայտնի պաշտպանական գիծը, նա հղում կատարեց միջազգային իրավունքի սկզբունքների վրա, օրինակ բերելով Կոսովոյի էթնիկ ալբանացիների անկախացումը Սերբիայից՝ նշելով, որ Ղրիմի նախադեպն  ավելի ժողովրդավարական էր: Եթե Կոսովոյի անկախությունը ընդունվել է խորհրդարանական քվեարկության արդյունքում, ապա Ղրիմում մարտին տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում Ղրիմի ժողովուրդը  հաստատեց  ՌԴ կազմ մտնելու իր ցանկությունը, որն այդ ժամանակ արդեն պահպանում էր իր անվտանգությունը առանց տարբերանշանների համազգեստով հատուկ ջոկատայինների միջոցով:

Անցած շաբաթ Կիևում տված հարցազրույցում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կոչ արեց արևմտյան երկրերին շարունակել ճնշում գործադրել ՌԴ վրա՝ նշելով որ այլ մոտեցումը կհանգեցնի նախագահ Պուտինի հետագա ագրեսիվ քայլերին:

«Նա ստուգում է միջազգային հանրության վերաբերմունքը և այնքան հեռու կգնա, որքան աշխարհը թույլ կտա»:-նշեց Յացենյուկը:

Յացենյուկը նշեց, որ նախորդ շաբաթվա ՆԱՏՕ-ի հետախուզական զեկույցների մեջ նշվում է, որ ՌԴ-ն տանկեր և ռազմական տեխնիկա է տեղափոխել Արևելյան Ուկրաինա: Մոսկվան փորձում է ընդարձակել անկախություն հռչակած Դոնեցկում և Լուգանսկում անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքները` ցամաքային միջանցք ապահովելով դեպի ս.թ. մարտին ՌԴ կողմից բռնակցված Ղրիմ:

«Թույլ տվեք արտահայտվել ուղիղ: Սա պատերազմ է: Դիվանագիտության մեջ հայտնի «կարմիր գծեր» հասկացությունն ինձ համար շփոթեցնող է, որովհետև տպավորություն է ստեղծվում, թե մենք աշխարհաքաղաքականության տեսանկյունից չենք տարբերում գույները: Ռուսաստանն արդեն հատել է 10 կարմիր գիծ»,-նշում է Յացենյուկը:

Ռուս-գերմանական փոխադարձ մեղադրաքների փոխանակումը չի շեղում Մերկելին արևմտյան քաղաքական ուղուց` քննադատել ՌԴ կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումը, հնարավորության դեպքում հակված լինել խնդրի դիվանագիտական լուծմանը և անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ կիրառել: Երկուշաբթի ԵՄ արտգործնախարարները որոշում կայացրեցին նոր պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի անջատողականների նկատմամբ՝ միառժամանակ գործի դնելով դիվանագիտությունը: Երեքշաբթի Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Ստենմայերը մեկնեց Կիև, որին կհաջորդի նրա այցը Մոսկվա:

Բայց Մերկելի` Ուկրաինայի վերաբերյալ Արևմուտքի դիրքորոշումը ներկայացնող ելույթի  4-րդ տարրը կարևոր էր` զերծ մնալ ՌԴ դեմ ռազմական գործողություններից, որը ըստ նրա չի սահմանափակվի տարածաշրջանով: Դա, ըստ ամենայնի, Սառը պատերազմի ամենակարևոր դասն է` շահերի բախումը մեկ տարածաշրջանում կարող է հանգեցնել շատ ավելի մեծ կոնֆլիկտի:

Գերմանացիները ընդգծում են դա այս յուրահատուկ տարվա ողջ ընթացքում՝ հաշվի առնելով, որ հենց այս տարի լրացան 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմների և Սառը պատերազմի ավարտի նշանակալից տարելիցները՝ ցույց տալով, թե ինչպես կոնֆլիկտները կարող են դուրս գալ վերասկողությունից:

Եվ հանկարծ մենք առերեսվում ենք մի կոնֆլիկտի, որը հակասում է մեր գլխավոր արժեքներին: «Այժմ մենք չենք կարող պարզապես ճառեր ասել այդ իրադարձությունների տարելիցներին: Մենք պետք է ցույց տանք, թե ինչ դասեր ենք քաղել այդ ամենից»- նշում է Մերկելը:

Հոդվածի բնօրինակն այստեղ։

Write a comment