AirAsia-ի ուղևորների հարազատները շոկի մեջ են. ինդոնեզիական հեռուստաընկերությունը ցույց է տվել լողացող դի

AirAsia-ի ուղևորների հարազատները շոկի մեջ են. ինդոնեզիական հեռուստաընկերությունը ցույց է տվել լողացող դի

Հոդվածի առանցքում

  • Խելահեղություն է պոռթկացել Սուրաբայայի Ջուանդա օդակայանում, երբ ինդոնեզիական հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել AirAsia ավիաընկերության անհետացած թռիչքի բեկորների ու ծովի մակերևույթին լողացող մարմնի լուսանկարները:
  • Լուսանկարների ցուցադրումը լայն քննադատության պատճառ է դարձել, ինչի հետևանքով Առաջին հեռուստաալիքի լուրերի հաղորդավարը ներողություն է խնդրել օդանավում հավաքված հարազատներից:
  • Օդանավի անհետացումը տարվա ընթացքում Մալայզիայի հետ կապված արդեն երրորդ ավիաաղետն է (QZ 8501 թռիչքը սպասարկող Indonesia AirAsia-ի 49%-ի սեփականատերը Մալայզիայի բյուջետային ավիափոխադրող AirAsia-ն է): Չնայած բոլոր երեք աղետները միմյանց հետ որևէ կապ չունեն, տարածաշրջանի բնակիչները արդեն սարսափում են մալայզիական ավիաընկերություններից:

Ուշադրությանն արժանի

AirAsia-ն հաստատել է, որ ծովում հայտնաբերված իրերը անհետացած օդանավից են: Իսկական խելահեղություն է պոռթկացել Սուրաբայայի Ջուանդա միջազգային օդակայանում, երբ ինդոնեզիական հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել AirAsia ավիաընկերության QZ 8501 անհետացած թռիչքի բեկորների ու ծովի մակերևույթին լողացող մարմնի լուսանկարները: Այդ պահին օդակայանում էին գտնվում ուղևորների հարազատները: Նրանք հավաքվել էին տեղեկություն ստանալու հույսով: Օդանավը անհետացել էր կիրակի առավոտյան, այն մեկնում էր Սինգապուր, թռիչքից 42 րոպե անց նրա հետ կապը ընդհատվել էր, օդանավում գտնվում էր 162 մարդ` ուղևորներն ու անձնակազմի անդամները:

Air Asia-ն ավելի ուշ հաստատել է, որ ցուցադրված իրերը անհետացած օդանավից են: «AirAsia Indonesia-ն հայտնում է, որ Ինդոնեզիայի Ազգային որոնողական և փրկարարական ծառայությունը հաստատել է, որ հայտնաբերված իրերը պատկանել են դեկտեմբերի 28-ին անհետացած օդանավին: Բեկորները հայտնաբերվել են Կարիմատա նեղուցի մոտ, Պանգկալան Բունից ծովային 110 մղոն դեպի հարավ-արևմուտք»:

AirAsia-ի տնօրեն Թոնի Ֆերնանդեսը հավելել է. «Ես ամբողջությամբ հուսահատված եմ, սա շատ դժվար պահ է AirAsia-ի ամբողջ անձնակազմի համար, մենք սպասում ենք որոնողափրկարարական աշխատանքների հետագա զարգացումներին, բայց այս պահին մեր գլխավոր առաջնահերթությունը QZ8501 թռիչքի ուղևորների և անձնակազմի անդամների ընտանիքների կողքին լինելն է»:

Ավելի վաղ, երբ հեռուստաընկերությամբ ցուցադրվել էին զոհվածներից մեկի մարմնի լուսանկարները, օդակայանում լուրերի սպասող ուղևորների տասնյակ հարազատները ցնցվել են` ողբալով իրենց վիշտը: Երկու մարդ ուշագնաց է եղել, ժամանել է շտապ օգնություն: Լուսանկարների ցուցադրումը լայն քննադատության պատճառ է դարձել, ինչի հետևանքով Առաջին հեռուստաալիքի լուրերի հաղորդավարը ներողություն է խնդրել օդանավում հավաքված հարազատներից:

Ինդոնեզիայի որոնողական և փրկարարական ծառայության ղեկավարը ավելի ուշ հայտարարել է, որ Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը հայտնաբերել են երեք դի: Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի մամուլի քարտուղար Մանահամ Սիմորանգկիրն էլ Ֆրանս Պրեսսին ասել է, որ ռազմանավերից մեկն արդեն գտել է 40 դի, բայց ավելի ուշ հերքել է այդ լուրը` նշելով, որ իր նշած թիվը սխալ է, շփոթմունքի պատճառն էլ փրկարարների միջև չհասկացվածությունն էր:

Պաշտոնյաները հաստատել էին, որ Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի օդանավը Պանգկալան Բունից մոտ 100 մղոն հեռավորության վրա` Բորնեոից հարավ` Կալիմանտան նահանգի կենտրոնում հայտնաբերել է վթարային ելքի, փրկօղակների և այլ իրերի հետքեր:

C-130 Hercules ռազմական օդանավի երկրորդ օդաչու, լեյտենանտ Տրի Ուիբոուոն ինդոնեզիական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Կարիմատա նեղուցի մոտ` Արևմտյան Կալիմանտանի շրջակայքում տեսել է մարդկային լողացող մարմին, ուղեբեռ, փրկօղակ և օդանավի բեկորներ:

Այս տեղեկության ի հայտ գալուց հետո օդակայանի արտակարգ իրավիճակների կենտրոնում գտնվող ուղևորների ընկերներն ու բարեկամները հուսահատվել են, լռել և սպասել նորությունների: Բայց ամենամեծ շոկը հեռուստատեսությամբ մահացած մարմնի լուսանկարները ցուցադրելն էր:

Կապույտ բերետավոր ոստիկանները տասնյակ լրագրողների թույլ չեն տվել մուտք գործել օդակայանի արտակարգ իրավիճակների կենտրոն, բայց չեն խոչընդոտել այն լրագրողներին, որոնք աշխատել են կենտրոնի լուսամուտների մոտ: Ներսում գտնվող մարդիկ ուտելիքի համար նախատեսված փաթեթները պատռել և փակցրել են պատուհաններին, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները չտեսնեն, թե ինչ է կատարվում ներսում:

Ինդոնեզիայի որոնողական և փրկարարական ծառայության ղեկավար Բամբանգ Սոելիստիոն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Որպես որոնողակափրկարարական աշխատանքները համակարգող, ես կարող եմ 95%-ով հաստատել, որ հայտնաբերված բեկորները պատկանում են օդանավին: 5% կասկած ունեմ, քանի որ անձամբ դրանք չեմ տեսել»:

Նա հավելել է, որ այժմ համակարգում է վթարի վայրում բեկորների հայտնաբերման աշխատանքը:Երեքշաբթի կեսօրին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Ուիդոդոն մեկնել է Պանգկալան Բուն, որից հետո կմեկնի Սուրաբայայում տեղակայված ճգնաժամային կենտրոն:

AirAsia-ի տնօրեն Թոնի Ֆերնանդեսը Twitter-ում գրել է, որ ինքը նույնպես «շտապում է» Սուրաբայա:

Օդանավի անհետացումը տարվա ընթացքում Մալայզիայի հետ կապված արդեն երրորդ ավիաաղետն է (QZ 8501 թռիչքը սպասարկող Indonesia AirAsia-ի 49%-ի սեփականատերը Մալայզիայի բյուջետային ավիափոխադրող AirAsia-ն է): Չնայած բոլոր երեք աղետները միմյանց հետ որևէ կապ չունեն, տարածաշրջանի բնակիչները  արդեն սարսափում են մալայզիական ավիաընկերություններից:

Նախքան ռադարներից օդանավի անհետանալը, ոչ մի թերություն, վթարային նախանշան չի հայտնաբերվել, ոչ մի անհանգստություն չի եղել: Հնարավոր է` օդանավի ճակատագիրը կանխորոշել է վատ եղանակը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment