Արդյոք ծուլությունն է տնտեսական անհավասարության պատճառը

Արդյոք ծուլությունն է տնտեսական անհավասարության պատճառը

Հոդվածի առանցքում

  • Արժույթի միջազգային հիմնադրամը պնդում է, որ տնտեսական անհավասարությունն աճի թշնամին է:
  • Հարուստների և աղքատների միջև առաջացած ճեղքը կառավարության ձախողված քաղաքականության և ոչ համարժեք աշխատավարձի հետևանք են:
  • Անհավասարությունը չի համարվում աղքատների որոշ թերությունների հետևանք:

Ուշադրությանն արժանի

Ժամանակին տնտեսական անհավասարությունից գանգատվելը ձախերի իրավասությունն էր: Բայց հիմա հարուստների և աղքատների միջև մեծացող ճեղքը դարձել է հիմնական խնդիր:

«Մի քանի տասնամյակ է, ինչ Միացյալ Նահանգներում եկամուտի և հարստության բաշխումն ավելի կայուն է ընդլայնվում, քան շատ զարգացած երկրներում»: Դաշնային պահուստայինի նախագահ Ջանետ Յելենը հոկտեմբերի 17-ի իր զեկույցում նկատել է. «Ես կարծում եմ տեղին է հարցնել, թե արդյոք այս միտումը համատեղելի է մեր ժողովրդի պատմության մեջ արմատավորված արժեքների հետ»:

Վերջին զեկույցում, որը վերնագրված էր «Վերաբաշխում, անհավասարություն ու աճ», Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պնդում է, որ տնտեսական անհավասարությունն աճի թշնամին է: Տարվա սկզբին պետության միավորման մասին ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ, չնայած չորս տարվա անընդմեջ տնտեսական աճին, անհավասարությունը Միացյալ Նահանգներում խորացել է:

Նոր Pew Research Center –ը հետազոտություն է կատարել 44 երկրների քաղաքացիների շրջանում և պարզել է, որ հարցվածների 60 տոկոսը, այդ թվում ամերիկացիների 46 տոկոսը, ասում է, որ իրենց հասարակության մեջ անհավասարությունը շատ մեծ խնդիր է:

Երբ հնարավորություն տրվեց ընտրել անհավասարության 6 տարբեր պատճառներից մեկը, կառավարության տնտեսական քաղաքականությունը, աշխատողների վարձատրությունը, կրթական համակարգը, առևտուրը, հարկային համակարգը և աղքատ խավի աշխատանքային էթիկան, մարդիկ ամբողջ աշխարհում, ընդհանուր առմամբ, համաձայնեցին, որ հարուստների և աղքատների միջև առաջացած ճեղքը կառավարության ձախողված քաղաքականության և ոչ համարժեք աշխատավարձի հետևանք են:

Նրանց կարծիքով, աղքատությունը չի համարվում անապահով խավի աշխատանքային վատ էթիկայի արդյունք: Համաձայնության գալով, որ անհավասարությունը համարվում է ոչ համարժեք քաղաքականության և ցածր աշխատավարձի հետևանք է, առաջարկվում է եկամուտները սեղմելու և հարստությունը բաժանելու պոտենցիալ կուրս: Պետական տնտեսական քաղաքականությունը կարող է փոխվել, աշխատավարձն էլ` բարձրանալ:

 Այսպիսով, համաշխարհային հանրությունն ընդունում է, որ անհավասարությունը չի համարվում աղքատների որոշ թերությունների հետևանք: Եվ տնտեսական այդ վիճակը կարելի է ուղղել:

Հասարակության գրեթե բոլոր շերտերը` զարգացած, զարգացող ու սկսնակ երկրներում, հարուստների ու աղքատների միջև ճեղքը համարում են շատ մեծ խնդիր: Նոր Pew Research survey-ի հարցումների համաձայն, Չինաստանի ու Գերմանիայի նման խոշոր տնտեսություն ունեցող պետությունների ժողովուրդների 42 և 39 տոկոսի համար դա լուրջ տնտեսական մտահոգություն է: Հարցվածների մոտ 29 տոկոսը կարծում է, որ կառավարություններն իրենց գործողություններով մեղավոր են անհավասարության առաջացման համար: Զարգացած տնտեսություն ունեցող երկրների մարդիկ համոզված են, որ իրենց կառավարությունն է պատասխանատու, որ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում են: Այդ ժողովուրդների մոտ 30 տոկոսը կառավարությանը մեղադրում է կրթական համակարգի թերությունների համար և քննադատում հարկային համակարգը: Հույների 54, իսպանացիների 52,  հարավկորեացիների 46 տոկոսը պնդում է, որ մեղավորը պետական քաղաքականությունն է: Նրանց համեմատ ամերիկացիների 24 տոկոսն է մեղադրում կառավարությանը:

Որպես անհավասարության պատճառ, հասարակությունը երկրորդ տեղ է մղում ցածր աշխատավարձը: Հարցվածների 23 տոկոսը կարծում է, որ ընկերությունները համարժեք են վճարում իրենց աշխատողներին: Տնտեսապես զարգացած երկրներում քիչ չեն մարդիկ, որոնք հարուստների ու աղքատների միջև գոյություն ունեցող ճեղքի պատճառը համարում են աշխատավորների աշխատավարձը: Ճապոնիայում այդ կարծիքին է հարցվածների 29-ը տոկոսը, Գերմանիայում ու Ֆրանսիայում` 26: Ամերիկացիների 13 տոկոսն այդ կարծիքին է, չնայած ԱՄՆ-ում գործող ստագնացիոն եկամուտներին:

Աշխատավարձի թերություններն անհավասարության պատճառ են ընդունվում մի շարք զարգացող պետություններում: Առաջատար պետությունների բնակչության զգալի մասը կարծում է, որ ազգային տնտեսության մեջ եկամուտների հարցում համապատասխան բարեփոխումներ չեն կատարվել:

Լեհերի ( որոնք Եվրամիության մյուս անդամներից ավելի լավ են դիմացել եվրոճգնաժամին) և բրազիլացիների 44 տոկոսը համոզված են, որ հասարակության մեջ անհավասարության պատճառը անհամաչափ աշխատավարձն է: Նման մեղադրանք է ներկայացրել կոլումբիացիների ու չիլիացիների 39 տոկոսը:

Ամբողջ աշխարհում հարցվածների 11 տոկոսն է մատմանշում իրենց կրթական համակարգը: 10-ը տոկոսը դրա պատճառ է համարում անհատական ծանր աշխատանքի բացակայությունը, 8 տոկոսն էլ երկրների միջև առևտրին ու ազգային հարկային համակարգը: Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան աշխարհի այն վայրերն են, որտեղ 24 տոկոսն անհատական ծանր աշխատանքի բացակայությունն ընդունում է հարուստների ու աղքատների միջև խորացող ճեղքի պատճառը: Դա գրեթե հավասար է կառավարության քաղաքականությանն ուղղված մեղադրանքին: Սրա կողմնակիցներն ԱՄՆ-ում կազմում են 24 տոկոս, Մեծ Բրիտանիայում` 23:

Անհավասարության դեմ պայքարում տնտեսապես զարգացած երկրների բնակիչների 48 տոկոսը պաշտպանում է հարուստների ու կորպորացիաների նկատմամբ բարձր հարկերը, որոնք պետք է ֆինանսավորեն աղքատների համար նախատեսված ծրագրերը: Սա ներառում է գերմանացիների 61 տոկոսը, իսպանացիների` 54, հարավկորեացիների` 53, բրիտանացիների գրեթե կեսը, ամերիկացիների 49 տոկոսը: Զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգներում լիբերալների 70 տոկոսը բարձր հարկերը համարում է անհավասարության դեմ պայքարի արդյունավետ միջոց, մինչդեռ պահպանողականների 33 տոկոսը դեմ է այդ տեսակետին:

Սկսնակ ու զարգացող երկրների քաղաքացիներն իրադրությունն այլ կերպ են գնահատում: Մարդիկ այստեղ կարծում են, որ հարուստների ու բիզնեսի նկատմամբ ցածր հարկերը կխթանեն աճը, ինչը անհավասարության հարցը լուծելու լավագույն միջոցն է: Այս կարծիքին է Բրազիլիայի, Արգենտինայի և Վիետնամի հարցվածների 60 տոկոսը: Ցածր հարկերն առավելություն են տալիս նաև Ուգանդայի, Գանայի, Քենիայի, Նկարագուայի բնակիչների մեծ մասին:

Այսօր անհավասարությունն աշխարհի տնտեսական օրակարգում է, քանի որ շատ տնտեսագետներ կարծում են, որ այն կասեցնում է անհրաժեշտ աճը: Ամբողջ աշխարհում հասարակությունը նշում է, որ կառավարությունն ու կորպորացիաները կարող են ինչ-որ բան անել`ուղղելով ազգային տնտեսական քաղաքականությունը և բարձրացնելով աշխատավարձը: Բայց ընդհանուր համաձայնություն քաղաքականության փոփոխությունների առանձնհատկությունների վերաբերյալ ձեռք չի բերվում: Հարուստների ու աղքատների միջև բացը պահանջում է քաղաքական նախաձեռնությունների համալիր փաթեթ, քանի որ մեկը չի կարող բոլորին համապատասխանել:

Հոդվածի բնօրինակն` այստեղ: 

Write a comment