Վերջին 20 տարվա արտաքին քաղաքականության 5 գլխավոր դասերը

Վերջին 20 տարվա արտաքին քաղաքականության 5 գլխավոր դասերը

Հոդվածի առանցքում

  • Մեծ ուժի քաղաքականությունը դեռ դեր ունի ու շատ մեծ:
  • Գլոբալ քաղաքականության մեծ մասը տեղական է:
  • Հետբռնապետական հասարակություններում արդյունավետ կառավարություն ստեղծելը շատ ծանր է:
  • Դիվանագիտությունն աշխատացնելու պետք է մյուս կողմն էլ հետաքրքրված լինի գործարքի երկարաժամկետ պահպանմամբ:
  • Աշխարհում, որտեղ չկա կենտրոնական հեղինակություն և կան իշխանության շատ անկախ ու անհավասար կենտրոններ, արտաքին քաղաքականության դաշտը այն վայրն է, որտեղ խաղացողներից նույնիսկ ամենաուժեղը դժվար է իր կամքը թելադրում թույլերին:

Ուշադրությանն արժանի

Ասա՛ ինձ ընկեր, աշխարհի այսօրվա վիճակը համարու՞մ ես խառը: Փորձագետների ու քաղաքական գործիչների առաջադրած անհավանական մեծ քանակի տագնապները, սադրանքները, վերահաստատումներն ու ծեծված դեղատոմսերը դասակարգելու խնդիրներ ունենու՞մ ես: Չե՞ս կարողանում ասել` արդյոք բաժակը կիսով չափ լիքն է, թե կիսով չափ դատարկ ու կոտրված, որտեղից ջուր է թափվում: Վստահ չե՞ս` պետք է արդյոք ձեռք բերել թանկարժեք մետաղներ և զինվել խմելու ջրով, զինամթերքով, պահածոներով, կամ պետք է արդյոք ձեռք բերել բաժնետոմսեր և հույս ունենալ, որ ամեն ինչ նույն կերպ կընթանա երկարաժամկետ հեռանկարում:

Այսօրվա աշխարհը լցված է հակամարտությունների ազդանշաններով: Մի կողմից կյանքի սպասելիքները և կրթությունը աճ են ապրել, բռնությունների մակարդակը իջել է, և հարյուր միլիոնավոր մարդիկ վերջին մի քանի տասնամյակում հաղթահարել են աղքատությունը: Մասնավոր բիզնեսներն սկսել են գործել` հարգելով մարդու իրավունքները: Եվ անգամ եվրոն է դեռ ողջ: Մյուս կողմից էլ Եվրոպայի տնտեսությունը դեռ ցնցումների մեջ է. Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ միջուկային գործակցության հարցում կասկածներ ունի, ծայրահեղական բռնությունները բազմապատկվել են մի քանի տարածաշրջաններում, Իրանի միջուկային ծրագրում համաձայնության հասնելու իրական շանսերը նման են կոպեկ նետելով վիճակահանության և մեծ աղմուկ է բարձրացել ԱՄՆ ու Չինաստանի միջև կլիմայի փոփոխության վերաբերյալ համաձայնության շուրջ, ինչը հայտնվել է աջակողմյան ուժերի քննադատության թիրախում, համարվել է շատ չնչին և շատ ուշացած:

Երբ հայտնվում են բոլոր այս հակասությունների ազդանշանները, ի՞նչ ավելի լայն դասեր պետք է տան քաղաքականություն իրականացնողները, որոնք պայքարում են բոլոր այս տատանումների դեմ: Համոզել կառավարություններին, որ փորձից դասեր քաղելու հարցում ավելի կարո՞ղ լինեն, իմաստության ի՞նչ օրինակ նրանք պետք է ներկայացնեն: Ի՞նչ է անցած 20 տարին ի հայտ բերել արտաքին քաղաքականության հարցերում, և ի՞նչ հիմնավոր դասեր ենք մենք ստացել վերջին փորձից:

N1. Մեծ ուժի քաղաքականությունը դեռ դեր ունի ու շատ մեծ

Երբ Սառը պատերազմն ավարտվեց, շատ խելացի մարդիկ իրենք իրենց համոզեցին, որ մեծ, բայց հնաոճ ուժի քաղաքականությունը մնացել է անցյալում: Ինչպես Բիլ Քլինթոնն էր ասել, երբ առաջին անգամ նախագահ էր ընտրվել «Մաքուր ուժի քաղաքականության ցինիկ հաշվարկը պարզապես չի հաշվարկվում: Այն վատ է համադրվում նոր դարաշրջանի հետ»: Ուժի քաղաքականությունից անհանգստանալու փոխարեն, աշխարհը սկսեց միավորվել շուկաներով` տարածելով ժողովրդավարական արժեքները և համացանցը` հույսով, որ մարդկությունը կկենտրոնանա ավելի բարեկեցիկ կյանքի ապահովման վրա (ինչպես հենց ինքը` Քլինթոնը):

Առասպելական ոչինչ չկա այն հարցում, թե ինչո՞ւ ամերիկացիներին ներկայացվեցին նման հայացնքներ, որոնք ենթադրում էին, որ ապագայի այդ որակյալ տեսլականը կլինի Վաշինգտոնի մեծահոգաբար առաջնորդությամբ: Բայց անցած 20 տարին մեզ սովորեցրեց, որ այդ տեսակետը, ինչպես լինում է սովորաբար, ժամանակավրեպ էր և մեծ ուժի քաղաքականությունը վերադարձել է վրեժ լուծելու:

Իհարկե, ԱՄՆ-ը երբեք չի հրաժարվել «ուժի քաղաքականությունից», և Քլինթոնը, Ջորջ Բուշ Կրտսերը ու Բարաք Օբաման ընդգծել են ԱՄՆ-ի` որպես աշխարհի ամենաուժեղ երկրի դիրքերը պաշտպանելու անհրաժեշտությունը: Նրանք հասկացել են, որ «գլոբալ առաջնորդության» իրենց խնդրի լուծումը կախված է հատկապես ԱՄՆ-ի` որպես արևմտյան կիսագնդում միակ գլխավոր ուժի արտոնյալ դիրքից: Այդ դիրքը ԱՄՆ քաղաքականություն իրականացնողներին տալիս է աշխարհի շատ ուրիշ վայրերում ընթացող գործընթացներին խառնվելու ազատություն, մի բան, որն անհնար կլիներ, եթե ԱՄՆ-ը թուլանար, կամ եթե անհանգստանար իր սեփական տարածքը լուրջ վտանգներից պաշտպանելու համար:

Բայց ԱՄՆ-ը միայնակ չէ. Չինաստանի աճող համառ քաղաքականությունն իր անմիջական հարևանների նկատմամաբ ցույց է տալիս, որ Պեկինը դժվար թե անտարբեր է աշխարհաքաղաքականության հանդեպ: Ռուսաստանի կողմից այն ամենի համառ պաշտպանությունը, ինչն այդ երկիրը համարում է իր կյանքի ու մահվան հետաքրքրություն իր «անմիջական արտասահմանում» (Ուկրաինայում), ցույց է տալիս, որ ինչ որ մեկը Մոսկվայում չի ընդունել գլոբալիզացիայի մեծահոգի ուղերձը: Տարածաշրջանային ուժերը, ինչպես Հնդկաստանը, Թուրքիան և Ճապոնիան ունեն աշխարհաքաղաքական ավանդական անհանգստություն, որն ավելի լուրջ է ի հայտ գալիս մեր օրերում:

Եզրակացությունը հետևյալն է. եթե դուք կարծում էիք, որ մեծ ուժի մրցունակությունը մնացել էր անցյալում, ապա նորից մտածեք.

N2. Գլոբալ քաղաքականության մեծ մասը (դեռ) տեղական է

Հետսառըպատերազմյան լավատեսության մաս էր կազմում գաղափարը, որ աշխարհը հաղթականորեն միասնական է դարձել գլոբալիզացիայի միջոցով և չափազանց տարբեր արժեքներով ու պատմությամբ հասարակությունները, ի վերջո, կմիավորվեն միասնական համակարգերով (որոշակի իմաստով շուկայի կողմից թելադրվող ժողովրդավարությամբ): Ըստ այդմ, քաղաքականության մշակումը կիրականացնեն ներկայացուցչական ինստիտուտները և քաղաքական լուրջ հարցերն իրենց բնույթով կլինեն գլոբալ (առևտրի և ներդրումների ռեժիմներ, ազատականացված չափանիշներ, մարդու իրավունքների նորմեր, զենքի հսկողություն, մակրոտնտեսական մենեջմենթ և այլն): Տեղական ծանր խնդիրները, ինչպես փոքրամասնությունների իրավունքները կամ սահմանային վեճերը, կվերանան գլոբալ քաղաքականության օրակարգից, և մենք բոլորս կմիանանք մեկ մեծ և հիմնականում երջանիկ գլոբալ ընտանիքին:

Բայց ահա և անակնկալը: Տեղական ինքնությունները և երևույթները իրենք իրենց վերահաստատում են: Իսրայելցիները և պաղեստինցիները շարունակում են պայքարը, թե ով պետք է աղոթի Երուսաղեմում, կատալոնացիները, քրդերը, շոտլանդացիները աղմկում են անկախության համար: Աֆղանստանում կենտրոնացված պետություն և Իրաքում ու Լիբիայում արդյունավետ կառավարություն ստեղծելուն միտված ջանքերը բախվում են էթնիկ, համայնքային կամ ցեղային պառակտումների: Եվ արտաքին ներխուժմանը դեմ լինելը հանգեցնում է տեղական և միջազգային ահաբեկչության:

Ամերիկյան հալվող առասպելը հակված է կուրացնել ԱՄՆ առաջնորդներին, որոնք կարող է չտեսնեն հարատև ուժի և տեղական ինքնությունների բախումը, որովհետև ամերիկացիները հակված են այն մտքին, որ մի օր կրթությունը, շուկայական հարաբերությունները և ժողովրդավարությունը կմիավորեն բոլորին, և նոր ժամանակները կդառնան իրականություն: Բայց անցած 20 տարիները ցույց են տվել, որ այս հայացքը վտանգավոր միամտություն է, և արտաքին քաղաքական որևէ նախաձեռնություն, որը հաշվի չի առնում տեղական տարբերություններն ու պայմանները, ավելի է մոտ կանգնած տապալմանը:

N3. Վատ պետությունից ավելի վատ պետության բացակայությունն է

Ամերիկյան արտաքին քաղաքական էլիտաները խնդիրների համար սովորաբար մեղադրում են ենթադրելի սատանային կամ այլ կառավարությունների անօրինական բնույթին: Այս իմաստով միջազգային քաղաքականությունը մրցակցող շահերի բախում չէ, այն բարոյականության խաղ է մի կողմից լավ երկրների` Ամերիկայի և իր դաշնակիցների, մյուս կողմից վատ երկրների, կամ որևէ մեկի միջև, ով մեզ հետ համաձայն չէ: Սառը պատերազմից հետո ԱՄՆ-ը խնդիրների համար մեղադրում էր տարբեր «խաբեբա» երկրներին, ինչպիսիք են Իրաքը, Իրանը, Լիբիան, Սիրիան, Հյուսիսային Կորեան և Սերբիան: Այս երկրները վատն էին, քանի որ դրանք բռնապետություններ էին և ունեին մարդու իրավունքների պաշտպանության ցածր մակարդակ, ռևանշիստական նպատակներ ևզանգվածային ոչնչացման զենքերի հանդեպ մեծ ախորժակ : Խաբեբա երկրների խնդրի ակնհայտ լուծումը, իհարկե, ռեժիմի փոփոխությունն էր, այդ շատ վատ ղեկավարներից ազատվելը և այնպիսի կառավարությունների ստեղծումը, որոնց կաջակցեր այդ երկրների բնակչությունը և որոնք կգործակցեին Միացյալ Նահանգների հետ:

Բայց Լիբիայում և Իրաքում ռեժիմների փոփոխության ցավալի արդյունքները ցույց են տալիս, որ իսկապես սարսափելի առաջնորդներից ազատվելը հարցը չի լուծում, եթե արդյունքը անիշխանությունը կամ թույլ, կոռումպացված և տարաձայնությունների հանգեցնող ռեժիմի ի հայտ գալն է: Այս ցուցակին պետք է ավելացնել Յեմենն ու Սոմալին: Հենց այստեղ է ի հայտ գալիս Աֆղանստանի օրինակը, միջազգային հանրությունը դադարում է տրամադրել այդ երկիրը կայացնելու համար անհրաժեշտ աջակցությունը:

Հետբռնապետական հասարակություններում արդյունավետ կառավարություններ ստեղծելը պարզվում է շատ-շատ ծանր է, ընդ որում դա դժվար է հատկապես բռնությանը վերջ տալուց հետո: Դա էլ ավելի դժվար է, երբ հասարակությունը պառակտված և աղքատ է, ցանկացած օրինական կամ արդյունավետ իշխանության ձախողումը ստեղծում է ուժի դատարկ տարածքներ, որոնք կարող են լցվել ամենավատ տեսակի ծայրահեղականությամբ: Ո՞րն է ռեժիմ փոխող բոլոր չմեղանչածների համար դասը. զգույշ եղեք ձեր ցանկություններում:

N4. «Վերցնել կամ թողնելը» վատ դիվանագիտություն է

Քսան տարվա ընթացքում ԱՄՆ նաև ցուցադրել է պահանջներ ներկայացնելու և սպառնալու տխուր միտում, բայց չի զբաղվել բուն դիվանագիտությամբ, ինչը, որպես կանոն, ենթադրում է մրցակցող շահերի փոխադարձ հղում` փոխադարձ օգուտների հասնելու համար: Որովհետև ԱՄՆ-ը իր հակառակ կողմում տեսնում էր սատանաների և հավատում էր, որ իր ձեռքում ունի եթե ոչ բոլոր, ապա ամենաուժեղ խաղաքարտերի առնվազն մեծ մասը: Ամերիկացիները զիջումները ընկալել են որպես դիրքերի ամբողջական հանձնում, եթե անգամ վերջում նրանք ստացել են ավելի շատ, քան ցանկացել են: Իրական բանակցություններ վարելու փոխարեն ԱՄՆ որպես կանոն մյուսներին ասում էր, թե ինչ է ցանկանում, որից հետո ավելացնում էր ճնշումը, եթե իրեն չէին ենթարկվում:

Սա կոչվում է «Վերցրու կամ թող» մոտեցում, որը կիրառվել է Կոսովոյի պատերազմում 1999-ին: 2000 թվականին իրանական զրո ցենտրիֆուգներից մեր օրերում 11.000 գործող ցենտրիֆուգի բերեց հենց այդ մոտեցումը: Դա կարծես կիրառվում է նաև Ուկրաինայի հարցում: ԵՄ/ԱՄՆ/ՆԱՏՕ-ի հիմնական դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր բոլոր գործողությունները Ուկրաինայում, դուրս գա Ղրիմից և թույլատրի Ուկրաինային միանալ ԵՄ-ին և/կամ ՆԱՏՕ-ին, եթե այն երբևէ համապատասխանի անդամակցության պահանջներին:

Այսինքն, մենք խնդրում ենք Մոսկվային ամբողջությամբ հրաժարվել Ուկրաինայում իր բոլոր շահերից: Նման արդյունքը մեզ համար տեսականորեն պետք է լինի ամենացանկալին, բայց այստեղ կա Ռուսաստանի պատմություն, Ուկրաինայի հետ մտերմություն, Ռուսաստանի համար երկարաժամկետ անվտանգության մտահոգություն: Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առանց երկար և ծախսատար պայքարի անձնատուր կլինի արևմտյան պահանջների առաջ, ինչը, ի վերջո, հսկայական վնաս է հասցնելու հենց Ուկրաինային: Ինչպես վիետնամական անհայտ գյուղի դեպքում, Ուկրաինային սպառնում է հարված երկու կողմից` այդ երկիրը փրկելու փոխարեն:

Իհարկե ԱՄՆ-ը միակ երկիրը չէ, որ դիվանագիտական հարցերում հաստատել է նման մոտեցում: Չինաստանը թվում է հետաքրքրված չէ առարկայական բանակցություններով Հարավչինական ծովի շուրջ, Բենիամին Նեթանյահուի կառավարությունը Իսրայելում հստակ ցույց է տվել, որ ցանկություն ունի բանակցել պաղեստիցնիների հետ, բայց միայն այն դեպքում, որ բանակցությունները երբեք չհանգեն պաղեստինյան սեփական կենսունակ պետություն ստեղծելու համաձայնության:

Դժբախտաբար դիվանագիտությունը ղեկավարվում է հիմնականում սպառնալիքներով և վերջնագրերով, փոխզիջման չգնալու արմատացած մոտեցումը հազվադեպ է ավարտվում հաջողությամբ կամ երկկողմանի օգուտով: Նախ, բանակցություններում նույնիսկ ամենաթույլ կողմը սակարկելու տեղ է ունենում, ինչը նշանակում է, որ անգամ ամենաուժեղ երկրները խնդիրներ են ունենում իրենց ամբողջական ցանկությունը բավարարելու հարցում: Երկրորդ, երբ թույլ կողմին ճնշելով պահանջում ես հանձնվել, դրա վերջը լինում է այն, որ այդ կողմը նեղանում է, և փնտրում է հնարավորություններ առաջին իսկ նպաստավոր պայմանի դեպքում իր նախկին վիճակը վերականգնելու համար: Դիվանագիտությունն աշխատացնելու համար դուք պետք է մյուս կողմին տրամադրեք այնպես, որ այն հետաքրքրված լինի գործարքի երկարաժամկետ պահպանմամբ: Եվ վերջապես համապատասխան ճկունությամբ բանակցելու կարողության տապալումը նույնպես խնդիրներ է առաջցնում` դրանք խորացնելով և ծանրացնելով, ինչը հաճախ դժվարացնում է այդ նույն խնդիրների լուծումը հետագայում:

N5. Զգուշացեք մեծամտությունից

Անտիկ շրջանի հույները զգուշացնում էին մեծամտության մասին` դա ներկայացնելով հպարտության և ինքնավստահության խառնուրդ, որն ունենում է ճակատագրական ավարտ: Այն առաջանում է հիմար մահկանացուների մոտ, որոնք մարտահրավեր են նետում Աստվածներին: Մեր օրերում մենք տեսնում ենք այդ նախազգուշացումը անտեսելու հետևանքները:

Հենց մեծամտությունն էր, որ ԱՄՆ դիվանագետներին ստիպեց կարծել, որ իրենց անձնական հեղինակությունը և համոզմունքի ուժը բավարար է Մերձավոր Արևելքում երկու երկրների հարցերը լուծելու համար: Մեծամտությունը հաղթեց Ջորջ Բուշ Կրտսերին Իրաքում, և մեծամտությունը համոզեց եվրոպական առաջնորդներին ստեղծել միասնական արժույթ, չնայած զգուշացումներին, որ արժութային միության համար անհրաժեշտ համակարգային պայմանները բացակայում են: Մեծամտությունն էր այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հսկայական հույսերի հիմքում, թե Թուրքիան կդառնա նոր Մերձավոր Արևելքի շարժիչ ուժը` ունենալով «զրո խնդիր» արտաքին քաղաքականության մեջ: Մեծամտության ակնարկ կար անգամ Օբամայի վստահության մեջ, թե նա կարող էր հաղթահարել անհաղթահարելի խնդիրները միայն իր հիանալի ելույթով: Մնում է տեսնել, թե արդյոք Պուտինը կհաղթի Ուկրաինայում, բայց եթե այն ավարտվի Ռուսաստանի համար կործանարար հետևանքներով, մեծամտության դերն այդտեղ նույնպես կլինի:

Այստեղից կարելի է հստակ դաս քաղել. աշխարհում, որտեղ չկա կենտրոնական հեղինակություն և կան իշխանության շատ անկախ ու անհավասար կենտրոններ, արտաքին քաղաքականության դաշտը այն վայրն է, որտեղ խաղացողներից նույնիսկ ամենաուժեղը դժվար է իր կամքը թելադրում թույլերին: Մնում է այս դաշտը, որտեղ հնարավորություններն ու չնախատեսված խոչընդոտները մեծ են, և որտեղ հսկայական սխեմաները ու խաչակրաց հավակնոտ արշավանքները սովորաբար տապալվում են: Ինչպես ներդրումային ընդհանուր հիմնադրամները, անցյալի հաջողությունները երաշխիք չեն ապագայի հաղթանակների համար, և երկրները, որոնք բարձր դիրքում են հայտնվել որոշակի ժամանակաշրջանում, կարող են հայտնվել լուրջ խնդիրների առաջ:

Հետսառըպատերազմյան դարաշրջանը ապացուցում է, որ սա բոլոր կասկածներից վեր է: Եթե Միացյալ Նահանգների հզորությունը անգամ կարող է խնդիրներ ունենալ նման մեծ հաճախականությամբ, ապա դա վստահաբար հիշեցում է, որ երկրի կառավարումը պետք է հիմնվի իրական նպատակների և ստորջրյա քարերը տեսնելու վրա: Եվ եթե նրանք խելացի են, խելամիտ առաջնորդները միշտ էլ կունենան պատրաստ պահած Պլան B.

Սա հինգ գլխավոր դասերի իմ ցանկն է: Իսկ որո՞նք են քոնը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

 

Write a comment