Իսլամական պետություն խմբավորումը Քոբանիի վրա է հարձակվում Թուրքիայից
Հոդվածի առանցքում
- «Իսլամական պետություն» խմբավորումը, սովորաբար սահմանային Քոբանի վրա 3 կողմից է հարձակվում, բայց այդ օրը նրանք հարձակվել են 4 կողմից:
- Հարձակումները կատարել են Սաուդյան Արաբիայի մի բնակիչ ու թուրքմեն, նրանցից մեկն էլ Humvee մակնիշի մեքենա է վարել:
- Քոբանիի վրա հարձակումները սկսվել են սեպտեմբերի կեսերին, գրավվել են քաղաքի որոշ հատվածներ, նաև տասնյակ շրջակա գյուղեր:
Ուշադրությանն արժանի
«Իսլամական պետություն» խմբավորումը շաբաթ օրը Սիրիայի սահմանային Քոբանի քաղաքի վրա հարձակումը սկսել է Թուրքիայից: Այս մասին հայտնում է թուրք ակտիվիստը: Թուրքիան, սակայն, ժխտում է այն հանգամանքը, որ զինյալները իր տարածքը օգտագործում են հարձակման համար:
Հարձակումը սկսվել է, երբ մահապարտը զրահապատ մեքենայով պայթուցիկներ է նետել Քոբանի-Թուրքիա սահմանին:
Այս մասին հայտնել են Syrian Observatory for Human Rights-ը ու Սիրիայի Քրդական դեմոկրատական միություն կուսակցության խոսնակ Նավաֆ Խալիլը:
Խալիլը նաև նշեց, որ «Իսլամական պետություն» խմբավորումը, սովորաբար, քաղաքի վրա երեք կողմից է հարձակվում, բայց այդ օրը նրանք հարձակվել են չորս կողմից:
Թուրքիան, որը մինչեւ այդ աջակցում էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող ապստամբներին, տատանվեց Քոբանիում աջակցել նրանց, քանի որ վախենում էր բորբոքել անկախ պետություն ունենալու քրդերի հավակնությունները:
Շաբաթ օրը թուրքական կառավարության հայտարարությունը հաստատեց, որ մահապարտների հարձակումներից մեկում կիրառվել է ականապատ մեքենա, որը պայթել է սահմանի սիրիական կողմում: Սակայն այն ժխտեց, որ մեքենան Թուրքիայից Քոբանի է անցել: Սահմանային Սուրուչ քաղաքում կառավարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Պնդումը, թե մեքենան սահմանն անցել է Թուրքիայի տարածքից, սուտ է: Չնայած որոշ պահանջների, ոչ մի թուրք չինովնիկ որևէ հայտարարություն չի արել, որը կհաստատեր ականապատ մեքենայի՝ թուրքական սահմանից անցած լինելը: Մարտական պատրաստվածության բերված սահմանային զինուժը ձեռք է առնում ամեն միջոց»:
Լրագրողները հարձակման ժամանակ Քոբանիի վրա թանձր սև ծխի սյուն էին տեսել: Հենց որ զրահապատ մեքենաները դիրքեր էին զբաղեցրել սահմանին, ծանր հրազենի ձայնը արձագանքել էր շրջապատող բլուրներից: Ծանր մարտեր են մղվել նաև քաղաքի հարավ-արևմտյան հատվածում, որտեղ «Իսլամական պետություն» խմբավորումը իր զինյալներին աջակցելու համար տանկեր էր բերել:
Քոբանիի ակտիվիստ Մուստաֆա Բալին հեռախոսազանգով ասաց, որ Իսլամական պետություն խմբավորման զինյալները դիրքավորվել են սահմանի` թուքական հատվածի հացահատիկի շտեմարաններում և այդտեղից էլ սկսում են սահմանակետի ուղղությամբ հարձակումները: Նա նաև ավելացրեց, որ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերը շաբաթ առավոտյան ավիահարվածներ են հասցրել քաղաքի արևելյան հատվածում:
Բալին, օգտագործելով Իսլամական պետություն խմբավորման արաբերեն հապավումը, նշեց. «Այժմ արդեն պարզ է, որ Թուրքիան բացահայտորեն համագործակցում է Դաեշի հետ»: Օրվա վերջում նա նշեց, որ փոխհրաձգության երկար օրվանից հետո իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է սահմաններին:
SITE Intelligence Group-ի զեկույցում նշվում է, որ երեք մահապարտների հարձակումների պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը: Նշվում է, որ հարձակումները կատարել են Սաուդյան Արաբիայի մի բնակիչ ու թուրքմեն, նրանցից մեկն էլ Humvee մակնիշի մեքենա է վարել:
Իսլամական պետություն խմբավորումը Քոբանիի վրա հարձակումները սկսել է սեպտեմբերի կեսերին՝ գրավելով քաղաքի որոշ հատվածներ, ինչպես նաև տասնյակ շրջակա գյուղեր: Քաղաքը հետագայում դարձավ ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ավիահարվածների թիրախ:
Քրդական զինյալները դանդաղորեն սկսել են շարժվել դեպի քաղաք հոկտեմբերի վերջերին, երբ տասնյակ լավ զինված իրաքյան փեշմարգայի զինյալներ միացան սիրիացի քուրդ զինվորներին: Կռվի ընթացքում վերջին երկու ամսում սպանվեցին երկու կողմի հարյուրավոր զինյալներ:
Syrian Observatory for Human Rights-ը հայտնեց, որ շաբաթ օրվա վերջին կռվի ժամանակ զոհվել են առնվազն ութ քուրդ զինյալ ու 17 ջիհադական:
Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Սիրիայի արտգործնախարարն ասաց, որ ԱՄՆ-ից ղեկավարվող կոալիցիայի` շաբաթներ շարունակ իրականացվող ավիահարվածները Սիրիայի զինյալների դեմ չեն թուլացնում «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Վաշինգտոնն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «պետք է ստիպեն Թուրքիային ուժեղացնել իր սահմանների հսկողությունը»՝ օգնելով հաղթել զինյալներին:
«Արդյո՞ք Դաեշը երկամսյա ավիահարվածներից հետո թույլ է: Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ՝ ոչ»,-ալ-Մոալլեմը ասել է բեյրության ալ-Մայադին հեռուստաալիքին:
«Իսլամական պետություն» խմբավորումը իրեն Իսլամական խալիֆայություն էր հռչակել Իրաքի և Սիրիայի՝ իր վերահսկողության տարածքներում, որտեղ գործում են Շարիաթի առավել դաժան մեկնաբանությունները: Այս խմբավորումը զանգվածային սպանություններ է իրականացրել՝ ուղղված կառավարական անվտանգության ուժերի, էթնիկ փոքրամասնությունների եւ այլոց դեմ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։